Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հոգևոր արժեքներ կրող և գալիքին փոխանցող հենարանը

Հոգևոր արժեքներ կրող և գալիքին  փոխանցող հենարանը
16.06.2017 | 12:17

«Արամ Խաչատրյան» համերգասրահում երկու երեկո տեղի ունեցավ հանդիսություն` նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Կոմիտասի անվան ազգային քառյակի գեղարվեստական ղեկավար և 1-ին ջութակահար, Երևանի պատվավոր քաղաքացի Էդուարդ Թադևոսյանի ծննդյան 70-ամյակին։ Առաջին իսկ երեկոն վկայեց պրոֆեսոր Թադևոսյանի կատարողական և մանկավարժական գործունեության վիթխարի շառավիղը` հիրավի համասփյուռ։ Վարպետին շնորհավորելու էին եկել երաժիշտներ տարբեր երկրներից։ Նրանց ելույթներն ընդմիջվում էին ուղերձների տարափով, որոնց մի մասն ընթերցում էր հանդիսավար Կարեն Քոչարյանը, մյուսը ցուցադրվում էր մեծադիր պաստառի վրա։

Թադևոսյանին իրենց ողջույններն էին հղել Վլադիմիր Սպիվակովը, Եվգենի Կիսինը, Բորիս Բելկինը, Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի ռեկտոր Ալեքսանդր Սոկոլովը և աշխարհահռչակ այլ գործիչներ։ Ընդ որում, ոմանք իրենց սրտի խոսքը համեմում էին հայերեն բառերով։ Պաստառին ցուցադրվում էին նաև տեսագրված դրվագներ ջութակահարի անցած փառավոր ուղուց, նրա մենահամերգներից, Կոմիտասի անվան քառյակի ելույթներից, դասերի ուշագրավ պահերից։ Ներկայացվում և հնչեցվում էին անվանի գործիչների` Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Տիգրան Մանսուրյանի, Սվետլանա Նավասարդյանի, Վլադիլեն Բալյանի, Լևոն Չաուշյանի և այլոց բարձր գնահատականները։


Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը փոխանցեց քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը։ Նույն տեսաֆիլմում Էդուարդ Թադևոսյանը պատմում էր իր հուշերն ուսումնառության տարիների, դեպի «Պառնաս» տանող իր վերելքի մասին, ակնածանքով ու երախտագիտությամբ հիշում էր ուսուցիչներին` Տատյանա Հայրապետյանին, Լեոնիդ Կոգանին, Ավետ Գաբրիելյանին, հիշեցնում իր հանդիպումներն Արամ Խաչատրյանի և այլ մեծերի հետ։ Հոբելյարին ողջունեցին, պարգևներ և հուշանվերներ հանձնեցին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, կոնսերվատորիայի ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Շահեն Շահինյանը, Երաժշտական ընկերության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը, Կոմիտասի անվան քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը։
Երեկոն զարդարեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, դափնեկիր մենակատարները։ Եվ, անշուշտ, Կոմիտասի անվան քառյակը, որը կատարեց երկու հումորեսկ` Պաուլ Հինդեմիտի «Մինիմաքս» նվագաշարից, և Կոմիտաս-Ասլամազյանի «Վաղարշապատի պարն» ու «Հաբրբանը»։

Ի դեպ, նվագախմբի և մենակատարների մեծ մասն այս կամ այլ կերպ անցել է Էդուարդ Թադևոսյանի դպրոցը։ Նկատի ունեմ ոչ միայն նրա դասարանի սաներին, այլև կոնսերվատորիայի իր ղեկավարած նվագախմբային ֆակուլտետի ուսանողներին, որոնց քննություններին, ձևավորման ընթացքին ուշի ուշով և հոգատարությամբ հետևել է նա և թողել իր բարերար ազդեցությունը։ Եվ հիշյալ համերգն էլ յուրօրինակ մի քննություն էր ու նվիրում իրենց սիրելի ուսուցչապետին։


Այսպես, ջութակահարներ Դավիթ Հակոբյանը, Էդմոնդ Հովհաննիսյանը և նվագախումբը` Յոհան Սեբաստիան Բախի վեհաշունչ Կրկնակի կոնցերտով բացեցին համերգային բաժինը։ Այնուհետև ջութակահարներ Անի Փարսադանյանը և նվագախումբը կատարեցին Էդվարդ Բաղդասարյանի հայրենաշունչ «Ռապսոդիան»։ Սրան հաջորդեց Պաբլո Սարասատեի իսպանական պարային ռիթմերով բաբախող, արևավառ «Նավառան», որը վիրտուոզությամբ նվագեցին Զոհրաբ Թադևոսյանը (Իսպանիա), Մերի Խոջայանը (Ամստերդամ) և նվագախումբը։
Հուզիչ էր Վիոլետայի արիան` Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերայից, որը մեծ ներշնչանքով կատարեցին Մանե Գալոյանը (ԱՄՆ) և նվագախումբը։ Երգչուհին համոզիչ կերպով վերստեղծեց անարդարության զոհ Վիոլետայի ողբերգական կերպարը։ Երեկոն ամփոփվեց Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտի 3-րդ մասով, որը բարձր մակարդակով կատարեցին Դիանա Ադամյանը և երիտասարդական նվագախումբը` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։


Հանդիսության վերջում Էդուարդ Թադևոսյանն իր երախտագիտությունը հայտնեց լեփ-լեցուն դահլիճին, կազմակերպիչներին և հատկապես երիտասարդ երաժիշտներին, որոնց իր ուղերձում Վ. Սպիվակովը բնորոշել էր որպես հոգևոր արժեքներ կրող և գալիքին փոխանցող հենարան։

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 18106

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ