«Ներդրումների մեծ ներհոսք ապահովելու համար անհրաժեշտ են հիմնավոր, ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներ»
07.02.2020 | 01:58
«Իրատեսի» զրուցակիցն է տնտեսագետ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ։
-«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը և չի բացառվում, որ ընկերությունը դիմի ՀԾԿ հանձնաժողովին համապատասխան հայտով։ Եթե նման հայտ ներկայացվի, ի՞նչ խնդիրների առաջ կարող ենք կանգնել:
-Իրավացի եք, նման խոսակցություններ վերջին ժամանակահատվածում շրջանառվում են, սակայն պետք է փաստել, որ ներկա պահին «Գազպրոմ Արմենիան» դեռևս գազի թանկացման հայտ չի ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Ըստ ՀՀ կառավարության աղբյուրների՝ առկա է պայմանավորվածություն առ այն, որ մինչև ապրիլի 1-ը սակագնի փոփոխության հայտ չի ներկայացվի հանձնաժողով։ Կարելի է արձանագրել, որ տվյալ պահին թանկացման մասին որոշում առկա չէ, սակայն սա դեռևս չի նշանակում, որ առաջիկայում կբացառվի այդպիսի թանկացումը։ Ուզում եմ հիշեցնել, որ գազի գինը 15 դոլարով արդեն իսկ բարձրացել էր 2019 թվականի հունվարի 1-ից (150-ից դարձել էր 165 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց), սակայն այդ թանկացումը չանդրադարձավ սպառողների վրա, քանի որ չեզոքացվեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներքին ռեսուրսների հաշվին: Եթե ապրիլին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտն ամբողջությամբ բավարարվի ՀԾԿ հանձնաժողովի կողմից, ապա գազի գինը սպառողների համար կարող է թանկանալ մինչև 10 տոկոսի չափով:
-Եթե Ռուսաստանը, ամեն դեպքում, գնա գազի գնի բարձրացման, դա լինելու է տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական հաշվարկի արդյունք։
-Սահմանին գազի գնի փոփոխություն առայժմ չի նախատեսվում, քանի որ տարեսկզբին «Գազպրոմ Արմենիան» հայտարարություն տարածեց, որ 2020-ի հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին գազի գինը կմնա 2019-ի մակարդակին: Ինչ վերաբերում է նախորդ տարվա գազի գնի բարձրացմանը, կարծում եմ` դա ավելի շուտ քաղաքական, քան թե տնտեսական հաշվարկների հետևանք էր, չնայած, միջպետական հարաբերություններում այդ երկու գործոնները խիստ փոխկապակցված են:
-Գազի թանկացումը կհանգեցնի նաև շղթայական թանկացմա՞ն։
-Բնականաբար, գազի գինը ուղղակիորեն կապված է ինչպես բնակչության, այնպես էլ տնտեսավարող սուբյեկտների եկամուտների և ծախսերի հետ: Վերջիններիս համար գազն արտադրության կարևոր հումքային բաղադրիչ է, ու դրա թանկացման հետևանքով կբարձրանա արտադրանքի ինքնարժեքը, ինչն էլ իր հերթին կազդի շուկայում դրա մրցունակության վրա։ Հատկապես կբարձրանա այն արտադրանքի ինքնարժեքը, որում գազի ծախսի տեսակարար կշիռն ավելի մեծ է։ Տարբեր հաշվարկներով՝ եթե սահմանին գազի գինը թանկանում է 10 %-ով, բնակչության ծախսերի վրա դա ազդում է միջինը 5-6 %-ի չափով։ Ինչ վերաբերում է բնակչությանը, ապա վերջիններս գրեթե կրկնակի կտուժեն, քանի որ ստիպված կլինեն ավելի շատ վճարել ինչպես սպառած գազի, այնպես էլ արդեն իսկ թանկացած ապրանքների դիմաց: Հետևաբար, գազի գնի ցանկացած չափի թանկացումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի ամբողջ տնտեսության վրա։
-Գործող իշխանությունները, երբ նոր էին ստանձնել երկրի կառավարումը, խոսում էին անգամ գազի սակագնի իջեցման մասին։ Հիմա, կարծես, հակառակն է տեղի ունենում։
-Քանի որ գազի գինը սահմանում է Ռուսաստանը, հետևաբար ՀՀ կառավարությունը անմիջական լծակներ չունի ազդելու սահմանին գազի գնի նվազեցման վրա: Սակայն, կարծում եմ, կառավարությունը հնարավորություն ունի նվազեցնելու սպառողին հասնող գազի վերջնական գինը: Փաստացի` գազը սահմանին արժե 165 դոլար, իսկ սպառողին այն վաճառվում է 290 դոլարով: Այսինքն,՝ կառավարությունը կարող է ազդեցություն ունենալ 125 դոլար գնային տարբերությունը կրճատելու հարցում: Այդ նպատակով անհրաժեշտ է նախ և առաջ աուդիտ իրականացնել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում և պարզել գազի կորուստները, անարդյունավետ ծախսերն ու դրանց կրճատման հաշվին նվազեցնել նաև գազի գինը սպառողների համար: Այս պահին նման գործընթաց դեռ չի իրականացվել:
-Իշխանությունները նաև հպարտորեն հայտարարում էին տնտեսական հեղափոխության մասին, բայց սովորական մարդիկ այդ «հեղափոխության» ազդեցությունը սեփական մաշկի վրա չեն զգում։ Դրան զուգահեռ, հաճախ տարբեր խնդիրներով մարդիկ ճանապարհ են փակում, կառավարության շենքի դիմաց ակցիաներ են անում։ ՈՒ՞ր մնաց տնտեսական հեղափոխությունը:
-«Հեղափոխություն» եզրույթն այդքան էլ տեղին չէ տնտեսական ոլորտի համար: Կարծում եմ՝ կարելի է կիրառել, օրինակ, առաջանցիկ կամ կայուն տնտեսական զարգացում եզրույթը։ Ինչևէ, հարցին անդրադառնալով նշեմ, որ հասարակության լայն շերտերը տնտեսական աճի շոշափելի ազդեցությունն իրենց վրա կզգան այն ժամանակ, երբ այդ աճը լինի ներառական ու երկարաժամկետ: Բնականաբար, տնտեսական որոշակի բարձր ակտիվության պայմաններում որոշակի ոլորտներում ընդգրկված սուբյեկտները հավելյալ օգուտներ ստացել են՝ օրինակ, մեքենաների առևտուր, խաղեր և զվարճություններ, սակայն այսպիսի աճի մոդելը ներառական չէ և երկարարժամկետ հատվածում Հայաստանի տնտեսության համար ավելի շատ խնդիրներ կարող է ստեղծել՝ հանգեցնելով տնտեսության անհամաչափությունների:
-Իշխանություններն ասում են՝ կառավարությունը աշխատավարձ է բարձրացրել, թոշակ է ավելացրել, բայց այս տարվա սկզբից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ի նոր մաքսատուրքը, շուրջ 700 ապրանք թանկացել է, գազի սակագնի հավանական բարձրացման մասին է խոսվում, այս ամենը, բնականաբար, շղթայական թանկացումների է հանգեցնելու, իսկ մի քանի հազարով ավելացված թոշակն ու աշխատավարձը ի՞նչ խնդիր կարող են լուծել։
-Բնականաբար, աշխատավարձերի ու թոշակների չնչին բարձրացումը չի կարող էապես փոխհատուցել Հայաստանի սպառողական շուկայում հունվարի 1-ից հետո տեղ գտած և սպասվելիք գնաճը: 2020-ի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքատեսակների վրա սկսում են տարածվել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերն ամբողջությամբ, ինչի հետևանքով 699 ապրանքատեսակի մաքսային դրույքաչափեր կավելանան, այդ թվում՝ առաջին անհրաժեշտության ապրանքների՝ մսի, մսից սննդային ենթամթերքների որոշ տեսակների, կաթնամթերքի, կենդանական կամ բուսական ծագման ճարպերի, յուղերի, ձեթի, որոնց մաքսային դրույքաչափերը կբարձրանան շուրջ 2,5-3 տոկոսով։ Բարձրանալու է նաև դեղորայքի մաքսային դրույքաչափը։ Բացի այդ, 2020 թվականի հուլիսի 1-ից կբարձրանան նաև մի շարք ապրանքների, մասնավորապես, ոգելից խմիչքների՝ օղու, կոնյակի, գինու, գարեջրի, ծխախոտի, բենզինի, դիզելային վառելիքի, սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափերը, ինչը ևս կհանգեցնի այդ ապրանքատեսակների գնի բարձրացման։ Եթե սրան հավելենք նաև գազի գնի հնարավոր բարձրացումը, ինչն էլ իր հերթին շղթայական թանկացումների ալիք կառաջացնի, կարծում եմ` բնակչության սոցիալական վիճակը ոչ միայն չի լավանա, այլև անկում կգրանցի:
-Իշխանությունները ներդրումների բում էին խոստանում նաև, այդ բումը կա՞:
-2018-ի ապրիլյան թավշյա հեղափոխությունից հետո թե՛ իշխանության, թե՛ հասարակության որոշակի հատվածի մոտ կարծիք էր ձևավորվել, որ օտարերկրյա ներդրումների բուռն ներհոսք կլինի Հայաստան, սակայն, ինչպես տեսնում ենք, դա տեղի չունեցավ։ Ներդրումների մեծ ներհոսք ապահովելու համար անհրաժեշտ են հիմնավոր, ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներ։ Իրականում օտարերկրյա ներդրողին ավելի շատ հետաքրքրում են բիզնես հիմնելու և վարելու դյուրինությունն ու գրավչությունը, իսկ Համաշխարհային բանկի հրապարակած Doing Business 2020 վարկանիշը վկայում է՝ Հայաստանը 2019 թվականին վեց նիշով հետընթաց է ունեցել նախորդ տարվա համեմատ և զբաղեցնում է 47-րդ տեղը աշխարհի 190 երկրների շարքում։ Նման հետընթացը պայմանավորված է հինգ առանձին ցուցանիշներով. փոքր ներդրողների շահերի պաշտպանություն, սնանկության գործընթաց, շինթույլտվությունների տրամադրում, հարկերի վճարում և վարկերի ստացում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարը վերջերս ասուլիսի ժամանակ խոսեց միայն մեկ ցուցանիշի՝ փոքր ներդրողների շահերի պաշտպանության գծով հետընթացի մասին, այն մեկնաբանելով որպես Համաշխարհային բանկի մեթոդաբանության փոփոխության արդյունք, սակայն մնացած չորս ցուցանիշներով հետընթացի պատճառների և դրանց վերացմանն ուղղված քայլերի մասին ոչինչ չասվեց։ Նախարարը մեր երկրի ներդրումային օրենսդրությունը ներկայացնում է որպես միջազգային լավագույն չափանիշներին համահունչ տնտեսական փասթաթուղթ, այն դեպքում, երբ այդ օրենքն ընդունվել է 1994-ին և վաղուց չի համապատասխանում թե՛ միջազգային չափանիշներին, թե՛ Հայաստանի տնտեսության զարգացման հրամայականին։
-Կառավարությունը հայտարարել է 4,9 տոկոս աճ, բայց նպատակակետ է դրել նվազագույնը 6-7 տոկոս տնտեսական աճ գրանցել: Իրատեսակա՞ն թիվ է:
-Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հրապարակվող «World Economic Outlook» զեկույցներում պաշտոնապես հրապարակվում են աշխարհի երկրների մակրոտնտեսական ցուցանիշներն ու դրանց կանխատեսումները առաջիկա մի քանի տարիների համար։ ԱՄՀ վերջին զեկույցում Հայաստանի տնտեսական աճը 2020-ի համար կանխատեսվում է 6%, ինչն էլ գուցե հիմք է ծառայել ավելի բարձր նպատակակետի մասին հայտարարելու։ Իհարկե, տնտեսական աճի ներկայացված թվերը որոշակիորեն վկայում են տնտեսության մեջ դրական միտումների մասին, սակայն կարևոր հարց է, թե իրականում ազգային արդյունքն ինչպե՞ս է բաշխվում հասարակության շրջանում։ Կրկնեմ՝ հանրապետությունում տնտեսական աճը ներառական չէ և հիմնված է ոչ արտահանելի ոլորտների վրա, ինչը տնտեսության համար երկարաժամկետ հատվածում լուրջ առաջընթաց չի կարող ապահովել։ Անհրաժեշտ է փոխել տնտեսական աճի մոդելը՝ խթանելով տնտեսության իրական հատվածի` արտահանող ճյուղերի զարգացումը։
-Ազգային վիճակագրական ծառայությունն էլ վստահեցնում է, թե 7,8 % տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք: Սա ի՞նչ թիվ է:
-Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) միջոցով, ընդհանրապես, գնահատվում է տնտեսության հիմնական ոլորտների ընթացիկ իրավիճակը։ 2019-ին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ ՀՀ վիճակագրության կոմիտեի հրապարակման, 2018-ի համեմատ 7,8 %-ով աճել է։ Այդ աճը գրանցվել է ի հաշիվ ծառայությունների, առևտրի, արդյունաբերության, որոշ չափով` նաև շինարարության ոլորտների։ Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին, այստեղ անկումը շարունակվել է։ Հարկ է նշել, որ ՀՆԱ-ի աճն ու ՏԱՑ-ի աճը թեև տարբեր ցուցանիշներ են, սակայն սովորաբար դրանք մոտ են լինում միմյանց և արտահայտում են երկրի տնտեսության աճի տեմպերը։ Կարծում եմ, թերևս սա է նաև հիմք հանդիսացել կառավարության համար՝ նախորդ տարվա արդյունքներով ակնկալելու նույն մակարդակի տնտեսական աճ:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ