ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-48

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-48
07.06.2024 | 14:57

(սկիզբը` այստեղ)

Վլադիմիր Պուտինը դատաստանի օրվա մասին նախազգուշացում է արել՝ մեկնաբանելով Արևմուտքի գործողությունները: Ամերիկյան «New York Post» թերթը ՌԴ նախագահի այն խոսքերում, թե Մոսկվան կարող է պատասխանել Ռուսաստանի տարածքին արևմտյան զենքով ՈՒկրաինայի Զինված ուժերի հարվածներին, ահեղ նախազգուշացում են տեսել դատաստանի օրվա մասին: Պարբերականի կարծիքով, Ռուսաստանի ղեկավարն այդպիսով ակնարկել է Մոսկվայի կողմից միջուկային զենքի օգտագործման մասին։

«Աշխարհի վերջի մասին նրա նախազգուշացումը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ- ն ու Գերմանիան ՈՒկրաինային կանաչ լույս են տվել Ռուսաստանի տարածքում որոշ թիրախներ խոցելու նպատակով իրենց մատակարարած զենքի օգտագործման համար»,- գրել է «New York Post»- ը:

Ավելի վաղ ԱՄՆ բանակի պաշտոնաթող փոխգնդապետ Դենիել Դևիսը հայտարարել էր, որ Պուտինի այն խոսքերին, թե Ռուսաստանը կպատասխանի արևմտյան զենքով ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակումներին, պետք է լուրջ վերաբերվել: Նրա կարծիքով, ռիսկը, որ Մոսկվան կպատասխանի, մեծանում է:

Հունիսի 5-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում համաշխարհային լրատվական գործակալությունների գլխավոր խմբագիրների հետ հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է զենք փոխանցել այն պետություններին, որտեղից կարող են հարվածներ հասցվել Կիևին զենք մատակարարող երկրներին: Նա նաև ընդգծել է, որ Մոսկվայի պատասխանը կարող է ասիմետրիկ լինել:

Թերևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Կիևին զենք մատակարարող հիմնական երկրներն են ԱՄՆ- ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան… Պուտինի խոսքը, առաջին հերթին, հենց նրանց մասին է: Գաղտնիք չէ նաև, թե որ պետություններում կարող է հայտնվել ռուսական զենքը վերոնշյալ նպատակով: Իհարկե, այն երկրներում, որոնք մեր օրերում համարձակվում են խփել ամերիկյան և կոալիցիոն ռազմաբազաներին, նրանց նավերին, այսինքն՝ Եմենում, ինչպես նաև Իրաքում և Սիրիայում շիա կազմավորումների տրամադրության տակ:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է վերոնշյալ նպատակով որոշ երկրների զենք մատակարարելու մասին Պուտինի չափազանց պարզ խոսքերին: Նա հավաստել է, որ արևմտյան պետությունների կողմից Ռուսաստանին հարվածելու համար ՈՒկրաինային զենք մատակարարելու հետևանքներն «անպայման կլինեն»:

«Այս թեզը շատ ու շատ թափանցիկորեն խոսում է այն մասին, որ սպառազինությունների մատակարարումները, որոնք կհարվածեն, չեն կարող անհետևանք մնալ»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն արևմտյան պետությունների հակառակորդներին զենքի հնարավոր ասիմետրիկ մատակարարման մասին:

Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը չի մանրամասնել այն տարածաշրջանները կամ երկրները, որտեղ Մոսկվան կարող է զենք ուղարկել:

«Այստեղ ամեն ինչ շատ պարզ է, ուստի դա ինչ-որ ընդլայնման կարիք չունի»,- ասել Է Պեսկովը և քիչ անց հավելել.

«Եթե ինչ-որ մեկը հնարավոր է համարում նման զենք մատակարարել ռազմական գործողությունների գոտի՝ մեր տարածքին հարվածելու և մեզ համար խնդիրներ ստեղծելու համար, ապա ինչու՞ մենք իրավունք չունենք մեր նույն դասի զենքը մատակարարել աշխարհի այն տարածաշրջաններին, որտեղից հարվածներ կհասցվեն այն երկրների զգայուն օբյեկտներին, որոնք դա անում են Ռուսաստանի նկատմամբ,- հարցրեց պետության ղեկավարը: Նրա խոսքով՝ նման պատասխանը «կարող է ասիմետրիկ լինել»»։

Ըստ Պեսկովի, ՌԴ նախագահը խոսել է մի իրավիճակից բխող վտանգի մասին, երբ պատերազմող կողմին զենք մատակարարող պետությունները նաև կառավարում են դրա կիրառումը:

Ելնելով Պուտինի և Պեսկովի ասածներից, առաջիկայում ամենևին չպետք է զարմանալ, եթե Եմենի տարածքից ռուսական զենքով ամերիկյան, բրիտանական և արևմտյան նավեր խորտակեն հենց Ռուսաստանից այնտեղ գնացած զինվորականները կամ մասնագետները, Սիրիայում, Իրաքում, Միջերկրական ծովում ամերիկյան ռազմաբազաների, նավերի, ինքնաթիռների վրա հարվածային ԱԹՍ- ներ, հրթիռներ ուղղեն դարձյալ նրանք, այսինքն՝ վարվեն ճիշտ այնպես, ինչպես ՈՒկրաինայից վարվում է Արևմուտքը ՌԴ-ի դեմ:

Մայիսի վերջին ԱՄՆ-ը և Գերմանիան ՈՒկրաինային թույլ տվեցին ամերիկյան և գերմանական զենքերով հարվածներ հասցնել Ռուսաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքին: Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը մինչ այդ դա մերժող Բեռլինի դիրքորոշման փոփոխությունը բացատրել է «փոփոխվող իրավիճակին ռազմավարական հարմարեցմամբ»: Ինչ խոսք, ցինիզմից պայթող մեկնաբանություն է, պարտությունը, Խարկովի կամ Կիևի մոտալուտ գրավումը տեսնելով և որոշելով ամեն կերպ դա թույլ չտալ, Արևմուտքը կարող է Մոսկվային, Սանկտ Պետերբուրգին հարվածելու ունակ հեռահար ու հզոր միջոցներ կամ նույնիսկ մարտավարական միջուկային զենք տրամադրել ՈՒկրաինային և իր դիրքորոշման փոփոխությունը բացատրել դարձյալ նույն կերպ՝ «փոփոխվող իրավիճակին ռազմավարական հարմարեցմամբ»:

Կրեմլն ընդգծել է, որ ՈՒկրաինայի համար արևմտյան պետությունների սպառազինությունների կիրառման սահմանափակումները վերացնելն անպատասխանատու է, իսկ նման «դիրքորոշումը վտանգավոր է իր հետևանքներով»:

Պենտագոնի նախկին խորհրդական Դուգլաս Մաքգրեգորը X սոցցանցում գրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենից ուղղակիորեն պահանջել է դադարեցնել ՈՒկրաինայի զինված ուժերին զենք մատակարարելը:

«Պուտինը բարձրացնում է խաղադրույքները. նա Բայդենին ուղիղ ասում է, որ դադարեցնի ՈՒկրաինային զենք տալը։ Դա ոչ մի լավ բանով չի ավարտվի»,- նշել է փորձագետը։

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ջո Բայդենից գրավոր պահանջել է դադարեցնել ՈՒկրաինային զենք մատակարարելը, ինչի արդյունքում ռազմական գործողությունները կավարտվեն մի քանի ամսից:

Մոսկվայի համոզմամբ, ՈՒկրաինային սպառազինությունների մատակարարումները ՆԱՏՕ-ի երկրներին ուղղակիորեն ներքաշում են հակամարտության մեջ և հանդիսանում են «կրակի հետ խաղ»: Արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որն ՈՒկրաինայի համար սպառազինություն է պարունակում, Ռուսաստանի համար կդառնա օրինական թիրախ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են հակամարտությանը, այդ թվում ՝ ոչ միայն զենքի մատակարարմամբ, այլև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում և այլ երկրներում կադրերի պատրաստմամբ:

ԱՄՆ նախկին նախագահ և առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Ռուսաստանին արևմտյան զենքով ՈՒկրաինայի հարվածները կապել է Երրորդ համաշխարհային պատերազմի մոտենալու հետ: Աշխարհը շարժվում է դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ, քանի որ վերջին օրերին ՈՒկրաինան խոսում է Ռուսաստանին հարվածելու մասին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում է միջուկային զենքի մասին, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չգիտի ինչ ասել. այս մասին «Fox News»- ին տված հարցազրույցում հայտարարել է Թրամփը:

ԱՄՆ- ի նախկին նախագահը ներկայիս շրջանն անվանել է ԱՄՆ-ի համար «ամենավտանգավոր ժամանակը»։ Հիշենք, որ Պուտինն ավելի վաղ զգուշացրել էր, որ Արևմուտքի երկրների մասնակցությամբ Ռուսաստանի տարածքին հարվածելը նշանակում է նրանց «ուղղակի մասնակցությունը պատերազմին» Մոսկվայի դեմ, և նա իրեն իրավունք է վերապահում «նույն կերպ գործել»:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 15300

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ