Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Հայաստանը չին նկարիչների, Չինաստանը` հայ նկարիչների աչքերով» խորագիրը կրող ցուցահանդես, ներկայացվել են հայ և չինացի նկարիչների աշխատանքները:
Միջոցառումը նվիրված է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ հոբելյանին: Ողջույնի խոսք ասաց ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Էռլուն: Նշեց, որ ինչպես չին, այնպես էլ հայ ժողովուրդները սիրում են բնությունը, լեռները, ջրերը. «Այս համատեղ ցուցահանդեսում մենք հնարավորություն ունենք տեսնելու չինական նկարներ, որոնք կատարվել են հայկական տեխնոլոգիաներով և հակառակը: Հայ-չինական բարեկամությունը սկսվել է դեռ հնագույն «Մետաքսի ճանապարհից»: Դրա վառ ապացույցն է հայոց լեզվում «չնաշխարհիկ» բառը, որը նշանակում է՝ չինական աշխարհից բերված, բառացի թարգմանվում է «հիասքանչ ապրանք», այսինքն՝ այս ցուցահանդեսում տեղ գտած յուրաքանչյուր աշխատանք «չնաշխարհիկ» է: Ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները պահպանելու լավագույն միջոցը մշակութային փոխանակումներն են: Այդ կապերն էլ ավելի կամրապնդվեն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակներում»:
Ցուցահանդեսի գաղափարը ծնվել է 2016-ին, երբ չին նկարիչները եկել են Հայաստան, ծանոթացել մեր երկրին, մեր մշակույթին և պատմությունը: Մեկ տարի անց հայ նկարիչները հրավիրվել են Չինաստանի Նանկին քաղաք: Քանդակագործ Վանգ Չաոն ասաց, որ երբ երեք տարի առաջ իր գործընկերների հետ եկավ Հայաստան, Հայաստանի գեղեցիկ բնությունը և հայ ժողովրդի ջերմ ընդունելությունը ոգեշնչեցին իրենց: Այսօր, տարիներ անց, կրկին եկել է ու ցանկանում է արվեստի իր ստեղծագործությունը նվիրել Հայաստանին: ՈՒզում է, որ այն խորհրդանշի երկու ժողովուրդների միջև 2000 տարվա բարեկամական հարաբերությունները:
Վանգ Չաոն իր քանդակը նվիրելու է Ազգային պատկերասրահին: Նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց իր ուսուցչին՝ Գագիկ Ավետիսյանին, ում նախաձեռնությամբ սկսվեց այս ամենը:
Անժելա ՎԱՐԴԱՆՅԱՆ