ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ատելության անատոմիա

Ատելության անատոմիա
17.02.2022 | 09:36

Սկիզբը՝ այստեղ


Ստալինի հակահայ կեցվածքի շատ պատճառներ են այսօր հրապարակ հանվում: Ամենատարածվածը վրեժխնդրության տարբերակն է: Ռուսական աղբյուրներում բազմաթիվ հղումներ կան այդ վարկածին:

Բերենք երկու օրինակ. 1995 թվականին լույս ընծայած «Բռնապետի դիմանկարը» գրքում ռուս վերլուծաբան Անտոնով-Օվսեյենկոն գրում է. «Ապագա գլխավոր քարտուղարը շատ էր նեղվում ապօրինածնի իր ծագումից, հարուստ կամ անվանի պարոնի անօրինական որդուն վրացիները անվանում են նաբիջվարի, և այդ կարգավիճակը Ստալինին նվաստացնում էր, չարացնում:
Կասկածելի ծագման բեռը Ստալինը կրել է ողջ կյանքում: Մի անգամ՝ 1927 թվականին, ժամանելով Թիֆլիս և կայարանում դիմավորողների մեջ տեսնելով իր մորը, բացականչել է. «Դու՞ էլ ես այստեղ, բոզ»:
Ստալինի առանձնատունը Կոջորում բավական մեծ էր: Զինակիցները հավաքվում էին մեծ սենյակում, որը միանում էր նրա աշխատասենյակին: Այդ օրն այնտեղ էր Վրաստանի կենտգործկոմի նախագահ Ֆիլիպ Մախարաձեն: Տեսնելով իր մորը` Կոբան որոշեց ծաղրել նրան. «Էս ինչ բան է, Ֆիլիպ, դեռ շինու՞մ էս այդ պառավ բոզին»: Մախարաձեն թքեց, շուռ տվեց աթոռը և դուրս եկավ աշխատասենյակից: Մեծ սենյակում, որն այն ժամանակ խճողված էր իրերով, նա ազատություն տվեց իր զգացմունքներին. «Սա ի՞նչ գլխավոր քարտուղար է: Սա ընդամենը անտաշ կինտո է»:


Ստալինը երբեք բաց չի թողել իր մորը հրապարակավ նվաստացնելու առիթը: Վերջին անգամ նա մորը տեսել էր 1935 թվականին, Թիֆլիսում: Եկատերինա Գեորգևնան մահացավ 1937 թվականի ամռանը, 82 տարեկան հասակում: Գլխավոր քարտուղարը չեկավ նրա թաղմանը: Ստալինը, ինչպես պնդում են նրա ծագումնաբանության ջատագովները, հայ է եղել»:
Մեջբերենք նաև մի հատված Ալեքսանդր Լապշինի 1997 թվականին լույս ընծայած «Ճակատագրական գոտեմարտ» գրքից. «Իոսիֆի մայրը` Եկետերինա Գեորգևնա Գելաձեն , որին Քեթո կամ Քեկա էին անվանում, ծնվել և մեծացել է Գորիում` աղքատ հայ ընտանիքում: Ինչու հայ, եթե ազգանունը վրացական է: Գորիում հնուց ի վեր հայեր են ապրել` մինչև իննսուն տոկոս, ժամանակի ընթացքում նրանք վրացականացել են` կորցնելով իրենց լեզուն, սովորույթները, անունն ու ազգանունը: Օրինակ` Մուրադելի (Մուրադյան), Պալիաշվիլի (Պալյան): Քեթոն իր ապրուստը վաստակում էր հարուստների տներում աշխատելով որպես աղախին: Ծառայել է նաև մի հարուստ թիֆլիսահայի` կոշիկի գործարանատեր Ադելխանովի տանը: Նրանից էլ ունեցել է Իոսիֆին:


Չցանկանալով, որ հայտնի դառնա իր կապը սպասուհու հետ, գործարանատերը Քեթոյի համար շտապ ամուսին է գտնում` իր ֆաբրիկայի բանվոր, նույնպես հայ, կոշկակար Վիսարիոն Ջուղաևին, որին պատկառելի գումար է վճարում հղի Քեթոյի հետ ամուսնանալու համար: Այնպես որ, Ստալինը հայ էր, հայեր էին թե' նրա մայրը, թե' հայրը, թե' իսկականը, և թե' դրածոն: Վաղ տարիքից Իոսիֆը մերժված էր, նրա հասակակիցները փողոցով մեկ բղավում էին. «Բոզ Քեթո, բոզ Քեթո: Եվ չէին խաղում նրա հետ»;
Եվս մեկ վկայություն` այս անգամ սկզբաղբյուրը հայ է, պատմաբան Մկրտիչ Ներսիսյանի որդին` Էմին Ներսիսյանը:


«Շատ տարիներ առաջ ծնողներիս հարևանը` ակադեմիկոս Լյուդվիգ Միրզոյանը պատմել է, որ մանուկ Իոսիֆ Ջուղաևին Ցխինվալ քաղաքի հայակական եկեղեցում կնքել է քահանա Սահակ Տեր-Խախանյանցը` Վիկտոր Համբարձումյանի մայրական պապը : Դա հաստատում է այսօր Բյուրականի Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն, աստղաֆիզիկոս Գրիգոր Բրուտյանը: Այդ փաստը չեն ժխտում նաև Համբարձումյանների ընտանիքում, անգամ լրացնում են որոշ մանրամասներ»:


Իր կյանքի այդ շրջանի մասին Ստալինը նախընտրում էր չծավալվել: Կենսագիրներն էլ շատ հպանցիկ էին անդրադառնում առաջնորդի վաղ շրջանի մանկությանը: Խորհրդային ժողովրդին ներկայացված, հենց Ստալինի կողմից հրատարակչություններին հանձնարարելի համարված կենսագրության պաշտոնական տարբերակում մի քանի ժլատ տողով էին ներկայանում այդ տարիները. «Ստալին (Ջուղաշվիլի) Իոսիֆ Վիսարիոնովիչը ծնվել է 1879 թվականի դեկտեմբերի 21-ին Թիֆլիսի նահանգի Գորի քաղաքում: Նրա հայրը` Վիսարիոն Իվանովիչը, ազգությամբ վրացի, ծագումով Թիֆլիսի նահանգի Դիդի-Լիլո գյուղացի էր, զբաղմունքով կոշկակար, հետագայում Թիֆլիսի Ադելխանովի կոշիկի գործարանի բանվոր: Մայրը` Եկատերինա Գեորգևնան, Գամբարեուլի գյուղի ճորտ գյուղացի Գելաձեի ընտանիքից: 1888 թվականի աշնանը Ստալինն ընդունվեց Գորու հոգևոր ուսումնարանը»:
Այսքանը ընդամենը: Այսքանի մեջ չտեղավորվող մանրամասնությունների մասին խոսելը վտանգավոր էր: Անգամ՝ լեգենդար Կամոյի համար:


Ընկերական շրջապատից զուրկ Սոսոյի համար Սիմոնը, թերևս, միակ ընկերն էր, որի հետ լախտի էին խաղում, փող վաստակելու փնտրտուքի մեջ թափառում Գորիի փողոցներում, երբեմն էլ գողություն անում: Սիմոնը այն եզակիներից էր, որ ամեն ինչ գիտեր Սոսոյի և նրա ծնողների մասին: Եվ ահա, տարիներ անց, Լենինի կողմից Կամո կնքված պրոֆեսիոենալ այդ հեղափոխականը, իրականում աներևակայելի համարձակության տեր բախտախնդրի մեկը, 1922 թվականին Թիֆլիսում հեծանվով բախվում է բեռնատարին ու մահանում: Այդ խորհրդավոր պատմության մանրամասնությունները ևս չկան: Վերծանման բանալի կարելի է համարել թիֆլիսցիներին քաջածանոթ կատակը. «Այդ ժամանակ մեր քաղաքում ընդամենը մի բեռնատար կար և ընդամենը մի հեծանիվ…»:


Հայերի հանդեպ Ստալինի անբարյացակամության արմատները փնտրելն այսօր անիմաստ զբաղմունք է, մանավանդ, երբ առանձնապես մեծ պատիվ էլ չէ արյունոտ ձեռքերով և խղճով նման եղկելի մեկին սեփական ազգից համարելը: Վարկածներից յուրաքանչյուրը` ծագումնաբանական վրեժխնդրությունը լինի, վրացական անժխտելի հայամերժությունը, թե պարզապես բոլշևիկյան դաժանության դրսևորումը, թեր ու համոզիչ կողմեր ունի, որոնց մասին ծավալվելը մեր այսօրվա խնդիրը չէ:
Անժխտելին ու իրականը Ռուսաստանի անունից մեր ժողովրդի հանդեպ Ստալինի ու նրա մարդկանց իրագործած լկտի, դաժան ու հետևողական քաղաքական խաղերն էին, որ բախտորոշ եղան մեզ համար: Իր ձեռքում կենտրոնացնելով Խորհրդային Ռուսաստանի արևելյան քաղաքականության բոլոր լծակները՝ Ստալինը հենվում էր իր առաջ քաշած կադրերի վրա: Կովկասում դա Սերգո Օրջոնիկիձեն էր` Ռուսաստանի Կոմկուսի կենտկոմի Կովկասյան բյուրոյի ղեկավարը, կուսակցական և կառավարական բոլոր առանցքային օղակների տնօրինողը:


1920 թվականի հունիսի 8-ին Ստալինի մեկ այլ հայրենակից` Էլիավան ստանում է քեմալական Թուրքիայում Ռուսաստանի դիվանագիտական և զինվորական ներկայացուցչի պաշտոն: Որոշ ժամանակ անց, չնայած Չիչերինի վրդովմունքին, Էլիավային փոխարինեց մեկ այլ վրացի` Մդիվանին, որն իր հովանավոր թուրքամետ ծրագրերն իրագործելու համար խիստ անհրաժեշտ տեղեկություններ էր հայթայթում: Ստալինի այդ դրածոյի մասին Չիչերինը անաչառ կարծիք է հայտնել` «նա շատ հեշտ է թուրքերին տեղի տալիս և վերջին շրջանում այդ պատճատռով շատ անտակտություններ է թույլ տվել»:
Այդ ոլորտում Ստալինի մեկ այլ դրածո` Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը Լենինին գրած իր հաշվետվություններում արդարացնում էր թուրքերի հարձակումը Հայաստանի վրա, գրեթե բառացիորեն կրկնելով այն նույն հիմնավորումները, որ ներկայացնում էր Թուրքիան:


Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին պատմող իր մեծարժեք գրքում մեր հայրենակից, պրոֆեսոր Յուրի Բարսեղովը Ստալինի հայատյացության առաջին դրսևորումը համարում է թուրքահայաստանից ռուսական զորքերի դուրսբերումը:
Ազգությունների գծով Ժողովրդական կոմիսարի պաշտոնում Ստալինը 1917 թվականի դեկտեմբերի 29-ին Լենինի հետ ստորագրեց Ժողկոմխորհի դեկրետը, Թուրքահայաստանի անկախության մասին: Փաստաթուղթը, որ կարծես կոչված պիտի լիներ ոգևորելու հայերին, իրականում Արևմտահայաստանի դամբանականի դեր խաղաց: Որպես հայերի ինքնորոշման ազատ կամքի երաշխիք, այդ դեկրետով որոշվեց ռուսական զորքերը դուրս հանել առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսների գրաված Թուրքահայաստանի տարածքից, իբր հնարավորություն ընձեռելով այդ հողերի պատմականորեն սեփականատեր հայերին տնօրինելու դրանց ճակատագիրը:


Ստալինյան այդ ծրագրի իրականացման համար բոլշևիկները շատ համառ ջանքեր գործադրեցին: Այն որպես պարտադիր իրագործում պահանջող խնդիր ներկայացվեց նախ Ժամանակավոր կառավարությանը, իսկ երբ իրենք իշխանության հասան, առանց ժամանակ կորցնելու իրականացրին: Առաջին աշխարհամարտին մասնակից բոլոր երկրներին կոչ անելով զորքերը դուրս բերել գրավյալ տարածքներից՝ Ռուսաստանը փորձեց օրինակ ծառայել մյուսներին, առաջինն ինքը զորքերը հանելով իր նվաճած տարածքից, հույս ունենալով, որ Գերմանիան և նրա դաշնակիցները կհետևեն իրեն:
Հայերիս անդառնալի, ծանր կորուաստներ պատճառած դավաճանական այդ քայլով, սակայն, Ռուսաստանը հարվածեց նաև ինքն իրեն: Ստորագրելով «խաղաղության պայմանագիր» հորջորջված փաստաթուղթը՝ Ռուսաստանը Արևմտահայաստանից հետո կորցրեց նաև Մերձբալթյան երկրները, ՈՒկրաինան և Ռուսաստանի եվրոպական մասի զգալի մի հատված:
Հայերի դեմ Ստալինի նյութած դավադրության արդյունքում բոլշևիկները հույս ունեին Թուրքահայաստանից հանված զինորական ուժն օգտագործել որպես Կովկասյան հեղափոխության պատվար, սակայն ռուս զինվորների մեծ մասը այդպես էլ հայրենիք չհասավ: Ադրբեջանի Շամխոր կայարանում նրանց թուրքավարի մորթեցին, և նպատակը ոչ այնքան զինամթերքի թալանն էր, ինչպես կատարվածը ներկայացվեց, պարզապես Արևմտահայաստանը սկուտեղի վրա նվեր ստացած թուրքերը չցանկացան, որ մարտերում թրծված ռուսական զորքը հաստատվի Բաքվում:


Ռուսասատանի արևելյան դիվանագիտության փաստացի ուղղորդող Ստալինը չէր կարող չհասկանալ, թե զորքերը
Արևմտահայաստանից դուրս հանելը ինչ հետևանքների կհանգեցնի: Իր վրացի և ադրբեջանցի դրածոներից նա ստույգ տվյալներ ուներ, որ պատերազմական գործողություններից հետո եղեռնից փրկված հայերի բեկորները ձգվում են դեպի պատմական հայրենիք, վերադարձած հայերի օջախները նորից սկսել էին ծխալ հայրական շեմքի ավերակների վրա: Նրանց պաշտպանել էր պետք: Սակայն դրան կոչված քաղաքական ուժը ամենավճռական պահին նրանց դավաճանեց: Ռուսները բարոյական պարտ ունեին հայերի հանդեպ: Թուրքերը հայերին իրենց բնօրրանում բնաջնջեցին` առաջին աշխարհամարտում ռուսական ուժերի դաշնակիցը լինելու մեղադրանքով: Եվ ահա, ստալինյան այն դրույթը, թե այդ հողերից ռուսական զորքերի հետկանչը անհրաժեշտ է «հայերին` կամքի ազատ ընտրության համար», անամոթ սուտ էր:


Հայկ Մարտիրոսյան
(շարունակելի)

Դիտվել է՝ 8774

Մեկնաբանություններ