Կիրակի օրվանից գազը խոշոր սպառողների, ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների համար թանկացավ։ Առկա սոցիալ-տնտեսական վիճակի պայմաններում սա առաջիկայում ապրանքների շղթայական թանկացման է հանգեցնելու։ Աշնանը երկիրը տնտեսական բավական բարդ վիճակում է հայտնվելու։ Կորոնավիրուսի հետևանքով առաջացած խնդիրները, տնտեսական ակտիվության ցուցանիշների կտրուկ անկումը, արտահանման կրճատումը, գործազրկության մեծացումը, փակված բիզնեսները, հարկային եկամուտների նվազումը, ներդրումների բացակայությունը և շատ ու շատ խնդիրներ տնտեսական վիճակն օրեցօր ավելի են վատթարացնում։ Այսօր Հայաստանի ներքին թիվ մեկ խնդիրը սոցիալական ճգնաժամի հաղթահարումն է, այսինքն՝ տնտեսական լուրջ ռազմավարության մշակումը։ Ամիսներ առաջ, երբ Հայաստանում նոր էր կորոնավիրուսը հաստատվել, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե սա լավ հնարավորությունն է, որպեսզի կարողանանք դրսի շուկայում հարթակներ զբաղեցնել, իսկ երկրում վերջապես տնտեսական հեղափոխություն իրականացնել, որից պիտի նաև աշխարհը օրինակ վերցնի։ Դժվար է ասել, թե աշխարհը Հայաստանի տնտեսությունից ինչ օրինակ պիտի վերցնի, բայց միայն այն ցուցանիշներն ու կառավարման մակարդակը, որոնք այսօր կան, հաստատ նոր հնարավորության մասին չեն խոսում, էլ չենք ասում, որ նախկին հնարավորություններն էլ լրիվ զրոյացվել են։
Տնտեսական այս խնդիրների հանգույցի մեջ օրերս մի հետաքրքիր իրավիճակի ականատես եղանք, ինչը լավագույնս ներկայացնում է տնտեսական կառավարման այսօրվա պատկերը։ Հայկական ծիրանի շատ հայտնի պատմությունն իշխանություններին մի ուսանելի դաս տվեց։ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, իրեն Ռուսաստանի դաշնակից համարող պետություն, չկարողացավ արագ այդ հարցը լուծել պետությունների, պաշտոնյաների մակարդակով, հարցին լուծում տվեցին և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հայ գործարարները, ինչպես նաև այնտեղ բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցներ։ Այսինքն, պետությունը, որպես այդպիսին, չկար այս խնդրում, հարց կարգավորողի դերակատարում չուներ։ Իսկ տնտեսության զարգացումը բարդ ու բազմաշերտ մեխանիզմ է, որտեղ ամեն մի թույլ օղակ իր ազդեցությունն է թողնում մյուս բոլոր ոլորտների վրա։ Եթե մի տեղ արտահանմանն ու իրացմանը խոչընդոտում են, մյուս տեղում ներսի գործարարներն են մեծ վնասներ կրում, հարկային եկամուտների խնդիրներ են առաջանում, ու այդպես շարունակ։ Իսկ երկիրը չի կարող տնտեսություն զարգացնել՝ հենվելով միայն դրսում ապրող հայրենակիցների հայրենասիրության կամ հայ գործարարների՝ պետության գործառույթներն իրենց ուսերին վերցնելու վրա։
Այսօր առաջնային պահանջ են տնտեսական ռազմավարության մշակումը, ճիշտ կառավարումը և խելամիտ որոշումները, այլապես Հայաստանը ոչ միայն վիրուսի, այլ տնտեսական անկման ցուցանիշներով աշխարհում ռեկորդակիր կլինի։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ