Այս իշխանությունը ոչ միայն ներսում հազար ու մի խնդիրներ ստեղծեց, այլև Սփյուռքի հետ տարիներով ստեղծված ու աշխատող մեխանիզմները ջարդուփշուր արեց։ Այն, ինչ կատարվում է «Հայաստան համահայկական հիմնադրամի» շուրջ, խիստ ալեկոծել է Սփյուռքը։ Հայաստանը կորցրել է Սփյուռքի վստահությունը և այսուհետ դժվար է լինելու ֆինասնական հոսքեր ապահովել հայրենիք։ Քաղաքագետ ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԸ, որ այս օրերին ԱՄՆ-ում է, մեզ հետ զրույցում խնդրի առնչությամբ իր անհանգստությունը հայտնեց։ Պատերազմի ընթացքում, ըստ քաղաքագետի, Սփյուռքը նոր թափով սկսել էր գումարներ փոխանցել հիմնադրամին։ «Մարդիկ կային, որ իրենց աշխատած ողջ գումարը նվիրաբերեցին հիմնադրամին։ 10 տարի աշխատել էին, որ տուն գնեին, ամբողջը փոխանցել են, կրեդիտ քարտերը դատարկում էին և ուղարկում Հայաստան։ ՈՒ այս ամենից հետո՝ այսպիսի բարոյական լուրջ հարված։ Սա նաև ապագայի խնդիր է։ Երկար ժամանակ կպահանջվի՝ մինչև վստահությունը վերականգնվի, ընդ որում, իշխանափոխությունից հետո էլ հազիվ թե վստահություն լինի։ Չլինի Նիկոլը, չլինեն գանձագողերը, միևնույն է, վստահություն վերականգնելը չափազանց բարդ է լինելու»,- շեշտեց պարոն Ենոքյանը։
-Փաշինյանն այսօր արդեն հայտարարում է, թե հասարակությունն էլ է համաձայն Արցախի հարցի այսպիսի տարբերակին, քանի որ ստեղծված իրավիճակին այլընտրանք չկար։ Ի՞նչ է ստացվում, մեր հասարակությունն իսկապե՞ս հաշտ է այս որոշման հետ։
-Փաշինյանը նման հայտարարություններով ընդամենը փորձում է իրեն արդարացնել։ Հասարակությունը չէր կարող նման լուծմանը համաձայնել հենց թեկուզ այն պատճառով, որ իր անվտանգության սպառնալիքները կտրուկ մեծացան։ Այսինքն, անգամ անհեթեթ է նման պնդում անելը։ Փաշինյանը հերթական մանիպուլյացիան է անում, իսկ հանրահավաքներին քիչ մարդու առկայությունը իր հետ համաձայն լինելու փաստ ներկայացնում։ Թե ինչու են հանրահավաքները սակավամարդ, կա երկու պատճառ։ Նախ՝ եղանակային պայմանները, ցուրտ է։ Երկրորդ՝ մարդիկ հիմա շատ լուրջ խնդիրների լուծման առաջ են կանգնած. սոցիալական հարցեր, գերիների, փախստականների, վիրավորների խնդիրներ։ Հասարակությունը սգի մեջ է և չի կարողանում համարժեք արձագանքել ստեղծված իրավիճակին։
-Այս հանգամանքի՞ց էլ է օգտվում Փաշինյանը։
-Իհարկե՝ հերթական աճպարարությունն անելով։ Հիմա էլ փորձում է մարդկանց սգի վրա խաղալ ու այս վիճակն իրեն որպես աջակցություն ներկայացնել։
-Կարողանալու՞ է այս իրավիճակում շարունակել երկիր ղեկավարել, առավել ևս, բանակցել Ալիևի հետ։
-Եթե Ադրբեջանի ղեկավարը Փաշինյանին անվանում է հարբեցող խեղկատակ և չի ստանում համարժեք պատասխան, նրանք իրար հետ չեն կարող հանդիպել և քննարկել որևէ բան։ Կամ Փաշինյանը նրան հանդիպելիս պիտի հայհոյի, կամ ստորացած վիճակում նստի ու նրան լսի, իսկ դա բանակցություն չէ։
-Մինչև դեկտեմբերի 1-ը, ըստ ստորագրված փաստաթղթի, վերջնականապես կլուծվի տարածքների հանձնման հարցը, Փաշինյանը մտադիր չէ հեռանալու, ընդդիմության՝ նրան հեռացնելու քայլերը դեռ արդյունք չեն տալիս, ի՞նչ կարելի է ակնկալել այս իրավիճակում, ինչի՞ առջև կարող ենք կանգնել։
-Հայաստանում այսօր պետությունն արդեն վերանում է, պետական ոչ մի գործառույթ չի իրականացվում։ Խորհրդարանական երկրի ԱԺ-ն այսօր հիմնական խնդիր է համարում Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելը։ Իրավիճակին ոչ համարժեք քայլեր են իրականացվում։ Անշուշտ, այնպես չէ, որ առաջ ամեն ինչ տրամաբանական հունով էր ընթանում, հիմա՝ ոչ, պարզապես այսօր ամբողջովին ապրում ենք «ֆեյք» իրականությունում։ Սա նշանակում է, որ երկրում անիշխանություն է։ Կորոնավիրուսի, գերիների, վիրավորների, հաշմանդամների հետ կապված որևէ պետական աջակցություն չկա, ամեն ինչ դրված է կամավորների կամ այդ խնդիրների մեջ հայտնված մարդկանց ուսերին։ Սա փաստում է, որ պետություն չունենք։ Թե ինչու է Փաշինյանը վարչապետ կոչվում, անհասկանալի է։ Եթե պետություն չկա, ինչի՞ վարչապետն է նա։
-Ի՞նչն է շարունակում նրան կառչած պահել վարչապետի աթոռին՝ անսահման մեծ մոլուցքն այդ պաշտոնի հանդե՞պ, թե՞ ինչ-որ ծրագիր վերջնական ավարտին հասցնելու պարտավորությունը։
-Առաջինը՝ աթոռի հանդեպ մոլուցքը, երկրորդը, որ պակաս կարևոր չէ, սեփական անվտանգության նկատմամբ վախը։ Պարզ է, եթե Փաշինյանը հարյուրավոր թիկնապահներով շրջապատված չլինի, նրա հանդեպ եթե ֆիզիկական հաշվեհարդար էլ չտեսնեն, քրեական պատասխանատվության կենթարկեն քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Երրորդը՝ եթե նրան դրսից տվել են անվտանգության երաշխիքներ, նշանակում է, որ նա ինչ-որ ծրագիր պիտի իրականացնի։
-Այսօր հասարակությունը շարունակում է հանդուրժել անգամ պարզունակ ու անհեթեթ արդարացումները, ինչքա՞ն կշարունակվի այս վիճակը։
-Դժվար է ասել, թե որքան կտևի այս ամենը։ Բայց սովորաբար սգին հաջորդում է ապատիան՝ անտարբերությունը, որից հետո ուժգին ցասումն է արթնանում։ Իսկ այդ ցասումը կարող է ամեն ինչ սրբել, տանել, դա պիտի կառավարելի դարձնել։ Ժամկետներ չեմ կարող ասել, հավանաբար ամիսների խնդիր է։
-Այսօր ընդդիմությունը Փաշինյանի հրաժարականին հասնելու համար տարբեր ակցիաներ է անում, հանրահավաքներ, ընդդիմադիրները կհաջողե՞ն։
-Կարծում եմ՝ այո։ Ընդդիմությունը փորձում է նաև այլ մեխանիզմներ գործի դնել։ Հանրահավաքներից բացի փողոցներ են փակում, պատգամավորների բակերում ամոթանքի ակցիաներ են անում, դրանք կարող են ակտիվացնել հասարակությանը։
-Այսօր հանրության շրջանում քննարկվող թեմաներից առաջնայինն այն է, թե ինչ է հնարավոր այդ փաստաթղթում փոխել։ Իշխանությունը հետևողականորեն պնդում է, որ ոչ մի բան էլ չի ստացվի, ընդդիմությունն էլ, թե՝ նոր բանակցողն ի զորու է էական խմբագրումներ անելու։ Որտե՞ղ է ճշմարտությունը։
-Իշխանությունը հերթական սուտն է ասում, փաստաթղթում շատ բան կարելի է փոխել, զուտ այն տեսանկյունից, որ այն իրավական ուժ չունի։ Դա միջպետական համաձայնագիր է, որն առնվազն երկու օղակով պիտի անցներ՝ ԱԺ և ՍԴ։ Այստեղ խնդիրը փաստաթուղթը չէ, այլ իրողությունները, որոնք արդեն կատարվում են։ Իմա՝ ռուսական զորքն է կանգնած Արցախում, որտեղ մտնելու համար փաստաթուղթը պարզապես առիթ էր և խաղաղություն հաստատելու միջոց։ Փաստաթուղթը հիմք չէ, կան իրողություններ, որոնց պարագայում ամեն գյուղի, ամեն քառակուսի մետրի համար պիտի պայքարել։
-Արդեն շրջանները դատարկված են ու տրված թշնամուն, ինչպե՞ս է հնարավոր անիվը հետ շրջել։
-Դա պիտի արվի Ռուսաստանի և Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների միջոցով։ Փաստաթղթում նույնիսկ հաստատված էլ չեն շատ բաներ, պարզապես ուրվագծեր են։ Սա ավելի շուտ գործողությունների ծրագիր է։
-Այդ համաձայնագրում շատ լուրջ կետ կա՝ Ադրբեջանին Մեղրիով ճանապարհ է տրվելու։ Եթե սա իրագործվի, ի՞նչ է սպառնում Հայաստանին։
-Դա Հայաստանի անվտանգության համար լուրջ սպառնալիք է։ Մի կողմից թուրքերը կարող են Հայաստանի տարածքով անվտանգ երթևեկել, մյուս կողմից Ադրբեջանը Նախիջևանով կապվում է Թուրքիայի հետ, կարող է շատ հզորանալ։ Եթե Հայաստանը զրկվի Իրանի հետ կապից, մեր անվտանգությանը հզոր հարված կհասցվի։
-Այս ամենին զուգահեռ՝ տարածաշրջանում խաղաղությունը շատ փխրուն է։ Թուրքիան մեր սահմանների մոտ զորք է կուտակում, Ադրբեջանում է ցանկանում զորք տեղակայել։ Այս տարածաշրջանում նոր, ավելի մեծ մասշտաբի պատերազմի հնարավորությունը որքա՞ն է։
-Այս փաստաթուղթը մեկ հիմնական խնդիր պիտի լուծեր՝ մեծացներ տարածաշրջանի անվտանգությունը, սակայն իրականում լրիվ հակառակ բան տեղի ունեցավ։ Այսօր մեր տարածաշրջանն ավելի վտանգավոր դարձավ, սպառնալիքներն ավելացան։ Այն չնչին հավասարակշռությունը, որ կար նախկինում, ինչը զսպում էր պատերազմի վերսկսումը, այսօր դա էլ է արդեն խախտված։ Այնպես որ, նոր պատերազմը սարերի հետևում չէ նաև այն պատճառով, որ այս պատերազմից ոչ մեկը բավարարված դուրս չեկավ, ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, որ իր կամքից անկախ, իր տարածքում ունեցավ ռուսական ռազմաբազա, ո՛չ Ռուսաստանը, որը ցանկանում էր ավելի մեծ տարածքում իր զորախումբը տեղակայել, բայց Փաշինյանի պատճառով ավելի փոքր տարածք ստացավ, ո՛չ էլ Թուրքիան, որը, ըստ էության, այս պատերազմից իր ակնկալիքները չստացավ։ Համանախագահները ևս դժգոհ մնացին այս լուծումից։
-Սա ենթադրում է, որ շուտով նոր գործընթացնե՞ր են սպասվում։
-Քաղաքագիտական աքսիոմ է՝ եթե հավասարակշռություն չկա, ուրեմն այն ամեն կերպ պիտի հաստատվի։ Իսկ նոր հավասարակշռություն հաստատելու ձևը պատերազմն է։
-Այսօր բոլոր առումներով Հայաստանը ծանր իրավիճակում է, դրան գումարած՝ նոր պատերազմի սպառնալիքը։ Որո՞նք են այսօր պետության առաջնահերթությունները։
-Ես կառանձնացնեմ 3 կարևոր առաջնահերթություն։ Առաջինը՝ Փաշինյանին հրաժարական պարտադրելը, որը կարող է հանրության բարոյահոգեբանական վիճակը բարելավել, նպաստել, որ ուղղի մեջքն ու առաջ գնա։ Երկրորդը՝ մեր բանակի, անվտանգության համակարգի, արտաքին հարաբերությունների վերաստեղծում։ Երրորդը. որքան էլ զարմանալի թվա, կրթական խնդիրներով պիտի լրջորեն զբաղվել, որովհետև մենք այլևս իրավունք չունենք հանդուրժելու այսպիսի անկիրթ մասսա, որը երկիրը տվեց մի ավանտյուրիստի, իսկ նա էլ երկիրը տարավ կործանման։ Զանգվածների կրթվածության հրամայականը շատ էական է այսօր, քանի որ նրանք լուրջ խնդիր ունեն տրամաբանության հետ, հավատում են խոսքին, ոչ թե գործին։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ