Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«ԻՐԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ ՍԵՂԱՆԻՆ ԴՆԵԼՆ Է»

«ԻՐԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ ՍԵՂԱՆԻՆ ԴՆԵԼՆ Է»
13.04.2010 | 00:00

Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև նախաստորագրված, ապա և ստորագրված արձանագրությունները երկկողմ հարաբերությունների զարգացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին վերջին ամիսների ընթացքում դարձել են ամենաբուռն քննարկումների առարկա ինչպես երկու երկրների, այնպես էլ այլ շահագրգիռ երկրների քաղաքական ուժերի համար:
Հիշյալ արձանագրությունները վաղուց արդեն (10.10.09) ուղարկվել են Ազգային ժողով` վավերացման, և բնական էր սպասել, որ դրանց շուրջ քննարկումներն ու բանավեճերը գնալով է՛լ ավելի կթեժանան: Հարցը մեկն է. Ազգային ժողովը պե՞տք է վավերացնի արձանագրությունները, թե՞ ոչ: Հարցը մեկն է, բայց հույժ կարևոր, պատմական, կասեի, նույնիսկ, ինչ-որ առումով, ճակատագրական: Սխալվելու իրավունք չունենք: Պահի հրամայականն է, որ քննարկումներին մասնակցող բոլոր քաղաքական ուժերն ու անհատները, մի կողմ թողնելով իրենց կուսակցական, անձնական և այլ կարգի նկրտումները, ցուցաբերեն սառնասիրտ և պատասխանատու վերաբերմունք այս կարևորագույն հարցի նկատմամբ:
Խոսքս առաջին հերթին վերաբերում է դաշնակցությանը, որն այս ամբողջ գործընթացի ժամանակ, ճանապարհային քարտեզի վերաբերյալ հայտարարության ստորագրումից առայսօր (և հատկապես արձանագրությունների ստորագրումից հետո) հանդես է գալիս որպես ամենաարմատական ընդդիմություն. նախ, ի նշան բողոքի, դուրս եկավ իշխանությունից, միտինգներ, երթեր, նստացույց կազմակերպեց, և այժմ էլ համառորեն պահանջում է, որ արձանագրությունները չվավերացվեն Ազգային ժողովում, քանի դեռ դրանցում չեն կատարվել իրենց առաջարկած փոփոխությունները, որովհետև ինչպես պնդում են, արձանագրություններում մեզ համար խիստ աննպաստ նախապայմաններ կան` ցեղասպանության միջազգային ճանաչման կասեցում և Թուրքիայի տարածքային ամբողջականության հաստատում, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերի ներթափանցում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրակարգ:
Հասկանալի է, խոսքը միջկառավարական հանձնաժողովին և ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչմանը վերաբերող կետերի, ինչպես նաև կետերից մեկում տարածքային ամբողջականության սկզբունքի կողքին ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիշատակման պահանջի մասին է: Սրանք, իհարկե, շատ կարևոր հարցեր են, և շատերն ուրախ կլինեին (այդ թվում և ես ), որ արձանագրությունները գրված լինեին հենց այնպես, ինչպես առաջարկում են դաշնակցականներն իրենց հատուկ գրքույկում, կամ էլ հնարավոր լիներ այդ փոփոխություններն այժմ անել: Սակայն պետք է իրատես լինել և հասկանալ, որ արձանագրությունները Սերժ Սարգսյանը միայնակ չի խմբագրել Թուրքիայի և մյուս գերտերությունների խնդրանքով, այլապես կարելի էր պահանջել ավելացնել մի պարբերություն, որով Թուրքիան պարտավորվում է շուտափույթ ճանաչել Հայոց ցեղասպանությունը և երկու տարվա ընթացքում ազատել ու վերադարձնել մեր պատմական տարածքները: Հո չե՞ք ծիծաղում:
Այժմ ավելի մանրամասն խոսենք առաջարկվող փոփոխությունների մասին` պարզելու, թե որքանով են դրանք հիմնավորում արձանագրությունները չվավերացնելու նրանց պահանջը: Կխոսենք միայն դաշնակցականների առաջարկած փոփոխությունների մասին, որովհետև դրանց մեջ երևան են հանված արձանագրությունների մեջ պարունակվող բոլոր հնարավոր վտանգները, դեռ մի բան էլ ավելին: Որպեսզի ընթերցողին ավելի ընկալելի լինեն առաջարկվող փոփոխությունների վերա-բերյալ մեր մեկնաբանությունները, բառացիորեն մեջ կբերենք համապատասխան հոդվածների տեքստային և առաջարկվող տարբերակները: Մի կողմ թողնելով խմբագրական և այլ բնույթի ոչ կարևոր փոփոխությունների առաջարկները, ուշադրություն դարձնենք գլխավորներին:
1.Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության մեջ.
lՏեքստային տարբերակ. Իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսության, այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման և առաջարկների ձևակերպման համար:
lԱռաջարկվող տարբերակ. իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսություն:
Դաշնակցականներն անհանգստացած են, որ տեքստային տարբերակը Թուրքիային հնարավորություն է տալիս քննության նյութ դարձնել ցեղասպանության հարցը (իսկ մենք չե՞նք ուզում այդ մասին խոսել), միամտաբար վախենալով, որ դրանով այդ հարցը, իրենց բառերով ասած, դուրս կգա այլ երկրների և կազմակերպությունների օրակարգից:
Շատ ավելի վաղ, ճանապարհային քարտեզի վերաբերյալ հայտարարությունից անմիջապես հետո, առիթ ունեցել եմ այս հարցի մասին մամուլով խոսելու և կտրուկ դեմ եմ արտահայտվել պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն, բացատրելով դրա վտանգավոր հետևանքները: Սակայն այն ժամանակ խոսքը միայն մի հանձնաժողովի մասին էր, որը, ենթադրաբար, պետք է ուսումնասիրեր պատմական փաստերն ու արխիվները` պարզելու համար, իրոք, եղել է Ցեղասպանություն, թե՞ ոչ: Այստեղ հարցը բոլորովին այլ կերպ է դրված: Խոսքը միջկառավարական հանձնաժողովի մասին է, որը, ի թիվս այլոց, պետք է ունենա նաև առանձին ենթահանձնաժողով` անունը դնենք թեկուզ պատմաբանների ենթահանձնաժողով:
Արձանագրության տեքստից բոլորովին էլ չի երևում, որ այդ հանձնաժողովը պետք է հատկապես պարզի` Ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ: Տեքստում պարզ գրված է. «գոյություն ունեցող խնդիրների հստակեցման և առաջարկների ձևակերպման համար»: Իհարկե, Թուրքիան կփորձի այս ամենը մեկնաբանել իրեն հարմար ձևով, սակայն սրանից պետք չէ ողբերգություն սարքել: Տեքստային շարադրանքը լիովին հնարավորություն է տալիս մեզ ի չիք դարձնելու աղավաղման ցանկացած փորձ (փառք Աստծո, մենք էլ խոսել գիտենք):
Այժմ հարցին նայենք մեկ ուրիշ կողմից:
Պարզագույն ճշմարտություն է, որ եթե երկու կողմերը ցանկություն են ունենում հարթելու իրենց միջև գոյություն ունեցող խնդիրները և կարգավորելու հարաբերությունները, ապա երկխոսությամբ առաջին հերթին քննարկում են հենց այդ խնդիրները:
Դաշնակցականները հայտարարում են, որ դեմ չեն փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսությանը, սակայն իրականում դեմ են դրան: Ասում եմ` դեմ են, քանի որ փոխվստահության վերականգնմանն ուղղված այլ երկխոսություն, քան այն, որն ուղղված է գոյություն ունեցող խնդիրների հստակեցմանը և առաջարկների ձևակերպմանը, պարզապես չի կարող լինել: Այսինքն, դա կարող է լինել միայն պատմական հարթության երկխոսություն: Ստացվում է, որ մարդիկ ուզում եմ լողալով անցնել գետի մյուս ափը, բայց ջուրը չմտնել: Եվ հետո, ի՞նչ է նշանակում, թե համաձայն ենք միջկառավարական հանձնաժողովի, ինչպես նաև տարբեր հարցերով զբաղվող ենթահանձնաժողովների ստեղծմանը, բայց դեմ ենք պատմական հարցերի մասին խոսելուն: Ի՞նչ է, վախենո՞ւմ ենք պատմությունից: Մանավանդ որ այդ միջկառավարական հանձնաժողովն ստեղծվելու է սահմանի բացումից և դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո:
Եթե ասվածին հավելենք նաև տարբեր ամբիոններից ՀՀ նախագահի բազմիցս արած հստակ հայտարարությունները (առայժմ հանգիստ թողնենք արտաքին գործերի նախարարին), մասնավորապես Դեր Զորում արած բավականին կոշտ հայտարարությունը` ուղղված Ցեղասպանությունը պատմաբանների խնդիր որակողներին, այդ թվում նաև` Հիլարի Քլինթոնին, ինչպես նաև պարզաբանումներն առ այն, որ մենք գնում ենք երկխոսության առանց նախապայմանների, որ Ցեղասպանության հարցը ենթակա չէ քննարկման, որ այդ, ինչպես նաև ԼՂ-ի հարցը, բացարձակապես կապ չունեն արձանագրությունների հետ, չմոռանալով նաև Սահմանադրական դատարանի որոշումն իր հստակ մեկնաբանություններով, ապա ակնհայտ է դառնում, որ այս թեման սպառված է, անհանգստանալու և խոսելու բան այլևս չկա: Վերջ:
2.Դիվանագիտական հարաբերությունները հաստատելու մասին արձանագրության մեջ
lՏեքստային տարբերակ. Վերահաստատելով հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքը հարգելու իրենց երկկողմ և բազմակողմ պարտավորությունները:
lԱռաջարկվող տարբերակ. Վերահաստատելով հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու իրենց միջազգային պարտավորությունները
Համաձայն եմ, վատ չէր լինի, եթե ներառված լիներ նաև ազգերի ինքնորոշման սկզբունքը: Սակայն առանց դրա էլ սարսափելի ոչինչ չկա, եթե կուզեք իմանալ, դժգոհելու ոչ մի հիմք չկա: Չկա, որովհետև Թուրքիան երբեք չի կարող հայտարարել, թե ինքը չի հարգում ինքնորոշման իրավունքը (ասենք` ԼՂՀ- ի պարագայում), ինչ է, թե այդ մասին խոսք չկա արձանագրության տեքստում: Այդ իրավունքը հարգելու բավարար միջազգային պարտավորություններ Թուրքիան ունի: Եթե հարցին ավելի խիստ մոտենանք, շատ էլ ճիշտ է, որ ինքնորոշման իրավունքի մասին չի խոսվում տեքստում: Բացատրեմ: Ցանկացած երկու երկրների հարաբերություններում անպայմանորեն առկա են միմյանց գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու խնդիրներ և, բնական է, որ սրանք առկա են տեքստում: Բայց ինքնորոշման խնդիր, որպես կանոն, երկու երկրների միջև չի լինում, այն լինում է մի երկրի ներսում: Կոնկրետ մեր և Թուրքիայի միջև նման խնդիր չկա, ինչո՞ւ պետք է հիշատակվեր ինքնորոշման իրավունքը: Մյուս կողմից էլ ինքնորոշման սկզբունքի ներառումը տեքստում կնշանակեր փաստաթուղթը կապել ԼՂՀ-ի խնդրին, ինչի դեմ մենք այսքան պայքարում ենք, այսինքն` կստացվեր, որ մենք ենք նախապայման դնում` խախտելով առանց նախապայմանների մեր սկզբունքը (թե՞ մենք այնքան հզոր ենք, որ կարող ենք այդ անել): Այնպես որ, ինքնորոշման իրավունքի ներառման պահանջն անհիմն է:
lՏեքստային տարբերակ. Վերահաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող ընդհանուր սահմանների փոխադարձ ճանաչումը` սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով…
lԱռաջարկվող տարբերակ. Ամբողջովին զեղչել։
Սա, իհարկե, ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչման նախապայման է և ցանկալի կլիներ, որ այս պարբերությունն առհասարակ չլիներ: Բայց եթե մյուս կողմը պնդում է, որ լինի, ի՞նչ պետք է ասեինք: Ասեինք` չէ՛, մենք այդ սահմանը չե՞նք ճանաչում: Չենք ճանաչում, բայց ուզում ենք բացե՞լ: Չենք ճանաչում, նշանակում է, չենք հարգում մյուս կողմի տարածքային ամբողջականությունը (հրաժարվելով մեր համապատասխան միջազգային պարտավորություններից): Այդ դեպքում ի՞նչ կարգավորման մասին է խոսքը: Ո՞Ւր է տրամաբանությունը: Հո միայն խոսելով ու պահանջելով չէ՞։ Պետք է հասկանալ, որ անհնար է եղել այս պարբերության դուրսմղումը տեքստից (նորից հիշենք, թե ինչ ուժերի հետ գործ ունենք): Թող սխալ չհասկացվի, սրանով բոլորովին էլ չեմ ուզում ասել` եթե չենք կարողացել դուրս մղել տեքստից, ուրեմն պետք է վավերացնենք: Քավ լիցի:
Բավական մեծ ճշտությամբ կարելի է պնդել, որ սա միակ պարբերությունն է արձանագրությունների մեջ, որի շուրջ լրջորեն մտածելու կարիք կա: Եվ «ամենատհաճ» բառը, թերևս, «վերահաստատելով» բառն է, որն անուղղակիորեն ակնարկում է ընդհանուր սահմանների ճանաչմանը վերաբերող նախկին տարիների իրավական փաստաթղթերը, որոնց տակ ստորագրել է Հայաստանը (օրինակ, Կարսի պայմանագիրը): Կարծում ենք, որ սա լուրջ բացթողում է, և հնարավոր էր այդ բառը փոխարինել «հաստատելով» բառով: Ինչևէ, ինչպես ասում են նման դեպքերում, ունենք այն, ինչ ունենք: Այնուամենայնիվ, եկեք պարզենք, թե արված դիտողությունները բավարար հիմքեր տալի՞ս են արձանագրությունները չվավերացնելու համար:
Կասկած չկա, որ հարկ եղած դեպքում Թուրքիան կփորձի օգտագործել այս խաղաքարտը (հիշյալ պարբերությունը) որպես ծանր հրետանի: Բայց ե՞րբ, ո՞ր դեպքում: Միայն այն դեպքում, երբ նրան հօգուտ Հայաստանի տարածքային զիջումների պահանջ ներկայացվի: Իսկ ո՞վ կարող է նման պահանջ դնել Թուրքիայի առաջ: Հասկանալի է` միայն գերտերությունները, և միայն այն բանից հետո, երբ նրանց ճնշման տակ Թուրքիան կընդունի Ցեղասպանության փաստը: Եվ այդ դեպքում, այս խաղաքարտը, որից այնքան վախենում ենք, ծանր հրետանուց կվերածվի սովորական պարսատիկի, որովհետև նախ մենք կհայտնվենք բոլորովին նոր իրավական միջավայրում (գործ կունենանք ոչ մի փաստաթղթի հետ կապ չունեցող պատմական իրողության` Ցեղասպանության հետևանքների վերացման խնդիրների հետ) և, բացի այդ, ձեռքի տակ կունենանք ՍԴ-ի որոշման հստակ մեկնաբանությունները և ՀՀ նախագահի բազմաթիվ հայտարարություններն այն մասին, որ Ցեղասպանության հարցը ոչ մի կապ չունի արձանագրությունների հետ և բոլորովին առանձին թեմա է: Հետևողականորեն ֆիքսելով այս հանգամանքը, փաստորեն, մենք հայտարարում ենք, որ ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումն արձանագրություններում ուժի մեջ է, քանի դեռ չենք խոսում Ցեղասպանության և նրա հետևանքների վերացման մասին: Այս բանը հիանալի են հասկանում թուրքերը և պատահական չէր նրանց վայնասուն հիշեցնող արձագանքը, որով միաժամանակ փորձ էր արվում արտաքին ճնշումների սլաքն ուղղել նաև Հայաստանի վրա (տեսեք, իրենք էլ են նախապայման դնում): Էրդողանը նույնիսկ հայտարարեց, թե արձանագրությունները չեն վավերացվի, եթե ՀՀ Սահմանադրական դատարանը չփոխի իր որոշումը: Ոզնուն էլ պարզ է, որ այդ որոշումը չի փոխվի, որոշում, որը զգալիորեն պարզեցրեց այն ջուրը, որում թուրքերը հույս ունեին ձուկ որսալ:
Այսքանից հետո, եթե մեր ԱԺ-ն էլ, ՍԴ-ի օրինակով, վավերացնի արձանագրությունները` համապատասխան հստակ վերապահումներով, ապա, կարծում ենք, մտահոգվելու ոչ մի պատճառ չի մնա:
Եվ, այնուամենայնիվ, պե՞տք է վավերացնել արձանագրությունները, թե՞ ոչ:
Առաջին «ընթերցմամբ» կարելի է ասել, որ միայն սահմանի բացման համար չարժե վավերացնել նման փաստաթուղթ: Մանավանդ որ այդ սահմանը ցանկացած պատրվակով կարող է կրկին փակվել: Կամ էլ չէ, էդ ի՞նչ սահմանի բացում է, երբ Կարս-Գյումրի երկաթգիծը թողած, կառուցվում է Կարս-Ախալքալաք երկաթգիծը: Մասնակցելով Հայաստանը շրջանցող երկաթգծի շինարարությանը, Թուրքիան, փաստորեն, կշարունակի Հայաստանի շրջափակումը նաև սահմանը բացելուց հետո: Եվ վերջապես, սահմանի բացումը միջազգային նորմերը հարգել է նշանակում ընդամենը և չպետք է լիներ բանակցությունների առարկա:
Շատ ծանր կլիներ երկխոսության տապալման պատասխանատվության բեռը հատկապես Հայաստանի համար (ունենք ԼՂՀ-ի խնդիր, ունենք շրջափակման խնդիր):
Հանրապետության նախագահը հայտարարություններ է արել, մասնավորապես Լատվիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում, որ Թուրքիայի կողմից վավերացման ձգձգումների դեպքում Հայաստանը դուրս կգա բանակցություններից: Հայտարարվում է նաև, որ Հայաստանը կվավերացնի արձանագրությունները միայն Թուրքիայի կողմից դրանց վավերացվելուց հետո: Ի՞նչ է սա նշանակում: Ի՞նչ կստացվի, եթե նման հայտարարություն անի նաև Թուրքիան։ Կամ ես տեղեկության պակաս ունեմ, կամ ...
Գերտերություններն առայժմ չեն արձագանքում սրան, որովհետև մտածում են, որ եթե կարողանան ստիպել Թուրքիային վավերացնելու արձանագրությունները, Հայաստանին կստիպեն ու կստիպեն: Իսկ գործընթացի տապալման դեպքում հավասարապես կմեղադրեն նաև մեզ, ինչը բոլորովին էլ ցանկալի չէ: Կասեն` իբր դուք ի՞նչ, դուք էլ չվավերացրիք, որտե՞ղ է գրված, որ առաջինը Թուրքիան պետք է վավերացներ: Իսկ բանակցություններից միակողմանիորեն դուրս գալու համար Թուրքիայի ձգձգումները շատ թույլ հիմնավորում կլինեն: Կարծում եմ, որ անհրաժեշտ է ոչ թե հետ գնալ, այլ առաջ: Հանրապետության նախագահի նախաձեռնողական քաղաքականությունը տալիս է իր դրական պտուղները և պետք է համարձակորեն շարունակել ջանքերի գործադրումը` տեղի չտալով ներքին ճնշումներին, որոնց հեղինակներից ոչ բոլորն են գործում հայրենասիրական մղումներով: Փորձը ցույց տվեց, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը դրանից չի տուժել (հիշենք ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, Շվեդիայի խորհրդարանի որոշումները, թեկուզ և այն, որ Թուրքիայում ազատ կարող են Ցեղասպանության մասին խոսել ու չպատժվել: Էլ չասենք, որ նույնիսկ «նենգ Ալբիոնում» էլ են սկսել այդ մասին խոսել): Ցավոք, մեզ մոտ այնպիսի մթնոլորտ է ձևավորվել, երբ վավերացմանը կողմ լինելը դիտվում է որպես ազգադավություն, իսկ դիմադրելը` հայրենասիրություն: Իրական հայրենասիրությունն այս պահին սեփական կարծիքը սեղանին դնելն է` չբռնանալով ուրիշների տեսակետների վրա, ոչ թե այն, ինչ անում են դաշնակցականները, որոնց խորհուրդ կտայինք չմոռանալ պատմության դասերը և Քաջազնունու խոսքերն իրենց մասին: Լավ, ինչևէ: Եկեք երկու հարց պարզենք.
ա) եթե Թուրքիան վավերացնի արձանագրությունները, մենք ի՞նչ պետք է անենք: Պետք է մենք էլ վավերացնենք: Այդ մասին բացեիբաց հայտարարում է Սերժ Սարգսյանը:
բ) Թուրքիայի վավերացնելը պայմանավորվա՞ծ է մեր վավերացնել-չվավերացնելով: Կարծում եմ` ոչ, որովհետև այս հարցի լուծումը նրանց մոտ պայմանավորված է անհամեմատ հզոր գործոններով, ինչպիսիք են Էրդողանի կուսակցության վարկանիշը, ընդդիմության և զինվորականության դիրքորոշումները, քրդական հարցը, արտաքին ճնշումները և այլն, և այլն: ՈՒրեմն, ի՞նչ է ստացվում: Եկեք տրամաբանենք: Ստացվում է հետևյալը.
ա) Եթե Թուրքիան, ի վերջո, վավերացնում է արձանագրությունները, մենք էլ ենք վավերացնում: Դե, այդ դեպքում ավելի լավ չէ՞ր լինի, ժողովրդի լեզվով ասած, մեր լեզուն ավելի երկար չէ՞ր լինի, եթե մենք առաջինը վավերացնեինք:
բ) Եթե Թուրքիան այդպես էլ չի վավերացնում արձանագրությունները, և դրանք կյանքի չեն կոչվում, այս դեպքում ավելի լավ չէ՞ր լինի, եթե մենք միակողմանի վավերացրած լինեինք արձանագրությունները: Իհարկե, լավ կլիներ, մեր երկրի իմիջը զգալիորեն կբարձրանար, Թուրքիայինը` ընդհակառակը կիջներ: Մենք ակնհայտորեն շահած դուրս կգայինք այս խաղից:
Դե եթե այդպես է, ի՞նչն է մեզ խանգարում վերցնել ու վավերացնել արձանագրությունները` վտանգները չեզոքացնող վերապահումներով: Վավերացնել և վերջնաժամկետ դնել Թուրքիայի առջև` արձանագրությունները վավերացնելու համար: Այս քայլով ամբողջ ծանրությունը կդրվի Թուրքիայի ուսերին. նրանք իսպառ կզրկվեն ձգձգումը մեզնով պայմանավորելու հնարավորությունից, մյուս կողմից էլ, չեն կարող կարճ ժամանակում վավերացնել` վերը նշված դժվարությունների պատճառով: Մենք մի կողմ կքաշվենք, հրապարակում կմնա միայն Թուրքիան` ճնշումներով իրեն «համոզող» գերտերությունների հետ: Անբնական և անիմաստ կդառնա մեզ նորից հրավիրելը ինչ-որ հանդիպումների` ճնշումներ բանեցնելու և ինչ-որ զիջումներ կորզելու նպատակով (եղբայր, մենք արդեն վավերացրել ենք, մեզնից էլ ի՞նչ եք ուզում): Միաժամանակ բացարձակապես անընդունելի կդառնար Թուրքիայի կողմից նախապայմանների առաջադրումը (եղբայր, Հայաստանն արդեն վավերացրել է, նրան էլ ի՞նչ ասենք): Օրինակ, եթե այսօր արձանագրությունները վավերացրած լինեինք, մեր նախագահն ավելի վստահ կզգար իրեն Վաշինգտոնում, և մենք էլ անհանգստություն չէինք ունենա հնարավոր ճնշումների հաշվով: Բացի այդ, այս բացառիկ պարագայում, երբ մեր շահերը թեկուզ կարճ ժամանակով համընկնում են գերտերությունների շահերի հետ, այս համարձակ քայլը կարող է խթանի դեր կատարել ԱՄՆ-ի համար ուժեղացնելու ճնշումները Թուրքիայի վրա և ավելի վճռականորեն գնալու դեպի Ցեղասպանության ճանաչումը Օբամայի և Կոնգրեսի կողմից, ինչը կարելի է համարել այս փուլի գլխավոր նպատակը:
Իսկ սահմանված ժամկետը լրանալուց հետո Հայաստանը հանգիստ խղճով կարող է դուրս գալ բանակցություններից, օգտվելով միջազգային պայմանագրերը չեղյալ հայտարարելու նորաստեղծ օրենսդրական մեխանիզմներից: Եվ դուրս կգա էապես շահած այս ամբողջ աղմուկից:
Դե, ուրեմն` առա՛ջ, Հայաստան:
Վալերի ԳԵՎՈՐԳՅԱՆ
Ֆիզիկոս

Դիտվել է՝ 1408

Մեկնաբանություններ