Մոտ երեք տարի առաջ նախկինների նկատմամբ ատելությամբ լցված «իմքայլականները» եկան իշխանության:
Հարկ է մտաբերել. ժողովրդական այդ ատելությունը երկրում սկսվել էր ԼՏՊ-ի կառավարման երկրորդ տարում:
Հիշենք նաև` հայ ժողովուրդը մինչ այդ օրհնում էր Լևոնին ու իր թախտը: Բայց 1992-ին արդեն մութ ու ցուրտ Երևանի շենքերի պատերին գրում էր` Լևոն, հեռացիր:
Չմոռանանք նաև նշել` 1998-ին ԼՏՊ-ին հեռացրեց ոչ թե ժողովուրդը, այլ մի խումբ մոլի լևոնականներ:
Հանուն ճշմարտության այս էլ արձանագրենք` ժողովուրդը լուռ համաձայնությամբ ողջունեց ԼՏՊ-ի ու իր խմբի հեռացումը: ՀՀՇ-ականները, որ միշտ կրկնում էին, թե իրենք պիտի կառավարեն մինչ երկու հազար թիվը և հետո էլ (ինչպես այժմ «իմքայլականներն» են խոսում մինչև 2050 թ. կառավարելու մասին), որովհետև քաղաքական ասպարեզում իրենց հեռացնելու ունակ քաղաքական ուժ չկա: ՀՀՇ-ն անսպասելի ստացած հարվածից ոչ միայն երկու տասնյակ տարի ուշքի չեկավ, այլև վախը սրտում սպասում էր ժողովրդական վենդետայի, բա՞յց…
Ղարաբաղցին, չասեմ, թե մեծահոգի գտնվեց երկրի թալանի սկիզբը դրած լևոնականների հանդեպ, պարզապես, տեսնելով, թե ինչ ախորժակով են նախկինները թալանել, քիչ-քիչ նորեկների ախորժակն էլ բացվեց ու…
Հետո` ազգային ողբերգություն պառլամենտում: Մերժվածները, իրենց ատելությունը զուգակցելով ժողովրդական ատելությանը, հսկայական ատելության զանգվածը ուղղորդեցին կառավարող ղարաբաղցիների նկատմամբ, նրանց մեղադրելով ազգային այդ ծանր կորստի մեջ: Ճիշտ է, հարուցված քրեական գործով որևէ բան չհիմնավորվեց ղարաբաղցիների նկատմամբ, բայց ժողովրդական բանահյուսության մեջ առայսօր այդ սպանդի մեջ կասկածում են Քոչարյան-Սարգսյան տանդեմին:
Լևոնականներն իրենց լրատվական միջոցներով տասը տարի թույն էին սրսկում ժողովրդի մեջ: Հանուն ճշմարտության ասեմ, որ Քոչարյանի կառավարման տասը տարիների ընթացքում էականորեն փոխվել էր ժողովրդի կյանքը: Ընտանիքներում մարդիկ լուցկին այլևս գրպաններում չէին պահում` մութ սենյակում անհրաժեշտության պահին անհրաժեշտ իրը գտնելու համար: Արագ թափով զարգանում էր շինարարությունը, նորանոր աշխատատեղեր էին բացվում, Ղարաբաղյան ճակատում Քոչարյանը դիվանագիտորեն էր իրեն դրսևորում, իսկ միջազգային ասպարեզում որպես հմուտ նախագահ ընդունելի էր շատերի կողմից:
Բայց դա բավարար չէր, որ Քոչարյանը ինտեգրվեր Հայաստանում: Ընդդիմությունը վարկաբեկում էր Քոչարյանին , լևոնական մամուլը մեղադրում էր նրան Լինսի փողերը լվանալու մեջ, և նույնիսկ հասան նրան, որ Քրքորյանը այլևս չշարունակեց հետագա օգնությունը Հայաստանին: Այդ տարիներին մոլի լևոնական պատվերներ կատարող «Հայկական ժամանակը» Քոչարյանին սևացնելու միջոցների ընտրության հարցում խտրականություն չէր դնում: Գրում էր. «Ի՞նչ գործ ունի հայաստանցի զինվորը Ղարաբաղում»:
Հանուն ճշմարտության ասեմ, որ հայաստանցի շատ ջահել զինվորներ սպանվում էին Ղարաբաղում թշնամու դիպուկահարներից: Սևազգեստ մայրերի, նրանց հարազատների համար թունավոր ագիտացիան անում էր իր սև գործը: Ավելին ասեմ. նույն այդ թերթը լկտիաբար գրում էր, որ Ռոբերտ Քոչարյանին որպես միջազգային ռազմական հանցագործի պիտի դատի միջազգային ռազմական տրիբունալը: Եվ այդ խոսքերի հեղինակը այսօր վարչապետի աթոռին առոք-փառոք բազմած Նիկոլ Փաշինյանն է:
Նիկո՛լ, էդ որ ճղճղում ես, թե` Արցախը Հայաստան է և վերջ, չե՞ս մտածում, որ եթե չլինեին Ռոբերտ Քոչարյանն ու մյուս հերոսները (որոնց այսօր հանիրավի փորձում ես վարկաբեկել, զրպարտել, դատել), Արցախը չէր լինի… Դու էլ հրապարակում չէիր հոխորտա` եթե ոչ ես, ապա Հայաստանում ոչ մեկը վարչապետ չի լինի… և համապատասխան ուժերի «դաբրո»-ով քեզ մեր գլխին վարչապետ չէիր կարգի:
Բայց ամեն ինչ` հերթով: Երբ եկավ Քոչարյանի հեռանալու պահը, ԼՏՊ-ն մտածեց` պողոսները դժգոհ են, հարկավոր է գործել: Եվ եղավ մարտի 1-ը: ՈՒ այսօր մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին (ի թիվս չեղած այլ մեղքերի, նաև մարտի մեկով):
Ասել և ասում եմ` Քոչարյանի արարքում այլ հանցակազմեր փնտրեք: Այդ երկուսը չկան: Հետո եկավ Սերժի տիրապետության տասը տարին: Հակաղարաբաղյան ատելությունը նոր ուժով էր թափ հավաքում: Սերժը, Ղարաբաղում երբեմնի ստոր կուսակցական գործիչ Բորիս Կևորկովի օգնականն է եղել: Կևորկովին բնութագրելու կարիք չկա: Չեմ ուզում վերլուծել անցած տասը տարվա Սերժի ուղին, քանզի այն առանձնապես ոչնչով աչքի չի ընկել:
Եղավ ապրիլյան քառօրյան: Մենք հաղթեցինք: 100-ից ավելի զոհեր: Ոմանց նման հիմար չեմ, որ ասեմ` իզուր մահեր էին:
Աբաջյանի, ՈՒրֆանյանի, Սլոյանի և շատ շատերի անուններ կմնան մեր ազատագրական պայքարի ոսկե մատյանում:
Հետո եկավ մեր ժողովրդի հերթական ողբերգությունը՝ Նիկոլը 200 մարդ հետևը գցած Գյումրիից հասավ Երևան։ Եվ Սերժը քաղաքական գործչին անհարիր տոնով ասաց` Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ։
Եվ 30 տարում կուտակված ատելությունը մեկեն պոռթկաց Հայաստանի քաղաքացիների շուրթերից (այդ ժամանակ ժողովուրդը դեռ պողոսների չէր վերածվել)` Նի-կո՜լ, Նի՜-կո՜լ, Նի՜-կո՜լ։
Երեսուն տարի առաջ կուշտ կերած, լավ հագնված ժողովուրդը Ղարաբաղի հարցով կերավ Լևոնի կուտը` պայքար, պայքար մինչև վերջ… Բայց երբ Լևոնը հասավ իր նպատակին, մոռացավ լոզունգը և լկտիաբար ասաց կյանքից տրտնջացող ժողովրդին` եղունգ ունես, գլուխդ քորի։
Նիկոլը դարձավ վարչապետ։ Ժողովուրդը սպասում էր` ուր որ է, Նիկոլը փոխելու է կյանքը։ Եվ, իրոք, Նիկոլին տրվել էին բոլոր հնարավորությունները՝ թալանչիներին հանուն պետության թալանազրկելու, իսկ դիմադրողներին մեղադրյալի աթոռին նստեցնելու։ Հետո պարզվեց, որ ամենամեծ, այն էլ լկտի թալանչիներից մեկը իր հաշիվները պարզել էր ինչ-որ հիմնադրամի մուծվելով։ Ինչպես ժամանակին ՀՀՇ-ական մի պարագլուխ էր ասել` թեկուզ պոլի փետ, բայց ՀՀՇ։ Եվ քանի որ Նիկոլը քաղաքական հարազատ զավակն էր ԼՏՊ-ի, սկսեց գործել համարյա նույն ոգով։ Թեկուզ ոչ պրոֆեսիոնալ, բայց իմքայլական։ Եվ ամենուր նշանակեց իր հետ քայլողներին: Ավելին... Բայց մինչ ավելիին անցնելը, հիշեմ մի դեպք։ Հայրս է պատմել։ Անցած դարի քառասունականներին կոլեկտիվացման թունդ տարիներին բատրակին տրվել էին լայն լիազորություններ։ Բատրակը միայն մի բան գիտեր` որ ուրիշն ունի, ինքը չունի… Եվ այդ ժամանակ հորինվել էր մի դարձվածք.
Հարուստ-կուլակ հուշտ անենք,
Մեր քյասիբին կուշտ անենք։
Գուցե այդ խոսքերի մեջ ինչ-որ ճշմարտություն կար, որովհետև երկրում տարվում էր աշխատանք բատրակին այդ վիճակից հանելու համար։ Նիկոլի ժամանակ չկային բատրակներ, բայց որոշ ժամանակ անց հանրաճանաչ նիկոլականը ասպարեզ նետեց «պողոսներ» հասկացությունը։ Եվ պողոսները այդպես էլ չհասկացան, որ իրենք այդ կարգավիճակով ոչնչով չեն տարբերվում բատրակներից։ Այսօր պողոսներ շատ կան և քաղաքներում, և գյուղերում։ Գյուղի պողոսը իր գոյությունը պահելու համար կռիվ է տալիս հողի հետ։ Հողին խառնված քրտինքը անկորուստ լինելու համար գյուղացուն ջուր է պետք։ Ասել, թե ջուր չկա, սխալ կլինի, բայց եղած ջուրը գյուղացուն չի հասնում ապաշնորհ աշխատողների պատճառով։ Ոչ ոքի վեջը չէ, որ ջուրը կորչում է առուներում։ Ինձ հասած տեղեկություններով` Այգեստան գյուղում գարնանը հանել են հողային առուներ, ինչի աշխատանքային գումարը հավասար է 920 հազար դրամի։ Ես՝ որպես գյուղապետ, չգիտեմ, թե ինչ է հանվել և որքանի, որովհետև ոչ գումարն եմ տեսել թղթի վրա և ոչ էլ ստորագրել եմ։ Այսօր, երբ մտնեք Այգեստան և տեսնեք ոռոգման հողային առուները, կհամոզվեք, որ ջրի 70 %-ից ավելին կորչում է առուների մեջ։ Ցանկացած առվի մեջ եթե մտնես, ոչ բոյդ կերևա, ոչ էլ ձեռքերդ` վեր պարզած վիճակում։ Եթե այդ խոտերի մեջ էլ լցվել է մեր մաքրասեր ժողովրդի կենցաղային աղբը, հատկապես նորածինների պամպերսներն ու իրենց մամաների, տատիկների օլվեյսները, որոնք իսկական պատնեշի դեր են տանում հոսող ջրի համար, կհամոզվես, որ ոռոգման ջրի բնագավառի մարդիկ իրենց տեղում չեն։ Եվ հետո հասկացա, որ Նիկոլը, իր կադրերի պողոսությունը թաքցնելու համար, այդ անվանումը շնորհել է ժողովրդին, միայն մեկ տարբերությամբ , որ Նիկոլի պողոսների աղքատությունը իրենց գլխում չէ, որովհետև նման աղքատությամբ չեն տառապում նրանք։
Տարբեր մարդկանց անուններով սեփականաշնորհված չորս հեկտար հողը մշակում եմ ես պայմանագրային կարգով։ Որպեսզի պարզ լինի, թե որքան բերք եմ ստանում այդ տարածքներից, նշեմ, 0,88 հա հողից , որն առվույտ է, ստացել եմ 125 հակ առվույտ։ Մյուս կտորից՝ 0,45 հա, ստացել եմ 150 հակ։ Վերջին թիվը բավարար չէ, բայց ոնց որ կասեր Թումանյանը` գլուխը քարը։ 0,88 հա-ից պիտի ստանայի առնվազն եթե քաղեի, գոնե 4 անգամ ավելի և ամեն անգամ 200 հակ, կստացվեր 800 հակ։ Փաստորեն չեմ քաղել 800-125 =675 հակ։ Եթե 1 հակն արժե 1200 դրամ, կստացվի, որ ես կորցրել եմ 675 հազար դրամ։ Ավելացնեմ, որ երեք անգամ ջրել եմ, բայց յուրաքանչյուր անգամ, չգիտես ինչու, ինձանից փորձում են ավելի ջրի վարձ վերցնել։ Մի փոքր ուշ ավելի կմանրամասնեմ այդ հարցը։ Յուրաքանչյուր անգամ քաղելու համար տրակտորիստին վճարում եմ 0,88 * 3= 25400 դրամ։ Երեք անգամը կանի 25400 * 3= 76200 դրամ։ Տրակտորիստը տարածքի չափով է փողը վերցնում և ոչ թե հակերի քանակից կախված, փաստորեն միայն այդ մի կտոր հողատարածքից սպասվելիք եկամուտից չեմ ստացել 675000+76200=751200 դրամ։ Մյուս հողակտորը, որը պատկանում է դարձյալ ուրիշին՝ 0,45 հա, որից 0,2 հա-ն խաղող է, մյուսը` 0,25 հա , որի վրա տնկել էի գարնանը 200 դեղձի ծառեր, յուրաքանչյուրը գնել էի 500 դրամով, այսինքն՝ վճարել էի 100000 դրամ։ Գարնանը՝ մինչև ոռոգման ջուր տալը, հինգ անգամ ձեռքով ջրել եմ։ Ծառերը կպել էին։ Տնկած ծառերի առվի բոյը 140 մետր է։ Այդպես չորս շարք։ Փաստորեն իմ կրած վնասը ջուր չտալու պատճառով կազմում է 751000+100000= 851200 դրամ։ Ջրի բավարար քանակը և արագությունը չապահովելու պատճառով ներքևի բոլոր ծառերը ծարավությունից չորացան, իսկ գլխամասում գերխոնավությունից նեխեցին-չորացան։ Այսինքն՝ գլխամասում կարող է հողդ ջրվի մի քսան անգամ, բայց տակ չհասնի։
Հանուն ճշմարտության ասեմ, որ լիակատար ջրել եմ 0,55 հա խաղողի այգին և 0,55 հա դեղձի այգիները, որոնց համար վճարել եմ այնքան, որքան անգամ ջրել եմ։ 0,55 հա խաղողից ստացել եմ 15 տոննա բերք: Շատ լավ է: ՋՕԸ -ն պայմանագիր է կապել ՝ պողոսներիս հետ, հեկտարը 70 հազար դրամով։ Այսինքն՝ չորս հեկտար հողի համար ես պիտի վճարեմ 280 հազար դրամ, մինչդեռ վճարել եմ ընդամենը այնքան, որքան ջրել եմ։
Ես բազմիցս ասել եմ գյուղացիներիս, որ պահանջեք հաշվիչով ձեզ ջուր տան։ Ավաղ։ Ես գրել եմ մի քանի անգամ հաշվիչով և հազար մետրի համար վճարել եմ 1000 դրամ։ Այսինքն, կոպիտ հաշված` գյուղացին պիտի վճարի մեկ հեկտարի դիմաց մաքսիմում 60 հազար դրամ։ Կան գյուղացիներ, որոնք ջրում են միայն դեղձի, ծիրանի շարքերը և ոչ թե ամբողջ հողամասը, միևնույն է` չկա հաշվիչ, և գործում է չոր պահանջը՝ հեկտարը 70 հազար դրամ։ Գյուղում մի պատկառելի մարդ, որը մշակում է մի քանի հեկտար, երեք հեկտարի վրա կատարել է նորատունկ և խնդրել էր ՋՕԸ-ի տնօրենությանը իրեն ջուր տալ հաշվիչով։ Չեն տվել և պահանջել են հեկտարը 70 հազար դրամ։ Երբ գյուղացին ասել է` ես ջրում եմ միայն դեղձի ակոսները, ինչու պիտի վճարեմ 70 հազար դրամ, պատասխանը ավելի չար էր, իսկ և իսկ իմքայլականի ոճով՝ մի ջրիր։ Եվ մարդը ստիպված հրաժարվեց նախապես կնքած պայմանագրից։
Իմ կողմից լիակատար բերք չստանալու համար կազմվել են ակտեր։ Մտածում եմ` գնա՞լ դատարան, թե՞ ոչ։ Փորձս ասում է` ոչ, որովհետև երրորդ տարին է իմ հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության, պատիվս ու արժանապատվությունս վերականգնելու համար, հասել է վճռաբեկ դատարան։ Ե՞րբ կստանամ պատասխանը, դեռ պարզ չէ։ Այդ մասին ծավալուն հոդված էի գրել թերթում, որի վերնագիրն էր «Հայաստանում դատական համակարգը բարդակ է»։ Թերթի մի օրինակն ուղարկել էի վարչապետին, որի աշխատակազմի ղեկավարը, վեց թե յոթ ամիս անց, գլխառադ մի պատասխան տվեց։ Հա, ասեմ, որ այդ պաշտոնյան՝ մոլի իմքայլականը, սկզբնական շրջանում անգամ չէր տարբերում, թե քաղաքացու բողոքն ում պիտի հասցեագրի։ Պատկերացնու՞մ եք, բողոքում եմ դատարաններից, իմ բողոքը հասցեագրվում է Արարատի մարզպետին` ստուգել և պատասխանել։ Խնդամ բախտդ, իմքայլի երկիր, մարզպետը պիտի լուծի դատավորների կարգապահական պատասխանատվության հարցը։ Եվ այսօր երկիրն ունի ճոխ մականուններով իմքայլական պաշտոնյաներ, որոնք իրենք են վաստակել իրենց ճոխ մականունները։
Մոտ երեք տարվա կառավարման ընթացքում Նիկոլը այդպես էլ չհասկացավ և չուզեց լսել որևէ խորհուրդ։ Մինչդեռ գրել էի` Նիկոլ, փոխի՛ր ֆայտոնիդ ձիերը։ Այսօր երևի ֆայտոնի ձիերը փոխելն էլ չի օգնի հարցի լուծմանը։ Ինչու՞, որովհետև նրանցից շատերը ամառվա կեսին կերան կովերիս համար ձմռանը նախատեսած 800 հակ յոնջան։ Եվ արդյո՞ք միայն իմ 800 հակ յոնջան: Եվ արդյո՞ք միայն 800 հակ յոնջան է այս երկրի ցավը: Այս երկրի ցավը խոր է, ավելի խոր, քան կգիտակցի հայ քաղաքացիներին պողոսների վերածած Նիկոլ Փաշինյանը: Դեմիրճյանն ինձ հուշում է, որ հայ գրականություն առարկայից Փաշինյանը լավ յուրացրել է միայն «Քաջ Նազարի» կերպարը.
- Հը, կնիկ, իսկական քարվան կտրելու գիշեր է՜:
-Իսկ ինչու՞ գիշեր, այ հողս գլխիդ: Հենա օրը ցերեկով լավ էլ ստացվում է,- ասում է ՈՒստիանը:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ. Պարոն վարչապետ, այսօր դուք գերագույն հրամանատար եք: Երկրում հայտարարված է ռազմական դրություն: Ժողովուրդը մեկ մարդու նման ելել է հայրենիքը պաշտպանելու: Ժողովուրդը սիրով է գնում պատերազմ: Ոչ մեկի շուրթից չեմ լսել որևէ տրտունջի խոսք: Մեզ նմանների համար է կարծես ժամանակին ասել Շոպենհաուերը. «Մահը պետք է հարսանիքի նման լինի»: Համագյուղացիս, որը հիվանդ կին, մայր և երկու անչափահաս երեխաներ ունի տանը, ասաց. «Ոչ մի եկամտի հույս չունեմ՝ մի քանի տոննա խաղող, մի ցուլ ու կով, որոնց դաշտ եմ միշտ տանում և որևէ խոտ չունեմ հավաքած, բայց հայրենիքն է կանչում, պիտի գնամ»:
Ռազմական դրության պայմաններում ամեն ինչ անցնում է պետական վերահսկողության տակ: Այսօր մթերող կազմակերպությունները խաղողի մթերումը կազմակերպել են ըստ իրենց ցանկության: Յուրաքանչյուր գործարանի դեմ օրերով կանգնած են հարյուրավոր ավտոմեքենաներ: Խաղողի շիրան դուրս է թափվում մեքենաներից: Ամեն մի վարորդ յուրաքանչյուր ուշացած օրվա համար հավելյալ գումար է պահանջում խաղողի տիրոջից: Լսելի է, թե ինչպես են գյուղացիները բողոքում թերակշռումից և շաքարայնության չափման արդյունքներից: Չկա հսկողություն:
Քանի որ դուք այսօր Գերագույն հրամանատար եք, և ամեն ինչ երկրում պիտի վերահսկվի պետության կողմից, կարգադրեք, որ ցանկացած մթերող կազմակերպություն աշխատի երեք հերթափոխով, ինչն էլ վերջ կդնի ավելորդ հերթերին ու քաշքշուկներին: Կռվի գնացող զինվորը պիտի վստահ լինի, որ իր թիկունքում ապրող ընտանիքի նվազագույն ապրուստը գոնե ապահովված է:
Այդ հարյուրավոր վարորդներն անչափ պետք են կռվի դաշտում: Կատարեք Գերագույն հրամանատարի պարտականությունն ի շահ հասարակ ժողովրդի: Ամուր թիկունքով և զինվորի ոգու արիությամբ ենք հաղթելու: