ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ստվերում մնացած կյանքը (մարդ ում շնորհիվ 5 կարմիր ոսկով փրկվեցին շուրջ 500 որբեր)

Ստվերում մնացած կյանքը (մարդ ում շնորհիվ 5 կարմիր ոսկով փրկվեցին շուրջ 500 որբեր)
21.04.2023 | 10:51

ՓԱՌՆԱԿ ՇԻՇԻԿՅԱՆ (1902, Զեյթուն, Օսմանյան կայսրություն - 1976, Հովտաշատ, Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գործիչ, արդարակյաց, որը Հայոց ցեղասպանությունից հետո սիրիական անապատի արաբական ընտանիքներում գտել և իրենց հայ ինքնությանն է վերադարձրել մոտ 500 հայ որբերի։

1915-ի ապրիլի 10-ից մինչև մայիսի 18-ը Կիլիկիայի հերոսական քաղաք Զեյթունը դատարկվել էր։ Տղամարդկանց ստիպել էին միանալ օսմանյան թուրքական տխրահռչակ «բանվորական ջոկատներին»։
1915թ. զեյթունցիներին ևս քշում էին Դեր Զորի անապատներ:
Թուրքերը Փառնակ Շիշիկյանին ու նրա 4 եղբայրներին իրար hետևից կանգնեցրել էին, որպեսզի հինգին մեկ փամփուշտով սպանեին: Այդպիսով` նրանք փորձում էին խնայել փամփուշտները: Թուրքը 5 անգամ կրակելուց հետո չէր կարողացել սպանել եղբայրներին: Պատմում են, որ դրանից հետո թուրքն ասել էր` «գյավուրօղլու» (հայի ձագեր), և եղբայրներին նետել էին ջուրը: Թուրքը վախեցել էր ու ասել, որ եղբայրների մեջ սատանա կա. որ զարմացել էին, թե ոնց կարող էր 5 փամփուշտից գոնե մեկը նրանց չդիպչել։ Ջուրը նրան ափ էր հանել:
Դեր Զորի ճանապարհին կորցնելով մորը օրեր շարունակ չէր հեռացել նրա դիակի կողքից։ Մերկ վիճակով մոր դիակի կողքին քնած է եղել, երբ անցորդ ձիավորներից մեկը նրան տեսնելով, մոտեցել էր, յափնջին գցել վրան ու իր հետ տարել:
14-ամյա Փառնակին Սիրիայի Դեյր Զորի ճամփին փրկողը շամմառ ցեղի մի քոչվոր արաբ էր, որը դաշույնով փոս փորելուց և Փառնակի մոր մարմինը ավազին հանձնելուց հետո, տղային նստեցրեց ձիուն և տարավ իր տուն։
Երիտասարդ Փառնակը, որն արդեն գիտեր հայերեն, գերմաներեն և թուրքերեն, շուտով սովորեց նաև արաբերեն։ Գառներ և ուղտեր արածացնելուց բացի, Փառնակը, որին վերանվանեցին Էհմեդ էլ Ճեզզա, ցեղակիցներին սովորեցնում էր արաբերեն գրել։ Նա դարձավ բորլորի սիրելին շրջանում՝ իր աշխատասիրության, համեստության և լրջմտության շնորհիվ։
Շուտով, ոչխարներն արածացնելիս, Փառնակն անապատում հանդիպեց տեղի արաբների կողմից որդեգրված բազմաթիվ հայ երեխաների։ Նա հիշեցրեց նրանց իրենց հայկական ծագման մասին և սկսեց գրառել նրանց անուններն ու բնակության վայրերը տետրում։
«Հայրս պատմում էր, թե հայերին ինչպես էին մի տան մեջ լցնում, հետո այն հրդեհում։ Թուրքերն իրենց ոնց էին մի սենյակի մեջ 7 օր պահել: Առանց ջրի ու հացի պահելով` հայերը հող էին ուտում: ՈՒ ստիպված են եղել մի անբուժելի հիվանդ կնոջ մորթել ու միսն ուտել: Հայրս այս մասին առանց հուզմունքի չէր կարողանում պատմել»,-պատմում է Փառնակի դուստրը` Խաթունը:
Հովվության տարիներին էլ արաբ ընտանիքի հայրը որոշում է, որ Փառնակ Շիշիկյանը պետք է ամուսնանա իր աղջկա հետ:Նրանք ամուսնացան, չնայած Փ. Շիշիկյանը դեմ էր այդ կապին:Նրանց ամուսնությունը ձևական բնույթ է ունենում, քանի որ Փառնակը իմացել էր, որ իրենք մի ընտանիքից են, քույր-եղբայր, ու նույնիսկ մի սուր էր դրել անկողնու մեջ: Հետո, բնականաբար, բաժանվում են։
Այնուհետև նա հայ կոշկակարին ցույց տվեց իր տետրը, որտեղ այն բոլոր հայ մանուկների անուններն էին, որոնք անապատում ապրում էին արաբների ընտանիքներում։ Երեխաների մեծ մասը, որոնք մի քանի տարի ապրել էին արաբների ընտանիքներում, չէին հիշում իրենց ծագման մասին և չգիտեին, որ դեռ գոյություն ունեին այլ հայեր։ Բայց Փառնակը հաստատկամ էր՝ չնայած խոչընդոտներին։
Կոշկակար Փանոս Նորաշխարհյանը, որն արաբների ու քրդերի մոտ ապաստանած հայ որբերին որոնող հանձնաժողովի նախագահն էր, ուղղակի ապշել էր։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում հանձնաժողովին դժվարությամբ հաջողվել էր գտնել ընդամենը մեկ-երկու հայ մանուկների, իսկ հիմա Փանոսի առջև դրված էր հայկական անուններով մի ամբողջ տետր։
Իր ցեղի մոտ վերադառնալուց հետո Փառնակը շարունակում էր հայ երեխաների ցուցակները իրար հետևից ուղարկել Հալեպ։ Որոնող հանձնաժողովը հետո գնալու էր անապատը, վճարելու էր հայ մանուկների համար և նրանց բերելու էր Հալեպ կամ Բեյրութ։
Ի վերջո, Սիրիայի կառավարությունը երկու գյուղ հատկացրեց հայերին անապատում։
Որոշ ժամանակ անց Փառնակ Շիշիկյանը, ով արդեն զբաղվում էր առևտրով, դառնում է տեղի մեծահարուստներից մեկը: Հենց այդ ժամանակ էլ նա հանդիպում է գառնարած հայ կնոջը` Մարիցային, ում հետ ամուսնանում է ու անունն էլ փոխում, դարձնում է Սիրանույշ:
Փառնակի չորս արաբ «եղբայրները» տխրեցին, որ նա թողնելու է իրենց և բնակվելու է հայկական նորաստեղծ Թել էլ Պրաք գյուղում։ Նրանք ընտանիքի ունեցվածքը բաժանեցին հինգ մասի։ Փառնակն իր հետ տարավ հարյուր ոչխար, հինգ ուղտ, մի հրացան և տան պիտույքներ։
Փառնակը հարյուրավոր արաբացած հայերի բերեց իրենց գյուղը, նրանց հայկական անուններ տվեց, կազմակերպեց նրանց ամուսնությունները։ Նա երիտասարդների հետ կազմակերպեց հայերի ոսկորների հավաքումը Դեյր Զորից, Ռաքքայից, Եփրատ ու Խաբուր գետերի շրջակայքից և Շեդդեդիեի եղերական քարանձավից, որտեղ ողջակիզել էին հայերին։ Փառնակը հիշատակի արարողություն կազմակերպեց ննջեցյալների հոգիների համար:
Անապատի երկու հայկական գյուղերը շուտով բարգավաճեցին:
1947-ին, երբ Փառնակը տեղեկացավ Խորհրդային Հայաստան վերադառնալու զանգվածային գաղթի մասին, ինքն էլ որոշեց վերադառնալ հայրենիք: Նա թողեց իր ամբողջ ունեցվածքը, բացառությամբ մի բանի՝ իր արաբական ազնվացեղ ձիու, որն էլ Հայաստան ժամանելուն պես նվիրաբերեց ձիաբուծարանին։
Դեր Զորից փրկված, արաբ միջավայրում ապրած մարդը Հայաստանում հաստատվելուց հետո էլ շարունակել էր կրել արաբներին հատուկ զգեստն ու գլխաշորը:
Փառնակի ընտանիքը բնակություն հաստատեց Էջմիածնի մերձակայքում գտնվող Հովտաշատ գյուղում, որտեղ աշխատեց որպես հողագործ։ Նրա կինը՝ Սիրանուշը, ևս հինգ երեխա ունեցավ Հայաստանում։ Սիրանույշի դեմքին կային արաբական դաջվածքներ։
Թեև Փառնակը հարյուրավոր հայ երեխաների էր վերադարձրել, նա միշտ տանջվում էր հարյուրավոր այլ երեխաների համար, որոնց չհաջողվեց գտնել, այդ թվում նաև իր կնոջ՝ Սիրանուշի քրոջը։
Գյուղացիները պատմում են, որ նա բժշկությամբ էր զբաղվում, բոլոր հիվանդներին օգնում էր աղոթքներով, ընդ որում` դա արտասանում էր արաբերեն: Ժողովրդական բժիշկը գիտեր անգամ իր մահվան օրը: «35 տարի միայն բժշկությամբ էր զբաղվել: Ասում էր, որ 35-րդ տարում ինքը կմեռնի: Այդպես էլ եղավ: Հիվանդանոցից նա ինձ ուղարկեց տուն եւ ասաց, որ թաղման պատրաստությունը տեսնեմ»,- հուզմունքով վերհիշում է տիկին Խաթունը` Փառնակ Շիշիկյանի 10 զավակներից մեկը: «ՈՒ նախքան ինձ տուն ուղարկելն ասաց, թե ոնց կազմակերպենք իր թաղումը: Նա խնդրեց, որ իր գերեզմանի մոտ աղբյուր կառուցենք»,- պատմում է տիկին Խաթունը: Զավակներն այդպես էլ վարվեցին` Փառնակ և Սիրանույշ Շիշիկյանների շիրմաքարերի կողքին երկու ցայտաղբյուր դրեցին: «Այս աղբյուրներից ջուր խմելիս մուրազ կպահես..»...
«Էդ մարդն աստվածատուր բժիշկ էր: Իր մոտ մտնելու համար պիտի 3 օր հերթ կանգնեիր, դե էդ էլ դեռ հարց ա` կկարողանայի՞ր մտնել, թե՞ ոչ»,-պատմում էին գյուղացիները, ովքեր Փառնակ Շիշիկյանին կնքել էին «մոլլա» անվամբ: Ըստ գյուղացիների` ժողովրդական բժշկի համբավ ունեցող մարդը բուժում էր ընկնավորությունը, չբերությունը, վախը, և այլ հիվանդություններ: ՈՒ հետաքրքիրն այն է, որ նա այս ամենն անում էր առանց վարձատրվելու ակնկալիքի: Այն սենյակը, որտեղ նա ընդունում էր մարդկանց, այսօր վերածվել է մատուռի. սրբերի լուսանկարների, խաչերի և այլ պարագաների շարքում պահպանվել է նաև «մոլլայի» հագուստը:
Հովտաշատի գերեզմանոցում կանգնած է Փառնակի մահարձանը՝ արաբական տարազով։ Այդ գյուղում 1956-ին Փառնակի կառուցած տունն այժմ թանգարանի է նման, որտեղ ցուցադրվում են նրա հագուստներն ու լուսանկարները:
Նման նվիրյալներից են նաև ուրֆացի Լևոն Յոթնեղբայրյանը և հինգ անձից բաղկացած նրա խումբը։ Նրանք արաբների աջակցությամբ էին հայտնաբերում ու փրկագնում ստրկական վիճակում արաբների տներում պահվող հայ կանանց և որբերին։
Նրանց մասնավորապես սիրիական տարածքում օգնել են Մեքքայի էմիր և շերիֆ Հուսեյն իբն Ալին ու նրա որդին՝ Ֆեյսալ իբն Հուսեյնը։ Հայ նվիրյալների այս խումբը երդվել էր հանուն փրկության առաքելության զոհաբերել ամեն ինչ։

Սերինե ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 5652

Մեկնաբանություններ