ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«ՈՒԶՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ «ՀԱՆՑԱԳՈՐԾ ԱՇԽԱՐՀՈՎ, ԶԻՆՎԱԾ ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐՈՎ ՈՒ ԹՄՐԱՄՈԼՆԵՐՈՎ»

«ՈՒԶՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ «ՀԱՆՑԱԳՈՐԾ ԱՇԽԱՐՀՈՎ, ԶԻՆՎԱԾ ՍԱՓՐԱԳԼՈՒԽՆԵՐՈՎ ՈՒ ԹՄՐԱՄՈԼՆԵՐՈՎ»
26.03.2010 | 00:00

«Ես մի բան չեմ կարող հասկանալ. առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանի օրոք Երևանում արյուն թափվեց, առաջին անգամ զինված հայը կրակեց անզեն հայի վրա։ Մեզ կալանավորեցին, բռնեցին, փակեցին... Կա մարտի մեկ, որը լրջագույն խոչընդոտ է Ռոբերտ Քոչարյանի վերադարձի համար։ Բոլորին ծանոթ է չորս միլիարդի պատմությունը, չորս միլիարդի թալանը։ Հիմա, եթե մի մարդ էս ամենից հետո որոշել է, որ պիտի գա իշխանության, չարաչար սխալվում է։ Թող հերքեր, ասեր` հարգելի ընկերներ, ես էս խեղճուկրակ երկիրը չէի կարող թալանել։ Չորս միլիարդը նույնիսկ Ռուսաստանի պես երկրի համար է մեծ թիվ, ուր մնաց` խեղճուկրակ Հայաստանի։ Բա սրա հույսը ո՞րն է, որ նորից ուզում է իշխանության գալ»,- երեկ «Իրավունք de facto» ակումբում նախկին իշխանությունների, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի` ակտիվ քաղաքականություն վերադարձի հավանականությանն այսպես արձագանքեց ՀՀ Ազգային անվտանգության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ անդամ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ` հավելելով, թե Քոչարյանը նույն կերպ, նույն ընտրություններով է ուզում վերադառնալ` «հանցագործ աշխարհով, զինված սափրագլուխներով ու թմրամոլներով»։
Ներքաղաքական խնդիրներից զատ, ակումբի հյուրն իր դիտարկումները ներկայացրեց նաև հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ։ «Դարեր շարունակ թուրքերից գլուխ չենք հանել, այսօր էլ չենք հանում։ Թուրքը պրիմիտիվ, տրեխներով ազգը չէ, ինչպես մենք պատկերացրել ենք։ Թուրքիան ժամանակակից, ուժեղ երկիր է, մեզանից շատ առաջ անցած, ու ոչ մի բան հենց այնպես չի անում»։ Նա հավաստիացրեց, թե «արձանագրություններ» կոչվող փաստաթուղթը Թուրքիայի համար «բացարձակ հաջողված» փաստաթուղթ է, որից թուրքերը փորձում են առավելագույնը «պոկել»։ «ՈՒզում եմ մի օրինակ բերել, որը մեր «ինտելեկտուալ» խորհրդարանն ուղղակի լռության մատնեց, քանի որ այդ պահին զբաղված էին խաշ-խորովածով։ Երբ խոսում էին Կարսի պայմանագրի մասին, հաջորդ օրն իսկ վրացիներն իրենց խորհրդարանում հայտարարեցին, թե ոչ մեկը չհամարձակվի խոսել այդ համաձայնագրի մասին։ Իսկ մենք ի՞նչ արեցինք։ Լռում ենք կամ կցկտուր ինչ-որ բաներ ասում»,- ընդգծեց բանախոսը` շեշտելով, որ արձանագրությունները սկզբից մինչև վերջ մեր դեմ են։
Ստեղծված իրավիճակից և հատկապես հայ-թուրքական հարաբերությունները փակուղուց դուրս հանելու միակ ելքն ընդդիմադիր գործիչն արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններն է համարում։
Ներկուսակցական հարցերը ևս չշրջանցվեցին։ ՍԴՀԿ անդամն իր դիտարկումները ներկայացրեց կուսակցության շուրջ ստեղծված թնջուկի առնչությամբ։ Ի դեպ, ապրիլի 1-ին նախատեսված է ՍԴՀԿ-ի դատը, որով պետք է որոշվի, թե ով է իրական ՍԴՀԿ-ի ատենապետը, ում ձեռքում պետք է լինի կուսակցության կնիքը։ «Ի՞նչն են դատի տվել` կուսակցության համագումարները, այսինքն` այսօր անարգանքի սյունին են գամում կուսակցության բարձրագույն մարմինը... Այս կառույցը երբեք իշխանության խամաճիկը չի դառնա»,- հավելեց ընդդիմադիր գործիչը` ՍԴՀԿ գործընթացներում նախկին «ժառանգական» Վարդան Խաչատրյանի ներգրավվածության առնչությամբ որոշակի գնահատականներ տալով։ «Ի՞նչ թև, կոոպերատիվ շարժում էր, երեք հոգով հավաքվեցին, էդ Վարդանին գցեցին մեջտեղը։ Վարդանին պիտի ասել` ինչի՞ ջուրը չտեսած բոբիկացար։ Ինքն աշխատում է Սերժ Սարգսյանի եղբոր ամբիոնում, բայց, տղա ջան, դու եղել ես փառապանծ սոցիալիստ, աթեիստ, հասկանում եմ, որ քո պես մարդը հիմա պետք է աստվածաբանության ֆակուլտետում դաս տար։ Բայց քաղաքականությունն աստվածաբանություն չէ, ճիշտ հակառակը, ավելի շատ սատանային է մոտ։ Ի՞նչ ես ուզում, վեր կաց գնա քո «Ժառանգությունը», տեսնենք, ի՞նչ է լինում։ Հիմա էլ ասում են, թե Լյուդմիլա Սարգսյանը լեգիտիմ չի։ Ի՞նչ է, դու խլո՞ւրդ էիր, որ չէիր տեսնում` ինչպես է ոչ լեգիտիմն այդ համագումարներում ելույթ ունենում»,- նկատեց Գուրգեն Եղիազարյանը` առաջիկա դատավարությունից որևէ լավ բան չակնկալելով։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1508

Մեկնաբանություններ