ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ռայկոմական ինքնակառավարում

Ռայկոմական ինքնակառավարում
05.09.2008 | 00:00

ՉԵՆՔ ԿԱՅԱՆՈՒՄ, էԼԻ
Արարատյան դաշտի մարզերի բազմաթիվ համայնքներում վերջին մեկ տարվա մեր հանդիպումները լուրջ մտորումների տեղիք տվեցին: Համայնքապետերի հետ քննարկում էինք տեղական ինքնակառավարմանը վերաբերող հարցեր և ցավով արձանագրեցինք, որ համայնքապետերի մեծ մասը տեղական ինքնակառավարման վիճակի մասին հրապարակային ասելիք չունի:
Շուրջ 30 հանդիպումներում ընդամենը երեք դեպք եղավ, երբ համայնքապետը պաշտոնապես ասաց այն, ինչ իրականում մտածում է տեղական ինքնակառավարման ինստիտուտի կայացման ընթացքի, խանգարող հանգամանքների և ընդհանրապես ամեն ինչի մասին: Ընդ որում, երեքն էլ կուսակցական էին. երկուսը՝ դաշնակցական, մեկը` հանրապետական: Դժվար է ասել՝ զուտ պատահականությո՞ւն էր, թե՞ ոչ, խիստ քննադատաբար տրամադրված համայնքապետերը դաշնակցականներ էին, որ գրեթե նույն միտքն էին պնդում, թե վաղուց ժամանակն է «համայնքապետարաններն ազատելու մարզպետարանների ճիրանային վերահսկողությունից» (արտահայտությունն իրենցն է): «Տեղական ինքնակառավարման օրենքը բավականին լուրջ լիազորություններ է տալիս տեղական մարմիններին, այնինչ իրականությունը բոլորովին այլ է: Գործարքներ կատարելու՝ օրենքով նախատեսված իրավունքը խլված է գյուղապետարանից: Գյուղապետը որոշում է կայացնում, որը պարտադիր քննարկվում է մարզպետարանի իրավաբանական վարչությունում: Ինչո՞ւ: Բյուջեով որոշակի աշխատանքների համար գումար է նախատեսվում, բայց առանց մարզպետի համաձայնության հնարավոր չէ դա կիրարկել: Դա չի՞ նշանակում, որ ամեն ինչ ձևական է: Գյուղապետարաններն այսօր ավագ հարկահավաքներ են: Տեղական ինքնակառավարումը, բացի հարկահավաքությունից, ուրիշ ոչ մի լծակ, իրավունք չունի: Օրենքով իբր կա, իրականում ոչինչ էլ չկա: Գյուղացին հողը վաճառում է, գրանցում, համապատասխան բոլոր ձևակերպումներն անում են, և միայն ամիսներ անց, տարեվերջին հարկերը հավաքելիս պարզվում է, որ այդ հողը վաճառված է առանց գյուղապետարանի գիտության: Դա այն դեպքում, երբ վաճառողը հողի հարկի գծով բավականին լուրջ պարտքեր ունի, երբ կադաստրը պետք է նախօրոք գյուղապետարանից համապատասխան տեղեկանքներ ստանար»,- ասաց համայնքապետերից մեկը:
Հաջորդ զրուցակիցս էլ շեշտեց, թե գյուղապետարանները, փաստորեն, զրկված են բոլոր իրավունքներից։
«Ընդամենը տեղեկանք տվող ենք: Եթե հողի հարկերը չտալու պատճառով երբեմն տեղեկանք էլ չենք տալիս, գյուղացիներն ասում են. «Բա ձեր գործի անունն ի՞նչ է»: Եթե գյուղապետարանը խմելու և ոռոգման ջրի հարց չի կարողանում լուծել, գազի, նոտարի հարց չի կարողանում լուծել, հոսանքի հետ կապ չունի, ինչի՞ հետ կապ ունի: Ես ինչի՞ համար եմ ընտրվել, ի՞նչ եմ անում այստեղ: Եթե 5-6 տարի է` բյուջեն շարունակաբար 100%-ով կատարում եմ, «Մերսեդես» մեքենա կվարեմ, թե «Զապորոժեց», դա իմ ու համայնքի լուծելիք խնդիրն է: Հարցը մեքենան չէ, և ես էլ մեքենայի կռիվ չեմ անում: Հարցը սկզբունքային է: Այլ է, երբ դոտացիայի գումարներով մեքենա են առնում, ինչը հաճախ է արվում: Միջոցներս լավ են, մեքենա եմ առել: Արի ու տես, որ սրտներով չէ: Դա ի՞նչ է նշանակում, իմ գործերին խառնվո՞ւմ են, թե՞ ոչ: Իհարկե, խառնվում են: Օրենքով սահմանված կարգով ինձ աշխատավարձ եք նշանակել: Մարզպետարանում նշված գումարը փոքրացնում են, թե «ուզում ես մարզպետի չափ աշխատավա՞րձ ստանալ»: Իսկ ինչո՞ւ չպետք է ստանամ, եթե օրենքը թույլ է տալիս: Եթե օրենքը չպետք է գործի, ինչո՞ւ են ընդունում, եթե ընդունել են, ինչո՞ւ չեն հարգում»:
Ի տարբերություն դաշնակցական պաշտոնակիցների, հանրապետական համայնքապետն ընդգծեց, որ այդ առումով ամեն ինչ նորմալ է: «Մեր գործունեության թափանցիկությունը վերահսկվում է մարզպետարանի կողմից, և այս հարաբերություններն ավելի խորհրդատվական բնույթի են: Մարզպետարանն ընդամենը խորհրդատվական ֆունկցիա է իրականացնում, ինչը նույնիսկ լավ է: Մեզ հրավիրում են մեր բյուջեների քննարկումներին, ուղղություններ ու խորհուրդներ են տալիս: Եվ եթե մեկին էլ ասում են, որ բյուջեում ունեցածդ 10 մլն դրամից 4 միլիոնը մի հատկացրու ծառայողական մեքենա գնելուն, ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում: Բանն այն է, որ համայնքի ղեկավարը միանձնյա որոշում կայացնելու իրավունք ունի, բայց և, վերջիններիս սխալվելու հավանականությունը շատ մեծ է, քանզի նրանցից շատ-շատերն անգամ տեղական ինքնակառավարում հասկացությունը չեն պատկերացնում: Օրենքը թույլ է տալիս, բայց սխալվելը կարող է քրեորեն հետապնդելի լինել»: Զրուցակիցս, տեղյակ լինելով տեղական ինքնակառավարման օրենսդրությանը, մյուսների գաղտնի ու բացահայտ դժգոհությունը բացատրեց օրենքների վատ իմացությամբ, ինչպես նաև շատ համայնքապետերի որոշակի նկրտումներով: Ինչևէ: Քիչ «շեղվելով բուն նյութից»՝ նշեմ, որ ոչ վաղ անցյալում տեղական ինքնակառավարմանը վերաբերող հրապարակային քննարկման ժամանակ արված ռեպլիկին, թե շատ գյուղերում հարկերի հավաքագրումը չի անցնում 30-40%-ից, մինչդեռ համայնքապետերը ծառայողական մեքենա են գնում, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան պաշտոնյան բացատրեց, որ դա անհրաժեշտություն է, քանի որ տեղական ինքնակառավարման հեղինակության տեսակետից վերաբերմունք է ձևավորում: Թերևս, վերաբերմունք ձևավորելու մղումով է, որ 100 տնտեսություն ունեցող համայնքի ղեկավարը ծառայողական մեքենա ունի, որի սպասարկման վրա է ծախսվում հավաքագրած հարկերի գրեթե կեսը: Սա՝ ի միջի այլոց:
Ժամանակին համայնքապետերի կրթական ցենզի առնչությամբ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը պնդում էր, որ համայնքապետը պետք է պարտադիր բարձրագույն կրթություն ունենա: Մինչդեռ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը դրան հակադարձում էր, որ մի կողմից դա կլինի մարդու իրավունքների սահմանափակում, մյուս կողմից` տեղիք կտա կեղծ դիպլոմների զանգվածային վաճառքի: Երկուսն էլ ճիշտ էին: Մինչդեռ այսօր երևի թե մեծամասնություն են այն համայնքապետերը, որ «գիր ու գրականության», առավել ևս օրենքների ու ենթաօրենսդրական ակտերի հետ, մեղմ ասած, «գլուխ չունեն»: Բնականաբար, «զուտ խորհրդատվական կարգով», սրանց փոխարեն բոլոր փոքրիշատե լուրջ հարցերը կարգավորվում են մարզպետարանում: Դա էլ հանգեցրել է նրան, որ գյուղերից մեկում տասնյակ ընտանիքներ տարիներով խմելու ջուր չեն ունեցել, բոլորը գիտեն այդ մասին, իսկ ջրային տնտեսությունը հսկայական պարտքեր է «ջարդել» վերջիններիս վրա և 2007-ին դատի տվել մարդկանց ու դատը «շահել՝ դատական նիստին վերջիններիս ներկա չլինելու պարագայում»: Հիմա այս մարդկանցից հարյուր հազարներով գումարներ են բռնագանձում: Նույն սկզբունքով Արարատի մարզի որոշ գյուղերում մի քանի տասնյակ մարդկանց (մի գյուղում ավելի քան 100-ին, առավելապես թոշակառուների) միանգամից, մի դատական նիստում «դատել են» ոռոգման ջրի «պարտքի» համար: Ընդ որում, պարտքը հաստատող ոչ մի փաստաթուղթ գոյություն չունի: Իսկ գյուղապետերը լռում են: Թերևս պատճառներից մեկն էլ շատ ու շատ գյուղապետերի «պատրաստվածությունն» է, որ (կան, իհարկե, շատ ինտելեկտուալներ նույնպես, որոնց ներողամտությունն եմ հայցում) մարզպետարան-գյուղապետարան խիստ ուղղահայաց հարաբերություններն այլևս կարծրացել են, ու նման պայմաններում առաջիկա մի քանի տասնամյակում տեղական ինքնակառավարում ասվածն ավելին, քան այսօր կա, լինել չի կարող: Հատկապես որ օրենքի բարեհաճությամբ համայնքապետը կարող է վերընտրվելու հայտ ներկայացնել՝ որքան ցանկանա: Իհարկե, խնդիրը միայն այս հարթությունում չէ: Բայց սա, թերևս, կարևորագույն հանգույցներից է: Իսկ ընդհանրապես լուրջ խնդիրները բազմաթիվ են: Համայնքապետերին իբրև հակակշիռ է ավագանու ինստիտուտը, որի գոյությունը, սակայն, շատ համայնքներում հասցված է զավեշտի աստիճանի: «Ի՞նչ ավագանի,- անկեղծացավ գյուղապետերից մեկը:- Երեք անգամ իմ գրպանից 4-5 հոգու համար 10-հազարական դրամ եմ մուծել, որ թեկնածու դառնան: 9 տեղի համար հազիվ 4-5-ին ենք համոզում: Թե դա ինչ է, իրենց չի էլ հետաքրքրում, պարզապես մարդկային առումով ընդառաջում են խնդրանքիս, պայմանով, որ «նիստ-միստի կանչել չլինի»: Նիստերին վերաբերող արձանագրություններն էլ ուղարկում ենք, որ տանը ստորագրեն: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ ավագանու նիստերին վերաբերող բոլոր արձանագրությունները գրված են կոկիկ ու միանման, իսկ քվեարկություններն անցնում են միաձայն»:
Այսպես «միաձայն» ու «համերաշխ» էլ ապրում են մեր հայրենակիցներն իրենց համայնքներում, և բոլորովին էլ զարմանալի չէ, որ «առանձին վերցրած գրեթե յուրաքանչյուր համայնքում տեղական ինքնակառավարումը կայացել է», իսկ իրականում գործ ունենք ինքնակառավարման բավական ինքնատիպ մի մոդելի հետ, որը շատ էլ չի տարբերվում խորհրդային շրջանի ռայկոմական կառավարումից։
Նարեկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5603

Մեկնաբանություններ