Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Տնտեսական համաճարակ, որն իր ցնցումների և վնասների առումով չի խնայում ո՛չ զարգացած, ո՛չ զարգացող երկրներին

Տնտեսական համաճարակ, որն իր ցնցումների և վնասների առումով չի խնայում ո՛չ զարգացած, ո՛չ զարգացող երկրներին
23.06.2009 | 00:00

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՐԻՊԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
Հայտնի է, որ տնտեսագետները չունեն իրենց «Հիպոկրատի երդումը»: Թեև դրա փոխարեն կարելի էր կիրառել ավելի պարզ` սեփական երկրին, նրա հող ու ջրին հավատարիմ ծառայելու երդումը, սակայն ամեն ինչ բովանդակազուրկ կլինի, եթե չկա բուն պատասխանատվության զգացումը: Միգուցե սովորական օրերին կարելի էր լռել, սակայն տնտեսության համատարած անկման պայմաններում հենց այս զգացումն է դրդել լրջորեն մտահոգվելու ստեղծված իրավիճակով և ներկայացնելու ստորև բերվող վերլուծությունը (հրապարակումների շարքը): Այս առումով պատահական չի ընտրված տնտեսության համեմատությունն առաջին հայացքից բոլորովին այլ ոլորտի` բժշկության հետ:

ԵՎ ԱՅՍՊԵՍ, ՀԻՎԱՆԴԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ինչպես համաշխարհային ֆինանսական ճգնաժամի, այնպես էլ Հայաստանում դրա առաջին իսկ հետևանքների ի հայտ գալուն պես տնտեսության պատասխանատուներն ու տնտեսագետները սկսեցին միանգամից խոսել տնտեսության առողջացման մասին: Տնտեսության բժիշկները կարծես մոռացան, որ ցանկացած հիվանդության բուժումը սկսվում է ճիշտ ախտաճանաչումից (diagnosis): Առանց դրա, տրվող ցանկացած դեղամիջոց կարող է, բուժելու փոխարեն, ավելի խորացնել հիվանդությունը:
Հայտնի և անհայտ փորձագետների, ինչպես նաև պետությունների ղեկավարների հրապարակային գրեթե բոլոր ելույթներում ախտաճանաչման փոխարեն հիմնականում տեղ է գտնում իրադարձությունների ժամանակագրությունը: Լավագույն դեպքում խոսվում է հետևանքների և դրանց բացասական ազդեցությունների մասին: Ոմանք նույնիսկ համարձակ կանխատեսումներ են ներկայացնում` առանց տեղյակ լինելու, թե ինչից է այս ամենը սկսվել և ինչ ընթացք կարող է ունենալ: Մինչդեռ ախտաճանաչումը միայն կարող է տնտեսագիտական լուրջ եզրահանգումների, գնահատականների, վերլուծության և կանխատեսումների իրական հիմք հանդիսանալ:
ԴԻԱԳՆՈՍՏԻԿԱ
Տնտեսագիտական ախտաճանաչման (դիագնոստիկայի) մեր մոտեցումները հիմնված են տարածքային, հիմնահարցային և երևութային գործոնների վրա:
Եթե ընդունում ենք, որ ֆինանսական շուկան, բանկային համակարգը և ապրանքային բորսաները տնտեսության սիրտն են, ապա պետք է փորձենք ուսումնասիրել տնտեսության արյունատար անոթների վիճակը` մազանոթներից մինչև սիրտը սնուցող զարկերակն ու սրտամկանները: Շուկայական տնտեսության պայմաններում դա նույնն է, ինչ հետազոտել ներքին շուկան, տարածաշրջանային գործընթացները և համաշխարհային տնտեսության զարգացումները: Այլ խոսքով, ախտաճանաչման տարածքային գործոնն այս պարագայում թույլ է տալիս վերլուծել ճգնաժամ ծնող պատճառները ոչ թե մեկուսի, այլ միմյանց հետ փոխկապակցված` միաժամանակ հնարավորություն ընձեռելով գնահատել յուրաքանչյուր ենթագործոնի (տեղական, տարածաշրջանային, գլոբալ) դերը հիվանդության առաջացման և տարածման հարցում: Ի դեպ, այս հիվանդությունը, որն արագ տարածվել է աշխարհում, պայմանականորեն կարելի է անվանել նաև տնտեսական համաճարակ, որն իր ցնցումների և վնասների առումով չի խնայում ո՛չ զարգացած, ո՛չ զարգացող երկրներին:
Դանդաղել են ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաև համաշխարհային տնտեսության աճի տեմպերը: Եթե 2007-ին գրանցվել էր մոտ 5 % տնտեսական աճ, ապա 2008-ի ավարտին այն կազմեց 3,2 %: 2009 թ. աճի փոխարեն կգրանցվի 0,5-1 % անկում: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այս երկրի տնտեսությունը, իրոք, անմխիթար վիճակում է: Ներկայումս ԱՄՆ-ի պետական պարտքը գերազանցել է 11 տրիլիոն դոլարը, իսկ ռեզերվները հավասարվել են զրոյի: Միակ միջոցը, որքան էլ դա անցանկալի է սղաճի տեսանկյունից, փողի նոր էմիսիան է և պետական պարտատոմսերի թողարկումն ու վաճառքը:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԸ` ՃԳՆԱԺԱՄԸ
Մեր համոզմամբ, տնտեսական համաճարակի առաջացման հարցում միաժամանակ առկա են տարածքային բոլոր երեք գործոնները:
Գլոբալ առումով, ճգնաժամի պատճառների ողջ համախմբից անհրաժեշտ է առանձնացնել ամենահիմնականները:
Նախ, զարգացած երկրները, կոչ անելով զարգացող և անցումային փուլում գտնվող երկրներին ազատականացնել իրենց տնտեսությունները, ներառյալ ներքին և արտաքին առևտրի ոլորտները, իրենք շատ հաճախ կոպտորեն խախտում են խաղի կանոնները և պետական հովանավորչությամբ, արտաքին առևտրի լայնամասշտաբ սուբսիդավորմամբ անհավասար պայմաններ են ստեղծում մրցակցության համար: ՈՒստի խոսքը ոչ թե ազատ, այլ արդար մրցակցության մասին է: Հետևանքը լինում է այն, որ մեծ հարված է հասցվում մրցունակությանը թե՛ զարգացած, թե՛ զարգացող երկրներում, քանի որ զարգացած երկրներում սուբսիդավորված ապրանքները հեռանում են բնական մրցունակությունից և չեն կարող գոյատևել առանց պետության աջակցության, իսկ զարգացող երկրներում, ուր պետական բյուջեների սուղ միջոցները թույլ չեն տալիս նման սուբսիդավորում իրականացնել, կորչում են մրցակցային առավելություններն իրացնելու բոլոր հնարավորությունները, և անկում է ապրում տեղական արտադրությունը: Սա, թերևս, կարելի է համարել գլոբալ ամենամեծ տնտեսական հակասությունը, որը չի կարող չհանգեցնել համաշխարհային տնտեսական ճգնաժամի:
Երկրորդ, զարգացող երկրների ապրանքների արհեստական մրցունակության պահպանմանն ուղղվող ֆինանսավորումը կատարվում է աղքատության, սովի և սոցիալական այլ խնդիրների հաշվին: Մի կողմից` կրճատվում են սոցիալական ծախսերը, մյուս կողմից` ավելանում են սուբսիդավորման գումարները: Միայն Եվրամիության անդամ երկրներում մեկ գլուխ կովին բաժին հասնող սուբսիդիաներն ավելին են, քան, ասենք, Ռուսաստանում մեկ գյուղացու միջին տարեկան եկամուտները: Սա է նաև պատճառը, որ 1996 թ. Հռոմի գագաթաժողովի ժամանակ աշխարհի բոլոր պետությունների (առաջին հերթին` զարգացած) ստանձնած պարտավորություններն առ այն, որ մինչև 2015-ը պետք է աղքատությունն աշխարհում կրճատել առնվազն կիսով չափ, այդպես էլ չեն կատարվում: Ավելին, աղքատների և սոված մարդկանց թիվն աշխարհում ոչ թե կրճատվում, այլ աճում է:
Երրորդ, սկսած 1964-ից, երբ զարգացող երկրների պահանջով հիմնադրվեց և սկսեց գործել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը (UNCTAD), օրակարգային հարց դարձավ միջազգային նոր տնտեսակարգի ձևավորումը: Այդ մասին խոսեց նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը 2009 թ. Դավոսի համաժողովի ընթացքում: Սակայն որևէ լուրջ տեղաշարժ նույնպես չի արձանագրվում: Իրականում անտեսվում է զարգացող երկրների դերը համաշխարհային տնտեսական գործընթացներում` նրանց մատնելով որոշակի մեկուսացման: Ինչ վերաբերում է նման երկրներին ֆինանսական միջոցներ տրամադրելուն, ապա առկա է այն միտումը, որ այդ միջոցներն ուղղվեն հիմնականում սոցիալական բնույթի ծրագրերի ֆինանսավորմանը և ոչ երբևէ` տեղական արտադրությունների կայացմանն ու զարգացմանն աջակցելուն: Բնականաբար, զրկված լինելով պատրաստի արտադրանք ստանալու իրական հնարավորություններից, զարգացող երկրները, ի վերջո, դառնում են զարգացած աշխարհի հանքահումքային կցորդը: Իսկ սա, իր հերթին, խախտում է բոլոր տնտեսական համամասնությունները և, ի վերջո, բերում տնտեսական ծանր հետևանքների թե՛ զարգացող, թե՛ զարգացած երկրներում:
Տարածաշրջանային մակարդակով ճգնաժամի պատճառները հիմնականում բացատրվում են տնտեսական ինտեգրացման բացակայությամբ կամ դրա թերի բնույթով: Աշխարհի բոլոր մայրցամաքներում տարածաշրջանային ինտեգրացման բոլոր փորձերը հանգում են ազատ առևտրի գոտու կամ, լավագույն դեպքում, մաքսային միության ձևավորման: Հյուսիսամերիկյան ազատ առևտրի գոտին իր ստեղծման պահից մինչ օրս չի վերաճել անգամ մաքսային միության: Նույնը կարելի է ասել թե՛ Հարավ-արևելյան Ասիայի երկրների տնտեսական ինտեգրացման, թե՛ ԱՊՀ և թե՛ Լատինական Ամերիկայի նման գործընթացների վերաբերյալ: Տարածաշրջանային ինտեգրացման առումով միակ բացառությունը, թերևս, Եվրամիությունն է, որը թևակոխել է տարածաշրջանային ինտեգրման վերջին տնտեսական և քաղաքական միության կայացման փուլը: Այսուամենայնիվ, մրցակցության ծավալման առումով այստեղ առկա է որոշակի մեկուսացում արտաքին աշխարհից, որը պայմանավորված է ապրանքների և ծառայությունների հանդեպ ԵՄ անդամ երկրների ներսում առաջնահերթ պահանջարկի ձևավորման և այլ երկրների` նման ապրանքներից հրաժարվելու համընդհանուր միտումով: Սա, իր հերթին, սահմանափակում է այլ երկրների` ԵՄ շուկայում իրենց ապրանքներն ու ծառայություններն իրացնելու հնարավորությունները:
Այսպիսով, տարածաշրջանային ինտեգրացման հնարավորություններն աշխարհում խիստ սահմանափակ են: Երկրների մեծ մասն այսօր առևտրատնտեսական գործընկերներ է որոնում հեռավոր արտերկրում, մինչդեռ որևէ երկիր չի կարող հավակնել համաշխարհային տնտեսությունում լիարժեք ինտեգրացվելուն, եթե նրան չի հաջողվել հասնել տնտեսական ինտեգրացման բարձր մակարդակի` սեփական տարածաշրջանում:
Միաժամանակ, տարբեր տարածաշրջաններում, ներառյալ` ԱՊՀ-ում և ՍԾՏՀ-ում (Սևծովյան տնտեսական համագործակցություն), ինտեգրացման գործընթացները հիմնականում քաղաքականացված են և պայմանավորված հիմնական դերակատարների երկկողմ դաշնակցային շահերով: Սա ևս առողջ միտում չի կարող դիտվել և հանգեցնում է իրական տնտեսական համագործակցության վիժեցման:
Տեղական շուկայում ճգնաժամի բաղադրիչներն առկա էին մինչև համաշխարհային տնտեսական աղետը: Հիմնականում անմրցունակ տնտեսության գոյության պատճառները պետք է որոնել մենաշնորհների առաջացման և տնտեսության մեջ դրանց բարձր տեսակարար կշռի մեջ: Կարևոր է հաշվի առնել նաև ստվերային տնտեսության մակարդակը, որը թույլ չի տալիս հաշվառելի դարձնել ազգային տնտեսությունը և իրականացնել համապետական նշանակության ռազմավարական ծրագրեր` տնտեսական կողմնորոշիչների բացակայության պայմաններում: Տնտեսական սպառնալիքների շարքում իրենց էական տեղն ունեն նաև կոռուպցիան, ինչպես նաև ֆինանսական անվտանգության, ֆինանսա-բանկային անվտանգության, ներդրումային անվտանգության, արդյունաբերական անվտանգության, պարենային անվտանգության, սոցիալական անվտանգության և տնտեսական անվտանգության այլ ոլորտների ապահովման մյուս իրական սպառնալիքները: Ընդհանուր առմամբ, տեղական շուկայի վրա ազդում են կառավարելի և անկառավարելի գործոններ, որոնք պարարտ հող են ստեղծում տնտեսական ճգնաժամի համար: Եթե այս ամենին հավելենք նաև արտահանման համեմատ ներմուծման ծավալների շեշտակի ավելացումն ու առևտրային հաշվեկշռի բացասական սալդոյի աննախադեպ աճը, ապա պարզ կդառնա, թե ինչու և ինչպես համաշխարհային ֆինանսական ճգնաժամը կարող է ազդել ազգային տնտեսության վրա:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 4025

Մեկնաբանություններ