ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Նա եկավ, որ մնա

Նա եկավ, որ մնա
02.06.2023 | 16:03

2023 թվականի հունիսի 1-ին Լուսինե Զաքարյանի ծննդյան օրն էր և նրա անվան տուն-թանգարանի հիմնադրման 4-րդ տարեդարձը

Լուսինե Զաքարյանը հայ մշակույթի պատմության մեջ երևույթ է: Նա եկավ, որ աշխարհի բեմերում հնչեցնի միջնադարյան հայ հոգևոր երգը: Եվ իր աստվածաշնորհ ձայնով ու երգեցողությամբ նվիրվեց հայ տոհմիկ երաժշտությանը: Ազգին ընծայեց մեր միջնադարյան տաղերն ու շարականները, դարձավ Ազգային զարթոնքի մեծագույն ոգեշնչողներից մեկը: Իր այս առաքելությունն իրականացնելու ճանապարհին նրա հիմնական խորհրդատուն էր անբաժան ընկերը՝ ամուսինը՝ Խորեն Պալյանը, ով հայ հոգևոր երգիչ և մանկավարժ էր, շարականագետ ու ծիսագետ, գրաբարագետ ու ազգային ժառանգության մեծագույն գիտակ և պահապան:

Աշխարհի որ բեմում կամ Սփյուռքի հայկական գաղթօջախներում էլ երգում էր Լուսինե Զաքարյանը, հոգեպես վերածնվում էր հայ մարդը, իսկ օտարը ճանաչում էր ա՛յն ժողովրդին, որը եվրոպական Վերածննդից դեռ մի քանի դար առաջ Գրիգոր Նարեկացու պես հսկա է ծնել: Եվ այս գանձերը նրանք սփռում էին հայ երգեհոնային երաժշտության լեգենդներ Վահագն Ստամբոլցյանի, Պերճ Ժամկոչյանի, Լևոն Աբրահամյանի հետ միասին:

Լուսինե Զաքարյանը ծնվել է 1935 (1937թ.) թվականի հունիսի 1-ին՝ Ջավախքի շրջանի Ախալցխա քաղաքում: Բայց նրա հոգում ամբողջ Հայկական լեռնաշխարհի պատկերն էր՝ մեր Հայրենիքի անցյալը, ներկան և այն ապագան, որ պիտի սնվի մեր մշակութային հզոր ժառանգությունից:

Լուսինե Զաքարյանը քաջածանոթ էր ամբողջ համաշխարհային երաժշտության գանձարանին: Բայց իր կյանքի բոլոր օրերը նվիրեց իր ազգի Մշակույթին: Եվ այս մասին իրենից պահպանված միակ կենդանի հարցազրույցում ասել է.

-Շատ եմ սիրում Բախի, Հենդելի, Մոցարտի և այլ մեծերի ստեղծագործությունները, բայց իմ հոգուն առավել մոտ են մեր միջնադարյան աննման գոհարները և մանավանդ Խորենացու, Նարեկացու, Շնորհալու հոգեզմայլ մեղեդիները։

Ես շատ ուրախ եմ, որ կարողացա մի փոքր բաժին բերել ի նպաստ Կոմիտասի հիմնադրամի, քանի որ այստեղ Կոմիտասի անունը կա։ Կոմիտասն այն հանճարն է, որի առաջ պետք է խոնարհվել։

Այսպես ապրեց հայ հոգևոր երգի առաքյալը՝ Լուսինե Զաքարյանը: Միանգամայն ճիշտ բնորոշում է տվել նրա կյանքին ու գործունեությանը Պարույր Սևակը՝ ասելով.

«Լուսինեն հայ երգարվեստի մեջ նույն դերն ունի, ինչ ճարտարապետության մեջ՝ Թորոս Թորամանյանը»:

Պատմության բոլոր շրջափուլերում, երբ ծանր ու դժվար է եղել, մեր նախնիները ազգի փրկությունը տեսել են մշակույթը պահպանելու մեջ: Եվ ահա 1915 թվականի հունվարին Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը գրում էր «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը, որից ներշնչված ազգի մեկ ուրիշ մեծանուն զավակ՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը հետագայում պետք է գրեր հզոր երաժշտություն:

Շնորհավորում ենք բոլորիս սիրելի Լուսինե Զաքարյանի ծննդյան տարեդարձը: Նա եկավ, որ մնա ժողովրդի սրտում, սերունդների մեջ: Ազգային ինքնաճանաչությունից է սկսվելու մեր նոր վերածննդի ճանապարհը:

Իսկ Լուսինե Զաքարյանը դեպի զարթոնքը տանող ճանապարհներից մեկն է:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ. Գ. ՈՒրախությամբ պետք է նշենք, որ շնորհիվ Խորեն Պալյանի եղբորորդի Րաֆֆի Պալյանի ջանքերի ՝ Երևանի Կողբացի 42/3 հասցեում գտնվող այն բնակարանը, ուր ապրել ու ստեղծագործել են Լուսինե Զաքարյանը և Խորեն Պալյանը, վերածվեց թանգարանի:

Ի դեպ, նշենք, որ Դոկտոր Րաֆֆի Պալյանն ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը: Նա եղել է թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյանի ուսանողը: Բժշկության մեջ իր գիտելիքները խորացրել է ԱՄՆ-ում, ստեղծել է իր հիվանդանոցը և իր ամբողջջանքն ու եռանդը ի սպաս է դրել հորեղբոր՝ Խորեն Պալյանի և Լուսինե Զաքարյանի նվիրական երազանքն իրականություն դարձնելու համար: Փառք ու պատիվ նման հայորդուն, որը թույլ չտվեց Լուսինեի և Խորենի ժառանգությունն անհետ կորչի: Եվ 2016-18 թթ. կատարվեց բնակարանի վերանորոգումը (Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառի և Մշակույթի նախարարության աջակցությամբ):

Իսկ 2019-ի հունիսի 1-ին՝ Լուսինեի ծննդյան օրը բացվեց Լուսինե Զաքարյան

տուն–թանգարանը:

Թանգարանի տնօրեն նշանակվեց Րաֆֆի Պալյանի դասախոս, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, արվեստի սոցիոլոգ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի ամբիոնի, Հայֆա, հայաստանյան մասնաճյուղի վարիչ Սուսաննա Դավթյանը, ով մտերիմ է եղել Խորենի և Լուսինեի հետ՝ 1964 թվականից ի վեր:

Այս չորս տարիների ընթացքում Սուսաննա Դավթյանի ջանքերով թանգարանը փայլել է իր գործունեությամբ՝ վերածվելով հոգևոր-մշակութային կենտրոնի, յուրօրինակ վերնատան: Այցելուների մեծ մասն ընդգծում են Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի հոգևոր ժառանգության սրբորեն պահպանման գործում Սուսաննա Դավթյանի անուրանալի դերը: Այսպես, օրինակ, ացելուներից մեկը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ Ազգային հերոս, պրոֆեսոր, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը բնորոշել է.

«Լուսինե Զաքարյանի անունը հավերժացնող այս թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյանին երախտապարտ ենք ազգովի»:

Շնորհավորում ենք Լուսինե Զաքարյանի երկնային ծնունդը: Շնորհավորում ենք թանգարանի ստեղծման չորս ամյակը և մաղթում արևշատություն, երկարակեցություն, նորանոր բարձունքներ:

Դիտվել է՝ 5359

Մեկնաբանություններ