38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ցեղասպանության ճանաչման հարցը` թուրք-ամերիկյան բանակցությունների օրակարգում

Ցեղասպանության ճանաչման հարցը` թուրք-ամերիկյան բանակցությունների օրակարգում
27.03.2009 | 00:00

ԱՄՆ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼԱՑՄԱ՞ՆԸ
Միայն հայկական ԶԼՄ-ներում և փորձագիտական շրջանակներում չէ, որ վերջին շրջանում քննարկման ամենահրատապ թեման դարձել է այն, թե ինչպիսին կլինի Բարաք Օբամայի ապրիլի 24-ի տարեկան ուղերձը։ Ինչպես նաև դրան նախորդող պաշտոնական այցը Թուրքիա, և թե որքանով այդ իրադարձությունները տեղաշարժ կառաջացնեն հայ-թուրքական հարաբերություններում։ Պակաս կարևոր չէ, թե ինչպիսին է լինելու Հայաստան-Թուրքիա շփումների հաստատման և շրջափակման վերացման գինը։
Այս հարցերը նախկինում էլ հրատապություն են ձեռք բերել ԱՄՆ-ում նոր վարչակազմի կողմից նոր մերձավորարևելյան քաղաքականության համատեքստում։ Միաժամանակ, չանտեսելով հայ-թուրքական հարաբերությունների կարևորությունը, հարկ է ընդգծել, որ առանց այդ հարաբերությունների վեկտորի դրական փոփոխության ու կայունացման, Թուրքիան չի կարող տարածաշրջանային գլոբալ առաջնորդի դերակատարություն ստանձնել, իսկ Արևմուտքի խոշոր էներգետիկ ծրագրերի իրականացումն էլ կբարդանա։ Ըստ այդմ, թերևս, պատահական չէ Վաշինգտոնի և Անկարայի միջև դիվանագիտական աննախադեպ ակտիվությունն այս փուլում, երբ ապրիլի 6-ին նախատեսված է ԱՄՆ-ի նախագահի այցը Մոսկվա, կան խոսակցություններ, որ Հայաստան է այցելելու Թուրքիայի արտգործնախարարը, ինչպես նաև քննարկվում են գրեթե նույն ժամանակամիջոցում Սերժ Սարգսյանի այցի հավանականությունն Անկարա և որոշ համաձայնությունների ձևավորումն ամերիկացիների հովանավորությամբ։ Այս ամենն աշխարհաքաղաքական շղթայական զարգացումների տպավորություն է թողնում։
Ահա այսպիսի բավականին լուրջ փոփոխությունների խորապատկերի վրա ԱՄՆ-ի նախագահի` ապրիլի 24-ի ելույթը դառնում է նշանակալից ոչ միայն զգացմունքային իմաստով, այլև կարևոր է հետագա գործընթացների զարգացման համար։ Հիշեցնենք, որ քսան և ավելի տարիներ առաջ, երբ Ռոնալդ Ռեյգանը հանդես եկավ ցեղասպանությունը փաստորեն ճանաչող հայտարարությամբ, հայության համար դա լուրջ հետևանքներ չունեցավ։ Քանզի ժամանակաշրջանն էր ուրիշ, ԱՄՆ-ի համար ավելի կարևոր էր ԽՍՀՄ-ի հետ հակադրությունը ցանկալի ավարտին հասցնելը և ոչ թե Հայկական հարցով զբաղվելը։ Ներկայիս գլոբալ զարգացումների համատեքստում, սակայն, պատկերը բոլորովին այլ է։ Մասնավորապես, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի տնօրեն Սերգեյ Ռոգովը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարությունը «քաղաքական օգուտներ չի բերի»։
«LA Times»-ն իր հերթին նշում է, թե ամերիկյան վարչակազմի առանձին պաշտոնյաներ չեն բացառում ԱՄՆ-ի նախագահի` ապրիլի 24-ի ելույթի հետաձգումը` պայմանավորելով դա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ջերմացմամբ։ Այսինքն, այսպես թե այնպես, այդ ելույթը գնահատվում է իբրև լուրջ դիվանագիտական քայլ, որի շնորհիվ հնարավոր են գլոբալ գործընթացների հիմնարար սրբագրումներ։ Ընդ որում, ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ ՆԵՆՍԻ ՓԵԼՈՍԻՆ այդ կապակցությամբ հայտարարում է. «Անկախ նրանից` կայցելի ԱՄՆ-ի նախագահը Թուրքիա, թե ոչ, դա չի ժխտում այն փաստը, որ հայերի ցեղասպանություն եղել է։ Ինձ հետ միասին բազմաթիվ կոնգրեսականներ այդ հայեցակետն ունեն»։ Միաժամանակ փաստ է, որ ԱՄՆ-ի բոլոր նախագահներից Բարաք Օբաման իր քաղաքական անցյալով ցեղասպանության ճանաչման ամենահետևողական կողմնակիցներից մեկն է եղել։ Բավական է բերել մեկ-երկու մեջբերում նրա հայտնի հայտարարություններից։ «Հայերի ցեղասպանությունը ենթադրություն չէ, որևէ մեկի անձնական կարծիքը չէ։ Դա փաստաթղթերով հաստատված անհերքելի փաստ է»։ «Ամերիկան արժանի է այնպիսի առաջնորդի, որն արդարաբար կհայտարարի հայերի ցեղասպանության մասին և համարժեք կարձագանքի բոլոր ցեղասպանություններին»։ Սակայն ամենից ավելի բնորոշ է 2005-ի օգոստոսի 30-ին Բաքվում ԱՄՆ-ի ներկա նախագահի հայտարարությունը, երբ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո այն ժամանակ սենատոր Բարաք Օբաման հայտարարեց, թե 1915-ին հայերի հետ կատարվածը համարում է ցեղասպանություն։ Այն ժամանակից ի վեր շատերը Բաքվում ԱՄՆ-ի նախագահին բարեկամ չեն համարում, անկախ նրանից, որ նա Բաքու-Ջեյհան նավթամուղի նախագծի պաշտպաններից մեկն էր, ինչն ինքնին շատ հետաքրքիր փաստ է։
Ավելին, նախընտրական արշավի ժամանակ Օբաման խոստացել է, որ խորացնելու է ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները` «ընդհանուր անվտանգության և Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման նպատակով»։ ԱՄՆ-ի նախագահը կարևորել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացումը և ղարաբաղյան հակամարտության կարգավորման երկարատև լուծում գտնելը` «նկատի ունենալով ԱՄՆ-ի նվիրվածությունը ժողովրդավարության և ինքնորոշման սկզբունքներին»։ Սակայն արտաքին քաղաքականությունը միշտ էլ պետական քաղաքականության ամենապահպանողական սեգմենտներից մեկն է, որտեղ պարտադիր պայման է ժառանգականության ապահովումը։ Թեպետ Վաշինգտոնի մոտեցման մեջ նոր նրբերանգների առկայությունն ակնհայտորեն պայմանավորված է նաև արդիական դարձած նոր խնդիրներով և դրանց պրագմատիկ լուծման անհրաժեշտությամբ։
Հասկանալի է, որ նոր աշխարհաքաղաքական բաժանումների պայմաններում Անկարան և Վաշինգտոնը բազմաթիվ հարցեր ունեն քննարկելու, ինչի համար էլ ԱՄՆ-ի նախագահը գնում է Թուրքիա։ Ընդհանուր հետաքրքություն են ներկայացնում Իրաքում և առհասարակ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, եվրոպական էներգետիկ անվտանգության խնդիրները, ԱՄՆ-ի կողմից Թուրքիայում գտնվող Ինջիրլիքի ավիաբազայի շահագործման հարցը։ Բացի այդ, Վաշինգտոնը ներկայումս կարիք ունի Աֆղանստանի հարցում Անկարայի լոյալ դիրքորոշման ու աջակցության, ինչպես նաև անվտանգության հետ կապված այլ խնդիրներում։ Պատահական չէ, որ պետքարտուղար Քլինթոնի և Թուրքիայի արտգործնախարար Բաբաջանի վերջին հայտարարության մեջ էլ ընդգծվեց ամերիկա-թուրքական գործընկերության ռազմավարական բնույթը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը և խորհրդատվություններն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերում։ Հայտարարվեց, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացմանը, Մինսկի խմբի գործունեությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Թուրք-ամերիկյան համագործակցությունը կշարունակվի Բալկաններում և Կիպրոսի հարցի կարգավորման գործընթացում։ Այս ամենը տպավորություն է ստեղծում, որ Թուրքիան, Սպիտակ տան նոր արտաքին քաղաքական դոկտրինի համաձայն, պետք է հեշտացնի ամերիկյան քաղաքականության իրագործումը տարածաշրջանում։ Մասնավորապես Իրանի հարցում, որում Թուրքիան մերձեցման ուղիներ է փնտրում, կարծես կարող է օգտակար լինել նաև թուրքական միջնորդական փորձն Իսրայել-Սիրիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Թուրքիայի նախագահի` Սաուդյան Արաբիա կատարած այցն էլ ցույց տվեց, որ Անկարայի դերակատարությունը Մերձավոր Արևելքում վերջին տարիներին մեծացել է։
Բոլոր այս տարաբնույթ արտաքին քաղաքական զարգացումների խորապատկերի վրա տարբեր փորձագետներ, այնուհանդերձ, չեն բացառում, որ Անկարայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը գտնվելու է թուրք-ամերիկյան բանակցությունների օրակարգում։ Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մարկ Պերրիսը կարծում է, որ «Բարաք Օբամայի ապրիլյան այցը Թուրքիա նոր վարչակազմի համար բավական ռիսկային է»։ Մանավանդ Թուրքիան արդեն զգուշացրել է, որ ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական հայտարարությունը վտանգի տակ կդնի ամերիկյան ծրագրերին Թուրքիայի աջակցության հարցը, իսկ Աբդուլլահ Գյուլը չի թաքցրել, որ հետաքրքրված է հատկապես նրանով, թե ինչպիսի երաշխիքներ կտա Բարաք Օբաման, որ իր նախագահության օրոք Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում տեղի չի ունենա։ Թուրքիան շանտաժին զուգահեռ կազմակերպում է նաև հերթական «արտահոսքերը» իբրև հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, երկխոսության վերաբերյալ, ինչը խրախուսվում է ԱՄՆ-ի կողմից։ «Սաբահ» թերթի աղմկահարույց մի հոդվածի համաձայն, Թուրքիայի կառավարող կուսակցությունից խորհրդարանի մի խումբ պատգամավորներ ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ իբր հայտարարել են, թե հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մարտի 29-ին Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո և հավաստիացրել, թե այդ հարցի շուրջ բանակցությունները «ավարտական փուլում են»։ Չմոռանանք, սակայն, որ այդպիսի «ավարտական փուլում են» նաև հայ-ադրբեջանական բանակցությունները, և դա ձգվում է ոչ մեկ տարի։
Այս ամենին զուգահեռ կա ևս մի կարևոր հանգամանք։ Ամերիկյան առանձին քաղաքագետներ, քաղաքական գործիչներ և փորձագետներ համարում են, որ Թուրքիան, լինելով ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ական դաշնակիցը, միաժամանակ սկսել է վերածվել անկանխատեսելի խաղացողի կասպիական նավթի շուրջ ընթացող էներգետիկ խաղերում։ Այս հանգամանքին նպաստում է Մոսկվան, որն Անկարային այսօր առաջարկում է այլընտրանքային գործընկերություն։ Եվ այս կապակցությամբ շատ կարևոր է, թե ամերիկացիներն ինչպիսի փաստարկներ կդնեն սեղանին Անկարայում կայանալիք բանակցությունների ժամանակ։ Առայժմ հստակություն չկա, բայց մտահոգիչ է, որ կանխատեսումներ են հնչում, թե ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից հերթական «հայկական բանաձևը» ընդունելու դեպքում կխզվի Թուրքիա-Հայաստան նոր սկսված երկխոսությունը։ Այս կապակցությամբ ոչ կոռեկտ և խիստ վտանգավոր են թուրքական կողմի սադրանքները Հայաստանի իշխանությունների հետ ինչ-որ «պայմանավորվածությունների» կայացման մասին։ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն արդեն իսկ հարկադրված է եղել հերքել տարբեր ԶԼՄ-ներով տարածված այն տեղեկատվությունը, թե Անկարան և Երևանը քննարկում են ցեղասպանության հարցը։
Մանավանդ որ Հայկական հարցի հնչեցումն աշխարհում, որպես այդպիսին, չի հանդիսանում բացառապես Հայաստանի Հանրապետության մենաշնորհային իրավունքը։ Ավելին, ԱՄՆ-ի հայության հնչեցրած պահանջները միանշանակ վերաբերում են իրենց իսկ ընտրովի իշխանության հետ երկրի քաղաքացիների հարաբերություններին։ Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություններն այնպիսի հզոր ազդեցություն չունեն հայկական սփյուռքի վրա, որպեսզի կարողանային ցեղասպանության զոհերի ժառանգներին լռեցնել` հանուն Հայաստանի «բարձրագույն շահերի»։ Հայաստանն այս հարցում կարող է և հանդես է գալիս իբրև դիտորդ ու գործընկեր` հստակ նախանշված դիրքորոշմամբ։ Հայաստանի նկատմամբ այս հարցում ցանկացած տիպի շանտաժի գործադրում ոչ միայն տեղին չէ, այլև բացարձակ անարդյունավետ է։ Ըստ այդմ, ԱՄՆ-ի նախագահի կողմից ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բնորոշումը օգտագործելու հարցը ոչ միայն արտաքին նշանակության, այլև պետություն-քաղաքացիներ, պետություն-հայկական համայնք հարաբերությունների հարց է։ Ըստ «Financial Times»-ի «Բարաք Օբաման այլընտրանքի առջև է։ Կամ պետք է խախտվի ցեղասպանությունը ճանաչելու իր հրապարակային խոստումը, կամ էլ վտանգի տակ դնի Թուրքիայի նման ռազմավարական գործընկերոջ հետ բազմամյա հարաբերությունները։ Բայց ցանկացած դեպքում սա բացարձակապես ներքին խնդիր է»։
Ընդ որում, նկատենք, որ որոշ երկրների` կատարված բարբարոսությունը ձևականորեն չճանաչելը և այն քաղաքական ինտրիգներում օգտագործելը չի նվազեցնում այդ բարբարոսության ոչ չափը, ոչ էլ բացասական նշանակությունը։ Այդպիսի հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։ Սակայն այսօր հերթական անգամ հայոց ողբերգությունը հայտնվել է քաղաքական պրագմատիզմի մուրճի և բարոյականության զնդանի միջև։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2946

Մեկնաբանություններ