Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

«Վտանգ ամեն ինչում կա, եթե ռիսկը չես գնահատում»

«Վտանգ ամեն ինչում կա, եթե ռիսկը չես գնահատում»
12.04.2016 | 10:12

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության այս օրերին պայքարը ոչ պակաս թեժ էր տեղեկատվական դաշտում: Մեդիափորձագետները հայկական լրատվական կայքերի և սոցցանցերի ռազմավարությունը դրական են գնահատում: Իսկ ինչպե՞ս է ներկայացվում հակամարտության սրացումը միջազգային հանրությանը: Մեզ հետ զրույցում մեդիա-փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ասաց, որ Ադրբեջանում ամեն ինչ արվում է օտարերկրացի լրագրողների ֆիզիկական ներկայությունը բացառելու, նրանց աշխատանքը բարդացնելու համար, որ ազատ չլինեն և, այսպես ասած, ավել-պակաս բաներ չգրեն: Մեր դեպքում նման խնդիր չկա: Ընդհանուր առմամբ, միջազգային լրատվամիջոցները փորձում են երկու կողմերի տեսակետները ներկայացնել, բայց, փորձագետի կարծիքով, մեր դիրքերն ավելի շահեկան են:
Նախկինում ասվում էր, որ մենք զգալիորեն զիջում ենք տեղեկատվական պայքարում: Օտարերկրացին համացանցում հայ-ադրբեջանական հակամարտության մասին տեղեկատվություն որոնելիս` հանդիպում է ադրբեջանցիների մեկնաբանություններին: Այս օրերին «Վիքիպեդիայի» անգլալեզու տարբերակում Արցախի մասին հոդվածը ներկայացված է ադրբեջանցիների կողմից: Ավելին` նյութն արգելափակված է, և հայ ադմինները չեն կարողանում խմբագրել այն: Պարզ ասած` դարձնել «հայամետ»: Սամվել Մարտիրոսյանը խնդրի առնչությամբ ասաց, որ մեկնաբանությունները միակողմանի չեն, պարզապես մեր աչքին ընկնում է այն, ինչ ադրբեջանցիներն են հաջողեցնում ավելացնել, իրենք էլ դժգոհում են հայերի մեկնաբանություններից. «Մի կարծեք, թե արգելափակումը մեր դեմ է աշխատում: Արցախյան հակամարտությանը վերաբերող նյութերը «Վիքիպեդիայում» այնքան բուռն բանավեճերի տեղիք են տալիս, որ երկու կողմերն էլ խնդրի առաջ են կանգնած: ՈՒղղումները շատ դանդաղ են արվում, ինֆորմացիան պետք է հիմնված լինի ոչ թե հայկական կամ ադրբեջանական աղբյուրի վրա, այլ մի երրորդ աղբյուրի: Խստացումները նրա համար են, որ ամեն վայրկյան հոդվածը չփոխվի: Նախկինում հենց այդպես էր»:
«Այս օրերին Դուք և ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի հայկական տիրույթի «ամենապահանջված» օգտատերերն եք: Ձեր ֆեյսբուքյան գրառումները ինֆորմացիայի աղբյուր են դառնում նաև հակառակ կողմի համար: Վտանգներ չկա՞ն». մեր այս հարցին ի պատասխան Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ վտանգ ամեն ինչում կա, եթե ռիսկը չես գնահատում: Ըստ նրա` այսպես թե այնպես, եթե տեղեկատվությունը շատ ես փակում, լավ չէ, եթե շատ ես բացում, էլի լավ չէ: Որոշակի սահմանը պետք է պահել, ինչը և արվում է: Ամփոփելով խոսքը` փորձագետը օգտատերերին խորհուրդ տվեց չկորցնել բանականությունը, շատ չտրվել բացասական կամ դրական հույզերին, մանավանդ մեզ համար ծանր այս օրերին պահպանել սառնասրտությունը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2540

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ