ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՄԻ ԴՐՎԱԳ ՔԱՂԱՔԱԿԱՆ x-ԵՐԻ ՈՒ ԱՆՔԱՂԱՔԱԿԱՆ y-ՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

ՄԻ ԴՐՎԱԳ ՔԱՂԱՔԱԿԱՆ x-ԵՐԻ ՈՒ ԱՆՔԱՂԱՔԱԿԱՆ y-ՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
03.11.2009 | 00:00

Ի՞նչ գիտենք մենք Եղիշե Չարենցի մասին: «Բանաստեղծ ծնված Մակու քաղաքո՞ւմ»: «Բալլադ Իլյիչի, մուժիկի ու մի զույգ կոշիկի մասի՞ն»: «Դանթեական առասպե՞լ»: «Պատմության քառուղիներով»` «Մահվան տեսի՞լ»: «Երկիր Նաիրի՞» ու «Ես իմ անուշ Հայաստանի՞...»: 37-ին սպանված բանաստեղծ, որ շիրիմ չունի՞:
Այո՛, բայց դա ոչինչ է այն ամենի համեմատ, ինչ Եղիշե Չարենցն ամեն օր տալիս է մեզ` մեզ իսկ հասկանալու համար: Որովհետև մնալով առեղծված` նա նաև բանալի է առեղծվածները բացատրելու համար:
1934 թ. մարտի 18-ին օրագրում Եղիշե Չարենցը գրել է.
«Քանի դեռ աշխարհիս երեսին գոյություն ունի պետությունը - դիպլոմատիան, ինչպես ընդհանրապես քաղաքականությունը, լինելու է գաղտնի և միշտ «մաքուր քաղաքականությամբ» զբաղվող (այսինքն` որոնց պրոֆեսիան է քաղաքականությունը) մարդիկ, հենց իրենց պրոֆեսիայի, իրենց գործի բնույթի բերումով, լինելու են մնացած մարդկությունից չինական պարիսպներով ծածկված մի կաստա, որոնք ապրում են մի տեսակ կրկնակի կյանքով: Եվ ինձ վրա միշտ մի տեսակ միստիկական տպավորություն են թողնում այդ մարդիկ, նայում ես` մարդ է, ինչպես և դու, սակայն զգում ես յուրաքանչյուր վայրկյան, որ նա բացի բոլորին հայտնի իր կյանքից ապրում է և մի այլ, բոլորովին թաքուն կյանքով, գիտե բազմաթիվ բաներ, որ դու, հասարակ մահկանացուդ, երբեք չես իմանա, և, որ ամենաճնշիչն է - իրավունք չունես իմանալու... Դուրս է գալիս այսպիսի մի դրություն, հենց քո կողքին, քեզ հետ կողք-կողքի, ապրում է մարդկային մի ամբողջ շերտ, քեզ նման մարդիկ, մի ամբողջ խավ, որ զբաղվում է ինչ-որ բոլորից թաքուն գաղտնի կյանքով, գործ ունի յուրաքանչյուր օր այնպիսի դեպքերի ու փաստերի հետ, որոնք մնացած մարդկության համար մի տեսակ «փակ աշխարհ» են - և այդ ամբողջը հանուն այդ միևնույն մահկանացուների շահերի լավագույն հետապնդման... Միտքս սխալ ըմբռնելուց խուսափելու համար ես պետք է ասեմ, որ ի նկատի ունեմ այսպես կոչված «քաղաքական մարդկանց» գործունեության առօրյա, գործնական բովանդակությունը, ընթացիկ քաղաքական գործունեությունը, այդ գործունեության կոնկրետ պարունակությունը (ընթացիկ բանակցություններ, պետական ընթացիկ հարցերի քննարկում, կառավարական փոփոխություններ և այլն) - այսինքն «քաղաքական մարդկանց» գործունեության այն կողմը, որը բոլոր ժամանակներում և բոլոր սիստեմներում ընթանում է մնացած մարդկությունից գաղտնի,- և ոչ թե այդ մարդկանց գործունեության ընդհանուր իդեական բովանդակությունը, որ, իհարկե, երբեք էլ գաղտնի չէ և չի էլ կարող լինել: Եվ ահավասիկ այն հանգամանքը,- այսինքն այն, որ մարդկային հասարակության մեջ մի շարք մարդիկ իրենց գործի բնույթով հարկադրված են ամբողջ ժամանակ ապրել մնացած մարդկությունից թաքուն, նրանց տեսողությունից ծածկված ինչ-որ երկրորդ կյանքով, -այս հանգամանքը բնականորեն մշակում է այդ մարդկանց մեջ մի հոգեբանություն, որ հատուկ է «ընտրյալներին»: Քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդը բնականորեն պետք է որ իրեն բարձր զգա իր շրջապատից, իրեն շրջապատող «հասարակ մահկանացուներից», որոնք ոչ միայն ոչ մի տեղեկություն չունեն այս «ընտրյալների» նեղ շրջանակում կատարվող դեպքերից, առօրյա անցուդարձից, այլև իրավունք էլ չունեն ունենալու, և ինքն էլ իրավունք չունի ասելու: - Սրա վրա ավելացնենք և այն, որ այդ «ընտրյալների» գործունեությունը ոչ թե սովորական մարդկային գործունեություն է, որ կարող է վերաբերել միայն իրենց, այդ գործունեությամբ զբաղվող մարդկանց, այլև մի գործունեություն, որ ամբողջովին վերաբերում է ուրիշներին, անմիջականորեն վերաբերում է նրանց կյանքին ու ճակատագրին, - և պատկերը ավելի ահռելի կդառնա: - Եվ քանի դեռ չի վերացել այս, այսինքն քանի դեռ մարդկային հասարակության մեջ այդ հասարակության մի չափազանց չնչին մասը պաշտոնապես ապրում է նույն հասարակության վիթխարի մեծամասնությունից գաղտնի գործունեությամբ, և այն էլ մի այնպիսի գործունեությամբ, որից կախված է այդ մեծամասնության կյանքը իր բոլոր առօրյա մանրամասնություններով,- քանի դեռ մարդկային հասարակության մեջ սա կմնա այսպես - ավելորդ է երազել անգամ, որ քաղաքականությունը կարող է դառնալ յուրաքանչյուրի սեփականություն (խոսքը, իհարկե, վերաբերում է միևնույն դասակարգին պատկանող մարդկանցից յուրաքանչյուրին): Քանի դեռ այսպես է` միշտ էլ հասարակության մեջ կլինեն պատրիկներ և պլեբեյներ - և այն էլ հակադրության ամենավատթար առումով: Քանի որ` եթե մարդկային բանականությունը չի ուզում հաշտվել, որ գոյություն ունեն «պատրիկներ և պլեբեյներ» սոցիալական պատճառներով (այսինքն` ես պատրիկ եմ, որովհետև հարուստ եմ, իսկ դու պլեբեյ ես - քանի որ աղքատ ես.- Մարքսից հետո մենք գիտենք ավելի քան լավ, որ այս տարբերությունը մարդկային հասարակության մեջ բնավ էլ չի բխում մարդկանց հոգևոր կարողություններից) - էլ ինչպես կարելի է հաշտվել, որ այդ տարբերությունը գոյություն ունենա... չգիտես թե ինչ պատճառով: - Մի՞թե X-ը, որ զբաղվում է քաղաքականությամբ, ավելի է խելացի, ընդունակ, քան Y-ը, որ զբաղվում է, ասենք, նկարչությամբ... Կարող է պատահել ճիշտ հակառակը: - Այնինչ քաղաքականությամբ զբաղվող X-ի «երկրորդ» կյանքը ամբողջովին թաքնված է Y-ից, X-ի փաստացի տեղյակությունը քաղաքական կյանքի ընթացիկ, գործնական անցուդարձից տասնյակ հազար անգամ ավելի է, քան Y-ը,- և ընդհանրապես այս վերջինիս հոգևոր տեսադաշտից միանգամայն դուրս է մարդկային հասարակության տվյալ շրջանի քաղաքական առօրյայի այն ամբողջ գումարը, որը կազմում է այդ X-ի ամբողջ «երկրորդ» կյանքը... Էլ ո՞նց այդ X-ը, որքան էլ հոգեպես նա փոքր ու ողորմելի լինի Y-ից,- էլ ո՞նց նա իրեն չզգա և չհամարի «ընտրյալ», իսկ Y-ին- խեղճ քաղքենի (ՏոՌՉՈՑպսՖ), որը ապրում է, շնչում, կին ու երեխա ունի, նույնիսկ գրքեր է կարդում ու գրում - այնինչ ոչ մի տեղեկություն չունի, թե հենց իր կողքին, համարյա իր «քթի տակ», ինչ է կատարվում ներկայումս մի այնպիսի կարևոր ասպարեզում, ինչպիսին է քաղաքական կյանքը...
Բայց սա ունի իր հակառակ կողմը: Եթե մի կողմ թողնենք քաղաքական հանճարներին և վերցնենք այս «կաստային» պատկանող միջին, միջակ անհատներին, կտեսնենք, որ համարյա միշտ այս վերջիններս իրենց հոգևոր ունակություններով պատկանում են «մտածող մարդու» տիպի բավական ողորմելի տեսակին: Զրկեք այդ «կաստայի» միջակ ներկայացուցչին դիրքից ու պաշտոնից և կտեսնեք, որ ձեր առաջ կանգնած է մի սովորական, հաճախ ավելի քան սահմանափակ հոգևոր ունակությունների տեր անձնավորություն: Եվ սա չէ՞ պատճառը, որ այնքան շուտ են «խունանում» քաղաքական ասպարեզը այս կամ այն պատճառով կորցրած մարդիկ, հաճախ նույնիսկ այնպիսիները, որոնք թվում էին հոգու և մտքի շտեմարան: - Եվ ես չգիտեմ կյանքում ավելի խղճալի և տխուր պատկեր, քան քաղաքական «նախկին գործիչն» է. մի՞թե այդպես է ստեղծագործությունից հրաժարված գրողը, նկարիչը, մտածողը...
Բայց սրան կասեն ...ք.. սրտի մխիթարանք - մեզ, հասարակ մահկանացուներիս համար» (Եղիշե Չարենց, «Նորահայտ էջեր», Երևան, 1996, էջ 163-166, պահպանվել է հեղինակային կետադրությունը):

Ահա քաղաքական X-երի ու անքաղաքական Y-ների այսպիսի պատմություն: Համադրեք 1934 և 2009 թվականները և ինքներդ որոշեք` ճի՞շտ է Եղիշե Չարենցն իր դիտարկումների մեջ, ու ի՞նչ է փոխվել մեր քաղաքական-անքաղաքական X-երի ու Y-ների կյանքում:
Կհամարձակվե՞ք ասել` Չարենցը սխալվել է:
Կամ` ճի՞շտ է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3535

Մեկնաբանություններ