ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԷԻՆ ԿԵՐՏՈՒՄ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԷԻՆ ԿԵՐՏՈՒՄ
16.10.2009 | 00:00

Բուրսայի ստադիոնի մերձակայքում կատարյալ սոդոմ-գոմոր էր։ Դարի իրադարձության՝ հայ-թուրքական արձանագրությունների անմիջական շարունակություն ֆուտբոլային խաղը շարժել էր, բառիս բուն իմաստով, տիեզերքի հետաքրքրությունը։ Մոտ երկու հազար լրագրող կար հենց այդ «մերձակայքում»։ Եվրոպական գրեթե բոլոր երկրներից, մի հսկա թիմ՝ ԱՄՆ-ից, ոչ պակաս թիմ՝ Ադրբեջանից, հարյուրավոր տեսախցիկներ շարվել դրսում, բոլոր լրագրողները խելագար ռիթմով «ստենդ ափ» էին անում, խոսում, աղմկում, մի խոսքով, շունը տիրոջը չէր ճանաչում:
Թեև դա ամենևին չէր արդարացնում այն վերաբերմունքը, որին արժանացավ հայ լրագրողների համայնքն այդ օրը՝ «ներսից և դրսից»: Քարահարվելու մասին՝ ասինք: Տիկին Գյուլի՝ նախագահներին անձամբ ուտեստներ ուղարկելու մասին՝ նույնպես…
Հա, ապրի տիկին Գյուլը, ու ամենևին պրոբլեմ չկա, որ լրագրողների «ուտեստների» մասին ոչ ոք չէր մտածել՝ ո՛չ հայկական, ո՛չ թրքական կողմը։ Այդպես էլ է պատահում, կարևորը մնացածները ողջ-առողջ ու կուշտ լինեն, իսկ Բուրսա գնացած լրագրողներն այցի ողջ ընթացքում կանգնած մնացին փողոցում։ Դե, անվտանգության պատը ջարդելու մասին, մի կես ժամ Սերժ Սարգսյանին սպասող, «հայ» ու ժպտերես Գյուլի մասին էլ կարծես ասինք:
Ի դեպ, այդ ժամանակ Հայաստանի նախագահը գնացել էր մեր ֆուտբոլիստների հետ հանդիպման: Ինչքան մեզ հաջողվեց ճշտել` նրանց «դուխ» էր տվել, ասել էր՝ կարևորը հաղթանակը չէ։ «Եվ սա ես ասում եմ նաև ամեն անգամ շախմատիստների հետ հանդիպման ժամանակ (է՜, ասում ես, էլի, բա էդ ե՞րբ է շախմատային գերտերություն Հայաստանս սովորելու թիմային խաղ խաղալ, թիմային մշակույթ ձեռք բերել, հը՞), այլ գեղեցիկ, կազմակերպված խաղը. լավ խաղացեք, ինչպիսի խաղ ցույց տվեցիք Իսպանիայի հավաքականի հետ խաղալիս»:
Վերջը։ Գյուլը միջանցքում «լոթի-փոթի» սպասում էր իր հայ պաշտոնակցին, մոտեցավ, ձեռքով-ջիգյարով բարևեց մեր նախագահի լուսանկարչին՝ Մարտինին, ու էդպես՝ գոհունակ կանգնեց-սպասեց:
Մյուս կողմից երևաց Դավուդօղլուն։ Կներեք, բայց նա նույն՝ արձանագրությունների ժամանակվա «փիսոյաժպիտով» էլի ժպտում, շուրջն էր նայում:
Գյուլի ԵՄ հարցերով խորհրդականը մեզ հետ զրույցում հարցին` ի՞նչ է կարծում, կվավերացնի՞ հոկտեմբերի 21-ին Թուրքիայի խորհրդարանն արձանագրությունները, սրտաբուխ ծիծաղեց ու թե՝ «մենք այդ հարցերով չենք խոսում»: Իսկ շո՞ւտ կանդամակցեք ԵՄ-ին, հարցրինք: «Հուսով եմ, որ շուտ կստացվի՝ կախված նրանից, թե ինչ արագությամբ կկարողանանք մեր տնային աշխատանքը կատարել»: Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այսօր հրապարակված ԵՄ զեկույցին` շարունակեցինք։ «Զեկույցը բավականին բալանսավորված էր և արձանագրում էր՝ ինչ է արել Թուրքիան, ինչ չի արել»,- ասաց:
Սերժ Սարգսյանն արդեն եկել էր: Երկու «ռեսով» լրագրողները մտան, նկարեցին, տեսան` ինչպես են «նոն ստոպ» տարբերակով միմյանց բարևում չհարևան-հարևանացող երկրների ղեկավարներն ու՝ կրկին փողոց, դեպ անհայտություն (ի դեպ, մեր կազմակերպիչներն էլ՝ ոչինչ, լրագրողների մի մասին գաղտնի, «կուզեկուզ», թե` մնացեք, կարող է նախագահները հայտարարություն անեն, ձայնագրեք, իսկ մյուսներին «սամասվալ» արեցին Աթաթուրքի ստադիոնի մերձակայքում): Հայտարարություն չեղավ, բայց ուշ գիշերն անց հայ լրագրողների համար «ասքեց» արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ներքին օգտագործման համար, իսկ արտասահմանցի լրատվամիջոցների համար ոտքի վրա ասուլիս էին տվել երկու նախագահները:
Այդ «ասուլիսում» Գյուլի մի միտքը մեզ շատ հետաքրքիր թվաց. «Մենք ոչ թե հետևում ենք պատմությանը, այլ ինքներս ենք պատմությունը կերտում»:
Վատ չի ասված:
Իսկ մենք՝ հայ լրագրողներս, արդեն իսկ «կերտվում» էինք Աթաթուրքի ստադիոնի մոտ։ Նախ` պարզվեց, որ մեր «բաջերը» պատրաստ չեն (թուրքական կողմի մեղքով), կրկին հավաքեցին անձնագրերը, տևական ժամանակ հետո ստադիոն մտնելու տոմսեր տվին, հետն էլ՝ բաջեր: Տողերիս հեղինակի «բաջը» ման եկան, չգտան, հետո մի ընդհանրական «բաջանոցից» հանեցին տվեցին, ու բոլորով արագ նետվեցինք դուրս։ Շտապում էինք, համ էլ նախագահներն արդեն եկան:
Եվ, ուրեմն, պարոնայք, տեսնել էր պետք, թե անվտանգության ինչ միջոցառումներ էին անցկացվում երկու երկրների նախագահների «դվիժենիի» ժամանակ` իսկական ռազմական օպերացիաներ։ Հսկա «ջիպերի» բոլոր դռները բաց՝ անվտանգության ամերիկյան դպրոցն անցած, պրոնատօյական կեցվածքով տղաներն ու աղջիկները բաց դռներից հասակով մեկ կանգնած՝ «պուլիմյոտով», ավտոմատով՝ դրանք պատրաստ վիճակում պահած, դեռ մեքենաները չկանգնած՝ դուրս էին թռչում, անվտանգության մի շարք այլ աշխատակիցներ (ըստ ամենայնի՝ սնայպերներ) էլ միջուկային արագությամբ կանգնում էին նրանց առաջ ու արծվի հայացքով վերև-աջ-ձախ-վերև էին նայում (հա, ի դեպ, էդ «Ալմիրա» հյուրանոցի երկնքում այնքան ագռավ կար, այնքան ագռավ, որ թվում էր, թե մեր Ազգային ժողովի բակում ենք):
Եվ, ընդհանրապես, ձեռքդ տանում էիր դեպ պայուսակդ, «տղերքի» արծվի հայացքը գամվում էր պայուսակիդ, միացնում էիր ձայնագրիչը, «արծիվները» մտնում էին ձայնագրիչիդ մեջ, օպերատորներից մեկը կռացել-նկարում էր, իրենք էլ կռացել-նայում էին նրան:
Երբ նախագահները մտան ստադիոն, ստադիոնի երկինքը մեկ էլ ճերմակեց ու ճախրեց. հարյուրավոր աղավնիներ էին բաց թողնվել երկինք՝ հենց ստադիոնից, որպես ցանկալի և սպասվելիք խաղաղության նշան:
Իսկ երբ արդեն ինքնաթիռում էինք ու վերադառնում էինք Հայաստան, «բաջը» վզիցս հանեցի, որ որպես հուշ պահեմ, նայեցի՝ վրան իմ անվան փոխարեն գրված էր՝ Բասիմ Մոհաբիր…
Էսպես «կերտվեցինք»՝ «չհետևելով» պատմությանը՝ Թուրքիա կատարած մեկօրյա այցի ընթացքում:
Բոլոր դեպքերում՝ պատմական օրվա:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Բուրսա-Երևան

Դիտվել է՝ 1637

Մեկնաբանություններ