«Ներմուծվող հագուստի մաքսազերծման հետ կապված փոփոխությունները մեր դաշտում չեն»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասացին ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից։ Այլ կերպ ասած, մաքսազերծման, այսինքն, մաքսային վճարների բարձրացման հարցում ֆինանսների նախարարության մատը խառը չէ։ Ավելին, կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ, նման փոփոխություն սահմանված չէ նաև «Հարկային օրենսգրքով»։ Այո այո, այն նույն օրենսգրքով, որի փոփոխված տարբերակը վերջերս էր ընդունվել։
Սա ավելի քան տարօրինակ է և բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս։ Օրինակ, այս փոփոխությունը ՊԵԿ-ը նախապես քննարկե՞լ է կառավարության հետ, եթե այո, ապա ո՞ր գերատեսչության. «Սույն փոփոխությունը նախատեսված է եղել շատ ավելի վաղ, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված ժամանակավոր միջոցառում էր, կառավարությունն ընդառաջ է գնացել և երկարաձգել այս փոփոխությունների գործընթացը։ Ընդ որում, հաշվի առնելով ներմուծողների հորդորները և խնդրանքը, այդ փոփոխությունների կիրառման ժամկետները հետաձգվել են ոչ մեկ անգամ, և, ի վերջո, վերջնաժամկետ է սահմանվել հունիս ամիսը։ Սակայն, Covid-19-ով պայմանավորված, ևս մեկ անգամ երկարաձգվել է մինչև սեպտեմբեր ամիսը, քանի որ անվերջ ձգձգումները չեն կարգավորում առկա խնդիրները»,- մեր գրավոր հարցին ի պատասխան նշել են ՊԵԿ-ի լրատվական ծառայությունից։ Կամ, ավելի ճիշտ է ասել, մեր պարզ հարցը մնացել է անպատասխան, քանի որ չի ասվում, թե կառավարության ո՞ր ստորաբաժանման հետ են քննարկել այդ փոփոխությունը։ ՊԵԿ-ին հիշեցնենք, իսկ մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ ՊԵԿ-ը կատարող մարմին է, իսկ հարկային և մաքսային քաղաքականությունը, օրենսդրական փոփոխությունները մշակողն ու առաջարկողը ֆինանսների նախարարությունն է։ Այս իրողությունը հաշվի առնելով էլ մենք առաջին հերթին դիմեցինք ֆինանսների նախարարություն, ճշտելու նշված փոփոխության անհրաժեշտությունն ու նպատակը։ Սակայն պարզվեց, որ ֆինանսների նախարարությունն այս հարցում դաշտից դուրս է, իսկ թե ինչու է այդպես ստացվել, արդեն այլ հարց է։
Այս պահին փաստը մեկն է՝ հագուստի առևտրի ոլորտում այսօրվա ճգնաժամի պատասխանատուն ՊԵԿ-ն է, քանի որ դրա մասին վկայում են փաստերը, ՊԵԿ-ն էլ, կարելի է ասել, չի հերքում դրանք։ Ընդունենք, որ ՊԵԿ-ի նախաձեռնությամբ փոփոխվել են ներմուծվող հագուստի մաքսային վճարների գները։ Հաշվարկվե՞լ է, արդյոք, թե այդ փոփոխությունից հետո որքան լրացուցիչ գումար կմուտքագրվի պետբյուջե։ «Թուրքիայից, Չինաստանից և ԱՄՆ-ից «Կարգո մանիֆեստ» տարբերակով ներմուծվող և ՀՀ տարածքում տարբեր տոնավաճառներում իրացվող հագուստեղենը տարիներ շարունակ հայտարարագրվել է «1կգ-ի հաշվարկի» միջինացված արժեքով, որի դիմաց գանձվել են համապատասխան մաքսային վճարներ։ Այժմ, համաձայն գործող օրենսդրության, ներմուծվող յուրաքանչյուր ապրանք պետք է հայտարարագրվի ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրով (կախված ապրանքների տեսակից, ծագման երկրից, պատրաստման նյութերից), որի հիման վրա կհաշվարկվեն ԵՏՀ խորհրդի կողմից հաստատված միասնական մաքսային սակագնով սահմանված մաքսատուրքերը։ Արդյունքում՝ մաքսային վճարները, ըստ նախնական հաշվարկների, կավելանան 1,5-2 անգամ՝ 1 կգ-ի հաշվարկով»,- ասվում է գրության մեջ։
Արդեն նկատեցիք, որ ՊԵԿ-ը մեր այս հարցին ևս հստակ պատասխան չունի։ Մեզ է ներկայացրել այն նույն հիմնավորումը, ինչն արդեն երեք շաբաթ շրջանառվում է լրատվամիջոցներում։ Հիշեցնենք, որ չէինք հարցրել, թե որն է այդ փոփոխության նպատակը, և քանի անգամ է բարձրացել մաքսային վճարը։ Արդյո՞ք սա չի վկայում այն մասին, որ ՊԵԿ-ը, մինչ այս փոփոխությունը, չի հաշվարկել, թե որքանով կշահի կամ կտուժի պետբյուջեն։ Մի՞թե սա կարևոր հարց չէր։
Հասկանալի է, որ Covid-19-ը հարվածել է բոլոր երկրների տնտեսություններին, իսկ փոքր երկրների տնտեսությունների համար այն ուղղակի պատուհաս է դարձել։ Սակայն արդյո՞ք ՊԵԿ-ի այս փոփոխությունը կնպաստի Հայաստանի տնտեսական աճին։ Գուցե պետբյուջե մի որոշակի գումար կմտնի, սակայն այն շատ կարճաժամկետ էֆեկտ կունենա։ Առանց այդ էլ մարդկանց գնողունակությունը կտրուկ նվազել է, բացի այդ, մեր ուսումնասիրությունները փաստում են, որ անգամ գնողունակ քաղաքացիներն այս պահին զերծ են մնում իրենց զգեստապահարանները նորացնելուց, զարդատուփերում զարդեր ավելացնելուց, ինչը միանգամայն տրամաբանական է, որովհետև մարդն իր վաղվա օրը դժվար է պատկերացնում։ Այս իրավիճակում ՊԵԿ-ը նպաստում է Հայաստանում հագուստի թանկացմանը. որքան բարձրանա մաքսային վճարը, այնքան կավելանա տվյալ հագուստի վաճառքի գինը։ Կբարձրանա վաճառքի գինը՝ կնվազի պահանջարկը։ Կնվազի պահանջարկը՝ կտուժեն և՛ պետբյուջեն, և՛ տնտեսությունը։
Այսօր արդեն հագուստի մի շարք փոքր խանութներ փակվում են։ Արդյո՞ք իշխանություններին ձեռնտու է հագուստի առևտրի ոլորտում փոքր և միջին բիզնեսի տապալումը։ Իհարկե, ՊԵԿ-ի պատասխանատուներն այլ կարծիքի են։ ՊԵԿ նախագահի տեղակալը բազմիցս նշել է, որ նշված փոփոխության նպատակը դաշտում հավասար պայմանների ստեղծումն է։ Մինչդեռ գործարարները փաստում են, որ առանց այդ փոփոխության էլ պայմանները հավասար են եղել հիշյալ բիզնեսում։ Հիմա ու՞մ համեմատ պայմանները պետք է հավասար լինեն։ «Անհավասար պայմաններ եղել են այն ներմուծողների համար, որոնք այդ նույն կամ համանման ապրանքները հայտարարագրել են ճիշտ տեղեկություններով, յուրաքանչյուր ապրանքատեսակի համար սահմանված ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերով, վճարելով մաքսային վճարները` ելնելով այդ ծածկագրերի համար օրենսդրությամբ սահմանված համապատասխան դրույքաչափերից՝ մաքսային մարմնին ներկայացնելով մատակարարի կամ վաճառողի տրամադրած համապատասխան առևտրային փաստաթղթերը։ Արդի մոտեցման արդյունքում դաշտը կլինի հավասար տվյալ ոլորտի բոլոր ներմուծողների համար անխտիր»,- ասվում է ՊԵԿ-ի լրատվական ծառայության պատասխանում։ Մենք այս հիմնավորումը փորձեցինք ճշտել հագուստի առևտուր իրականացնողներից։ «Ավելի անհեթեթ բան չէինք լսել, ինչ ուզում, խոսում են, որովհետև իրենց ստուգող չկա»,- ասացին։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ