Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Երբ «բանջարը «հանճար» է, հանճարը՝ անճար, ժողովուրդն էլ՝ ճարահատյալ, արի ասեմ այդ ամենի հազար ու մի պատճառ

Երբ «բանջարը «հանճար» է, հանճարը՝ անճար, ժողովուրդն էլ՝ ճարահատյալ, արի ասեմ այդ ամենի հազար ու մի պատճառ
05.08.2023 | 20:39

Կասեք՝ կյանքը շարունակվում է, բա հո չե՞նք նստելու ազգովի տառապենք:

Կասեք՝ հո ազգովի Ղարաբաղի ձեռը կրակը չե՞նք ընկել, որ ամեն ինչից մեզ զրկենք:

Կասեք՝ մեր դարդերը քիչ չեն հիմա էլ ղարաբաղցու դարդը պիտի քաշե՞նք:

Կասեք, բա ի՞նչ կանեք:

Քանի արժեհամակարգը խեղված է, ազգային արժանապատվությունը՝ ստորացված, բարոյականությունն էլ բռնաբարված, ինչ էլ ասես, որ կասեք, մենք էլ՝ կլսենք, կապշենք:

ՈՒ չեք էլ բարեհաճի մտածել, թե իրականում դու՞ք եք ղարաբաղցու ձեռքը կրակն ընկել, թե՞ հակառակը:

Էլ չեմ խոսում տարրական կամ գոնե ձևական ապրումակցման մասին, որը բացակայում է:

Հասել ենք այն ստորին շեմին, երբ մեծամասնությանը չի հուզում անգամ զոհերի, գերիների, անհայտ կորածների մայրերի ու քույրերի ողբը, որ հայը անտարբերությամբ նայում է իր հայրենակիցների հետ տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին, զրկանքներին:

Երբ Արցախում ցեղասպանություն է, հղի կանայք վիժում են, մանկահասակները՝ թերսնվում, երեխաներն ու ծերերը հացի հերթերում սովից ուշաթափվում, երբ դեղորայք ու սնունդ չկա, ու որ ժամերի հաշվարկ է գնում:

Ինչևէ, ու՞մ ինչ խրատ անես կամ հորդորես, ու՞մ ամոթանք տաս կամ խելքի բերես:

Եթե պետական մակարդակով թքած ունեն 120 հազար հայրենակիցների ողբերգական վիճակի, սովամահության, էթնիկ զտման ու ցեղասպանվելու վրա, ապա շարքային մոլորյալ քաղաքացուց ի՞նչ սպասես ու ի՞նչ ակնկալես:

Լինես այն աստիճան լպիրշ քաղքենի, որ այս օրհասական պահին, ընթացքի մեջ գտնվող ցեղասպանության ֆոնին՝ համատարած խրախճանքներ ու «ֆեստիվառներ» կազմակերպես, 23 միլիոն դոլարով ռեփեր բերես, մարդկային հառաչանքներն ու տառապանքներն ամերիկյան հիփ-հոփ-ով խլացնես:

Անշուշտ՝ յուրահատուկ տաղանդ է դրա համար պահանջվում:

Ապազգայինի ունիկալ ձիրք է պահանջվում՝ պատրաստակամ լինելու մնացյալ Արցախը ևս հանձնել թշնամուն, երբ շարքային քաղաքացուդ, օրը ցերեկով Կարմիր Խաչի մեքենայից առևանգում ու Բաքվում շինծու գործով փակում են:

Երբ գիտես, որ անխտիր Արցախի բոլոր տղամարդկանց, ովքեր պարզապես ծառայել են, անգամ պատերազմի մասնակից չեն եղել (էլ չեմ ասում արցախյան պատերազմների մասնակիցների, գործող զինվորականների մասին) սպասվում է նույն ճակատագիրը, քանի որ ադրբեջանցիները նրանց որպես ահաբեկիչներ ու ռազմական հանցագործներ Արցախի ճանապարհներից կձերբակալեն ու Բաքվում կդատեն:

ՈՒնիկալ անինքնասեր ու դեմագոգ պետք է լինես, որ սեփական ժողովրդիդ ասես՝ ես միակ պատասխանատուն եմ բայց ոչ մեղավորը, կամ՝ արի պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի, այն պարագայում, երբ Ալիևը պատերազմում հաղթելն իր կենսագրության կամ գոնե քաղաքական կյանքի առաքելությունն էր համարում, որը նա հաջողությամբ իրագործեց, իսկ հիմա խոսում է հաղթողի դիրքերից՝ բանեցնելով ցանկացած ճնշում ու իր քոչվոր ցեղապետ կարգավիճակով նվաստացնում մի ողջ ազգ:

Անասելի պադոշ պետք է լինես, որ այս աղետի ֆոնին, կառավարության նիստերին հռհռաս, բացահայտ զվարճանք, լիաթոք ուրախություն դրսևորես ու «շուլուխներ» անես:

Համակերպվել ամոթալի պարտության հետ ու վախեցնել ժողովրդին նոր պատերազմով՝ սա է քո որդեգրած քաղաքական ուղեգիծը, ուրիշ ոչինչ:

ՈՒ մեկը չկա ասի, թե ո՛վ ես դու, որ պաշտոնապես հրաժարվես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, Գերագույն Խորհրդի Որոշումից, Սահմանադրությամբ սահմանված անվտանգային երաշխավորություններից ու ստանձնած պարտավորություններից և այդկերպ Արցախը դիտարկես միայն որպես ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի:

Ո՞վ ես դու, որ Արցախը նվիրում ես Ադրբեջանին, մեր հայրենակիցներին էլ թողնում բախտի քմահաճույքին:

Ո՞վ է քեզ թույլ տվել Արցախն ու 8 «անկլավները» ճանաչել որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս:

Ո՞վ է քեզ կամ քո կուսակցությանը Հայաստանի կամ Արցախի որևէ տարածք Ադրբեջանին հանձնելու մանդատ տվել։

Ո՞վ ես դու, որ ասես՝ «Արցախը Հայաստան է և վերջ», պատերազմ ու աղետ բերես, այսօր էլ հայտարարես, որ միայն 29 800 ք/կմ ներկայացուցիչն ես ու Արցախի անունից խոսելու իրավունք չունես:

Ո՞վ ես դու, որ այս աստիճան ատելություն, ջրբաժան ու պառակտվածություն առաջացնես, անթաքույց թշնամություն սերմանես ազգի մեջ:

ՈՒ՞մ ես դու ներկայացնում այսքանից հետո, ու՞մ շահերն ես սպասարկում:

ՈՒ այս ամենից հետո, դու քո թիմով հանդերձ համոզված ես, որ կարողանալու եք մեր միջավայրում հանգիստ ապրե՞լ:

Որ քո «եփած բորշն» ու տիկնոջդ աջափսանդալը ժողովուրդը մարսելու՞ է:

Ժողովու՛րդ, եթե մարսենք այս ամենը, ապա ինչպե՞ս ենք նայելու մեկմեկու աչքերի մեջ, ի՞նչ խղճով ենք ապրելու:

Ամո՛թ է:

Մի հոգին մի ողջ ժողովրդի «խաղաղության օրակարգով» տանում է ցեղասպանվելու և այդ ժողովրդի մեծ մասը հլու հնազանդ գնում է կոտորվելու:

Ինչպե՞ս կարող եք այս ամենը հանդուրժել:

Մարդկության պատմությունը լի է տարբեր պետությունների կամ ազգերի պարտություններով և ձախողումներով: Սակայն չեք գտնի և ոչ մի դեպք, երբ սեփական սխալներով, տգիտությամբ ու ապիկարությամբ պատերազմը ձախողած ղեկավարն ու պարտության սիմվոլը շարունակի ներկայացնել իր հայրենակիցներին ու ղեկավարել երկիրը:

Մնալ իշխանության, կառչած աթոռին՝ այ դա իրոք ունիկալ «հերոսություն» է:

Այնպես որ, շատ տիպիկ ու ճշգրտորեն է նկարագրված «Երկրի հակառակ կողմում» այսօրվա իրավիճակը, որտեղ ամենահրեշավոր պատերազմն այն է, երբ կողմերից մեկը տեղյակ չէ դրա մասին, չգիտի, որ ինքը պատերազմի մեջ է, որ պատերազմ են մղում իր դեմ, իր հողում, իր տան մեջ։ Ամենահրեշավոր պատերազմն այն է, երբ նրա

աղմուկ-աղաղակը խեղդվում է ծափ-ծիծաղի, երգուպարի, երաժշտության ու համերգների, պարգևների ու օվացիաների խառնիճաղանջ ժխորի տակ։

Այդ ալիքների տակ է, որ խլանում են գերեվարվածների հառաչանքները, զոհերի մայրերի, քույրերի, կանանց ողբը, ովքեր անգամ չեն կռահում, որ իրենց որդիները, եղբայրերն ու ամուսինները զոհվել, գերեվարվել, կործանվել ու ավարտվել են պատերազմի դաշտում` չունենալով անգամ պաշտպանվելու հնարավորություն, չիմանալով անգամ, որ իրենց դեմ պատերազմ է մղվում, որ գտնվում են պարտության և օրհասի շեմին»:

Ինչևէ, դու անկեղծ ես քո խոհափիլիսոփայական մտքերում, լիրիկական զեղումներում ու քայլերում:

Պարզապես աբսուրդի ժանրից է այն, ինչի ականատեսն ենք:

Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ հայկական բեռնատարները ընդամենը երկու օրվա սննդի պաշարով կանգնած են Կոռնիձորում՝ չկարողանալով մուտք գործել Արցախ:

ՈՒ սա այն պարագայում, երբ ադրբեջանական ինքնաթիռներն օրը երեք անգամ նրանց գլխավերևով, հայկական օդային սահմանն հատելով, հասնում են Նախիջևան:

Էլ չեմ ասում, թե ինչպես Թուրքիայի երկրաշարժի ժամանակ, եռեսուն տարի շարունակ փակ սահմանը հրաշքով բացվեց ու Հայաստանի հումանիտար օգնությունը բեռնատարներով հասցվեց թուրք ժողովրդին:

Բա ու՞ր է թուրքական մարդասիրությունը, պատասխան քայլը:

Թուրքերին օգնելու համար փակ սահման բացվեց, բայց արի ու տես մեր հայրենակիցների առջև փակված դարպասներն այդպես էլ բացել չի հաջողվում:

Ինչևէ, մղձավանջը շարունակվում է:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու կոչ-առաջարկս ուժի մեջ է, ընթացիկ կազմակերպչական աշխատանքներն ամփոփվում են:

Իսկ դու, հարգելի՛ հայրենակից, վերջապես սթափվի՛ր:

Սահմանը Ջաբրայիլից հասել է Ջերմուկ:

Սադարակից կրակում են, Սևանում լողացողին տեսնում:

Թշնամու պլանները չեն փոխվել:

Ալիևը ցանկանում է Սյունիքը, Սևանը, Երևանը, բայց ուզում է այդ ամենը Արցախից հետո:

Մարսեց Արցախը, կմարսի Հայաստանը՝ չկասկածեք:

Խոհեմություն բոլորիս:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 4798

Մեկնաբանություններ