Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցել միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, Ջալիլին՝ 7 189 756։ Նախնական արդյունքներով՝ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ, որը կանցկացվի մեկ շաբաթ հետո։               
 

Օտարամոլության պատմությունը սկսվում է նախանցյալ դարի վերջից

Օտարամոլության պատմությունը սկսվում է նախանցյալ դարի վերջից
01.02.2024 | 13:30

Մի միտք, ավելի ճիշտ, բացահայտում կա, որն ինձ հանգիստ չի տալիս տարիներ շարունակ։

Վերջին իրադարձությունները, երբ հենվելով սեփական ուժերի վրա անհնար եղավ լուծել տարրական մարտավարական հարցեր՝ պատվիրել սպուտնիկային լուսանկարներ, համոզել միջազգային գործընկերներին ավելացնել իրենց մոդելներում հայերենը և այլն, վերջին կաթիլը դարձավ այդ խոհականության։

Հիմա պետք է ասեմ կատարյալ համոզմամբ՝ ազգային զարգացման մոդելը խոր փակուղի է մտել իր եվրոպամետ՝ արևմտամետ կամ ռուսամետ ուղղվածություններով։ «Զարգացում» բառը այստեղ ավելորդ է և պետք է առնել չակերտների մեջ։ Այսօր արդեն մենք գործ ունենք կույր ու չգիտակցված միտումների հետ, որոնք տանում են դեպի ինքնաոչնչացում։

Իսկ օտարամոլության այս պատմությունը սկսվում է նախանցյալ դարի վերջից, երբ հայ քաղաքական միտքը, ոգևորված եվրոպական ու ռուսական լուսավորչական՝ հեղափոխական գաղափարներով, խաչ քաշեց ազգային ամենամեծ ինստիտուտի՝ Եկեղեցու վրա ու տրվեց ազատ նավագնացության։

Սարսափելի է անգամ նշել այն խութերը, որոնք հանգեցրին համընդհանուր աղետների և կորուստների։

Ու մինչև օրս էլ այդ կործանարար՝ արդեն սուիցիդիալ ընթացքի մեջ ենք։

Դե նայեք, ինչ ունենք այսօր․

֊ Պետություն, որ մերը չի և կարված է օտարներից վերցված նախագծերով։ Այն իրենից ներկայացնում է նեոգաղութային խղճուկ գոյակցություն։

֊ Կառավարման լիբերալ-դեմոկրատական համակարգ։ Դեմոկրատիան ծնել է ծայրահեղ ու ապասոցիալական պոպուլիզմ, իսկ լիբերալիզմը՝ հլու-հնազանդ ստրուկներ՝ հանձինս այսօրվա բազմահազարանոց պետական չինովնիկների, մտավորականների, գործարարների, որոնք կեղծ ժպիտներով ու սարսափած լուսանկարվում են պիղծերի հետ։

֊ Քաղաքացիական հասարակություն։ «Երախտագիտություն» պիտի հայտնեք այս համակարգին, որը մեքենայի պես ավանդական համայնքներից ատոմացրել է նյութապաշտ, սպառողական, եսակենտրոն տարրեր, որոնք միասին որևէ հասարակական կշիռ չունեն։

֊ Գլոբալ օլիգարխիական ու ֆինանսավաշխառուական տնտեսական համակարգ, որտեղ ազգային ոչնչությունները փայ են մտել համաշխարհային կորպորացիաների հետ։ Արդյունքում՝ օտարներն են կառավարում մեր բաց՝ ոչ կենտրոնացված տնտեսությունն ու ոչ պաշտպանված շուկան։ Կոռուպցիան հենց գլոբալ համակարգից է գալիս և ոչ թե տեղական զզվելի սովորություն է, որի դեմ իբր «կատաղորեն» պայքարում են գունավոր հեղափոխությունները։

֊ «Պռադվինուտի»՝ ապազգային կրթություն և գիտություն։ Ամբողջապես ինտեգրացված գլոբալ համակարգին՝ այս «լոկոմոտիվները» պատրաստում եմ փինաչիներ օտար երկրների համար։ 3 տարի Հայաստանում եմ և խոր հիասթափությամբ եմ նայում այսօրվա ուսանողներին, որոնք բացառապես չեն հասկանում ազգային խնդիրները և ձգտում են ինտեգրվել այդքան բաղձալի գլոբալ համակարգին։ Հնարավոր չէ նրանց ներգրավել հայաստանակենտրոն տեխնոլոգիական առաջադիմության գործընթաց։ Բոլոր այն տեխնոլոգիական գործիքները, որոնք պատրաստել է մեր նախաձեռնությունը, անտեսվում են, որովհետև հայերեն են։ Իրենց կարճ խելքով՝ «ջահելությունը փող չի աշխատելու»։ Նույն հիասթափությունը կա նաև դասավանդողներից։ 2 տարի քարացած ուղեղներին չկարողացանք բացատրել, որ արհեստական բանականության ժամանակաշրջանում օդի ու ջրի նման անհրաժեշտ է տվյալագիտությունը։ Հենց այսօր ահռելի պահանջ կա տվյալագետների, իսկ այդ ժամանակ աղետալի կրճատվում է ծրագրավորողների պահանջարկը։

Սա չէ՞ արդյոք մեր ողբալի ներկան։

Հիմա թվարկեմ, թե ինչ ենք ունեցել մինչև 19-րդ դարի վերջը։

֊ Առևտրա֊տնտեսական համաշխարհային մրցունակ դերակատարություն։ 2 հազարամյակից ավել հայերը իրականացրել և վերահսկել են համաշխարհային գլխավոր առևտուրը, մի կողմից՝ Չինաստանի, Հնդկաստանի, մյուս կողմից՝ Եվրոպայի միջև։ Եվ սա արել են բացառապես ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ:

֊15-րդ դարից սկսած՝ կատաղի մրցակցություն է եղել այս ասպարեզում եվրոպացիների՝ անգլիացիների, պորտուգալացիների և հոլանդացիների հետ։ Դիմակայել ու հաղթահարել են մարտահրավերները։

֊ Վերին աստիճանի կրթված, գիտելիքների ու գիտության հանդեպ ծարավ են ունեցել։ Դարվինիզմի էվոլյուցիոն տեսությամբ դաստիարակվածերը կհակաճառեն, թե ո՞ւր է գիտություն միջնադարում։ Մեր հայրենակիցները կարողացել են յուրացնել, օրինակի համար, նավագնացության բարդ արվեստը, որի տեխնիկական խոհանոցը՝ գիտատեխնիկական մակարդակը, այնքան էլ չի զիջում այսօրվա տիեզերականին։

֊ Տիրապետել են լեզուների և ազատ շրջագայել են մոլորակով մեկ։

֊ Ունեցել են ներքին հաղորդակցության՝ տեղեկությունների, կարևոր լուրերի, որոշումների փոխանակման ֆանտաստիկ արագ միջոց, ինչը փաստում են ժամանակակիցները։

֊ Կարողացել են առևտուր կազմակերպել առանց ժամանակակից հենակների՝ ապահովագրության և այլ ձևականությունների։ Շատ ժամանակ խոսքը հանդիսացել է գործարքների գլխավոր երաշխիք։

֊ Մուտք են ունեցել բոլոր պետական-իշխանական ինստիտուտներ, ատյաններ և իրականացրել են առավելագույն լոբբինգ։

Կարելի է անվերջ թվարկել։

Եվ այս ամենը՝ պետականության բացակայության պայմաններում, մեր ազգային Եկեղեցու հմուտ ու ճկուն ղեկավարմամբ։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 3792

Մեկնաբանություններ