ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հայը կարող է նույնիսկ իր ծնունդը չնշել, բայց որքան էլ աղքատ լինի, կնշի Նոր տարին

Հայը կարող է նույնիսկ իր ծնունդը չնշել, բայց որքան էլ աղքատ լինի, կնշի Նոր տարին
26.12.2008 | 00:00

ԱՄԱՆՈՐԸ ԲԱՆԱԿԱՆ ԼՈՒՅՍԻ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՏՈՆՆ Է
Աստված ասաց. «Թող լինի Լույսը: Եվ Լույսը եղավ։ Ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրա չեղավ ոչինչ, որ եղել է»: Քրիստոսի համար վկայում է Հովհաննես Ավետարանիչը:
Ըստ այդ բանալու էլ կարելի է մեծ երևույթները մեկնել, օրինակ, Ամանորի տոնի խորհուրդը: Որովհետև մինչ այժմ էլ անմիտ մարդիկ կան, ովքեր խոր տգիտությամբ ասում են, թե Քրիստոս միայն երկու հազար տարի է, որ կա, առաջ չկար: Սուրբ Գիրքը պատմում է, թե Քրիստոս Սկզբից էր և որպես մարդ ծնվեց, որպեսզի փրկության առաջնորդեր Աստծուն ճշմարիտ հավատացողներին` տկարներին և ուսման լույսից զրկվածներին, աղքատներին և մոլորվածներին, առավել մարդ դառնալու ծարավածներին: Հակառակ Քրիստոսի մշտնջենականության դեմ ապստամբողների, Նժդեհ իմաստասերը հայերիս համար հաստատում է Հովհաննես առաքյալի խոսքը, ասելով թե. «Սկզբից ի վեր հայությունն ու իր քրիստոնեությունը ձուլված են ի մի բնություն... Այս երկուսի ճակատագիրը նույնացած է»։ Այս ևս գալիս-բացում է պատմական ճշմարտությունը, որ Աստված Քրիստոսի միջոցով էր օգնում մարդուն` նախքան նրա աշխարհում որպես մարդ ծնվելն ու գործելը: Եվ որ Աստված Քրիստոսի միջոցով Նոյ Նահապետին սովորեցրեց տապան սարքելը, Քրիստոսի միջոցով տապանը բերեց Արարատ սարին հանգրվանելու և այդ հանգրվանն իր տարածքներով հային Քրիստոսի միջոցով տվեց որպես նախանշված նախախնամական Հայրենիք: Այս ճշմարտությունն իմանալով է Նժդեհն իր խոսքն ասում, բացելով մեր ոգու կերտվածքի զորության էջն ու Հենարանը` Լույսի և Խաղաղության ՈՒսուցչի հետ Սկզբից մեր լինելու ճշմարտության մասին:
Այսինքն, թե մարդու համար բարին այն է, երբ Հայր Աստծո և Սուրբ Հոգու հետ միասնաբար Հիսուս Քրիստոսին ընդունում է որպես Համատիեզերականի Ստեղծողի և մարդու Ստեղծողի, որ Փրկության Ավետարանը մարդուն տալու համար եկավ աշխարհ: ՈՒստիև մարդու համար Քրիստոսով են ստուգաբանվում ամենայն ճշմարտություն, բոլոր գիտությունները, նաև ժամերն ու ժամանակները: Սիրով նման մի ստուգաբանում անենք` կապված Ամանորի խորհրդի հետ: Մանավանդ այս տոնը հայի համար, կարծում ենք, առավել է նախախնամական, քան որևէ ազգության մեջ:
Հայը կարող է նույնիսկ իր ծնունդը չնշել, բայց որքան էլ աղքատ լինի, ներքին մի ներազդով ջանում է անպայման նշել Նոր տարին:
Բնականաբար և կարևոր է Նոր տարվա խորհուրդը, որ անպայման նախախնամական ներշնչմամբ ազդում է ամենքիս վրա էլ: Միայն Ամանորի ժամանակ է, որ միմյանցից երկար տարիներով խռոված բարեկամ ու հարևան ներքին մի ներազդով այցելում են միմյանց ու հաշտվում, որ աստվածային սիրո ու ներման ակնհայտ արտահայտություն է: Ամանորի ժամին է, որ տան բոլոր անդամները կամա-ակամա ձգտում են միասին լինել, անգամ հեռու երկրներից են այդ ժամի համար տուն դառնում, որ այդ ժամը միասին դիմավորեն: Այդ օրն առավել է զգացվում ընտանիքի, ի վերջո, ազգի միաբանության կարևորությունը, միաբանությամբ առավել արդար լինելու զորությունը, և միմյանց ներկայության զորավիգության թանկ հենարանը դառնում է անփոխարինելի: Եվ ամենուր այդ օրը սերն ու հյուրասիրությունն են իշխում: Այսինքն, այդ օրը Սիրո ու Լույսի տոն է` նախախնամական ու աստվածային:
Ներքին մի ուրախություն կա Ամանորի տոնակատարության մեջ: Անդենային ուրախություն ու, մանավանդ, երեխաների համար սուրբ մի ներշնչում, հրաշքների հավատ ու վերնային, անբացատրելի մի սպասում, հոգևոր ցնծության ակնկալիք: Ասես ամենքս էլ սպասում ենք, թե ահա-ահա հրաշք է տեղի ունենալու: Եվ կայանում էլ է, ամենակարևորը` միմյանց սիրելու, ներելու, միմյանց հյուրընկալելը պատիվ համարելու, միմյանց Աստծով ծառայելու, միմյանց հետ սուրբ բարեհաճությամբ հարաբերվելու և սիրո միաբանության հրաշքը: Սրանք, բնականաբար, նախախնամական ներազդի գործոններ են, որ իրենց ռեալ արտահայտությունն ունեն մեր կյանքում: Սրանք հոգևոր և երկնային-բանական ներազդի գործոններ են: Հաճախ պատահում են անգիտակցորեն Աստծո սերը որոշակի չափով ընդունելու, այդ սիրուն ընդառաջելու ակնհայտ, բայց դեռ լրիվ չհասունացած, բայց դեռ չամբողջացած, բայց խոստովանելու համար դեռ լրիվ չգիտակցված կենդանի գործոններ:
Ուստի, իր ներքին դրդմամբ նախախնամական լինելով, Ամանորը հայերիս համար մեկ քայլով առավել նշանակալից է, քան անգամ յուրաքանչյուրիս ծննդյան տոնը կամ մերձավորի թաղման հիշատակը: Ամանորի տոնը մեզանում հավիտենական սիրո կյանքը տոնելու, այդ կյանքին մի պահ միանալու, այդ կյանքով նորոգվելու խորհրդանիշ է:
Այդպես է, քանի որ Ամանորն արարչական Լույսի և Կյանքի երկրում հայտնվելու առաջին օրն է խորհրդանշում:
Այժմ միասին քննենք, տեսնենք, որ այդպես է:
Վեց օրում ստեղծելով երկինքը, երկիրն ու բնությունը և կենդանի արարածներին` Աստված հիմք դրեց ժամանակ հասկացությանը: Եվ վեց օրում ամեն բան ստեղծեց: Ամեն օրվա վերջում իր օրվա ստեղծածը ստուգեց, տեսավ, որ բարի է, և ապա օրհնեց, որ լիարժեք են իր գործերը, և յոթերորդ օրը հանգստացավ: Մի օգտակար ավանդ, որ մարդկանց թողեց ժառանգություն, որպեսզի մենք ևս յուրաքանչյուր օրվա վերջում մեր արած գործերը վերստուգենք, քննենք, տեսնենք` արդյոք բարի՞ էին, և որոնք բարի են` դրանք օրհնենք: Իսկ որոնք` ոչ, ապա հաջորդ օրը դրանք ուղղենք, բարի դարձնենք, մշակենք, կատարելացնենք, ապա հանգստանանք:
Յոթնօրյակը շաբաթվա ժամանակային փուլն է, որ նույնպես Աստված ժառանգություն թողեց մարդկանց: Թեպետ Աստծո և մարդկանց օրվա ժամանակային չափանիշը տարբեր է: Սուրբ Գիրքը բացատրել է մեզ, որ արարչագործության վեց օրերը վեց հազար տարիներ են եղել: Այսինքն, Աստծո յուրաքանչյուր օրը մարդկանց հազար տարիներին է համահավասար:
Եվ արարչագործության առաջին օրը, որպես երկրի վրա լույսի հայտնության, ժամանակի ու կենդանության սկիզբ, ամենևին էլ պատահականորեն չէ, որ հունվարի մեկով հիշատակվեց որպես Ամանորի տոնակատարություն:
Այս այն խորհրդանշական օրն է, երբ երկրում կենդանություն ստեղծելուց առաջ Աստված ասաց.
-Թող լինի լույսը: Եվ լույսը եղավ:
Իսկ թե ինչու է հենց հունվարի մեկը որպես արարչագործության առաջին օր հանդես գալիս, ելնում ենք Աստծո Որդի Քրիստոսի ծննդյան օրվա հենարանից հաշվելով:
Առաքյալները Ղուկաս Ավետարանիչի «Առաքելական կանոններում» ասում են, թե Քրիստոսի ծննդյան օրը հունվար ամսի վեցերորդ օրն է: Իսկ ինչպես Ծննդոց Գիրքն է ասում. Աստված առաջին մարդուն` Ադամին, ստեղծեց արարչագործության շաբաթի վեցերորդ օրը: Երկրորդ Ադամը` Հիսուս Քրիստոսը, որպես մարդ ծնվեց հունվար ամսի վեցին` այդպես իսկ հունվար ամսի մարդկային ժամանակի առաջին յոթնօրյակը խորհրդանշական դարձնելով արարչագործության շաբաթի յոթնօրյակին: Այդպես արդեն հունվարի մեկը դառնում է արարչագործության առաջին օրվա խորհուրդը, երբ Աստված ասաց.
-Թող լինի լույսը: Եվ լույսը եղավ:
Ուստիև հունվարի մեկն արարչագործության առաջին օրվա տոնն է, Բանական Լույսի տոնը: Նոր Կյանքի լույսով ստեղծման սկզբի տոնը:
Ասելս այն է, որ Ամանորն ու Սուրբ ծնունդը, երբ Քրիստոսը որպես մարդ աշխարհ եկավ, երկուսն էլ տոնն են Աստված Որդի Քրիստոսի:
Կրկին ընթերցենք Հովհաննեսի Ավետարանից, տեսնենք, որ այդպես է.
«Սկզբից էր Բանը (բանականություն- Մ.Ո.) և Բանը Աստծո մոտ էր: Եվ Բանը Աստված էր: Նա սկզբից Աստծո մոտ էր: Ամեն ինչ նրանով եղավ, և առանց Նրա չեղավ ոչինչ, որ եղել է: Կյանքը Նրանով էր և կյանքը մարդկանց ներսում լույս էր: Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է և խավարը Նրան չնվաճեց (չընկալեց- Մ.Ո.)» (Հովհ. 1, 1-5):
Այս այն նույն լույսն է, որ Աստված ասաց. «Թող լինի լույսը և եղավ լույսը»:
Կյանքը Նրանով էր։
Որ ողջ արարչագործությունը Քրիստոսի ձեռքով ստեղծեց Աստված, այդ մասին կարդում ենք մարգարեություններում Աստված Որդու խոսքը, որ ասում է. «Երբ ամենայն բան, որ ստեղծվում էր, ես Նրա (Հայր Աստծուն նկատի ունի- Մ.Ո.) մոտ ճարտարապետ էի»:
Այսինքն, լույսի և կյանքի սկզբնավորման տոնը` հունվարի մեկը ևս վերաբերում է Քրիստոսին, որպես արդեն միայն Աստվածության, երբ այդ բանական լույսի միջոցով էր երկրում արարչագործությունն իրականանում: Իսկ հունվարի վեցը Աստծո մարդացման, որպես մարդ Նրա ծննդյան օրն է: Աստված մարդու մարմնով ծնվեց, որպեսզի մոլորված մարդկությանը հովվեր: Եվ նրանց համար ծնվեց, ովքեր հավատան իրեն, և իր Խաչելությամբ ու Հարությամբ նրանց համար փրկության դուռ բացեր դեպի հավիտենական կյանք, դեպի Երկնքի արքայություն, դեպի դրախտ, որից մեղանչական մարդն ընկել էր կորստի մեջ: Այդ պատճառով քրիստոնյաներս Ամանորը ոչ թե չափազանցված կերուխումով ենք անցկացնում, այլ պահեցողությամբ ու աղոթքներով, որպեսզի առավել պատրաստված դիմավորենք մեր Փրկչի Ծնունդը, Աստծո մարդացման Ծնունդը, որով է՛լ ավելի լավ ենք ճանաչում Ամանորի տոնական խորհուրդը: Որովհետև ճշմարտության ճանաչումը մեզ համար սկսվում է Սուրբ ծննդից, երբ Քրիստոս Աստված որպես մարդ ծնվեց, որ մարդուն առաջնորդի աստվածացման: Եվ այդ ճանաչմամբ էլ սկսում ենք հասկանալ նաև ամենքի վրա իր զորությամբ ներազդող Ամանորի խորհուրդը, որպես տիեզերական նախախնամական հարաբերում մարդկանց կյանքում:
Հոգևոր գիտության մեջ Սուրբ ծննդյան հետ կապված այսպիսի մի խորհուրդ ևս կա: Նրանք, որ հոգով ուժեղ են և կամենում են առավել սրբությամբ ապրելով պայծառակերպվել, Սուրբ ծնունդը դիմավորում են հետևյալ կերպ: Դեկտեմբերի քսանհինգից սկսած մինչև հունվարի վեցը, որ Ծննդյան տոներ են անվանվում, ապրում են Ավետարանն ընթերցելով, պահեցողությամբ և աղոթքով: Այս տասներկու օրը դիտվում է եկող տարվա տասներկու ամիսը անձի համար առավել լիարժեք դարձնելու խորհուրդ: Եվ իրենց այդ պահեցողությամբ ճշմարիտ շատերը գտնում են և՛ պայծառակերպություն, և՛ հոգևոր աճ, սրտի խաղաղություն և հոգևոր այլևայլ բարիքներ: Նաև, ինչու չէ, մարմնավոր բժշկություններ էլ, քանի որ մեր հոգիների առողջացման հետ հաճախ հարկավորության չափ կարգավորվում, բարելավվում են մեր մարմնավոր խնդիրներն էլ: Որքան տեղյակ եմ, Սուրբ ծննդյանը նախապատրաստվելու այս օգտակար մեթոդին մեծ մասամբ դիմում են մշակույթի մարդիկ:
Սակայն Հայոց առաքելական եկեղեցին առավելն էլ ունի, որ կարելի է ասել, եղածներից մեզ համար ամենակատարյալն է և որ Հոգևոր օրացույցում հիշատակվում, սակայն չի պարտադրվում, քանի որ քրիստոնեությունն ինքնակամ ընթանալու ճանապարհ է: Ինքնակամ հոգևոր Խաչակրության ելածները Սուրբ ծննդից առաջ, Հայոց առաքելական սուրբ եկեղեցում ՀԻՍՈՒՆ օրեր ինքնակամ մտնում են պահեցողության մեջ: Եվ նաև Սուրբ ծննդից առաջ` մեկշաբաթյա պահեցողություն կամ ծոմապահություն ունի Հայոց եկեղեցին հավատացյալ ժողովրդի համար, որպեզսի առավելս մաքրվեն, կարգավորվեն ու արժանավորությամբ ճաշակեն Փրկչի մարմինն ու արյունը` օրհնված հացն ու օրհնված գինին, որ Տիրոջ խոստմամբ է կնքված. «Ով ուտում է իմ մարմինը և խմում իմ արյունը, հավիտենական կյանք ունի, և ես նրան վերջին օրը հարություն առնել պիտի տամ»:
Ոմանք ասում են` ըստ հեթանոսական ժամանակների այդպես չէր: Բայց մոռանում են, որ հեթանոսական ժամանակները, ինչպես առաքյալներն են հաստատում, մարդկության մոլորության ժամանակներն էին և ոչ թե ճշմարտության, և ոչ թե մեր Սկիզբը: Որովհետև ո՛չ Ադամը, որ տեսնում էր Աստծուն, և ո՛չ Աստծո սիրելի Նոյը հեթանոս լինել չէին կարող: Իսկ նրանց զարմից դուրս որևէ մարդ չկա: Նրանք թե՛ տեսնում և թե՛ լսում էին Աստծուն և նրա խորհուրդներով, խրատներով առաջնորդվում, ուստիև անկարելի էր, որ նրանք հեթանոս լինեին: Սակայն չշտապենք մոռանալ, այլ լավ վերհիշենք, որ այս ոչ հեթանոսներից ծագեց ողջ մարդկությունը: Իսկ թե արմատն ու բունը հեթանոս չեն, ապա ճյուղերի հեթանոս լինելն անբնական մոլորությամբ է միայն լինում կամ խաբեությամբ: Արհեստական կամ գայթակղությունների մոլորությամբ, որոնք ճշմարտությունից երբևէ լինել չեն կարող:
Ադամից սկսած տասը սերունդ մոլորվեց, հեռացավ Աստծուց, հեռանալու պատճառով փչացավ, և եղավ մեծ ջրհեղեղը: Միայն Աստծո ձայնը լսող Նոյը փրկվեց իր ընտանիքով: Եվ ամենքն էլ աստվածապաշտ Նոյի զարմերն են, ողջ մարդկությունը: Հեթանոսությունն, ուրեմն, Նոյի զարմերի Աստծուց հեռանալու, տգիտորեն կամ ստվերային կարգով երևույթները քննելու կամ մեծազոր մարդկանց կռապաշտելու հետևանքով եղավ: Այսինքն թե` Աստված հեթանոս մարդ երբևէ չի ստեղծել: Անկատարն է անկատար բաներ անում և ոչ թե կատարյալը: Այն էլ` Ամենակատարյալը, որ մեր Տեր Աստվածն է, ամենայնի Արարիչը:
Հեթանոսությունն այսպես է առաջացել. երբ մահկանացու զորավոր մարդկանց Արարչի փոխարեն սկսեցին որպես աստվածներ ընդունել ու նրանց պաշտել: Կամ արքան մահվան սպառնալիքով հրաման էր տալիս իր վաղամեռիկ որդու արձանը պաշտել, ու դրան զոհեր մատուցել: Կամ ավելի խայտառակն էլ. հոգով կուրացած մարդիկ աստվածներ էին համարում անբան կենդանիների արձանները և այլն: Դրանք ամենքն էլ Աստծո տված բանականությունից, ճշմարտությունից հեռանալու մեծ մոլորումներ, մեծ շեղումներ էին, մեծ ցայտնոտներ էին և խոր տգիտության դրսևորումներ:
Եվ հետո պիտի մարդու պատմության մեջ ամեն բան ճշգրտվեր Արարչի Որդի Քրիստոսի, Աստծո Բանի- Բանականության որպես մարդ ծնվելով, որ մեր մեջ նորոգեց նաև մեր ժառանգավորական հիշողությունը ճշմարտության մասին:
Եվ ճշմարտությունը կորցրածները պիտի Քրիստոսով վերագտնեին իրենց կորցրած ճշմարտությունը:
Ճշմարտությունը Նրանով եղավ, Քրիստոսի մասին վկայում է Հովհաննես Ավետարանիչը:
ՈՒստիև, այդ ճշմարտությանը կարող ենք մոտենալ և հաղորդ լինել հավատով, հաճախակի Սուրբ Ավետարանը հոգով ընթերցելով, ծոմ ու պահքով, աղոթքով և ապաշխարություններով, և՛ սուրբ հաց ու գինու ճաշակումով, մաքրասրտորեն հարաբերվելով մեր Արարչին: Մաղթենք համատիեզերական Լույսի այս տոնին Աստծո Լույսի և Բարության առատացում մեր աշխարհում: Ամե՜ն:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3664

Մեկնաբանություններ