ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Կարիք չկա վիրտուալ ամրոցներ կառուցել, իրականության հետ կապ չունեցող կանխատեսումներ անել իշխանափոխության վերաբերյալ»

«Կարիք չկա վիրտուալ ամրոցներ կառուցել, իրականության հետ կապ չունեցող կանխատեսումներ անել իշխանափոխության վերաբերյալ»
07.08.2009 | 00:00

«ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՎԱՐԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԼՂՀ-Ն ՉՈՒՆԵՆ»
Աշնանը սպասվող ներքաղաքական զարգացումները և դրանց զուգահեռ ընթացող արտաքին քաղաքական գործընթացները մեկնաբանում է Հայաստանի նախագահին առընթեր քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ, վերլուծաբան ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ։
-Պարոն Շաքարյանց, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը վերջին շրջանում դարձավ ընդդիմություն-իշխանություն հակադրության հիմնական առանցքը։ Ի՞նչ շանսեր ունի ընդդիմությունն այս առումով աշնանը որոշակի գործընթացներ հրահրելու ուղղությամբ։ Ընդ որում, խոսքը ոչ միայն Հայ ազգային կոնգրեսի մասին է, այլև ՀՅԴ-ի, նաև «Դաշինք» կուսակցության, քանի որ Սամվել Բաբայանը վերջին ասուլիսում հանդես եկավ կառուցողական-ընդդիմադիր դիրքերից։
-Այն, որ մեր արմատական ընդդիմությունը, այսինքն` ՀԱԿ-ը, մինչև աշուն փաստացի արձակուրդ վերցրեց, պատահական չէր։ Կարճ ժամանակ անց պարզվեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ երեք ամսով ընդմիջում են վերցրել` մադրիդյան սկզբունքները լրացնելու կամ կատարելագործելու պատճառաբանությամբ։ Այստեղ զուգահեռներն ակնհայտ են, և փաստ է, որ ընդդիմության գործողությունները, իսկապես, պայմանավորված են ղարաբաղյան բանակցային գործընթացով։ Բայց, միաժամանակ, ես չեմ տեսնում, որ, առհասարակ, լավ տեղեկացված է այդ գործընթացից, և հիմնավոր է իրենց համոզումը, թե այն զարգանում է ի վնաս Հայաստանի իշխանությունների և հօգուտ իրենց։
-Այսինքն` սեպտեմբերին ընդդիմության լուրջ ակտիվացում չե՞ք սպասում։
-Դժվար է պատկերացնել, որ սեպտեմբերին կամ, առհասարակ, մինչև տարեվերջ կլինի ինչ-որ բան` այն ստանդարտ սպեկուլյացիաներից դուրս, որոնք առկա են առնվազն 2001-ից։ Քաղաքականությունը վիրտուալ իրականության և լոկ ընդդիմության ցանկությունների վրա չի կառուցվում։ Այսպես ասած, կառուցողական ընդդիմության մասով էլ դժվար է պնդել, թե իրենց մտահոգությունները ղարաբաղյան գործընթացի մասով իսկապես հիմնավոր են։ Որովհետև Սամվել Բաբայանը հայտարարեց, թե ինքը պատերազմ է սպասում։ Ես, անշուշտ, չեմ բացառում, որ իբրև ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, պաշտպանության բանակի նախկին հրամանատար, նա տիրապետում է որոշակի տեղեկատվության, և իր եզրակացությունները կառուցված են հրադադարի գծում առկա իրավիճակից ելնելով։ Բայց, միաժամանակ, պետք չէ անտեսել այն հանգամանքը, որ Ադրբեջանը, ինչպես նաև երկու հայկական կողմերը, բավականին լուրջ կախվածություն ունեն արտաքին գործոններից, և այդ հանգամանքը որոշիչ նշանակություն ունի պատերազմը վերսկսելու առումով։
-Ի՞նչ նկատի ունեք արտաքին գործոնների ազդեցության առումով։
-Բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, որ արտաքին քաղաքական, հատկապես տարածաշրջանային զարգացումներն են լրջորեն ազդում Հայաստանում և Ադրբեջանում կայացվող որոշումների վրա։ Տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային ԶԼՄ-ների հրապարակումներն այսօր կենտրոնացած են ռուս-վրացական հարաբերությունների շուրջ` այդ համատեքստում նկատի ունենալով պատերազմի վերսկսման հավանականությունը։ Եթե ընդունենք, որ այդ առումով իսկապես որոշակի վտանգավոր զարգացումներ կան, ապա փաստ է, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներից ոչ մեկը, հատկապես Ռուսաստանը, չի կարող ցանկալի դիտարկել ղարաբաղյան պատերազմի վերսկսումը։
Միաժամանակ հրադադարի հիմնավոր խախտումը և լայնածավալ գործողությունների վերսկսումը ղարաբաղյան ճակատում լուրջ հարված է հասցնելու ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի` որպես միջազգային միջնորդների, հեղինակությանը։ Դա սկզբունքորեն կնշանակեր ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար առաքելության տապալում` երկար տարիներ տևած բանակցային գործընթացի անարդյունք ավարտով։ Իսկ միջնորդներից ոչ մեկը նման բան երբեք թույլ չի տա, եթե անգամ ոչ թե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները, այլ դրանք լինեն որոշակի ֆորսմաժորային իրավիճակի հետևանք։ Միջնորդները ռազմական գործողությունների վերսկսման ցանկացած փորձ կկանխեն ղարաբաղյան ճակատում, մանավանդ որ ռուս-վրացական նոր ռազմական բախման վտանգը պահպանվում է, Թբիլիսիի և Մոսկվայի հարաբերությունները սկզբունքորեն կարգավորված չեն։
-Ըստ Ձեզ, ստացվում է, որ Սամվել Բաբայանը չափազանցո՞ւմ է պատերազմի վտանգը։
-Իմ կարծիքով` այո։ Թեպետ դա, միգուցե, օգտակար է անձնական, կուսակցական կամ այլ նկատառումներից ելնելով։ Ասենք` պետական շահերից, որովհետև չի բացառվում, որ համապատասխան կառույցներից խնդրել են նման դիրքորոշմամբ հանդես գալ։ Նախկին զինվորականներ, առավել ևս գեներալներ չեն լինում, ես չէի զարմանա և միանգամայն բնական կհամարեի, եթե «Դաշինքի» ղեկավարն այսօր էլ պահպանած լիներ իր առնչություններն ուժային կառույցների հետ։ Սկզբունքորեն այսպիսի դիրքորոշումը նույնիսկ օգտակար է մեր հասարակությանը` վերակողմնորոշելու և ևս մեկ պաշտպանական պատերազմի նախապատրաստելու իմաստով։ Որովհետև հարձակողական պատերազմ վարելու խնդիր Հայաստանը և ԼՂՀ-ն չունեն, դա պարզ է բոլորին, այդ թվում` միջնորդներին։
-Սակայն, ըստ Ձեզ, Հայաստանը պատրա՞ստ է այդպիսի պատերազմին դիմակայելու։
-Ես գիտեմ, որ միգուցե նախկինում զինվորական, այսօր քաղաքական ընդդիմության մեջ գտնվող մեր առանձին գործիչների թվում կան մարդիկ, ովքեր հայկական բանակի մարտունակությունը նախկինի համեմատ անբարվոք են գնահատում։ Թեպետ ես ռազմական մասնագետ չեմ, սակայն համոզված եմ, որ մեր վիճակն այդ իմաստով ավելի վատ չէ, քան 1992-ի ձմռանն ու ամռանը, երբ կանոնավոր բանակ առհասարակ չկար։ Բայց այն ժամանակ կարողացանք աշխարհազորի, կամավորականների ուժերով ոչ միայն դիմանալ, այլև ազատագրել Շուշին, բացել Լաչինի միջանցքը։ Այսօր երկու կանոնավոր բանակ ունենք, որոնք, անկասկած, ավելի լավ են պատրաստված, քան 1990-ականների կամավորները, թեկուզ միայն զինվածության, երկարաժամկետ կտրվածքով զինամթերքով ապահովված լինելու իմաստով։ Այսինքն, եթե Ադրբեջանում «բլիցկրիգ» իրականացնելու հույսեր կան, դա ակնհայտորեն անհնարին է։ Վերցնենք թեկուզ անցած տարվա իրադարձությունները, երբ երեք անգամ դիվերսիոն ջոկատներով փորձեցին գործողություն իրականացնել ու ստացան արժանի պատասխան։ Այսինքն, մեր կողմում իրենց «սպասում» էին, ինչը նշանակում է, որ մեր ռազմաճակատային հետախուզությունը լավ է աշխատում։
-Այդքանով հանդերձ, ինչպես արմատական ընդդիմությունը, այնպես էլ , օրինակ, ՀՅԴ-ն, պնդում են, որ Հայաստանին պարտվողական պայմանագիր պարտադրելու վտանգ կա` համանախագահ պետությունների ճնշման միջոցով։
-Ես համոզված եմ, որ բանակցային գործընթացում Հայաստանի ղեկավարությունը կտրուկ ձևով երկու կոնկրետ հարց է դրել Ադրբեջանի և միջնորդների առջև, և մինչև այդ երկու կոնկրետ հարցին նույնքան պատասխաններ չլինեն, բանակցությունները շարունակելն անիմաստ է։ Առաջինը, անշուշտ, վերաբերում է ԼՂՀ անվտանգության գոտու տարածքների մի մասի վերադարձին: Հայաստանն առաջարկել է այդ հարցը լուծել Ղարաբաղի հետ բանակցելով։ Իսկ դա նշանակում է, որ ԼՂՀ-ն իբրև կարգավորման գործընթացի լիիրավ կողմ, վերադառնում է բանակցային գործընթացին։ Եվ, միաժամանակ, պարզ է դառնում, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել առանձին հարցերի շուրջ պայմանավորվածություններով։ Ամեն ինչ փոխկապակցված է, հետևապես պետք է լուծվի կոմպլեքս, փաթեթով։ Եվ, վերջապես, երկրորդը...
-Կարգավիճակի՞ հարցն է։
-Այո, և վստահ եմ, որ Հայաստանը մերժել է ԼՂՀ կարգավիճակի վերջնական հստակեցման հանրաքվեի հետաձգման հնարավորությունը, եթե անգամ պայմանագրով Ղարաբաղի համար մինչև հանրաքվեն նախատեսվի միջանկյալ կարգավիճակ։
-Իսկ ինչո՞ւ եք այդպես վստահ։
-Դրա համար հիմքեր կան։ Բոլորի համար էլ պարզ է, որ մադրիդյան սկզբունքները ենթադրում են ոչ միայն որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանին, այլև, որ, այսպես կոչված, «ժամանակավոր տեղափոխված անձինք», նախկին բնակչությունը, կվերադառնան այնտեղ։ Հասկանալի է նաև, որ համանախագահները, խոսելով Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի և հանրաքվեի հետաձգման մասին, նկատի ունեն, որ մինչև հանրաքվեն բուն Ղարաբաղ էլ որոշ քանակով ադրբեջանցիներ կվերադառնան։ Համենայն դեպս, համանախագահներից երկուսը դա նկատի ունեն։
-Եվ ո՞ր երկուսը։
-Կարծում եմ` ԱՄՆ-ը և Ֆրանսիան ներկայացնող, որոնք որոշ պարտավորություններ վերցրել են Բաքվի առջև, թե ադրբեջանցիները գոնե մասամբ կվերադառնան Շուշի։ Մի երեք տարի առաջ այդ մտադրությունը բացահայտեց Մեթյու Բրայզան, նշելով, թե Ղարաբաղում նոր հանրաքվեի իրականացման գաղափարն ընդունելի է, բայց դեռ հարց է, թե որ բնակչության շրջանում։ Նկատի ունենալով ամերիկյան շահերն Ադրբեջանում, չեմ բացառում, որ նման խոստում տրվել է Բաքվին, և դրա համար էլ փորձ է արվում վերակենդանացնելու այնպիսի մոռացված հասկացություն, ինչպիսին է «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը», որին իբրև հակամարտության կողմ ճանաչելու և բանակցությունների գոնե վերջին փուլում սեղանի շուրջ նստեցնելու փորձեր են արվում։
Ըստ այդմ, հայկական կողմը չի կարող հարց չբարձրացնել, թե հանրաքվե, ի վերջո, ո՞ւմ համար է իրականացվելու։ Պարզ է, որ հայերի, քանի որ ադրբեջանցիների համար դա անելն իմաստ չունի։ Ադրբեջանական բնակչությունը բոյկոտեց 1991-ի դեկտեմբերի 10-ին անցկացված ԼՂՀ անկախության հանրաքվեն, քանի որ ինքնորոշվելու անհրաժեշտություն չունի։ Նրանց առանց այդ էլ բավարար է օկուպացված Նախիջևանի և, այսպես կոչված, մայրցամաքային Ադրբեջանի տարածքում ինքնորոշված լինելը։ Համանախագահները, իհարկե, հասկանում են, որ հանրաքվեի և կարգավիճակի հարցը սկզբունքորեն նույն հարցն է, և որ հանրաքվեն պետք է հայերին, բայց բնավ ոչ ադրբեջանցիներին։
-Միջնորդներն ինչո՞ւ եռամսյա ընդմիջում վերցրին։
-Որովհետև հուլիսի 27-28-ին Մոսկվայում տեղի ունեցած բանակցություններից հետո, ռուսական աղբյուրների վկայությամբ, Ալիևը հեռացել է շատ մտահոգ, առանց մամուլի համար որևէ հայտարարություն անելու։ Համանախագահների դեմքերն էլ բավական ձգված էին, որովհետև կոնկրետ հարցեր էին քննարկվել, և առաջընթաց չի արձանագրվել տարածքների ու հանրաքվեի հարցի շուրջ։ Տարիներ շարունակ համանախագահները խոսում էին, որ որոշակի փուլում բանակցային գործընթացին կմիանա նաև Լեռնային Ղարաբաղը։ Հիմա խոսակցությունների փուլն անցավ, եկել է այդ կապակցությամբ որոշում կայացնելու ժամանակը, որովհետև նշված հարցերը չեն կարող լուծում ստանալ առանց Ստեփանակերտի համաձայնության։ Ի՞նչն են պատրաստ վերադարձնել, ի՞նչը` ոչ, համաձա՞յն են, արդյոք, հանրաքվեի հետաձգմանը. այս հարցերի պատասխանները պետք է տան ԼՂՀ ներկայացուցիչները։ Չէ՞ որ չի բացառվում, որ Ստեփանակերտը կպահանջի պարզապես ճանաչել 1991-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները։ Որովհետև այդ միջոցառումը միջազգային դիտորդների մասնակցությամբ իրականացվեց անթերի, և Ղարաբաղի ադրբեջանական փոքրամասնությունն այն ժամանակ լիարժեք հնարավորություն ուներ իր տեսակետն արտահայտելու, բայց նախընտրեց բոյկոտել։ Թեպետ հանրաքվեն, միևնույն է, արտահայտեց բացարձակ մեծամասնություն կազմող Ղարաբաղի հայության դիրքորոշումը, և այստեղ քննարկելու հարց չկա։
-Հիմա շարունակ խոսվում է ԼՂՀ-ի մասնակցությունը բանակցային գործընթացում վերականգնելու մասին։ Եվ արմատական ընդդիմությունը քննադատում է իշխանությանը, որ անցած տարիներին Հայաստանն իրենով փոխարինեց Ղարաբաղին, և հիմա հայտնվեցին կոտրած տաշտակի առջև։
-ՈՒրեմն, Հայաստանը սկսեց Ղարաբաղին փոխարինել բանակցային գործընթացում 1996-ի դեկտեմբերին, Լիսաբոնում տեղի ունեցած հայտնի գագաթաժողովից հետո։ Դա հետևանք է Արևմուտքի ճնշման, և այն ժամանակվա ՀՀՇ-ական իշխանությունը տեղի տվեց, որովհետև 1996-ի նախագահական ընտրությունները կեղծվել էին, և իշխանությունը լեգիտիմության պրոբլեմ ուներ։ 1997-ից ձևավորվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը։ Այսօրվա ընդդիմությունն այն ժամանակ իշխանություն էր, Հայաստանում կան հիշողության կորուստ ունեցողներ, բայց նրանք մեծամասնություն չեն։ Եվ կարիք չկա վիրտուալ ամրոցներ կառուցել, իրականության հետ կապ չունեցող կանխատեսումներ անել իշխանափոխության վերաբերյալ։
-Ձեր մեկնաբանությամբ ստացվում է, որ աշնանային զարգացումներում ընդդիմությունը նոր, ակտիվ գործողություններ հրահրելու, իշխանությանը պատին սեղմելու որևէ հեռանկար չունի։
-Ոչ թե ես եմ այդպես մեկնաբանում, այլ օբյեկտիվ իրավիճակն է այդպիսին։ Կարծում եմ` ընդդիմադիր ուժերը պետք է աշխատեն առաջին հերթին իրենց տեղեկացվածության աստիճանը մեծացնելու ուղղությամբ, ոչ թե հանիրավի պնդեն, թե Մոսկվայում ինչ-որ բան է ստորագրվել։ Այդ ինչ-որ բանն այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչ է, բայց անպայման գաղտնի է պահվում։ Մինչդեռ ուշադրության է արժանի նաև այն, որ Ռուսաստանի նախագահն էլ եռակողմ հանդիպումից, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ ճաշից հետո ոչ մի հայտարարություն չարեց։ Մինչդեռ Դմիտրի Մեդվեդևն այն մարդը չէ, որ բաց թողնի այսպիսի կարևոր հարցում նաև իր անձնական ձեռքբերումն ընդգծելու առիթը, եթե այդպիսի առիթ իսկապես կա։
Տարածաշրջանում նոր և լուրջ փոփոխություններ են սպասվում։ Պետք է ուշադրություն դարձնել, որ Թուրքիայի կովկասյան անվտանգության պլատֆորմի նախաձեռնությունը չունեցավ Անկարայի ակնկալած ընթացքը։ Ռուսաստանը, փաստորեն, առաջարկեց Թուրքիային այդ կապակցությամբ Իրանի վերապահությունները փարատելու համար բանակցությունների մեջ մտնել Թեհրանի հետ։ Ռուս-ամերիկյան հարաբերություններում «վերաբեռնաթափում» տեղի չի ունեցել առնվազն երկու ուղղությամբ` Իրանի և Կովկասի։ Այս ամենն իր անմիջական ազդեցությունն է ունենալու Հայաստանի վրա։
-Ի դեպ, ըստ Ձեզ, ի՞նչ կարելի է սպասել Իրանում նախագահի երդման արարողությունից հետո։
-Ամենաբնութագրականն այն է, որ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարեց, որ Իրանը պատրաստվում է ուժեղացնել պայքարն իր ներքին կայունությանը սպառնացող կամ այդպիսի սպառնալիքներ ստեղծող երկրների դեմ։ Եվ նախագահի երդման արարողությանը պարտադիր կարգով ներկայացել էին նրա բոլոր մրցակիցները, այդ թվում` Մուսավին։ Սա շատ բանի մասին է խոսում։ ՈՒշադրություն դարձրեք, թե որքան հանգիստ վերաբերվեցին Մոսկվան և Թեհրանը «Նաբուկո» գազամուղի նախագծի կառուցման պայմանագրի ստորագրմանը։ Որովհետև բոլորի համար էլ պարզ է, որ խողովակաշարն այդ ծավալի գազով լցնելու համար անհրաժեշտ է կամ Ռուսաստանի, կամ Իրանի միացումն այդ ծրագրին, այդպիսի ծավալի ռեսուրսներ ունեցող այլ երկրներ չկան։ Այնպես որ, Արևմուտքը հարկադրված է լինելու խոսել Թեհրանի հետ։ Այստեղ միայն հարց է, թե ԱՄՆ-ում ո՞ր թևի ներկայացուցիչներն առավել մեծ ազդեցություն ձեռք կբերեն վարչակազմում, և ո՞ւմ կողմը կհակվի նախագահ Օբաման։ Այսպես կոչված, «բազեների՞», որ համախմբված են պետքարտուղար Քլինթոնի շուրջը, թե՞ այն անձանց ու խմբավորումների, ովքեր անհրաժեշտ են համարում Իրանի հետ բնականոն հարաբերությունների հաստատումը։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1868

Մեկնաբանություններ