ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«ԱՅԴ ԻՆՉՊԵ՞Ս Է, ՈՐ ՀԱՅԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՑ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՎՐԱՑԻՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ»

«ԱՅԴ ԻՆՉՊԵ՞Ս Է, ՈՐ ՀԱՅԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՑ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՎՐԱՑԻՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ»
05.03.2010 | 00:00

Այս տարվա մայիսին Վրաստանում սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Դրանք, անշուշտ, կարևորվում են նաև Ջավախքում կուտակված խնդիրների լուծման տեսանկյունից։ Այս կապակցությամբ «Իրավունքը de facto»-ի հարցերին պարզաբանումներ է տալիս «Ջավախք» բարեգործական հիմնադրամի նախագահ ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ։
-Պարոն Մարգարյան, երկու ամսից Վրաստանում հերթական ՏԻՄ ընտրություններն են։ Ինչպիսի՞ զարգացումներ կարելի է սպասել Ջավախքում։ Եվ հընթացս պարզաբանեք, թե ինչ վիճակում է վրացական կողմի նախաձեռնությունը բնակավայրերի տեղանունները փոխելու ուղղությամբ։ Այսինքն` այդ «գործընթացը» դեռ շարունակվո՞ւմ է։
-Ընդհանրապես տեղանունների փոփոխության «նախաձեռնություններ» միշտ էլ եղել են վրացական իշխանությունների կողմից։ Պրոբլեմ է ստեղծում այն հանգամանքը, որ այս դաշտը գրեթե գիտականորեն ուսումնասիրված չէ, չկա համապատասխան գրականություն, որի համաձայն հիմնավորվեր, թե Ջավախքի այս կամ այն բնակավայրի անունն ինչ արմատից է ծագել։ Բազմաթիվ տեղանուններ կան, որոնք վրացիները վրացական են համարում, բայց միաժամանակ այդ տեղանուններում էլ են փոփոխություն կատարում, համապատասխանեցնում վրացերենի ուղղագրությանն ու հնչյունաբանությանը։ Դա ընդհանրապես հասկանալի չէ, որովհետև եթե վրացական անվանում է, ապա հարց է առաջանում, թե ինչու են փոխում։ Սա, իհարկե, ավելորդ, լրացուցիչ լարվածություն է ստեղծում, բայց այս խնդրին համալիր լուծում տալու համար անհրաժեշտ ուսումնասիրություններ են պետք։
ՏԻՄ ընտրությունները նախատեսված են մայիսի 30-ին, և կա տեսակետ, որ Ջավախքում վրացական իշխանությունների տարաբնույթ ճնշումների ուժեղացումը այդ ընտրությունների հետ է կապված։ Ժամանակին Սաակաշվիլին կարողացավ նախագահական ընտրություններում հաղթանակ տանել, որովհետև դրանից առաջ իրեն անհրաժեշտ արդյունք ապահովեց ՏԻՄ ընտրություններում, մասնավորապես Թբիլիսիում։
-Վրացական ընդդիմության շարքերը համալրել է նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելին։ Նա վերջերս հայտարարեց, որ եթե իշխանություններն այդ ընտրությունները կեղծեն, Վրաստանում հեղափոխություն կլինի։ Ընդդիմադիր կուսակցությունները համապատասխան գործունեություն ծավալո՞ւմ են Ջավախքում, և ի՞նչ կարող է հայ բնակչությունը շահել նրանց հետ դաշնակցելուց։
-Ցավոք, ոչ, այդպիսի լուրջ գործունեություն չկա Ջավախքում ընդդիմության կողմից։ Բայց սա նորություն չէ։ Ընդհանրապես Վրաստանում ցանկացած իշխանության գոյության ժամանակաշրջանում համարվել է, որ ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջանները, այդ թվում` Ջավախքը, այսպես կոչված, իշխանության ազդեցության գոտի են։ Այսինքն` ընդդիմությունն այստեղ երբեք էլ ակտիվ աշխատանք չի տարել, իշխանությունները, անկախ ընտրություններին բնակչության մասնակցության աստիճանից, նկարել են այն թիվը, որն իրենց պետք է։ Երկու անգամ է Ջավախքի հայությունն ակտիվ եղել տեղական ընտրությունների ժամանակ։ Առաջին անգամ Գամսախուրդիայի իշխանության գալու ժամանակաշրջանն էր, երբ կային ակնկալիքներ, որ նորանկախ Վրաստանը կզարգանա ժողովրդավարական սկզբունքների հիման վրա։ Այն ժամանակ ժողովուրդն իսկապես գնաց ու քվեարկեց և հետո ստացավ ճիշտ հակառակ արդյունքը։
Երկրորդ անգամ այդպիսի ակտիվություն դրսևորվեց, երբ Շևարդնաձեն 1990-ականների կեսին վերադարձավ իշխանության։ Այն ժամանակ էլ մարդիկ մտածում էին, որ Վրաստանը լավ ճանաչող փորձառու ղեկավար է վերադարձել իշխանության, ու դրական փոփոխություններ կլինեն։ Բայց այդ հույսերն էլ չարդարացան։ Հիմա Ջավախքում ավանդաբար բնակչությունը պասիվ մասնակցություն է ունենում ընտրություններին, ՏԻՄ ընտրությունների դեպքում որոշակի ակտիվություն լինում է միայն այն տեսանկյունից, որ տեղական խնդիրների լուծումները տեղական իշխանություններից պետք է կախված լինեին։ Սակայն վերջին տարիներին, երբ տեղական իշխանությունների բոլոր իրավասությունները գործնականում անցել են ուժային կառույցներին, որոնք անմիջականորեն ղեկավարվում են Թբիլիսիից, բնակչության մի զգալի զանգված էլ հիասթափված, առհասարակ, չի ուզում գնալ քվեարկության։ Բացի այդ, ՏԻՄ ընտրություններում առաջադրումները կատարվում են միայն կուսակցական սկզբունքով։ Այսինքն, անգամ գյուղխորհրդի անդամ առաջադրվելու համար պետք է լինես որևէ համավրացական կուսակցության անդամ։ Ժամանակին, դրանից ելնելով, առաջացավ «Վիրք» կուսակցության ստեղծման գաղափարը, որպեսզի Ջավախքի հայությունը կարողանա ակտիվորեն մասնակցել տարածաշրջանի կառավարմանը։ Բայց, ինչպես հայտնի է, վրացական իշխանությունները կուսակցությունը չգրանցեցին։
-Ադրբեջանաբնակ շրջաններում նո՞ւյն իրավիճակն է։
-Ասում են` նույնիսկ ավելի վատ։ Հիմա նախկին օրենքն էլ է վերանայվել, և գյուղապետ, գյուղխորհուրդ հասկացություն գոյություն չունի։ Գյուղական բնակավայրերը ղեկավարում են նշանակովի ներկայացուցիչները։ Մառնեուլի ադրբեջանցիները շարունակաբար բողոքում են, որ այնտեղ գյուղերի մեծ մասում գյուղական համայնքները ղեկավարում են տվյալ բնակավայրի հետ ոչ մի կապ չունեցող, դրսից նշանակված մարդիկ, ազգությամբ վրացիներ։
-Ջավախքը դեռևս դրան չի՞ հասել։
-Առայժմ ոչ։ Բայց հայերի ներկայությունն ընդհանուր տարածաշրջանի կառավարման համակարգում նվազում է։ ՈՒժային կառույցներում, դատարաններում, դատախազությունում աշխատող հայերի թվակազմը շարունակում է կրճատվել։ Հայաստանի հետ սահմանի վրա գործող մաքսատանը, օրինակ, բոլոր աշխատողները վրացի են։ Ժամանակին մի հայ էր աշխատում, նրան էլ, կարծեմ, հեռացրել են։
-Այսինքն, նշանակում են Ջավախքի վրացակա՞ն գյուղերի բնակիչներին։
-Ո՛չ։ Ջավախքում 5-6 վրացական գյուղ կա, և բոլորն էլ փոքր գյուղեր են, հիմնականում ոչ ավելի, քան 50 տնտեսություն։ Մինչդեռ նշանակումները կատարվում են տեղացի բնակչության բացարձակ անտեսումով։ Նշանակվում են վրացիներ Թբիլիսիից, Քութայիսից, այլ վայրերից, ովքեր, բնականաբար, նոր աշխատանքի վայր են տեղափոխվում ընտանիքներով։ Փաստորեն, սա էլ դեմոգրաֆիկ փոփոխություն իրականացնելու միջոցի է վերածվել։ Երբ վրացական իշխանությունները շարունակաբար ներկայացնում են, թե Ջավախքում բացառապես սոցիալական բնույթի խնդիրներ են, որոնք առնչվում են ամբողջ Վրաստանին, Դավիթ Ռստակյանը շատ տրամաբանական հարցադրում է առաջ քաշում, թե այդ ինչպե՞ս է, որ սոցիալական վիճակը վատ է, հայերը տարածաշրջանից հեռանում են, բայց վրացիներն ավելանում են։ Տրամաբանական չի, չէ՞, որ վրացին ուզենա վատ վայրում, վատ պայմաններում ապրել։ Երկու հայկական շրջանների ճանապարհային ոստիկանության ամբողջ կազմը հիմա վրացիներ են, որոնք, բնականաբար, հայերեն չեն խոսում։ Հիմա պատկերացրեք, թե ինչպես է հայախոս բնակչությունը նրանց հետ առնչվում կամ բացատրվում։
-Իրենք էլ պատճառաբանում են, որ հայերը պետական լեզուն այդպես էլ սովորել չեն ուզում։
-Ջավախքում վրացերեն չգիտեն օբյեկտիվորեն, որովհետև տարածաշրջանը ԽՍՀՄ-ի տարիներին առանձնահատուկ կարգավիճակ է ունեցել, իբրև սահմանային գոտի։ Դպրոցները եղել են հայկական, վրացերեն առհասարակ չի դասավանդվել։ Անկախության հռչակումից ի վեր էլ վրացական իշխանությունները գործնականում ոչինչ չեն արել, որ բնակչությունը սովորի վրացերեն։ Որովհետև որևէ գյուղ մի ուսուցչուհի ուղարկելով նման խնդիր լուծել հնարավոր չէ, պետական ծրագիր է պետք, իսկ դա չկա։ Վերջին տարիներին կար պայմանավորվածություն Ախալքալաքում հայ-վրացական համատեղ համալսարան բացելու վերաբերյալ, բայց խոսքը խոսք էլ մնաց։ Հիմա ինչպե՞ս կարող է 50-60 տարեկան մարդը վրացերեն սովորել, որ ճանապարհային ոստիկանի կամ, ինչպես իրենք են ասում, պարեկի հետ կարողանա բացատրվել։
-Հիմա մայիսին կայանալիք տեղական ընտրություններից Ջավախքի համար ի՞նչ կարելի է սպասել։
-Դժվար է ասել, դեռ պարզ չէ, թե վրացական ընդդիմությունը, առհասարակ, մասնակցելո՞ւ է այդ ընտրություններին։ Որովհետև կան բոյկոտելու տրամադրություններ։ Եթե անգամ մասնակցեն, ինչպես նշեցի, ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջաններում ընդդիմությունն ավանդաբար պասիվ է, և իշխանությունն է հարցերը լուծում։ Հնարավոր է, որ նախընտրական քարոզչության փուլում ինչ-որ ակտիվություն լինի, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները կգան, միջոցառումներ կանցկացնեն։ Բայց դրանք էլ ավանդաբար սահմանափակվում են ձևական հայտարարություններով, թե բոլորս նույն երկրի քաղաքացիներն ենք, եկեք միասին լավ ապրենք։ Այսինքն` ընդդիմությունն էլ կոնկրետ տեղական խնդիրների հետ կապված որևէ ծրագիր չունի։
Ջավախքի խնդիրները պետք է լուծվեն Հայաստան-Վրաստան միջպետական հարաբերությունների, Հայաստանի որդեգրած ռազմավարության շրջանակներում։ Այդ ռազմավարությունն է, որ Հայաստանը չունի, չկա այդպիսի ծրագիր, թե Հայաստանն ինչպես է պատկերացնում Ջավախքի դերը Վրաստանի հետ հարաբերություններում, իր տարածաշրջանային ռազմավարության մեջ։ Նախկինում գոնե միջխորհրդարանական հանձնաժողով կար, որը կանոնավոր նիստեր էր գումարում, հիմա դա էլ է վերացել։ Օրերս ստեղծվեց Ջավախքի հայության իրավունքների պաշտպանության կազմակերպություն, և այդ միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի բոլոր խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները։ Բոլորի խոսքում կարևորվեց Ջավախքի հայության շահերի պաշտպանությունը, բայց միջխորհրդարանական մակարդակով պաշտոնական կառույց չի գործում հայ-վրացական հարաբերությունների դաշտը կանոնակարգելու համար։ Հայաստանի կառավարությունն էլ, փաստորեն, որևէ գործնական աշխատանք չի տանում այդ ուղղությամբ։
-Ռուսաստանում բնակվող ջավախահայերն օրերս հայտարարություն հրապարակեցին, ուր հնչեցվեց Ջավախքի ինքնավարության պահանջ։ Ինչպե՞ս եք դրան վերաբերվում։
-Եթե Հայաստանում իշխանության գլուխ գտնվող ուժերը չեն ցանկանում, որ ինչ-որ ծայրահեղ դրսևորումներ լինեն, պետք է կանոնավոր աշխատեն վրացական կողմի հետ։ Շատ բնական է, որ մարդիկ մտահոգություններ ունեն։ Մի մասը ոչ լավ կյանքից մեկնել է Ռուսաստան, ուզում է հետ վերադառնալ, բայց տեղում հեռանկար չի տեսնում։ ՈՒրիշներն ուզում են իրենց հարազատներին ինչ-որ բանով օգնել, միջոցներ ունեն և կցանկանային, ասենք, որևէ ձեռնարկություն հիմնել տեղում։ Բայց մտադրությունն իրագործելու լծակներ չկան, որովհետև տեղական իշխանությունների` օրենքով սահմանված լիազորությունները գործնականում անցել են ուժային կառույցներին, որոնք խոչընդոտում են ցանկացած նախաձեռնության, եթե դա թույլ տալու համար Թբիլիսիից հատուկ հրահանգ չկա։ Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորներն անգամ ազատ չեն տեղական խնդիրների շուրջ խոսելու տեսանկյունից։ Երկրի ղեկավարն ասում է` հայ-վրացական հարաբերություններում ամեն ինչ լավ է, իրենք էլ նույնն են կրկնում։
Մինչդեռ խնդիրները բարձրաձայնելով, ուսումնասիրելով, կարգավորման ճանապարհներ առաջարկելով են լուծվում։ Եվ դա միջպետական հարաբերություններում պիտի անի Հայաստանը։ Նախկինում մեզ հաջողվեց թեկուզ քայլ առ քայլ, դժվարությամբ, բայց հասնել վրացական կողմի բանավոր համաձայնությանը, որ Հայաստանը մասնակցի Ջավախքում գոնե հումանիտար ծրագրերի իրականացմանը։ Այդ ծրագրերի շրջանակներում բարձրավոլտ էլեկտրական գիծ կառուցվեց դեպի Ջավախք, դպրոցներ վերանորոգվեցին, առողջապահական հիմնարկներին որոշակի օժանդակություն ցուցաբերվեց։ Որովհետև նախագահների միջև պայմանավորվածություն կար, և վրացական տեղական չինովնիկները գոնե չէին խոչընդոտում այդ ոլորտում իրականացվող Հայաստանի նախաձեռնություններին։ Հիմա այս ամենը չի արվում, Հայաստանի կառավարությունում էլ կոնկրետ ոչ ոք չի զբաղվում Ջավախքով։
-Կարծիքներ կան, որ դա հետևանք է այն բանի, որ Հայաստանն ու Վրաստանը լուրջ տնտեսական ինտեգրացիա չունեն, և Հայաստանը տնտեսական առումով գրավիչ գործընկեր չէ Վրաստանի համար։
-Ընդհանրապես այդ խնդիրը կա։ Բայց ես չէի ասի, թե ընդհանուր շահեր չկան, դրանց իրագործման մեխանիզմները կարգավորված չեն։ Որովհետև Հայաստանի ու Վրաստանի տնտեսական օրենսդրությունն է տարբեր։ Երբ երկու կողմերը քայլեր կձեռնարկեն այդ օրենսդրությունը համապատասխանեցնելու ուղղությամբ, այդ ժամանակ էլ տարածաշրջանը գոնե տնտեսական իմաստով կսկսի լիարժեք ձևավորվել։ Պարզապես Հայաստանը, ամեն ինչից բացի, պետք է իր համար հստակեցնի, թե ինչ դեր ունի Ջավախքն իր ռազմավարական ծրագրերում և հայ-վրացական հարաբերությունների շրջանակում։ Դա նշանակում է ոչ թե միջամտել Վրաստանի ներքին գործերին, այլ ընդամենը պաշտոնական Թբիլիսիի հետ փոխադարձ պայմանավորվածությունների հիմքի վրա պայմաններ ստեղծել, որ հայերի, իբրև ազգային փոքրամասնության, տարրական իրավունքները Վրաստանում լինեն պաշտպանված։ Այդքանը միանգամայն բավարար է Ջավախքը հայ-վրացական հարաբերություններում կայունացնող գործոն դարձնելու համար, ինչը նշանակում է, որ Հայաստան-Վրաստան հարաբերություններն էլ նորմալ ու կայուն կզարգանան։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1405

Մեկնաբանություններ