Ցանկացած բարդության պրոբլեմի անալիզի ժամանակ շատ կարևոր է անաչառության և օբյեկտիվության ապահովումը, որը պահանջում է իրադարձությունների մասնակցի կողմնակալ մոտեցման փոխարեն զինվել դրանց անկողմնակալ դիտորդի դերով։
Դա նշանակում է, որ պրոբլեմի մասին օբյեկտիվ ու բազմակողմանի պատկերացում կազմելու համար պետք է վեր բարձրանալ իրադարձությունների շարանից և արծվի հայացքով տեսնել ամեն ինչ, այն է՝ և՛ ամբողջ պատկերը, և՛ դրա մանրամասները։
Ամբողջ պատկերը տեսնելուց հետո պետք է մտածել պրոբլեմի ադեքվատ ներկայացման ու դրա որակական ու, եթե հնարավոր է, նաև քանակական նկարագրության մասին, որն առավել ինֆորմատիվն է։
Ունենալով խնդրո առարկա պրոբլեմի որևէ տեսակի ադեքվատ նկարագրությունը և միացնելով դրան հետապնդվող նպատակներն ու դրանց հասնելուն խանգարող գործոններն ու հանգամանքները՝ նոր-նոր կարելի է մտածել պրոբլեմի հնարավոր լուծումների մասին, որոնց առկայության դեպքում էլ կարելի է արդեն մտածել նաև վերջնական որոշումներ կայացնելու մասին։
Նման մոտեցումը պատասխանատու որոշումներ կայացնելուն պարտադիր է մանավանդ պետական մակարդակի հարցերում, որի այլընտրանքն էլ, նույնիսկ գոյաբանական հարցերում, անտեղյակների ու տգետների կողմից կատարվող հապճեպ ու ճակատագրական սխալ որոշումներն են։
Ներկա աշխարհում գոյության պայքարի առանցք հանդիսացող բարդագույն մրցակցության պրոցեսը հիմնված է կրիտիկական ինֆորմացիայի իմացության և համակողմանի գիտելիքի վրա։
Այս պայմաններում, մրցակցության արդյունքը մի կողմից ինֆորմացիա ու գիտելիք ունեցողների և մյուս կողմից անտեղյակների ու տգետների միջև հեշտ կանխատեսելի է։
Հարցի լուծումը տգետների ձեռքից որոշում կայացնելու իրավունքը վերցնելն է, որին այլընտրանք չկա։
Պավել Բարսեղյան