Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ցեղասպանությունը՝ երգիծանկարներում

Ցեղասպանությունը՝ երգիծանկարներում
26.03.2015 | 15:30

Կենդանիները փակում են իրենց ձագերի աչքերը, որ չտեսնեն եղեռնի պատկերները

Հայաստանի երգիծանկարների ասոցիացիայի նախաձեռնությամբ նկարիչների միությունում բացվել է «Արևավիշապ» գրաֆիկական հումորի միջազգային երրորդ փառատոնը: Այս տարի փառատոնը կրում է «Պանդորայի արկղը» խորագիրը: Այն նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Մասնակցում են 141 հեղինակ 47 երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից:
Ցեղասպանություն, ահաբեկչություն, բռնություն, այլատյացություն պատկերող աշխատանքներ ներկայացված են նկարիչների միության երեք ցուցասրահներում:

Առաջին հարկում տեղ են գտել մրցութային աշխատանքները, երկրորդում՝ պատմական բաժինն է. ներկայացված են 1915-ի արյունոտ ու ողբերգական դեպքերի հետ առնչվող միջազգային պարբերական մամուլի էջերում տեղ գտած նկարներ և պաստառներ, երրորդում՝ հրավիրված երգիծանկարիչների ցուցահանդեսն է:

Երգիծանկարները չեն կրկնում իրար, ասելիքը շատ է: Մահվան ուրվականը խոնարհվում է դահիճների առաջ, կենդանիները փակում են իրենց ձագերի աչքերը, որ չտեսնեն եղեռնի պատկերները, աշխարհը միաժամանակ սպանում է ու ինքնասպան լինում: Փրկվելու համար պետք է անցնես անդնդախոր ժայռերը միացնող ականի վրայով: 2015 -ին դարձյալ «մեծ շահերը» փորձում են խլացնել ցեղասպանության աննշան թվացող խնդիրը: Ժամանակակից աշխարհում միախառնվում են ոճիրն ու զվարճանքը. դահիճը զոհի գլուխը կտրելուց հետո կարող է «սելֆի» անել՝ հավերժացնելով պահը:

Ինչպես նշել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Ցեղասպանության մասին գրեթե բոլոր լեզուներով խոսելը ընդունելի է: «Հայոց ցեղասպանության թեմատիկային զուգահեռ այստեղ ներկայացված են նաև այլ ազգերի հոգսերը, այլ տեսակի խնդիրներ, որոնց դեմ պետք է պայքարել գոնե արվեստի մեթոդով»,- ասել է նա:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 1-ը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1981

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ