ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԱՄԵՐԻԿԱ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՃԱԿԱՏՆԵՐԸ

ԱՄԵՐԻԿԱ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՃԱԿԱՏՆԵՐԸ
27.10.2009 | 00:00

Այն ամենը, ինչ վերաբերում է ամերիկա-եվրոպական հարաբերություններին, հնարավոր չէ լուսաբանել որոշակիացված ու կատեգորիկ ձևակերպումներով, քանի որ այդ հարաբերությունները պայմանավորված են տրանսատլանտյան դաշնակցային պարտավորություններով ու խնդիրներով։ Եվրոպան ու ԱՄՆ-ը միևնույն քաղաքակրթական ձևաչափի մեջ են, շատ կողմերով նույն քաղաքական ու տնտեսական շահերի երկու «բևեռներն» են, հատկապես, երբ նրանց անվտանգությունն ու տնտեսական բարեկեցությունը պայմանավորված ու փոխկապակցված են փոխադարձ շահագրգռվածությամբ։ Տնտեսական մրցակցությունը Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև հարաբերական է, և վաղուց արդեն ստեղծվել են պայմաններ, երբ երկու ուժային կենտրոնները ձևավորել են միասնական, եթե ոչ ներքին, ապա արտաքին փոխպայմանավորված շուկա։ ԱՄՆ-ի արտաքին առևտրի գերակշիռ մասը բաժին է ընկնում Եվրոպային և հակառակը, ինչը սերտ փոխկապակցել է երկու կենտրոնների ֆինանսական համակարգերը։ Ամերիկացիներն ու եվրոպացիները շահագրգռված են ներկա տնտեսական ճգնաժամի հաղթահարմամբ Ատլանտիկայի երկու ափերին և փորձում են համադրել իրենց ջանքերը։
Այնուհանդերձ, դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից սկսած, ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև գոյություն ունի գլոբալ հակադրություն։ ԱՄՆ-ն իր գործողություններով նպաստեց եվրոպական գաղութային կայսրությունների, ինչպես նաև խորհրդային կայսրության վերացմանը, քանի որ շահագրգռված էր նոր հնարավորությունների ձեռքբերմամբ` հումքի և էներգառեսուրսների համաշխարհային շուկա թափանցելու առումով։ Նույնիսկ առավել վստահելի դաշնակիցներ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի միջև գոյություն ունեն խոր և սկզբունքային հակասություններ, և սխալ է կարծել, թե ամերիկյան քաղաքական դոկտրինը համարժեք է բրիտանականին։ Այդ երկու օվկիանոսյան տերությունները սկզբունքորեն տարբերվում են միմյանցից ինչպես իրենց գլոբալ նպատակներով, այնպես էլ դոկտրիններով և, բնականաբար, քաղաքական համակարգով։ Այսպես կոչված անգլո-սաքսոնական ֆինանսատնտեսական մոդելը նույնպես բնութագրվում է շեղումներով։ Հնարավոր է, որ այդ տարբերությունները պայմանավորված են ամերիկյան առաքելապաշտությամբ և դրա փաստացի բացակայությամբ եվրոպական պետությունների մշակույթում ու քաղաքականության մեջ։ Համենայն դեպս, եթե ամերիկյան մեսիականության խնդիրները կարելի է դիտարկել գաղափարախոսական դաշտում, ապա Եվրոպայի և ԱՄՆ-ի սոցիալ-տնտեսական մոդելների տարբերությունը փաստացի իրողություն է։
Եվրոպացիները վատ չէին վերաբերվում Բիլ Քլինթոնի քաղաքականությանը, չնայած նրա արմատական հնարքներին Բալկաններում իրագործվող ԱՄՆ-ի քաղաքականության մեջ, և հուսով էին, որ ԱՄՆ-ում կհաստատվի ձախ լիբերալ, գործնականում` սոցիալական ուղղվածության մոդել, թեկուզ և բավական արագ հասկացան ներկա ամերիկյան վարչակազմի հիմնական դեմքերի իշխանության գլուխ անցնելու նպատակներն ու խնդիրները։ ԱՄՆ-ի կառավարությունը մտադիր չէ ճգնաժամից «փրկել» բնակչության լայն զանգվածներին, այդ թվում` միջին խավին, և փորձում է փրկել օլիգարխիական կապիտալը, ինչը զգալիորեն նվազեցրեց Եվրոպայում գոյություն ունեցող խանդավառությունը Բարաք Օբամայի նկատմամբ։ Նրա ընտրվելու կապակցությամբ Եվրոպայում ոգևորություն ապրեցին լիբերալներն ու ձախերը, սակայն այս փուլում Եվրամիության երկրներում պարահանդեսը ղեկավարում են աջ ուժերը` ազգայնական տրամադրություններով, ինչն էլ ենթադրում է եվրոպացիների մոտ հակաամերիկանիզմի ուժեղացում։ Հարկավոր է հաշվի առնել, որ մայրցամաքային Եվրոպայի աջ կողմնորոշումներն այսօր պայմանավորված են ոչ հրապարակային հարթությունում գործող քաղաքական ակումբների ու կառույցների որոշումներով։
Հակասությունների խորացումը տրանսատլանտյան և ամերիկա-եվրոպական հարաբերություններում սկսեց ուժեղանալ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։ Սակայն ընդհանուր թշնամու բացակայությունը ՆԱՏՕ-ի պառակտման միայն արտաքին, թեկուզ և ֆունդամենտալ գործոններից մեկն էր։ 1990-ականներին Եվրոպայի առաջատար քաղաքական գործիչները բուռն գործունեություն ծավալեցին ԱՄՆ-ի գերակայությունը համաշխարհային քաղաքականության մեջ սահմանափակելու համար, ինչն այսօր էլ մնում է ոչ միայն Ֆրանսիայի ու Գերմանիայի, այլև եվրոպական մյուս պետությունների, հատկապես Հարավային Եվրոպայի երկրների քաղաքականության կարևոր նպատակներից մեկը։ Վերջին տասնամյակներին Մեծ Բրիտանիան էլ զգալիորեն դեպի ձախ է թեքվել, և բրիտանական վերնախավն ավելի ու ավելի անհանգիստ ու մտահոգ է ԱՄՆ-ի վարած քաղաքականությամբ։ Բրիտանական քաղաքական վերլուծական դպրոցի «մեթրերի» գնահատմամբ, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան կանգնել են անգլո-ամերիկյան ոչ ձևական դաշինքի փլուզման հեռանկարի առջև։ Միաժամանակ բուն ԱՄՆ-ում գնալով ավելի մեծ ժողովրդականություն է սկսում վայելել եվրոպական սոցիալ-տնտեսական մոդելը. այդ կողմնորոշումն ունեն ոչ միայն ամերիկյան միջին խավի և ինտելեկտուալների լուրջ շերտերը, այլև գործարար դասակարգը, հատկապես ԱՄՆ-ի առանձին տարածաշրջաններում։
Ամերիկա-եվրոպական հակասությունները տարածաշրջանային քաղաքականության առումով ի հայտ եկան արդեն 10-15 տարի առաջ։ Սակայն ներկա համաշխարհային տնտեսական ճգնաժամը հանգեցրել է այդ մրցակցության մեջ դրամատիզմի մեծացման։ Կարող է թվալ, թե կողմերի միջև համագործակցության որոշ օրինակները հակասում են այս ենթադրությանը։ Ասենք` իր մասնակցությունն Աֆղանստանում ակտիվացնելու Ֆրանսիայի մտադրությունները։ Սակայն Նիկոլա Սարկոզիի հռչակագրային մտադրությունները չեն նշանակում, թե Ֆրանսիան միակամ հանդես է գալիս ԱՄՆ-ի հետ նույն դաշտում։ Դա պայքար է ամերիկյան մոնոպոլիան ՆԱՏՕ-ում չեզոքացնելու համար։ Այդ պատճառով էլ Աֆղանստանը կարող է դառնալ այն հրապարակը, ուր եվրոպացիները կմիջամտեն ԱՄՆ-ի առաջնային շահերին։ Անհնար է չտեսնել, որ Ֆրանսիայի ու Գերմանիայի հետաքրքրվածությունն Աֆղանստանում պայմանավորված է Չինաստանի հետ ունեցած նրանց շահերով և Եվրասիայում իրականացվող քաղաքականությամբ։ Նա, ով գերակայություն կունենա և կվերահսկի Կենտրոնական և Հարավային Ասիան, Չինաստանի նկատմամբ արևմտյան հանրության քաղաքականության մեջ կստանձնի դիրիժորի դեր։ Բացառված չէ, որ, հետևելով ռուս-ամերիկյան մրցակցությանը Կենտրոնական Ասիայում, եվրոպացիները ժամանակի ընթացքում կորոշակիացնեն իրենց մտադրություններն այդ տարածաշրջանում ռազմաքաղաքական ներկայության վերաբերյալ։ Ընդ որում, դա կարող է տեղի ունենալ ՆԱՏՕ-ի շրջանակներում գործունեության ճանապարհով։
Մերձավոր Արևելքը, ներառյալ Մաղրիբի երկրները, Թուրքիան և Իրանը, արդեն դարձել է ամերիկա-եվրոպական բավական համառ պայքարի բեմահարթակ։ Արաբական աշխարհում ու Իրանում եվրոպացիները որոշիչ առավելություններ ունեն ԱՄՆ-ի նկատմամբ և բավական ակտիվորեն ստանձնել են այս կամ այն քաղաքական նախաձեռնությունների «դատավորի» դերը։ Ֆրանսիան առաջ է քաշել մի շարք նախաձեռնություններ արաբական երկրների հետ համագործակցելու առումով, հետևողականորեն հանդես է գալիս պաղեստինյան պետություն ստեղծելու օգտին, ինչը թույլ է տալիս ունենալ նկատելի և գնալով աճող ազդեցություն այդ տարածաշրջաններում։ Ֆրանսիան դարձել է արաբական շահերի պաշտպանության առաջամարտիկը Եվրամիությունում ու համաշխարհային բեմահարթակում, և այդ պայմաններում անգամ Գերմանիայի կողմից անհրաժեշտ էնտուզիազմի բացակայությունը չի թուլացնում Ֆրանսիայի դիրքերը։ Ֆրանս-իրանական և գերմանա-իրանական հարաբերություններում արձանագրված որոշակի սառնությունն հետևանք է այն բանի, որ Բեռլինն ու Փարիզը ցանկանում են ավելի «բևեռացված» դիրքորոշում որդեգրել Իրանի նկատմամբ, բայց դա բոլորովին չի հանգեցրել Իրանի և եվրոպացիների միջև հարաբերությունների դադարեցման։ Իրանը Եվրամիության հետ համագործակցության խիստ կարիք ունի, որպեսզի ինչ-որ չափով պաշտպանված լինի ԱՄՆ-ի մտադրություններից, ինչպես նաև այլընտրանք ունենա Ռուսաստանի հետ իր հարաբերությունները կառուցելիս։ Ֆրանսիայի ու Գերմանիայի ռազմավարության մեջ ակնհայտ է երկարաժամկետ կտրվածքով Իրանին Եվրամիությանը կապելու ցանկությունը` նրա բոլոր պրոբլեմների ու ռեսուրսների հաշվառումով, և դրա համար ձևավորվել են շատ բարենպաստ պայմաններ։
Եվրոպացիները զգալիորեն փոխել են իրենց վերաբերմունքը քրդական հիմնախնդրի նկատմամբ։ Եթե նախկինում հենց Եվրոպան էր քրդական շահերի ու քաղաքականության հիմնական հնչեցնողը, ապա Իրաքում ԱՄՆ-ի նախաձեռնած պատերազմից հետո, երբ քրդերը հայտնվեցին ամերիկացիներից ահռելի կախվածության մեջ, Եվրոպայում սկսեցին շատ ավելի զուսպ վերաբերվել նրանց։ Եվրոպացիները քրդերից բխող մի քանի սպառնալիքներ են տեսնում։ Առաջինն այն է, որ քրդերով բնակեցված տարածքները, նրանց լոկալ կազմակերպությունները և քվազի-պետությունները կարող են վերածվել տարածաշրջանում ԱՄՆ-ի հիմնական «ավիակրի», ինչի շնորհիվ ԱՄՆ-ը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ինչպես Թուրքիայի և Իրանի, այնպես էլ արաբական պետությունների վրա։ Երկրորդ վտանգն այն է, որ ապակառուցողական վտանգներ կարող են բխել Եվրոպայում բնակվող շուրջ մեկ միլիոն քրդերից, ինչը կարող է անցանկալի դրսևորումների հանգեցնել Եվրամիության երկրների մահմեդական բնակչության մեջ առհասարակ։ Երրորդ վտանգն այն է, որ ԱՄՆ-ի ազդեցության ներքո գտնվող քրդական կուսակցություններն ու կազմակերպությունները դադարում են խաղի մասնակից լինել Թուրքիայի նկատմամբ եվրոպական սցենարների շրջանակներում, իսկ դա գլխավոր խնդիրն է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը թույլ չտալու առումով։ Այնուհանդերձ, եթե Ֆրանսիան ու Գերմանիան հիմա պատրաստ չեն քրդերի նկատմամբ ավելի ակտիվ քաղաքականություն իրագործելու, ապա չի նշանակում, որ դա չի կարող լինել ապագայում։ Միանգամայն ակնհայտ է, որ առաջատար եվրոպական պետությունները շահագրգռված են քրդական անկախ պետության ստեղծմամբ, որն ունենա նույն գործառույթներն ու դերը, ինչը ենթադրվում է ամերիկյան շահերի շրջանակներում։ Ներկայումս եվրոպական քաղաքականության խնդիրներից մեկն էլ քրդերի վերակողմնորոշումն է ԱՄՆ-ից դեպի Եվրոպա, ինչը կպահանջի ոչ միայն ինչ-որ քրդամետ հայտարարությունների ընդունում, այլև ջանքերի համակարգում բազմաթիվ քաղաքական ուղղություններով, մասնավորապես, արաբական պետությունների, Իրանի ու Թուրքիայի նկատմամբ։
Ամերիկա-եվրոպական մրցակցության մեջ հատուկ տեղ է զբաղեցնում Թուրքիան, որը հայտնվել է շատ երկիմաստ վիճակում` ԱՄՆ-ի նախաձեռնությունների պատճառով, Անկարային Եվրամիության կազմ ընդգրկելու կապակցությամբ։ Թուրքիան ազնվորեն կատարելով Եվրամիության բոլոր պայմաններն ու պահանջները Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում ԱՄՆ-ի քաղաքականության հետ կապված, իրականում բացարձակապես հույսեր չունի Եվրամիություն ընդգրկվելու, սակայն, այնուհանդերձ, ներքաշվել է ԱՄՆ-ի ձեռնարկած խաղի մեջ` առանց վաղեմի երազանքի իրականացման իրական նախադրյալների։ Ամերիկացիները հերթական անգամ փորձում են օգտագործել Թուրքիային իրենց եվրոպական քաղաքականության մեջ։ Դժվար է ասել, թե որքանով այդ խաղն արդյունավետ կլինի ու թույլ կտա ԱՄՆ-ին` ազդելու եվրոպացիների վրա։ Սակայն փաստը մնում է փաստ, որ Թուրքիան հայտնվել է իր համար առավելապես անհուսալի երկու ուժային կենտրոնների` ԱՄՆ-ի ու Եվրամիության միջև։ Չնայած ժամանակին լարված հարաբերություններ էին ստեղծվել եվրոպական քաղաքական գործիչների և Ջորջ Բուշի վարչակազմի միջև, այն ժամանակ, այնուամենայնիվ, ձևավորվեց որոշակի «դավադրություն» ԱՄՆ-ի և մայրցամաքային Եվրոպայի առաջատար երկրների մասնակցությամբ` Թուրքիային շրջափակելու և վերահսկողության տակ պահելու առումով։ Այդ քաղաքականությունը վատ էր համաձայնեցված ու այդ պատճառով էլ բավականաչափ արդյունավետ չէր, սակայն նախադեպը կա, և այդ քաղաքականությունը կարող է շարունակություն ունենալ։ Կարելի է ենթադրել, որ Բարաք Օբամայի համարժեք նախաձեռնությունն արդյունք է ոչ թե Եվրոպայի վրա ճնշում գործադրելու, այլ Ռուսաստանի և առաջատար իսլամական պետությունների հետ Թուրքիայի համագործակցությունը սահմանափակելու։ Այսպես թե այնպես, ԱՄՆ-ի նախագահի` 2009-ի ապրիլին Ստամբուլում ի հայտ բերած նախաձեռնությունը վիրավորական երանգավորում ընդունեց եվրոպական քաղաքական գործիչների ու հասարակության համար։ Եվրոպացիները հասկանում են, որ անհրաժեշտ կլինի նոր փաստարկներ ի հայտ բերել Թուրքիայի նկատմամբ, և դա կազդի Եվրամիության հեղինակության վրա։ Բացի այդ, ԱՄՆ-ի ու Թուրքիայի կրկին մերձեցումը կհանգեցնի ԱՄՆ-ի դիրքերի ուժեղացման Սև ծովում և Եվրասիայում, ինչը բացարձակապես չի համապատասխանում եվրոպական շահերին, այդ թվում` ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող քաղաքականության հետ կապված։ Հավանական է, որ ամերիկա-թուրքական հարաբերությունները կարգավորելու նոր փորձերը չհանգեցնեն նոր հեռանկարների ձևավորման, և այդ դեպքում սպասելի է լարվածության մեծացում այդ հարաբերություններում։ Անկասկած, եվրոպացիները շահագրգռված են դրանում, և գլխավորը, ինչ սպասվում է այդ ուղղությամբ, այն է, որ Թուրքիան որևէ առավելություն չի ստանա ֆրանս-գերմանական տանդեմի և ԱՄՆ-ի միջև ընթացող մրցակցության շրջանակներում։
Եվրամիության և ԱՄՆ-ի ռազմավարական մրցակցության մեջ հատուկ տեղ է զբաղեցնում Արևելյան Եվրոպան, ներառյալ` Հարավային Կովկասը։ ԱՄՆ-ը շարունակում է Արևելյան Եվրոպայում պետությունների միավորում ձևավորելու իր քաղաքականությունը, և այդ միավորումն ունենալու է երկու գործառույթ. առաջինը` դիմակայել Ֆրանսիային, Գերմանիային ու Հարավային Եվրոպայի երկրներին, և երկրորդը` ձևավորել հուսալի արգելապատնեշ ֆրանս-գերմանական տանդեմի ու Ռուսաստանի միջև։ «Արևելյան գործընկերության» նախաձեռնությունը բոլորովին չարժանացավ Ֆրանսիայի ու Գերմանիայի հավանությանը, թեկուզ և այդ հարցում նրանք, կարծես, միասնական չէին։ Ֆրանսիան այդքան հետաքրքրված չէ Արևելյան Եվրոպայով, և նրան ավանդաբար հետաքրքրում է միջերկրածովյան տարածաշրջանը, ուր Փարիզն ինտեգրացիայի հետևողական քաղաքականություն է իրականացնում։ Գերմանիայի համար Արևելյան Եվրոպան ոչ միայն մերձավոր տնտեսական գոտի է, որտեղ նա ունի գեոտնտեսական մրցակիցներ և հաջողությամբ փորձում է ստեղծել տնտեսության բնագավառում նոր «գերմանական կայսրություն»։ Սակայն Ֆրանսիան չի կարող ընդհանրապես ուշադրություն չդարձնել այս ուղղությամբ և պարտավոր է աջակցել իր հիմնական գործընկերոջը` Գերմանիային։ Վերջին տարիներին, հատկապես ՈՒկրաինայում բուռն իրադարձություններից հետո, ազդեցության համար Եվրամիության և ԱՄՆ-ի միջև պայքարն այստեղ սրվել է։ ՈՒկրաինան որոշիչ դեր ունի համաշխարհային ուժային կենտրոնների քաղաքականության մեջ և ապագայում ավելի ու ավելի է ներքաշվելու ներքաղաքական սուր պայքարի մեջ, ուր Եվրամիությունն ունենալու է աճող դերակատարություն։ ՈՒկրաինական առաջատար քաղաքական գործիչները փորձում են խուսանավել ԱՄՆ-ի ու Եվրամիության միջև և ձգտում իրենց նպատակներին հասնելու համար ունենալ երկու կողմի աջակցությունը։ Առայժմ ՈՒկրաինայում չկան հստակ ընդգծված «ամերիկյան» ու «եվրոպական» կուսակցություններ, բայց ամեն ինչ դեպի դա է տանում։ ՈՒկրաինայի առաջատար կուսակցությունները չեն կարող երկար ժամանակ անորոշություն պահպանել արտաքին քաղաքական կողմնորոշումներում։ Շատ խնդիրներ տնտեսության ու քաղաքականության մեջ ՈՒկրաինան կարող է լուծել բացառապես Եվրամիության, ոչ թե ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի հետ համագործակցությամբ։
Նիկոլա Սարկոզիի գործունեությունը ռուս-վրացական պատերազմի ժամանակ դարձավ Եվրոպայի արդյունավետ միջամտության և երկարաժամկետ ազդեցության հաստատման օրինակ Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Իհարկե, դրա համար ձևավորվեցին բարենպաստ պայմաններ, սակայն եվրոպական քաղաքական գործիչների վճռական գործողություններն առաջին անգամ այդքան վառ կերպով ընդգծեցին Եվրամիության ընդունակությունը տարածաշրջանում ավելի կարևոր դիրքեր զբաղեցնելու ուղղությամբ, այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ու Ռուսաստանն էին զբաղված ազդեցության գոտիների բաժանմամբ։ Վրացական ընդդիմության բողոքի գործողությունները 2009-ի գարնանն ու ամռանը շատ առումներով կողմնորոշված էին դեպի Եվրամիություն, առաջին հերթին Ֆրանսիայի նախագահն ու ֆրանսիական քաղաքականությունը։ Ամերիկյան քաղաքականությունը Հարավային Կովկասում գնալով ավելի նպատակաուղղված է արդեն ոչ այնքան Ռուսաստանի, որքան Եվրամիության ազդեցության սահմանափակմանը։ Այդ իսկ պատճառով «Արևելյան գործընկերության» նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ֆրանս-գերմանական տանդեմի ազդեցությունն ՈՒկրաինայում և Հարավային Կովկասում ապակազմակերպելու փորձ։ Ըստ էության, տարածաշրջաններում մղվող պայքարն ԱՄՆ-ի համար նշանակում է թույլ չտալ, որ Եվրամիությունում ձևավորվի լիարժեք ինքնուրույն քաղաքականություն։ Այդ մրցակցությունը չի սահմանափակվի Վրաստանով, այլ կտարածվի նաև Ադրբեջանի ու Հայաստանի վրա, քանի որ Արևմուտքի քաղաքական ծրագրավորողները հասկացել են, որ Հարավային Կովկասի ճանաչված պետություններից ոչ մեկը մեկուսացված խնդիրների կրող չէ։ Հարավային Կովկասի վեց պետություններից յուրաքանչյուրը կունենա իր տեղն ու գործառույթն ամերիկա-եվրոպական մրցակցության մեջ, ինչն առայժմ առկա չէ միայն ալարկոտության, եվրոպական քաղաքականության սահմանափակվածության, երբեմն դրա բացակայության պատճառով։ Եվրոպան փորձելու է ճեղքում իրականացնել իր արտաքին քաղաքականության մեջ և այժմ գտնվում է ռազմավարական ու տարածաշրջանային գործընկերների որոնումներում։ Ընդ որում, հարկ է գիտակցել, որ առայժմ միայն ուժային երկու կենտրոններ են աշխարհում շահագրգռված նոր պետությունների ստեղծմամբ։ Դա ամենից առաջ ԱՄՆ-ն է, ապա Ռուսաստանը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1675

Մեկնաբանություններ