Կատարվածը փաստ է, և դրա մասին խոսելը կարելի է համարել ժամանակի անիմաստ վատնում: Առայժմ չեմ ցանկանում համաձայնել ոմանց կարծիքին, թե դա դավաճանական ակտ է, և ցանկանում եմ ասել, որ մեր «չքնաղ» վարչապետն ընտրել է չարիքի փոքրագույն տարբերակը: Համաձայնում, բայց և հարցնում եմ` ի՞նչը բերեց կապիտուլյացիայի այդ տարբերակին, որից հետո ասեմ…
Փաստեմ, որ չեմ ընդունում ոչ մի դեպքում որևէ խոսք, թե բոլորս, մեղավոր ենք, թե շատերը հրաժարվել են կռվելուց, և այլ հիմար մեկնաբանություններ և ասածս կհաստատեմ սեփական կարծիքիս վրա հենվելով, որը ձևավորվել է առաջնագծում ստեղծված հենց առաջին օրերին այնտեղ գտնված տղաների հետ զրուցելուց, տարբեր տեղեկատվական լուրերից, ինչպես նաև պետական պաշտոնական լուրերից:
Պատերազմի երկրորդ օրը Արտաշատի Սպիտակ տանը եռուզեռ էր, ասեղ գցելու տեղ չկար: Ասել, թե բարձր էր կռվի դաշտ մեկնողների ոգին, կնշանակի ոչինչ չասել: Տպավորությունս էր, որ մաքսիմում մի շաբաթում ջարդելու ենք թշնամու մռութը, քանզի համոզված էի (ասեմ, ոչ միայն ես), որ ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի ամիսներ առաջ ասված բանավոր խոսքին` նոր պատերազմ, նոր տարածքներ, անվերապահորեն հավատացել էինք բոլորս: Իմ համագյուղացիներից շատերը, ստանալով զինվորական ծանուցագրերը, սեպտեմբերի 28-ից մեկնել են ճակատ: Որևէ մեկից չեմ լսել որևէ տրտունջ, չեմ տեսել վախի զգացման դրսևորում: Իսկ թե ինչպես այդ օրերին գյուղում կազմակերպվեց ճակատի համար անհրաժեշտ պարենային օգնությունը, պարզապես բառեր չեմ գտնում նկարագրելու: Միայն ասեմ` սիրով ու հոգատարությամբ էին համագյուղացիներս իրենց տներում ընդունում Արցախից Հայաստան տեղափոխվածներին և կիսում նրանց հետ իրենց հաց հանապազօրյան: Անվտանգությունից ելնելով` հարկ չեմ համարում առանձնացնել որևէ դեպք: Միայն կարող եմ ասել, առանց որևէ պաշտոնական կոչի, ժողովուրդը գործում էր «ամեն ինչ ճակատի համար» սկզբունքով:
Հոկտեմբերի 3-ին կամ 4-ին, սիրով կռվի դաշտ մեկնած համագյուղացիս (անունը հարկ չեմ համարում նշել) զանգահարեց ինձ և բառացիորեն ասաց.
-Դու դավաճան ես, եթե ողջ հասա գյուղ, քեզ գյուլլելու եմ: Դու մեզ (նկատի ուներ իր հետ ճակատում գտնվող մյուս համագյուղացիներիս-Ս.Հ.) դիտավորյալ ուղարկել ես մահվան: Ես ավտոմատով ի՞նչ պիտի անեմ էստեղ, երբ երկնքից կարկուտի նման մեր գլխին թափվում են ռումբերը: Չկա հակաօդային պաշտպանություն: Հենց առաջին օրը, երբ հասել էինք կռվի մեզ ուղարկված վայրը, սմերչը խփեց ավտոբուսին և շպրտեց մի կողմ: Մենք հազիվ ենք փրկվել մեռնելուց:
Ի՞նչ ասեի… Ընդամենը փորձում էի հանգստացնել նրան: Մի քանի օր անց նա վերադարձավ: Գյուղում իսկական խուճապ էր, այլևս ոչ մեկը սիրով չէր վերցնում ծանուցագիրը կռիվ գնալու համար: Նման խոսքեր լսել եմ կռվողներից: Չնայած պտտվող բացասական էմոցիաներին, գյուղում շարունակվում էր կռվի դաշտ գնացող կամավորների հավաքագրումը, որոնք, այսպես ասած, բացառապես արձագանքել էին վարչապետի կոչին:
Փոքր-ինչ առաջ ընկնեմ և ասեմ. երբ տղաները նոյեմբերի 10-ին վերադարձան գյուղ, պարզվեց, որ հրաշքով են փրկվել սպանդանոցից:
Բոլորի խոսքերը նույնն էին.
-Մեր ՀՕՊ-ը կարծես չկար:
Փոքր-ինչ հետ դառնամ և նշեմ, որ այն մարտական դիրքերում, որտեղ կանգնած են եղել գյուղիս կամավորները, իրենց հերոսաբար են դրսևորել: Այդ մասին վկայեց ինձ զանգահարած հրամանատար Գագիկ Բալայանը: Նա շնորհակալություն հայտնեց տղաների ցուցաբերած կամքի, արիության և պատրաստակամության համար:
Հիմա կցանկանայի հարցնել վարչապետին` Նիկոլ, պատասխանի՛ր, ո՞րն է իմ համագյուղացի տղաների մեղքը, որ անամոթաբար հայտարարում ես, թե չեն կռվել, փախել են: Ո՛չ: Նրանք կռվել են և չեն փախել: Նրանք դավաճան չեն: Այդ դու և քո ապաշնորհ, դավաճան բարձրագույն գեներալական մի քանի անձինք են մեղավոր: Ես սիրում եմ իրերն իրենց անունով կոչել: Պատմությունը ամեն ինչ իր տեղը կդնի և կպարզի , թե ում մեղքով հանձնվեց Արցախը: Բայց հիմա էլ հաստատ կարող եմ ասել` ո՛չ զինվորի:
Շարունակեմ: Արծրուն Հովհաննիսյանն ամեն օր, հակառակ մամուլում շրջանառվող բացասական պարտվողական լուրերի, դրական էմոցիաներ էր հաղորդում: Անգամ նշում էր, թե շուտով Բաքվում թեյ ենք խմելու: Անկեղծ ասած, հիմարս հավատում էր: Հավատում էր մեր քաջարի շվեյկ վարչապետին և նրա խոսափող Արծրուն Հովհաննիսյանին: Այսօր պարզվում է, որ Արծրուն Հովհաննիսյանը խաբել է ժողովրդին, թե ում հրամանով, հավատացած եմ` կպարզի, ուզենք թե չուզենք, անպայման հարուցվելիք ապագա քրեական գործերի նախաքննությունը: Արծրուն Հովհաննիսյանի խոսքին, թե գտնվել եմ պագոնի տակ, ցանկանում եմ պատասխանել մի հայտնի ֆիլմի գերմանացի զինվորի խոսքերը մեջբերելով: Երբ վերջինիս ապօրինի հրամաններ կատարելու համար տանում են գնդակահարելու, նա գոռում է` ես մեղավոր չեմ, ինձ հրամայել են: Ճիշտ է, ռազմական գործողությունների ժամանակ հրամանները չեն քննարկում: Բայց դա չի վերաբերում Արծրուն Հովհաննիսյանին. նա ամեն օր կատարել է ապօրինի հրամաններ, խաբել է ժողովրդին:
Հիմա թույլ տուր հարցնել, «քաջարի» վարչապետ, ու՞մ հրամանն է կատարել զինվորական այդ թերմացքը, քո՞, թե՞… Ասենք նշանակություն չունի: Ելնելով զինվորական վիճակից` Արծրունը կարող էր թաքցնել ճշմարտությունը մեկ օր, երկու օր, բայց ոչ ամբողջ պատերազմի ընթացքում:
Ասա, երբեմնի «դուխով» վարչապետ, ի՞նչ գնահատական տալ նրա արարքներին, այսինքն՝ նաև քո արարքներին: Սա դավաճանությու՞ն է, թե՞ ոչ: Ասում ես, թե տղաները լքել են Շուշին և չեն կռվել: Այսօր այնտեղ մնացել են հերոսաբար ընկած 150 հայ զինվորի դիակներ:
Թույլ տուր հարցնել. այ սևով սգով գերագույն հրամանատար հորջորջված, բարոյական ո՞ր իրավունքով ես անարգում նրանց հիշատակը ասելով, թե չեն կռվել:
Ո՞վ է մեղավոր այդ դավաճանության համար: Անշուշտ, կպարզի զինվորական դատախազությունը:
Դու ի՞նչ պիտի անեիր, որ չես արել պատերազմի կրիտիկական վիճակից դուրս գալու համար: Երևի հարցս տեղին չէ: Երևի մի օր էլ ասես, թե էս ժողովուրդը չէ՞ր տեսնում, որ ես ռազմական գործից հեռու եմ, ինչու՞ ինձ վստահեցին այդ պաշտոնը: Վերջերս մի ցինիկ հայտարարություն արեցիր, եթե մեղավոր է կառավարությունը, ապա մեղավոր է նաև ժողովուրդը, որ նրան բերել է իշխանության: Քո այդ ցինիկ դրսևորմանը կցանկանայի պատասխանել ցինիկ օրինակով: Ամուսնության առաջին գիշերը պարզվում է, որ օրիորդը կույս չէ, արհեստական եղանակով կուսությունը վերականգնած է ամուսնացել: Փեսացուի հանդիմանությանը` դու կույս չես, դու անամոթաբար խաբել ես ինձ, նյութական ու բարոյական վնաս ես պատճառել, կույսը պատասխանել է.
-Իսկ ես հաճույք եմ ստացել, հարսի շոր եմ հագել և ուրիշ շատ բաներ, ինձ ինչ, թե դու ինչ վնասներ ես կրել:
Հիմա ճիշտ և ճիշտ մեր վարչապետն է լկտիաբար ասում` է՜, չխաբվեի՜ք: Անկեղծ, ես չեմ խաբվել:
Հիշում եմ, 2018 թվականին, երբ ժողովուրդը հորթի հրճվանքով Նիկոլ, Նիկոլ էր կանչում, իմ աշխատակցուհուն, որ նրանցից մեկն էր, ասացի` երկու տարի հետո կտեսնես, թե ինչ դժբախտություն է բերելու նա մեր ազգի գլխին: Կարևորը երկու տարվա վաղեմության պատմությունը չէ, այլ որ այսօր էլ, այսքան դժբախտություններից հետո էլ, դեռ շատերը կառավարվում են նախկինների նկատմամբ ունեցած ստոր ատելությամբ, կարծես չնկատելով, որ այդ ատելությունն իրենց տանում է կործանման: Այո, մեծ է ատելությունը դեպի ԼՏՊ-ն, Ռոբերտը, Սերժը: Եթե Ռոբերտը դատեր իր նախորդին և չգնար նրա հանցավոր ճանապարհով, չէր լինի մարտի մեկը: Եթե Սերժը դատեր Ռոբերտին մարտի մեկի կապակցությամբ, այսօր չէր լինի Նիկոլը: ԼՏՊ-ն ու Սերժը իրենց հանցավոր համաձայնության արդյունքում ծնեցին այսօրվա թերմացքին: Նիկոլին պետք է դատեն թեկուզ այն բանի համար (իհարկե, բոլոր նախկիններին էլ հետը), որ ցանկացած անհատ, ցանկացած դեբիլ չփորձի հավակնել իշխանության, և իշխանության գալուց հետո եկողը պիտի մտածի, որ պաշտոնի չարաշահումը պատժվելու է օրենքի խստությամբ: Դա պետք է դառնա կառավարման մշակույթի անհրաժեշտ տարր: Անգամ, եթե ուզում եք, կավելացնեմ նաև, որ պատիժը տարածվելու է ամբողջ ընտանիքի վրա: Հիմնավորեմ: Հանուն ինչի՞ և ու՞մ է պաշտոնյան թալանում: Հանուն իր ընտանիքի բարեկեցության: Այդ թալանի բարեկեցությունից օգտվողները նույն թալանչիներն են: Նիկոլի ողջ թիմը պետք է ենթարկվի կոլեկտիվ պատասխանատվության:
Այսօր համացանցում հայտնվել է հոլովակ, որտեղ խոսվում է, թե ինչպես է պաշտպանության նախարարը իր հանցավոր համախոհի հետ իբր հայկական բանակի համար գնել զենքեր և …. Այդ զենքերով զինվել են թուրք գրոհայինները Սիրիայում կռվելու համար: Ավելի նողկալի հանցագործություն, քան վերոգրյալը, հայ մարդը, հայ պաշտոնյան չէր կարող կատարել: Նիկոլ, այդ հանցագործությունը քեզ հայտնի՞ է, թե՞ ոչ: Չեմ մտածում, թե եֆրեյտոր նախարարը նման բաներ կաներ առանց վարչապետի:
Նիկոլ, զինվորին կռվելու համար անհրաժեշտ զենքից զրկելը հանցագործություն է: Կառավարման տարիներդ եղել են զավզակության և փուչ ապրած օրեր:
Դու հանցագործ ես: Դու քո պրովոկացիոն ելույթներով խաբել ես ժողովրդին և գրգռել թշնամուն քո տխմարագույն` «Արցախը Հայաստան է և վերջ», արտահայտությամբ: Լավ ես ասել: Բայց ոչինչ չես արել այն նյութականացնելու համար: Դու հանցագործ պրովոկատոր ես: Նիկոլ, մտածում եմ, որ դու….այդ մասին քիչ հետո:
Հայ ժողովուրդն ունի երեք ամուր սյուներ:
1. Լեզուն, որը դիմացել է դարերի փորձությանը:
2. Եկեղեցին, որի լավագույն հոգևոր առաջնորդները ոսկե տառերով են գրել իրենց անունը հայոց պատմության մեջ:
3. Եվ մեր օրերում՝ բանակը:
Լեզվի և բանակի հարցը հանում եմ քննարկումից, դառնամ եկեղեցուն: Եկեղեցու դարավոր պատմության մեջ քիչ չեն փայլուն գլուխները: Սակայն դրանց մասին չէ, որ ցանկանում եմ խոսել: Ցանկանում եմ խոսել մի ճիվաղի մասին, որին հորջորջել են անգամ՝ Պետրոս Գետադարձ: Ինչպիսի պատմական սուտ: Այդ ճիվաղն իր համախոհ Գրիգոր Մագիստրոսի հետ հույներին ծախեց Անիի վերջին թագավոր Գագիկին:
Ես չեմ կարող դրվատանքի խոսք ասել մեր օրերի կաթողիկոս Գարեգին Բ-ի մասին: Ես, որպես հայ մտավորական, քրիստոնյա նրա կառավարման մասին որևէ լավ բան չեմ կարող ասել: Նրա մասին գրել եմ անգամ «Հայի իմ տեսակը» ինքնակենսագրական գրքում: Այդ մասին չէ, որ ցանկանում եմ նորից գրել: Ամիսներ առաջ՝ հունիսին, թե հուլիսին, «Իրատեսի» էջերից բաց նամակով դիմեցի նրան, կոչ անելով արձագանքել երկրում կատարվող բացասական երևույթներին, որոնք, իմ դիտարկմամբ, տանում են մեզ ակնհայտ ողբերգության: Ոչ մի արձագանք: Մտածեցի, գուցե կաթողիկոսին նրա մամուլի դիվանի աշխատակիցը չի կարդացել, ուստի և ստիպված հոդվածը ծրարեցի և ուղարկեցի կաթողիկոսին: Ոչ մի արձագանք: Հասկացա, ավելի ճիշտ, հավատացի ևս մեկ անգամ, որ նա եկել է այդ պաշտոնին ոչ թե ծառայելու, այլ վայելելու: Անգամ խայտառակ թղթից հետո լսելի չէ նրա ձայնը: ՈՒզում եք, մի կոչ էլ անեմ: Սրբազա՛ն, գլխավորի՛ր ժողովրդին և տա՛ր քո հետևից դեպի կառավարություն կամ ԱԺ, պահանջիր վարչապետի հրաժարականը: Հավատա, ոստիկանները չեն փակի քո ճանապարհը: Խիզախի՛ր և հանի՛ր ժողովրդին այս ծանր վիճակից:
Արդեն մի քանի օր է, ինչ Երևանի հրապարակները լցված են հազարավոր մարդկանցով, որոնք պահանջում են վարչապետի հրաժարականը:
Տեր Աստված, մի՞թե նրանց մեջ չկա մի բանական անձ, որ ասի` վերջ տվեք ձեր մտքի օնանիզմին: Նիկոլն այն մարդը չէ, որ լսի ձեր կոչերը և հեռանա:
Մի փոքր շեղվեմ: Լյուդովիկոս XIV-ը մտել է պատմության մեջ իր թևավոր խոսքով` ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ: Բայց նա Ֆրանսիայի ժողովրդին չի տարել ֆիզիկական ոչնչացման: Նիկոլը կմեռնի աթոռին…. Ես էլ եմ հասկանում նրան: Ռուս քաղաքական գործիչ Վասերմանը ցույց է տվել այն երկու ճանապարհը, որով կարող է գնալ Նիկոլը: Կամ անցնել օվկիանոսը (Արևմուտքը օգտագործված պահպանակները դեն է շպրտում), կամ նստել մեղադրյալի աթոռին:
Ինքը մեղադրյալի աթոռի՞ն: Դա Նիկոլը չէ, նրա համար գերադասելի է Լյուդովիկոս XIV-ի խոսքերի պրակտիկ կիրառումը` իմ գնալուց առաջ թող Հայաստանում ջրհեղեղ լինի:
Ես՝ որպես փոքր-ինչ զարգացած մարդ, որպես իրավաբան, որին ուսուցանել են նաև դատահոգեբուժություն, մտածում եմ` արդյոք անմեղսունակ չէ՞ մեր վարչապետը: Նրա հատկապես վերջին երկու ելույթները համոզեցին` այդ մարդը հոգեկան լուրջ պրոբլեմներ ունի:
Ի՞նչ է նշանակում` վերադարձեք առաջնադիրքերից և լուծեք պատերի տակ վնգստացողների հարցերը: Վարչապետը մեկ շեղված հոգեկերտվածքով կոչ է անում վրեժի և այս խոսքերից հետո, հավանաբար, երբ անցնում է նոպան, լրջանում է և ասում` ի՞նչ քաղաքացիական պատերազմ, ո՞վ է խոսում դրա մասին: Դա բացահայտ քաղաքացիական կոչ է: Այդ էլ կարծես այնքան լուրջ չընդունեցի: Բայց երբ լսեցի նրա խոսքերը Շուշիի մասին, հաստատ համոզվեցի, որ այդ մարդու հոգեկանը էն չէ:
Ես Շուշիում եղել եմ 1992 թվականի մայիսի վերջերին: Անշուք էր: Վառված շենքեր, անմարդ փողոցներ: Եղել եմ 1998 թվականին, կարծես շտկել էր մեջքը: Տեղաշարժ կար: Իսկ 2015 թվականին Շուշին իսկական հրաշք էր՝ կանաչապատ փողոցներ, գիշերային լուսավորություն, փողոցներում քայլող երիտասարդ զույգեր, մանկիկին սայլակի մեջ մաքուր օդի հանած երիտասարդ կանայք, իսկ վեհաշուք Ղազանչեցոցը առանձնակի շունչ էր տալիս քաղաքին: Իսկ ինչ է ասում Նիկոլը Շուշիի մասին՝ մի անշուք քաղաք….Չեմ ուզում շարունակել: Ցանկանում եմ վերջակետ դնել, ասելով` էս մարդուն տարեք դատաբժշկական փորձաքննության: Նա հիվանդ է: Եվ այդ հիվանդից պետք է պրծնել ժամ առաջ:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ.1. Մեռածների հոգիները մեզ պարտադրում են ապրել և սպասել գալիք հաղթանակի օրվան: Պատերազմը դեռ չի ավարտվել: Լավ է, որ Արցախում ռուսական զորք է կանգնած: Պատերազմը առջևում է: Դժվար թե թուրքը մինչև վերջ չկատարի իր տերերի հրահանգը և կանգ առնի:
Վերահաս պատերազմում հայ զինվորը կաջակցի ռուս զինվորներին և, Անդրկովկասը վերջնականապես կազատվի թուրքերից: Պարսիկները ստիպված են կռվելու թուրքերի դեմ: Էս անգամ նրանք այլևս չեն խուսափելու կռվից:
Մեզ հզոր կառավարություն է պետք և հզոր բանակ: Մեր ժողովրդի ողնաշարը չի ջարդվել: Այն կանգուն է: Պետք է ժամ առաջ հեռացնել այն ջարդելու ցանկություն ունեցող հոգեկան հիվանդներին:
Հ. Գ. 2 Ռուսաստանի նախագահը հակված է Նիկոլին դավաճանության մեջ չմեղադրելուն: Նրան լավ եմ հասկանում: Ռուսաստանի վրա մեծ-մեծ հաչող Նիկոլը կզել է Պուտինի առաջ և ստորագրել է մի խայտառակ թուղթ: Նիկոլի հեռացումը այդ թղթում առաջ քաշված շատ հարցեր վիճարկելի կդարձնի: Կոնկրետ Մեղրիի հարցը: Հայաստանը պատերազմող երկիր չէր, հետևաբար, ո՞ր իրավունքով Հայաստանի տարածքը դարձվել է քննարկման առարկա: Եթե Հայաստանը պատերազմում էր, ինչու՞ Ռուսաստանը որպես դաշնակցի չօգնեց նրան: Այստեղ հարցը բոլորովին այլ է: Երբ Պուտինին ասացին՝ կարդացեք այդ թուղթը և նոր ստորագրեք, նա պատասխանեց` ես եմ կազմել այդ թուղթը, կարդալու իմաստ չկա:
Եվս մեկ հարց. վկայակոչելով ռուս պատմաբան-վերլուծաբան Տարասովին` այդպիսի լայնածավալ թուղթը մի օրում չի կազմվել: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ այն կազմվել է ստորագրելուց առնվազն 15-20 օր առաջ: Երբ թեժ մարտեր էին ընթանում, ռուս խաղաղապահներն արդեն Հայաստանում էին, և շատերս կարծում էինք, որ նրանք եկել են թուրքերի դեմ կռվելու համար: Ավա՜ղ: Եթե Նիկոլը դավաճան չէ, ինչու՞ այն ժամանակ չկանգնեցվեց պատերազմը: Պուտինին պետք էր մտնել Ադրբեջան. որքան վատ Ղարաբաղում հայերիս համար, այնքան լավ Ադրբեջանի, առավել ևս Պուտինի համար: Պուտինը իր վարքագծով շահում էր Ադրբեջանի համակրանքը, հետևաբար վստահությունը: Անգամ այն բանից հետո, երբ թուրքերը խփեցին ռուսական ինքնաթիռը, Պուտինը ուշադրություն չդարձրեց: Նա սևեռվել էր մեկ հարցի վրա. ներել Ալիևին, ամեն ինչ անել հանուն Ադրբեջան մտնելու: Ինչը և եղավ: Իր քայլով Պուտինը ևս մեկ անգամ երևաց որպես ուժեղ լիդեր, որը մտածում է աշխարհի խաղաղության մասին: Նա կանգնեցրեց արյունահեղությունն այն ժամանակ, երբ Արևմուտքը, ԱՄՆ-ը լուռ մտորում էին: Հիմա նրանք արթնացել և անիմաստ գռմռում են Արջի վրա:
Հ. Գ. 3 Ընդունենք՝ Նիկոլը դավաճան չէ: Այդ դեպքում ո՞վ է նա: Թերուս ռազմական գործիչ: Չմեղադրենք այդ թերուսին, բայց հարցնեմ ՀՀ ՊՆ-ին և ԳՇ պետին: Պաշտպանության նախարարին էլ չմեղադրենք: Ի՞նչ եք ուզում այդ եֆրեյտորից: Բայց և չեմ կարող չհարցնել այդ եֆրեյտորին. որտե՞ղ են այն 50 հազար ականները, որ ձեռք եք բերել Ռուսաստանից: Եթե կան, ապա ինչու՞ չականապատեցիք Դժոխքի ձորը և այն չդարձրիք իրոք այդպիսին: Թե՞ չկան այդ ականները: Այնուամենայնիվ որտե՞ղ են Դրանք: Այդ և շատ-շատ հարցերի պատասխանը ստանալու համար Նիկոլը պետք է հեռանա ու որքան շուտ, այնքան լավ: Ժողովուրդը պետք է լիովին ստանա մեր կապիտուլյացիայի պատճառների պատասխանը, որպեսզի վերլուծի այն և անցնի առաջ: