ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Աշխարհի ժողովրդավարական բառամթերքն այսօր ամբողջովին աղտոտված է»

«Աշխարհի ժողովրդավարական բառամթերքն այսօր ամբողջովին աղտոտված է»
05.09.2008 | 00:00

«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
«Այսօրվա իրավիճակն ինձ հիշեցնում է 88-90-ական թվականները, երբ Հայաստանը բարձրաձայնում էր զոհի իր կարգավիճակի մասին, սակայն աշխարհը, այդ թվում` ԽՍՀՄ-ի անվան տակ հանդես եկող Ռուսաստանը, չէին տեսնում, ավելի ստույգ, չէին ցանկանում տեսնել այդ իրողությունը»,- երեկ «Իրավունք de facto» ակումբում «Տարածաշրջանը և մենք» թեմայի շուրջ այսպես սկսեց իր դիտարկումները ազգագրագետ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆԸ, հավելելով, թե այս պահին աշխատում է մի գրքի վրա, որում ընդգրկված են լինելու 1990-ին Բաքվում տեղի ունեցած հունվարյան արյունոտ իրադարձություններին, ինչպես նաև Ղարաբաղի մի շարք գյուղեր փաստացիորեն հայաթափ անելու «Կոլցո» օպերացիային առնչվող մանրամասներ՝ համարժեք գնահատականներով ու ընդհանրացումներով։
«Այն ժամանակ աշխարհի աչքում զոհը Հայաստանը կամ Ղարաբաղը չէին, ընդհանրապես, խոսք անգամ չկար զոհի կարգավիճակի մասին, իսկ այսօր, երբ Ռուսաստանը գործնականում բարձրաձայն մենախոսում է այն մասին, որ Հարավային Օսիայում ապրող ռուսներն ու օսերը զոհի կարգավիճակում են, դա, իհարկե, այդպես է, միայն թե 18 տարի առաջ մեր դեպքում դա չդարձավ փաստարկ՝ Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար, հիմա դարձավ փաստարկ։ Որերորդ անգամ սա գալիս է ապացուցելու, որ Հայաստանը նախ և առաջ պետք է ամենայն լրջությամբ մտածի իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու մասին և, հարևանների հետ բանակցելով, ջանա նույնը համոզել նաև վերջիններիս՝ տարածաշրջանում կայուն ու հանգիստ զարգացում ապահովելու հեռանկարով»,- ընդգծեց ազգագրագետը՝ համոզմունք հայտնելով, թե հերթական անգամ ականատես ենք լինում իրական բռնությունները կեղծ հայտարարություններով կոծկելու փաստին, և որ, ընդհանրապես, աշխարհի ժողովրդավարական բառամթերքն այսօր ամբողջովին աղտոտված է։
Փաստելով, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը միմյանց մեղադրում են ժողովրդավարության ու մարդասիրության քողի տակ այլ պետությունների ներքին գործերին միջամտելու համար (Իրաք, Չեչնիա, Վրաստան և այլն)՝ առանձին-առանձին աշխարհին ներկայանալով որպես ժողովրդավարական արժեքներին հետամուտ գերտերություններ, Հրանուշ Խառատյանը շեշտեց, թե իրականում երկուսն էլ ակնհայտորեն ռեսուրսային պատերազմ են մղում՝ հետապնդելով բացառապես սեփական պետությունների գլոբալ շահերից բխող աշխարհաքաղաքական նպատակներ։ «Մենք էլ՝ երկիր մոլորակի պարզ քաղաքացիներս, մի տեսակ անտարբեր հանդուրժողականությամբ սկսել ենք կուլ տալ այն, ինչը մեզ մատուցվում է, շատ լավ հասկանալով, որ ամեն օր մեզ բոլորիս պատերազմ է սպասում»,- ցավով ընդհանրացրեց «Իրավունք de facto» ակումբի հյուրը՝ հիշեցնելով անհերքելի ճշմարտությունը, թե «ամենավատ խաղաղությունն ամենալավ պատերազմից գերադասելի է»։
«Իմ կարծիքն այն է, որ մենք այս տարածաշրջանում դատավոր չենք։ Մենք պետք է փորձենք ընդամենն արդարամիտ լինել, թեև մեր հանդեպ շա՜տ անարդար են եղել։ Իսկ արդարամտության դրսևորումը մեր կողմից այն կլինի, որ, ինչպես երեկ երկրի նախագահն ասաց, ուղղակի ընտրենք բոլոր կնճռոտ հարցերը խաղաղ բանակցություններով հարթելու ճանապարհը։ Միաժամանակ չպետք է մոռանալ, որ ցանկացած բանակցություն անմիտ ու անպտուղ է, եթե տվյալ երկրներում չկան սեփական քաղաքացիների պաշտպանված իրավունքներ»,-
ասաց տիկին Խառատյանը։
Անդրադառնալով «Կենտրոն» հեռուստաընկերության թղթակցի հարցին՝ արդյոք Հայաստանը պե՞տք է հետևի Ռուսաստանի օրինակին և ճանաչի Օսիայի ու Աբխազիայի անկախությունը, բանախոսը հետևյալ դիտարկումն արեց. «Կարծում եմ՝ Հայաստանն այդ ուղղությամբ որևէ քաղաքական հայտարարություն, առավել ևս որևէ պաշտոնական քայլ չպետք է անի, և դա ոչ միայն այն հիմնավորմամբ, թե 18 տարուց ի վեր աշխարհի որևէ երկիր պաշտոնապես դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Վերջին հաշվով, Անկախ Պետությունների Համագործակցության և ոչ մի երկրի հետ Ռուսաստանը Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախության ճանաչման հարցը պաշտոնապես չի քննարկել, ճի՞շտ է։ Ինքը միանձնյա որոշում է կայացրել, ինքն էլ ճանաչել է, և ԱՊՀ երկրների ընդունած կոլեկտիվ պայմանագիրն էլ նման պարտադրանք չի ամրագրում, ըստ որի, եթե անդամ պետություններից մեկը սուվերեն որոշում է կայացնում, մյուսները հարկադրված են միանալու դրան։ Կարծում եմ՝ բոլորն էլ պարտավոր են հասկանալ Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումն այս կնճռոտ խնդրում, իսկ եթե չհասկանան կամ հարցը դիտարկեն իրենց շահերի տեսանկյունից, դրա նախադեպն էլ կա. շուրջ 20 տարի Ղարաբաղի անկախությունը ճանաչելու խնդրում ԱՊՀ պետություններից յուրաքանչյուրն առաջնորդվում է սեփական շահերով։ Այս պարագայում Հայաստանի պետական շահերը պահանջում են չմիանալ Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչելու ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր հայտարարություններին։ Վրաստանը մեր մերձավորագույն հարևանն է, ստրատեգիական դաշնակիցը, և մեզ համար շատ շահեկան է, որ մեր դաշնակից պետության ներսում և նրա շուրջը նորմալ իրավիճակ լինի։ Այն առումով նորմալ, որ իրականում պաշտպանված լինեն այդ երկրում ապրող ազգային բոլոր փոքրամասնությունների իրավունքները»։
Եթե չմոռանանք, որ Վրաստանում ազգային փոքրամասնության կարգավիճակ ունի նաև ջավախահայությունը, արդյոք ներկա ոչ կայուն իրավիճակում վիրահայերին չի՞ սպառնում նույն օսերի կամ աբխազների ճակատագիրը։
Լրագրողի այս հարցին Հրանուշ Խառատյանն այսպես արձագանքեց. «Եթե շատ անկեղծ լինենք՝ ստիպված ենք փաստել, որ բազմաթիվ փորձեր են եղել ջավախահայերին ուղղակիորեն տանելու բախումների և հակադրության։ Կարծում եմ՝ բարեբախտություն է, որ այդ հակադրությունը երբևէ չհասավ զինված կոնֆլիկտի, սակայն վաղուց ժամանակն է, որ Վրաստանի իշխանությունները թե՛ Ջավախքի հայությանը, թե՛ Մառնեուլի ադրբեջանցիներին վերաբերվեն ոչ միայն որպես էթնիկ փոքրամասնությունների՝ իրենց ազգային առանձնահատկություններով, այլև որպես իր պետության լիարժեք քաղաքացիների՝ սահմանադրությամբ ամրագրված հավասար իրավունքներով։ Եթե աբխազաօսական և ռուսական վերջին ռազմական բախումներից հետո Վրաստանը համապատասխան հետևություններ չանի, համարժեք բարդություններ միշտ կարող են լինել»։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 5430

Մեկնաբանություններ