ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Հարաբերությունները Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարուստ են և տարաբնույթ»

«Հարաբերությունները Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարուստ են և տարաբնույթ»
20.03.2009 | 00:00

«ՀԻՄՔՈՒՄ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՎԱՂԵՄԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ»
«Իրավունքը de facto»-ն շարունակում է ՀՀ-ում տարբեր երկրների արտակարգ և լիազոր դեսպանների հետ հարցազրույցների շարքը, որը հիմնականում լինում է գրավոր հարցերի տեսքով: Այս անգամ մեր հարցերին պատասխանում է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան ՍԵՐԺ ՍՄԵՍՈՎԸ:
-Մեծարգո դեսպան, ինչպե՞ս եք գնահատում հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակը:
-Հարաբերությունները Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարուստ են և տարաբնույթ, դրանց հիմքում վստահությունն ու վաղեմի բարեկամությունն են։ Ֆրանսիան միշտ իր օժանդակությունն ու համերաշխությունն է ցուցաբերել Հայաստանին և կշարունակի սերտ հարաբերություններ պահպանել նրա հետ։
-Չե՞ք կարծում, որ Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների ընտրությամբ երկու երկրների հարաբերություններում նոր փուլ է սկսվել:
- Դատելով ամեն ինչից` նախագահ Սարկոզին ցանկանում է պահպանել մեր երկու երկրների միջև առկա կայուն հարաբերությունները, շարունակելով զարգացնել դրանք բոլոր ոլորտներում։ Այս առումով կառանձնացնեի հատկապես քաղաքական հագեցած երկխոսությունը, ինչպես նաև եվրոպական ձևաչափով մասնակցությունը Հայաստանի ինստիտուցիոնալ և տնտեսական զարգացմանը, կարևոր դերակատարությունն առաջնակարգ կադրերի պատրաստման գործում։ Շնորհիվ Հայաստանում ֆրանսիական համալսարանի` մշակութային ասպարեզում առկա է ֆրանսիական գործուն ներկայությունը։ Այդ մասին է վկայում ֆրանկոֆոնիայի շաբաթը, որն օրերս կնշանավորվի բազում իրադարձություններով և մեր նախաձեռնությամբ անցկացվելիք այլ միջոցառումներով, ինչպես, օրինակ, երաժշտության տոնը։
-Ֆրանսիան զգալի ներկայություն ունի Հայաստանի տնտեսությունում: Վերջերս Հայաստանում որպես 3-րդ բջջային օպերատոր իր գործունեությունը սկսեց «Ֆրանս-Տելեկոմ» ընկերությունը: Ֆրանսիական այլ խոշոր ընկերություններ ևս պատրաստվո՞ւմ են առաջիկայում Հայաստանի տնտեսությունում ներդրումներ ունենալ: Ի՞նչ կոնկրետ ծրագրեր կան այս ուղղությամբ:
-Հաճախ եմ լսում, որ ֆրանսիական ներկայությունը տնտեսական ոլորտում հետ է մնում մեր քաղաքական հարաբերություններից։ Այս իրողությունը սկսում է ավելի ու ավելի քիչ համապատասխանել իրականությանը, քանի որ, ինչպես նշում եք, զարգանում է Ֆրանսիա - Հայաստան տնտեսական գործակցությունը։ Մեզ հատկապես ուրախացնում է նման դժվար ժամանակահատվածում «Ֆրանս-Տելեկոմի» հաստատվելը Հայաստանում։ Կարող եմ նշել նաև, որ ֆրանսիական տնտեսական ներկայությունը շուտով կուժեղանա Հայաստանում մեկ այլ ձեռնարկության հաստատվելով։ Ցավոք, առևտրային գաղտնիության նկատառումներով չեմ կարող նշել ձեռնարկության անունը։ Պայմանագիրը դեռևս ստորագրված չէ։
Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հ. Գ. -Մենք դեսպանին առաջարկել էինք պատասխանել նաև հետևյալ հարցերին.
1. Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր` բանակցությունների ընթացքը, մասնավորապես Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումներն ինչպե՞ս եք գնահատում: Կարգավորմանը միտված քայլերը Ձեզ հիմք տալի՞ս են ենթադրելու, որ հակամարտությունը կլուծվի մոտ ապագայում:
2. Կան տարաբնույթ մեկնաբանություններ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի համանախագահը փոխարինվելու է Եվրամիության ներկայացուցչով, որը նշանակված կլինի եվրահանձնաժողովի կողմից: Արդյոք Ֆրանսիան մտադի՞ր է հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբում իր մասնակցությունից:
Ինչպես մեզ փոխանցեցին դեսպանատան լրատվության բաժնից, դեսպանն այս հարցերին չի ցանկացել պատասխանել, համարելով, որ դրանք ԵԱՀԿ Մինսկի խմբում ընդգրկված իրենց երկրի ներկայացուցչի իրավասության շրջանակում են, ուստի հարկավոր է հենց նրան դիմել, այսինքն` Բեռնար Ֆասիեին:
***
Ի դեպ, հարկ ենք համարում նշել, որ հարցերը դեսպանին էինք ուղղել շուրջ մեկ ամիս առաջ: Կիսատ-պռատ պատասխանների համար ստիպված էինք ժամանակ առ ժամանակ հիշեցնել լրատվության հարցերով զբաղվող պատասխանատուներին, որոնք ամեն անգամ ճարպկորեն խուսանավում էին. մեկ` դեսպանն է 10 օրով բացակայում, մեկ` անձամբ լրատվության հարցերով զբաղվողը և այսպես շարունակ: Լրատվամիջոցների հետ աշխատող պատասխանատուներին հարկ ենք համարում հիշեցնել, որ գոյություն ունեն ԶԼՄ-ներին տեղեկատվություն տրամադրելու ընդունված կանոններ, որոնց չկիրառումը ոչ միայն անպատվաբեր է տվյալ անձի, այլև երկիր ներկայացնող դեսպանի համար:

Դիտվել է՝ 3037

Մեկնաբանություններ