Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

ՄԵՐՈՆՔ և ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ «ԱԵՐՈՖԼՈՏ»-ՈՒՄ

ՄԵՐՈՆՔ և ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ «ԱԵՐՈՖԼՈՏ»-ՈՒՄ
15.03.2011 | 00:00

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում վերջերս կազմակերպված շախմատի «Աերոֆլոտ օփեն» փառատոնի գլխավոր մրցավարը հոլանդացի Հերտ Իյսենն էր, իսկ նրա տեղակալի պարտականությունները վստահվել էին երևանցի ԱՇՈՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ, որն A մրցաշարի գլխավոր մրցավարն էր: Նա հետաքրքիր բաներ պատմեց փառատոնի, այս ստուգատեսին մասնակցած հայ մարզիկների, նաև ադրբեջանցի շախմատիստների մասին: Պարզվում է, որ մրցաշարը դեռ չսկսված` կազմակերպիչներին զարմացրել է ադրբեջանցի մասնակիցներից մեկի վերաբերմունքը: Բանն այն է, որ մրցավայր դարձած «Իզմայլովո» հյուրանոցային համալիրում մասնակիցները տեղավորվել են ըստ իրենց վճարած գումարների: Եվ այնպես է ստացվել, որ Հայաստանի ներկայացուցիչ, 21-ամյա Սարգիս Մանուկյանը միայնակ է հայտնվել երկտեղանոց համարում: Փաստորեն, մեկ տեղ ազատ է մնացել: Եվ քանի որ անհրաժեշտ էր նրա հետ ևս մեկ մնացող գտնել, ապա առաջարկ է արվել, որ ընկերակցի սահմանակից երկրի պատանի մեկ շախմատիստ: Հավելենք, որ Սարգիսը հսկայի է նմանվում և կշռում է շուրջ 150 կգ: Դա է երկյուղի պատճառ դարձել, թե մեկ այլ բան, սակայն ադրբեջանցու հայրը մեծ աղմուկ է բարձրացրել: Նա իր վրդովմունքն է հայտնել, որ մի՞թե չեն հասկանում, որ մեկ սենյակում բացառվում է տեղավորել երկու պետությունների ներկայացուցիչների, այն դեպքում, երբ նրանց երկրները միմյանց հետ պատերազմել են և ներկայումս էլ հակամարտող կողմեր են համարվում: Զուր են կազմակերպիչները ջանքեր թափել, փորձել համոզել, որ գուցե պատանիները միմյանց հետ բնակվելով` մոտենան, իրար ավելի բարյացակամ աչքերով նայեն: Ասվել է նաև, որ «Աերոֆլոտ օփենի» երկարամյա պատմության ընթացքում նախկինում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչ շախմատիստների միջև ոչ մի անցանկալի միջադեպ չի գրանցվել, սակայն դա էլ չի օգնել: Ադրբեջանական կողմը մնացել է անդրդվելի, հարցը չի լուծվել: Եվ քանի որ վճարվել էր երկտեղանոց համարում մնալու համար, միակ տարբերակն այն է լինում, որ Ադրբեջանի ներկայացուցիչը հավելյալ մուծում կատարի, որպեսզի իրեն մեկտեղանոց համար տրամադրվի: Փաստորեն, Մանուկյանի զբաղեցրած կացարանում մեկ տեղ այդպես էլ ազատ է մնում: Եվ այդ բացը լրացնելու համար կազմակերպիչներն այլ ելք չունենալով` համաձայնում են, որ զեղչով տեղավորվի Մանուել Պետրոսյանը, որը վերջին պահին էր որոշել իջևանել հյուրանոցում: Փաստորեն, Ադրբեջանի ներկայացուցչի այդ վերաբերմունքից օգտվում է արցախցի 12-ամյա շախմատիստը:
Հետաքրքիր էր նաև իմանալ, թե մրցավարական աշխատանքի ժամանակ Վարդապետյանն ադրբեջանցի շախմատիստների հետ ունեցած շփումների ընթացքում ինչպիսի՞ վերաբերմունքի է արժանացել: Փորձառու մասնագետը նշեց, որ նախկինում քանիցս սպասարկել է միջազգային խոշորամասշտաբ ստուգատեսներ, որոնց մասնակցել են նաև Ադրբեջանի ներկայացուցիչները, և արտասովոր ոչ մի բան չի նկատել: Ավելին, երբ նրանք որևէ խնդիր են ունեցել, առաջին հերթին իրեն են դիմել, ոչ թե այլ մրցավարների, և ինքն էլ իր հերթին, հնարավորության սահմաններում, փորձել է աջակցել նրանց: Բայց այս անգամ նրան զարմացրել է ադրբեջանցի շախմատիստների սառը վերաբերմունքը: «Նրանք երբ հանդիպում էին ինձ, աշխատում էին չնկատել, կամ էլ, գլխի թեթև շարժումով բարևելով, արագորեն հեռանում էին: Բացառություն էր միայն մի երիտասարդ շախմատիստ, որը խաղասրահ մտնելով առաջինն ինձ էր մոտենում և բարևում: Նկատվում էր, որ ադրբեջանցի այդ խաղացողին միայն շախմատն է հետաքրքրում և ուրիշ ոչինչ: Իսկ պատճառը, թերևս, այն է, որ Ադրբեջանում ներկայումս մեծ քարոզչություն կա, աշխատում են երիտասարդներին թշնամաբար տրամադրել Հայաստանի, բոլոր հայերի հանդեպ: Իսկ դա ցավալի է, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած հակամարտությունը ժամանակի ընթացքում կկարգավորվի, իսկ դուռ-դրկից պետությունների ժողովուրդների միջև թշնամությունը կմնա»,- ասաց Վարդապետյանը: Նա ուշագրավ մի միջադեպի մասին պատմեց: Մրցաշարի վերջին օրը մրցավայր է եկել Ադրբեջանի առաջատար շախմատիստը` Շահրիար Մամեդյարովը, որպեսզի մասնակցի փառատոնի ավարտից հետո կայանալիք շախմատի կայծակնային մրցաշարին, որում խաղարկվելու էին աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգրեր: Ի դեպ, Մամեդյարովը դարձել էր այդ մրցաշարի հաղթող: «Շահրիարը, տեսնելով ինձ, մոտեցավ և ժպտադեմ ձեռքով բարևեց, իսկ նրան ուղեկցող մյուս ադրբեջանցի շախմատիստները, որոնք մինչ այդ խուսափում էին ինձ բարևելուց, ամաչելով, նրա օրինակին հետևեցին: Փաստը խոսուն է և վկայում է այն մասին, որ ադրբեջանցիների հին սերունդն իրեն ավելի հավասարակշռված է պահում, իսկ երիտասարդներին այնպիսի ատելություն են ներարկում, որ նրանք նույնիսկ չեն էլ մտածում իրենց քաղաքակիրթ պահելու մասին»,- ասաց Վարդապետյանը:
Ի դեպ, նա տարօրինակ մի եղելության էլ անդրադարձավ: Պարզվում է, որ այդ ստուգատեսը թեև Մոսկվայում է անցկացվել, սակայն շախմատի Ռուսաստանի կազմակերպության ղեկավար անձնակազմի ներկայացուցիչներն այդպես էլ անհրաժեշտ չեն համարել ներկա գտնվել:
Միայն կայծակնային մրցաշարի օրը, մրցավարների խնդրանքով, Ռուսաստանի մեկ ներկայացուցիչ է եկել, որպեսզի կնքի նորմաների լրացման փաստաթղթերը: Շախմատային ոչ մի հայտնի անձնավորություն փառատոնի անցկացման օրերին չի երևացել: Ինքնին հասկանալի է, որ ռուսական շախմատում ներկայումս տարաձայնություններ կան, և դա է պատճառը, որ այդ երկրի շախմատը ղեկավարում է դիտորդական խորհուրդը, որը գլխավորում է Անատոլի Դվորկովիչը, որը Շախմատի միջազգային ֆեդերացիայի ընտրություններում պաշտպանում էր ՖԻԴԵ-ի ներկայիս նախագահ Կիրսան Իլյումժինովի թեկնածությունը: Նա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի խորհրդականն է էկոնոմիկայի գծով և մեծ լծակներ ունի: Իսկ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախկին գործադիր տնօրեն Ալեքսանդր Բախը, որն «Աերոֆլոտ օփեն» մրցաշարի հիմնադիրը և նախաձեռնողն է, պաշտպանում էր Անատոլի Կարպովին: Այդ ընտրություններն անցյալում են, սակայն մի շարք խնդիրներ մնացել են: «Աերոֆլոտի» հիմնական կազմակերպիչը Բախն է: Նա շախմատի ֆեդերացիաների միջազգային ընկերակցության նախագահն է: Հայաստանի շախմատի ֆեդերացիան ևս այդ կազմակերպության անդամ է: Ի դեպ, այդ օրերին Բախը հարցազրույցի ժամանակ ասել էր, թե կասկածում է, որ հաջորդ տարի փառատոնը կկայանա: Նա ցանկանում էր, որ շախմատիստներն իրենք այդ մասին տեսակետ հայտնեն: Եվ տարբեր կայքերում արձագանք եղավ, որ «Աերոֆլոտ օփենը» պետք է շարունակվի:
Թեև փառատոնի B և C մրցաշարերում հաղթեցին Տիգրան Քոթանջյանը և Դավիթ Շահինյանը, սակայն սպասելիքները չարդարացրին գլխավոր` A մրցաշարին մասնակցած Հայաստանի ներկայացուցիչները: Սերգեյ Մովսիսյանը, որից ամենամեծ սպասելիքները կային, վաստակած 5 միավորով զբաղեցրեց միայն 26-րդ տեղը: Տիգրան Պետրոսյանը (5,5) և Ավետիք Գրիգորյանը (4,5) գրավեցին 16-րդ և 35-րդ տեղերը: Միջազգային մրցավարը կատարվածին այսպիսի գնահատական տվեց. «Այդ ստուգատեսի A մրցաշարը շվեյցարական մրցակարգով անցկացվող աշխարհի ամենաուժեղ մրցաշարն է: 86 մասնակիցներից 5-ն ունեին 2700-ից բարձր վարկանիշ, շուրջ չորս տասնյակի վարկանիշը 2600-ից բարձր էր: Իսկ ցածր վարկանիշ ունեցողների թվում էր աշխարհի նախկին չեմպիոնուհի Ալեքսանդրա Կոստենյուկը: Այսինքն, խաղամակարդակը շատ բարձր էր: Եվ ցանկացած կես միավորը դժվարությամբ էր տրվում: Պետրոսյանը բարձրացրեց իր վարկանիշը 19 կետով, իսկ Գրիգորյանը` 11: Տիգրանը ստացավ 750 եվրո: Միշտ էլ կարելի է ավելին սպասել, բայց այս պարագայում ավելին անել կարող էր միայն Մովսիսյանը, սակայն նա լավ մարզավիճակում չէր կամ էլ հոգնած էր»: Եվ քանի որ տարաբնույթ խոսակցությունները շատ են, որ գլխավոր մրցաշարում երկրորդ տարին անընդմեջ հաղթում է վիետնամցի Լե Քուանգ Լիմը, մրցավարը, անդրադառնալով այդ թեմային, կատարվածը պատահական չհամարեց: «Նա 19 տարեկան է, և ես մի քանի անգամ եմ սպասարկել այն մրցաշարերը, որոնցում խաղացել է այդ շախմատիստը: 2007-ին Խանտի Մանսիյսկում անցկացված նոկաուտ համակարգով աշխարհի առաջնության ժամանակ վիետնամցին մասնագետների ուշադրության կենտրոնում հայտնվեց` բարձր խաղամակարդակ ցուցադրելով: Նրան սկսեցին մեծ ապագա գուշակել: Ոմանք այն կարծիքին են, որ Լե Քուանգը անցյալ տարի Մոսկվայում անսպասելիորեն է հաղթել, սակայն վիետնամցին հաստատեց, որ բարձր կարգ ունի: Այդ հաջողության շնորհիվ նա իրավունք էր ստացել խաղալու Դորտմունդում կազմակերպվող գերհզոր մրցաշարում, մինչև վերջին տուրը հավակնում էր զբաղեցնելու առաջին տեղը, սակայն ի վերջո հանգրվանեց երկրորդ հորիզոնականում: Այս տարվա հաղթանակը ցույց տվեց, որ այդ պատանի շախմատիստը ոչ միայն շատ ուժեղ է, այլև կայուն խաղ է ցուցադրում»:
Հայաստանից կայծակնային մրցաշարին 6 խաղացող մասնակցեց, սակայն նրանցից միայն մեկը լավ արդյունք ցույց տվեց: Տիգրան Պետրոսյանի բախտն ուղղակի նախավերջին տուրում չբերեց այն առումով, որ մրցակիցն ամերիկացի Գատա Կամսկին էր, և երկու պարտիայում էլ պարտվեց: Ինչևէ, կայծակնային շախմատի աշխարհի ներկայիս չեմպիոնն Արոյանն է: Մինչդեռ Հայաստանից այդ ստուգատեսի եզրափակիչում խաղալու ուղեգիր նվաճող Մոսկվայում չեղավ: «Հնարավո՞ր է, որ եզրափակիչում մասնակից չունենանք» հարցին Վարդապետյանը պատասխանեց. «Կայծակնային շախմատի աշխարհի առաջնության կազմակերպման ընդհանուր պատկերը պարզ չէ: Բանն այն է, որ վերջին տարիներին աշխարհի առաջնությունն անցկացվում էր Մոսկվայում կազմակերպվող Միխայիլ Տալի հուշամրցաշարից հետո: Այս տարի դեռևս Շախմատի միջազգային ֆեդերացիան չի որոշել, թե որտեղ է անցկացվելու աշխարհի առաջնությունը: Ռուսաստանի ներկայացուցիչները դարձյալ ցանկություն ունեն հյուրընկալելու այդ ստուգատեսի մասնակիցներին, սակայն ՖԻԴԵ-ն դեռ չի վճռել, թե այն որտեղ է կազմակերպվելու: Քանի դեռ այսպիսի իրավիճակ է, ապա հայտնի չէ, թե ովքեր կմասնակցեն: Սակայն Լևոն Արոնյանի կարգի շախմատիստին ցանկացած մրցաշարի կազմակերպիչ հրավեր է ուղարկում»:
Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2118

Մեկնաբանություններ