ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կալանավորել մարդկանց, ում մեղքն ապացուցված չէ, որոնք չեն գործել քրեական հանցանք, անմեղության կանխավարկածի մեծ խախտում է

Կալանավորել մարդկանց, ում մեղքն ապացուցված չէ, որոնք չեն գործել քրեական հանցանք, անմեղության կանխավարկածի մեծ խախտում է
04.08.2023 | 21:54

(ԽՍՀՄ և Հայաստանի ժողովրդական արտիստ ՎԼԱԴԻՄԻՐ ՍՊԻՎԱԿՈՎԸ բաց նամակով Հայաստանի իշխանություններից պահանջում է փոխել Արմեն և Սերգեյ Սմբատյանների խափանման միջոցը)

Արմեն և Սերգեյ Սմբատյանների կալանավորման և առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպման մեջ մեղադրման վերաբերյալ լուրն ինձ ուղղակի ցնցել է։

Ես խորը վիշտ եմ ապրում և չեմ կարող այն չկիսել իմ շատ սիրելի հայ հանդիսատեսի հետ, որի հետ ես կապված եմ արդեն 40 տարի։ Եվ դա ոչ միայն ստեղծագործական, այլև մարդկային ու բարեկամական կապ է, այդ իսկ պատճառով չեմ կարող լռել օրը ցերեկով տեղի ունեցող անարդարության վերաբերյալ։

Հայ ազգը, ինչպես և Երկրագնդի ցանկացած ազգ իր գոյությունը պահպանում է, աճում և զարգանում է նախ և առաջ սերնդեսերունդ փոխանցվող մշակույթի շնորհիվ։ Արվեստի մարդկանց առաքելությունն է ստեղծել Հայրենիքի վեհ կերպարը։ Իմ աչքի առաջ Սերգեյ Սմբատյանը, որին ես ճանաչել եմ, երբ նա դեռ երեխա էր, փոքրիկ տղայից դարձել է իր հայրենիքի փառքը բարձրացնող լուսավորիչ, հայ մեծ մշակույթի կրող։ Ավելին, զրոյից ստեղծել է հրաշալի սիմֆոնիկ նվագախումբ։ Գոյության 17 տարիների ընթացքում, շնորհիվ իր ղեկավարի երաժշտական և կազմակերպչական տաղանդի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ունեցել է բազմաթիվ համերգներ, փառատոներ, հյուրախաղեր։ Նվագախմբի հետ ելույթ են ունեցել համաշխարհային համբավ ունեցող տասնյակ ականավոր երաժիշտներ։ Մաեստրո Սմբատյանն արդեն երկար տարիներ համաշխարհային ասպարեզում Հայաստանի և նրա մշակույթի գլխավոր քարոզողներից է։ Եվ ես վստահ եմ, որ հայ ունկնդիրը պետք է հպարտանա նման արտիստով։

Իմ ընկերոջ՝ հայտնի հասարակական գործիչ, մարդասեր, իրական հայրենասեր Արմեն Սմբատյանի մարդկային և մասնագիտական որակների մասին կարող եմ երկար խոսել, բայց կասեմ գլխավոը՝ անգնահատելի է նրա ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում, երբ նա Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն էր։

Երկու խոսք՝ Ֆեմիդայի՝ արդարադատության աստվածուհու մասին։ Ինչպես հայտնի է, նրա աչքերը փակ են ժապավենով։ Փոխաբերությունը հասկանալի է. օրենքի առջև բոլորը հավասար են։ Սակայն… ոչ մի երկրում ոչ ոք չի չեղարկել անմեղության կանխավարկածը։ Եվ պատիժը պետք է համապատասխանի հանցագործությանը։ Արմեն և Սերգեյ Սմբատյանների մեղավորությունն ապացուցված չէ։ Դատարանը դեռ պետք է քննի այս գործը։ Կալանավորել մարդկանց, ում մեղքն ապացուցված չէ, որոնք չեն գործել քրեական հանցանք, ասենք, զինված հարձակում կամ սպանություն, անմեղության կանխավարկածի մեծ խախտում է։ Բոլորին հայտնի է, որ Արմեն և Սերգեյ Սմբատյանները որևէ վտանգ չեն ներկայացնում հայ հասարակությանը։ Ավելին, Սերգեյ Սմբատյանի կալանավորումը բացասական երանգ է հաղորդում և հարվածում աշխարհում հայկական մշակույթի վարկանիշին։ Ինձ համար շատ ծանր է դա գիտակցելը։

Կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր զբաղվում են այս հարցով, մինչև գործի բոլոր հանգամանքների պարզումը փոխել Արմեն և Սերգեյ Սմբատյանների խափանման միջոցը՝ համաձայն բոլոր քաղաքակիրթ պետություններին բնորոշ և աշխարհում գործող մարդասիրական նորմերի ։

Վլադիմիր ՍՊԻՎԱԿՈՎ

Դիտվել է՝ 3160

Մեկնաբանություններ