ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ճահճացումը ժամանակավոր երևույթ է

Ճահճացումը ժամանակավոր երևույթ է
04.08.2009 | 00:00

ԹՈՂԵՔ ԳՈՆԵ ԻՆՔՆԱՄԱՔՐՎԻ
Սևանա լիճն ունի հանրապետական և տարածաշրջանային բացառիկ տնտեսական ու բնապահպանական նշանակություն, քանի որ իր բոլոր ցուցանիշներով բարձրորակ քաղցրահամ խմելու ջրի բնական ջրամբար է: 1930-ականներից սկսած` լճի ջրի անխնա օգտագործման հետևանքով (էներգիայի արտադրության և ոռոգման նպատակով) խախտվեց լճի էկոլոգիական հավասարակշռությունը. Սևանա լճի մակարդակը 1933-2000 թթ. արդյունաբերական շահագործման հետևանքով իջավ 19,6 մետրով, իսկ ծավալը նախկին 58,5 մլրդ խմ-ից կրճատվեց մինչև 32,5 մլրդ խմ: Օգտագործված 26 մլրդ խմ ջրի 65 տոկոսը ծախսվել է էներգիայի արտադրության, իսկ 35 տոկոսը` ոռոգման նպատակներով: Լճի հատակից ազատվել է 25 հազար հեկտար տարածք, և 70 տարվա ընթացքում Սևանի ծավալը փոքրացել է 41 տոկոսով:

Մասնագետները հաշվարկել են, որ Սևանա լճի էկոհամակարգի կայունացման միակ նախապայմանը լճի ծավալի մեծացումն է, ջրի մակարդակի բարձրացումը, Արփա-Սևան թունելի տեխնիկական վիճակի կարգավորումը: Կարևոր է նաև մաքրման կայանի կառուցումը։ Եթե լճի մակարդակը չենք բարձրացնում մաքուր ջրով, այդ դեպքում Սևանը մեզ կապահովի ընդամենը ոռոգման ջրով, որի արդյունքում լիճը չի ունենա այն նշանակությունը, որ ունի հիմա. Սևանը տարածաշրջանի խոշոր քաղցրահամ ջրամբարներից մեկն է և ապագայում ինքնահոս եղանակով կարող է խմելու ջուր մատակարարել տարածաշրջանի սպառողներին:
Նախատեսված ծրագրով լճի մակարդակը պետք է բարձրանա մինչև 6 մետր, այսինքն, մինչև 1903,5 նիշը՝ 1,5 մետր ալիքի ծածկման համար: Վեց մետր բարձրացնելն ինքնանպատակ չէ: Այդ դեպքում մենք կունենանք մաքուր ջուր, էկոլոգիական հավասարակշռություն, ինչպես նաև հավելյալ 8 մլրդ խմ ջուր: Սա ռազմավարական լուրջ պաշար է: Համեմատության համար նշենք, որ Հայաստանի բոլոր ջրամբարներում տարեկան կուտակվում է մոտ 1 մլրդ խմ ջուր, իսկ միայն Սևանում հնարավորություն ենք ստեղծում ունենալու հավելյալ 8 մլրդ խմ ջրի ռազմավարական պաշար:
Լճի մակարդակի բարձրացման հետևանքով այսօր ջրերը ծածկում են ափամերձ անտառները՝ նպաստելով ճահճացմանը։ Սակայն, ըստ ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փորձագետ ԳԵՆԱԴԻ ԿՈՋՈՅԱՆԻ, նկատվող ճահճացման երևույթները պետք չէ լուրջ խնդիր համարել, քանի որ դա բնական երևույթ է, ինչը լուծելու համար պետք է իրականացվեն ծառերից ու թփերից ափերի մաքրման աշխատանքներ։ «Ոչ մի դեպքում այսօր նկատվող ճահճացման երևույթները չպետք է խոչընդոտ հանդիսանան լճի մակարդակի բարձրացման համար։ Ջրի մակարդակի բարձրացումը լուծում է բոլոր հարցերը, իսկ ճահճացումը ժամանակավոր երևույթ է, ինչը, իհարկե, ազդում է ջրի որակի վրա` դրա պարունակության մեջ նվազեցնելով թթվածինը։ Սակայն ջրի քանակության ավելացումն աստիճանաբար ծածկում է այդ վնասը։ Բացի այդ, գոյություն ունեն նաև ինքնամաքրման պրոցեսներ. ջրի աերացիան, ալիքները, կենդանական և բուսական աշխարհը նպաստում են լճի բնական ինքնամաքրմանը։ Ինքնամաքրման հզորությունը մշտապես առկա է, սակայն որքան ջրի քանակությունը քիչ է, այդքան հզորությունը փոքրանում է»։ Գենադի Կոջոյանի համոզմամբ` Սևանի ավազանում պետք է զարգացվի մաքուր, առանց քիմիկատների գյուղատնտեսությունը։
Լճի հետ կապված հաջորդ խումբ խնդիրները վերաբերում են ձկան պաշարներին, և այս առումով վիճակն աղետալի է: Փոքր Սևանում արդեն ընդհանրապես սիգ չկա, իսկ մեծ Սևանում մնացել է շատ փոքր քանակությամբ: Սիգի արդյունագործական պաշարները պակասել են մոտ 50 անգամ: Ելնելով Սևանա լճում ձկան պաշարների վերականգնման անհրաժեշտությունից ու տարածքի բնակչության սոցիալ-տնտեսական շահերից՝ պետք է ժամանակավորապես դադարեցվի ձկան որսը: Եթե ձկան պաշարները չվերականգնենք, ջրի մաքրումը նույնպես կդժվարանա, քանի որ ձկներն ունեն լճի օրգանական նյութերը «վերամշակելու» հատկություն:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2842

Մեկնաբանություններ