ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Գաղափարախոսություններ և գաղափարախոսությունների արքան

Գաղափարախոսություններ և գաղափարախոսությունների արքան
24.04.2009 | 00:00

ԱՆԴՐԱԴԱՐՁ
ՀԱՅՆ ԻՆՉՊԵ՞Ս ՊԻՏԻ ԾՆՎԱԾ ԼԻՆԵՐ, ԵՐԲ ԱՍՏԾՈՒՑ ՍՏԵՂԾՎԱԾ ԱԴԱՄԸ ՀԵԹԱՆՈՍ ՉԷՐ
Ինչո՞ւ, հարգելի Ներսես, ինչո՞ւ եք խեղաթյուրում ամեն բան, մանավանդ մարդկության պատմությունը: Հայը ինչպե՞ս պիտի հեթանոս ծնված լիներ, երբ Աստծուց ստեղծված Ադամը հեթանոս չէր, ապա տասը սերունդ մինչև ջրհեղեղ ու Նոյ, և Նոյը խոսում էր Աստծո հետ ու հեթանոս չէր, քանի որ Արարչի Խոսքով (Քրիստոսով էր առաջնորդվում: Քրիստոսով, որովհետև Աստծո Բանն է Քրիստոս, որ Հովհաննեսի Ավետարանում է պատմվում, Քրիստոս, որից մարդուն ընձեռված բանականությունն է, քանի որ Խոսքն է Արարչի, ուստի և Քրիստոս սկզբից կար, երբ մարդ արարածը դեռ չկար, և ապա մարմին առնելով եկավ աշխարհ` մարդու կերպարանքով` ճանապարհ և ճշմարտություն լինելով մեր փրկագործության նպատակի համար): Եվ, բնականաբար, Նոյը Աստծո Խոսքից` Քրիստոսից էր առաջնորդվում և հեթանոս չէր, բնականաբար հեթանոս չէին ո՛չ Նոյի որդի Հաբեթը, ում ժառանգներն ենք, և ո՛չ Հայկ Նահապետը, որ 150-200 տարի Նոյի կողքին ապրեց, Աստծո հետ խոսող Նոյից միաստվածության դաստիարակություն ստացավ, ուստի ճանաչեց ու պաշտեց մեկ Արարչի, որ արտահայտվում է երրորդությամբ: Ըստ այդմ էլ թե՛ Հայկի պատերազմում հարձակման եղանակն էր, ըստ Սուրբ Երրորդության ըմբռնման, թե՛ նրա եռաթևյան նետն էր, ըստ Երրորդության, որով սատակեցրեց բռնակալ Բելին և պատերազմից առաջ իր յոթ եղբայրներին մեկ Աստծո, այն է` Արարչին քարոզեց, ասելով. «Բարձրյալն Աստված շնորհել է մեզ զորություն և բազմություն մեր տոհմին, արդ, օգնությամբ Արարչի, չլինենք (այլևս) ոչ ոքի ծառա և ոչ ոքի չծառայենք, բացի Արարիչ Աստծուց»: Վրացական Մայր Մատյան. «Քարթլիս Ցխովրեբա»:
Հեթանոսությունը հայի համար ծագումնաբանական հարց երբևէ չի եղել: Հային իր ծագումով հեթանոս անվանելը հային հայհոյելու պես մի բան է: Այս ամենը քաջ գիտեր Հոգևոր Նժդեհը, որ ասաց. «Սկզբից ի վեր հայությունն ու իր քրիստոնեությունը ձուլված են ի մի բնություն.... Այս երկուսի ճակատագիրը նույնացած է»։ Որովհետև հեթանոսությունը միջանկյալ մի երևույթ է, երբ Աստծուց հեռացածները տգիտության մթի մեջ ընկան և մեղքի ու մահվան, բնական երևույթները չճանաչելու վախից կոչեցին աստվածներ իրենցից մի փոքր ավելի զորավորներին, որ գոնե այդ հետընկած վիճակով պաշտամունք ունենան: Այդ պաշտամունքները թեպետև ամենքն էլ մոլորություններ էին, քանի որ բանականությունից և վերին, հոգեշնորհ տրամաբանությունից ընկածների աստիճանակարգի էին:
Այսօր հեթանոսությունը ոգեկոչողներիդ մեջ ինքնահակառակություն կա, որովհետև առանց Քրիստոսի ճշմարտություն չկա, իսկ դուք միայն ինքներդ ձեզ եք խաբում, թե կա: Իսկ այն, որ Քրիստոսին (անունը չտալով) որպես բուն էություն եք ընդունում, քրիստոնեական էլ գործեր եք անում, այդպես չհամարելով: Օրինակ` սոցքարտերի դեմ պայքարելու ժամանակ. հայ արիներից ոմանք ավելի պայքարեցին, քան որոշ քարոզիչներ, որ հակառակ Ավետարանի և Հայտնության Գրքի քարոզում էին սոցքարտն ընդունել: Արվամոլության պիղծ օրենքի դեմ ևս հայ արիներն իրենց քրիստոնեական խոսքն ասացին և էլի բազմաթիվ բաներ, որոնք հայրենյաց դեմ եկած սև ախտ կոչեցին: Սակայն Աստվածճանաչությունը կարևոր բան է, որից, չգիտես ինչու, սարսափում եք ու փախչում: Չհասկանալով, որ Քրիստոս Տիեզերական երևույթ է, քանի որ «Ամենայն բան նրանով եղավ», և նրա դեմ ընդդիմամարտողն ինքն իր կյանքի դեմ է ընդդիմամարտում` կամա թե ակամա: Մարդուն ճանաչելու համար, ասում էր Նժդեհը, նրա հետ Աստծո մասին խոսիր, և նա պիտի «մատնե իր հոգևոր հասակը։ Անաստվա՞ծ ես, ասել է՝ զուրկ ես սրբության նվիրումից, պարտականության զգացումից, ասել է՝ վաղ թե ուշ դու պիտի դավաճանես նմաններիդ»:
Այժմ այն մասին, հարգելի Ներսես, որ քրիստոնեությունը գաղափարախոսություն դիտելուց առաջ նախ` պարտավոր ենք հաշվի առնել Աստծո մարգարեների հայտնածները, թե՛ մարդկության այս կամ այն կերպ ընթանալու և թե Քրիստոսի, որպես Աստծո Որդին և հավատացողի Փրկիչը լինելու մասին: Բաներ, որոնք կատարվել ու Աստվածաշնչյան գրվածքները կատարվելու են մինչև այս աշխարհի վախճանը: Այս բաները չընդունողը, մեր կարծիքով չի կամենում Աստվածճանաչության մեջ խորանալ, նույնն է, թե չի կամենում աշխարհում տեղի ունեցող երևույթները ճշմարիտ հասկանալ կամ ճշմարտության հետ հաշվի նստել, երբ դրանք ամենայն հստակությամբ բացահայտվում են Աստծո մարգարեների, սուրբ Ավետարանի, առաքելական թղթերի և Հովհաննեսի Հայտնության գրքի միջոցով: Իսկ երբ մեկը դեռ այս հավատը չունի, ըստ մեր դավանանքի` մենք նմանին նեռ ենք ասում, քանի դեռ ճշմարտությանը կամա թե ակամա ընդիմամարտելով, կամա թե ակամա էլ Նեռին է կողմնակցում: Հիսուս Հովհաննեսի Ավետարանում ասում է. «Որովհետև չեն ճանաչում նրան, ով ինձ ուղարկել է: Եթէ ես եկած և նրանց հետ խօսած չլինէի, նրանք որևէ մեղք ունեցած չէին լինի. բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չկայ: Ով ինձ է ատում, ատում է և իմ Հօրը. եթէ ես նրանց մէջ արած չլինէի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չարեց, նրանք որևէ մեղք չէին ունենայ. բայց այժմ տեսան գործերը և ատեցին թէ՛ ինձ, թէ՛ իմ Հօրը: Եւ այդ նրա համար, որ կատարուի նրանց օրէնքում գրուած այն խօսքը, թէ՝ առանց պատճառի ինձ ատեցին»:
Իսկ իր առաջին թղթում Հովհաննես առաքյալը գրում է. «Եւ մենք սրանո՛վ ենք ճանաչում Աստծու Հոգին. ամէն մի հոգի, որ դաւանում է Յիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա Աստծուց է:
Եւ ամէն մի հոգի, որ չի դաւանում Յիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա Աստծուց չէ: Եւ այդ հոգին Նեռինն է, որի մասին լսել էք, թէ գալու է, և արդէն իսկ աշխարհում է»:
Չէ՞ որ հսկայական քանակությամբ վկայություններ չեք ընդունել, բայց քանի որ Ձեր բանականությանն ընդդեմ հոդվածը մամուլում եք հրապարակել, պարտավոր ենք պատասխանել:
Այնուամենայնիվ, քրիստոնեությունը ճշմարտություն է և ոչ թե գաղափարախոսություն և նման Մովսեսի այն հրաշքին, երբ վայր գցած նրա գավազանը օձ դարձավ: Այդժամ մոգերն ու կախարդները նույնպես վայր գցեցին իրենց գավազանները և դրանք ևս օձեր դարձան: Սակայն որպեսզի բուն Աստվածային էությունը մարդկային սահմանափակ ու ճարպիկ հրաշքներից, կախարդության հրաշքներից տարբերվեր, Մովսեսի օձը շուռ եկավ, հարձակվեց բոլոր մյուս օձերի վրա և ամենքին էլ կուլ տվեց ու միայն ինքը մնաց: Այդպես տարբերակում դնելով գաղափարախոսությունների և ճշմարտության միջև: ՈՒստի քրիստոնեությունը այլ գաղափարախոսությունների նման գաղափարախոսություն անվանելով կամ ակնարկելով և անվանարկել փորձելով, չավելացնելով թե` գաղափարախոսությունների Արքան է` երկնքից, Բանն Աստծո, ճշմարտությունն Ինքը, ապա հակասելը, համոզված եմ, խիստ ու մեծ մոլորվածություն է ու վնաս է նախ` Ձեզ, ապա և` Աստծուց էլ առանց հանդիմանանքի չի մնա: Քանի որ մարդն ո՞վ է, որ կամենա իր Արարչի հետ մրցել, ասել ուզելով, թե ես ավելին եմ, քան դու, որ ինձ արարեցիր: Այնուամենայնիվ, բոլոր գաղափարախոսությունների համար էլ բժշկարար կլիներ ընդունել քրիստոնեությունը և նրա ապրող, կենդանի Վարդապետ Քրիստոսին, որպես գաղափարախոսություններ բժշկող կենդանի, բոլոր արքաների Արքայի, քանի որ մյուս գաղափարախոսությունների տերերը մեռելներ են, որ հարություն չեն առել: Իսկ Քրիստոսի Հարությունը, եթե ոչ ողջ աշխարհին, ապա քրիստոնյաներին հայտնի է, թե Պատմական Փաստ է և գործուն զորություն: ՈՒստի, եթե գաղափարախոսությունների մրցույթ անենք, պիտի մեռելները կամ պատրանքները մրցեն հավիտյան կենդանի եղող Աստծո հետ` ամոթալի մի բան կստացվի մեռած և հարություն չառած սուտ աստվածների համար, որոնք նախկինում այլ բան չեն եղել, քան մեղքով տկարացած մեռնող արարածներ, վերածված անշունչ արձանների որպես հուշ, թե` նման արարածներ են եղել։
Իմաստուններից մեկն ասել է. եթե մարդկության բոլոր հանճարեղ գրքերը, որ ճշմարտության մասին են, հավաքեին, և կատարյալ մեկը կարդալով դրանք կարճ շարադրեր, արդյունքում կստացվեր Քրիստոսի Լեռան Քարոզի ստվերային տարբերակը: Մարդ արարածներիս համար լավ է խոնարհ լինել ընդունելու, որ ինչ Արարիչ Աստծուց է ծագում, համեմատելի չէ մարդկային ցած ու սահմանափակ գիտակցությանն ու մտորումներին կամ համեմատականներին: Որովհետև նման համեմատողները միշտ վնասն են ավելացրել` անհեթեթ բաները որպես կեղծ իմաստություն ներկայացնելով:
Ամոթալի չե՞ն լինի նման համեմատությունները համեմատողների համար, երբ Արարչի Որդու Հարության օրը դարձավ ողջ աշխարհի քրիստոնյաներիս համար հանգստյան օր: Նման կատարյալ հաղթանակ հին աստվածները չունեն ողջ աշխարհում: Աստծուց եղավ այդ և ոչ թե մարդկանցից: Որպեսզի հին «աստվածներից» մեկը նման պատիվ ունենար, նախ` պիտի մեռելներից հարություն առներ, բայց նրանցից ոչ մեկը նման շնորհք չունեցավ, և այդ դեռ ամենը չէ, հարկ է որ լիներ հենց Աստծո Որդին, որ արդեն եղել է ու կա իր կենդանի հրաշափառ հարությամբ, լույսով և իմաստությամբ` իրեն ընդունողներին: Ասելիքս այն է, որ հին «աստվածներից», որ կուռքեր էին` անիմացությամբ խորթ, մեծ մասամբ անմտության պաշտամունք, որ բնության երևույթները չճանաչելու վախից էր առաջանում, վերածվելով սնոտի, հաճախ անմարդկային, անխելամիտ, կռապաշտ արարքների: Դրա՞նք պիտի համեմատես լույսի և ճշմարտության Արքայի հետ, որ կյանք է ամեն մեկի համար, ով այդ կյանքը չի մերժում և ում Հարության օրը ոչ միայն հանգստյան օր է քրիստոնյաներիս համար, այլ նաև նրա ծննդյան թվականով է մարդկության մեծ մասի ժամանակաչափը:
Նա է ճշմարիտ իմաստուն, ով ամենքի Արքային արքայական պատիվ է տալիս, ինչպես արեցին երեք մոգերը և ոչ թե նրա դեմ ապստամբում, երբ Նրա դեմ ապստամբողներից մինչև այսօր ոչ մեկը չի շահել, այլ ընդհակառակը` ամենքն էլ քանդվել, խայտառակվել են, որովհետև Քրիստոսի` Աստծո Միածին Որդու մասին մարգարեները վկայել են, որ «Բոլոր պատերազմներում Հաղթողն է»:
Իսկ արձանացած կուռքերին պաշտողների մասին Հովհաննեսն իր Հայտնության մեջ ասում է. «Եւ մարդկութեան մնացած մասը, որ չմեռաւ այս հարուածներից, չապաշխարեց, ոչ էլ յետ կանգնեց իր ձեռքի գործերից՝ դևերին և ոսկէ, արծաթէ, պղնձէ, քարէ և փայտէ կուռքերին երկրպագելուց, կուռքեր, որոնք ոչ տեսնել կարող են, ո՛չ լսել և ո՛չ էլ քայլել: Եւ նրանք չապաշխարեցին իրենց մարդասպանութիւնից, կախարդութիւնից, պոռնկութիւնից և գողութիւնից»:
Շարունակեմ վկայել` ձեր խմբակիցներից լսողների համար. Աստված Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով մարդ դարձավ, որ մարդուն աստված դարձնի: Այդ մարդու ցած ընկած, սնոտի ընթացող աստիճանակարգի բարձրացում է, որ առողջ տրամաբանությունը միայն կարող է ողջունել, ինչպես մեծ Նժդեհը իր հավատի սկզբնական փուլում ողջունեց, ասելով.
«Չգիտեմ՝ Աստված կա, թե ոչ, բայց կուզենայի, որ նա լիներ։ Եթե նա կա, ես անմահ եմ»։
(Նժդեհ, Աֆորիզմներ)։
(շարունակելի)
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2863

Մեկնաբանություններ