ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Քաղաքականությունն` ընդդեմ արյան գետերի

Քաղաքականությունն` ընդդեմ արյան գետերի
22.04.2024 | 12:03

Սա արդեն քաղաքականություն չէ, սա ՄԵԿ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ։ Ասում է. «Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանն ու Ադբբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ»։ Բա 2018-2019թթ. սեղանի շուրջ լուծեիր Ղարաբաղի հարցը, բա հոկտեմբերի 19-ին սեղանի շուրջ դադարեցնեիր պատերազմը, ո՞վ էր խանգարում, թե՞ խանգարում էին։

ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Վանեցյանը հանրահավաքներից մեկում հարթակից պատմել էր, որ Տավուշում անտառից փայտ կտրողների ցույցի ժամանակ Նիկոլը ուժայիններին ասել էր. «ՈՒզում եմ տեսնել արյան գետեր, սատկացրեք բոլորին»։ Հիմա հանդարտ-սիրուն Տավուշ մեծ աղետ բերվեց։

Միակ ճանապարհը՝ հակադրվել քաղաքականությամբ

Սա իսկապես արդեն քաղաքականություն չէ, ու նաև այն պատճառով, որ «մեծարգոյի» դիմաց քաղաքական համակարգ չկա, որ նրա ձեռքը բռնի։ Մեր դիմադրությունը չի կարելի թողնել մի Սրբազանի, մի խումբ գործիչների ու «300 տավուշցիների» հույսին։ Սա շատ քիչ է։ «300 սպարտացիների» պատմությունը վաղուց էր ու միֆական։ Առանց կազմակերպված քաղաքական համակարգի ո՞նց ենք քաղաքական բովանդակություն տալու մեր պայքարին։ Ո՞նց ենք քաղաքական բովանդակություն տալու հետպատերազմյան փուլին։ Ո՞նց ենք դուրս գալու այս դժոխքից, խուսափելով պատերազմից, չէ՞ որ ՄԵԿ հոգին ու, նրա պասով, ողջ Արևմուտքն ընդունեց, որ դա Ադրբեջան է և վերջ։

Հասել ենք այն կետին, որ, ըստ էության, արդեն քաղաքական կուսակցությունները, գործիչները, խմբակցություններն են ասում՝ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Իրենց վարքագծով և բովանդակությա՜մբ են այդպես ասում։

Եթե մենք պետության պահպանումը չդարձնենք քաղաքական թեմա և չվերածենք քաղաքական պրոցեսի` իր բովանդակությամբ և իր գործիքակազմով, ապա մենք կամ կունենանք պայքարի իմիտացիա (Արցախի շրջափակման ամիսների պես), կամ արկածախնդրություն (դրա նշաններն արդեն կան), կամ լավագույն դեպքում՝ ազնիվ մղումներով գործի տապալում։

Այս վիճակում միակ ուշադրության արժանի և արժեքավոր խոսքը քաղաքական բովանդակությունն է, քաղաքական լուծումների առաջարկը, հարցի քաղաքական շեշտադրումը։ Սուտ է պնդումը, թե առաջնորդներ չկան, դրա պատճառով է այս վիճակը։

Կոնկրետ Տավուշում (կամ Տավուշից) իրական պայքարի մեջ ձևավորվում են լիդերներ՝ Բագրատ Սրբազան, Գառնիկ Դանիելյան, Սուրեն Պետրոսյան և այլոք։ Մեր պայքարը պետք է լինի քաղաքական-համապետական, հարցադրումները և քայլերը պետք է լինեն մաքուր քաղաքական.

1. Այս փաստաթուղթը ծնվել է նենգաբար` այն պահին, երբ Հայաստանում ձևակերպվում էին լուրջ առաջարկներ իրավիճակը շտկելու համար. ինչո՞ւ, ինչպե՞ս։

2. Ունե՞ր արդյոք Մ. Գրիգորյանը լիազորություն` նման թուղթ ստորագրելու։

3. Այս փաստաթուղթը ակնհայտորեն մեկ օրում չի գրվել, և ՀՀ իշխանությունները մինչև վերջին օրը խաբել են ժողովրդին։

4. Այս ԱԺ-ն այլևս ոչինչ չունի քննարկելու, բացառությամբ` Տավուշում ստեղծված իրավիճակի։

5. Հայաստանի քաղաքական դաշտը պետք է ունենա լրջություն` թույլ չտալու Տավուշում «արյան գետեր», որևէ արկածանդրություն, որևէ լոկալ պայքար։ Սա գյուղերի հարց չէ, սա ՀՀ պետականության հարցն է։

6. Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դրել է ծայրահեղ բարդ վիճակում՝ նախապես հայտարարելով, որ այդ տարածքները Ադրբեջանինն են, և այդ փաստն ի գիտություն է ընդունվել միջազգային հանրության կողմից։

7. Անհրաժեշտ է սկսել քաղաքական ինտենսիվ կոնսուլտացիաներ՝ բոլոր ունակ ուժերի, միավորների, անհատների մասնակցությամբ։ Ձևավորել պայքարի լայն ձևաչափ՝ հանրային բոլոր շրջանակների մասնակցությամբ։

8. Այսօր ամենալուրջ քաղաքականությունը ապակուսակցական շարժումն է, որտեղ կբարձրացվեն 1-6 նշված հարցերը, (սրանք շատ կարևոր հարցեր են, շատ բաների վրա լույս սփռող)_ ու հանրությանը կոգևորեն ու կտանեն երկրում քաղաքական խորքային փոփոխությունների։

Ծայրահեղ արկածախնդրություն կլինի պրոցեսի լոկալացումը կամ կենցաղայնացումը՝ Տավուշի խնդիր կամ՝ տավուշցու, Կիրանցի խնդիր՝ կիրանցու, Ոսկեպարի և այլն։ Փաստաթղթի նենգաբար ծնունդը արդեն բոլորիս դրել է ծայրահեղ վտանգավոր վիճակում, միակ ելքը՝ քաղաքական փոփոխություններն են, որոնք կբերեն լարվածության թուլացման՝ երկրի ներսում և երկրի սահմաններին։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1911

Մեկնաբանություններ