Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Տարեկանի արտի եզրին

Տարեկանի արտի եզրին
20.12.2013 | 00:11

ՀՀԿ-ի վարած արտաքին քաղաքականությունը բաժանվում է երկու մասի. մինչ Մաքսային միություն և «հետո»: «Մինչ» ժամանակահատվածը, եթե օբյեկտիվ, ապա կարելի է հաջողված համարել ոչ միայն լուրջ կորուստներ չունենալու, այլև ինչ-որ առումով պրոգրեսիվ առաջնահերթությունների: Այդ պատկերացումներից ելնելով կարող էր Թուրքիայի հետ «բանեցված» «ֆուտբոլային» դիվանագիտությունը համարվել նոնսենս և Սերժ Սարգսյանի կողմից` ընդամենը մարտի մեկի թնջուկից դուրս գալու պատվար:
Իրականում Թուրքիայի հետ հարաբերությունների, այցերի այդ նոր մակարդակը ոչ այլ ինչ էր, եթե ոչ` Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի քաղաքականության շարունակություն, քանզի բոլորս գիտենք, որ Թուրքիայի հետ մշտապես բանակցվել է փակ-գաղտնի ձևաչափով, բոլոր այդ տարիներին եղել է հանձնաժողով, որն արել է այդ գործը, և ազնիվ կլինի, եթե իր «Սիվիլիթասը» Ստամբուլ տեղափոխած, թուրքերի հետ անչափ ջերմ հարաբերություններ ունեցող Վարդան Օսկանյանը, որը «կարմիր թելի» պես անցնում է նախորդ երկու նախագահների արտաքին քաղաքականության «օրակարգով», այդ իրողությունը երբեմն-երբեմն խոստովանի:
Հաջորդ առաջնահերթությունն Արևմուտքի հետ սերտ մերձեցման ակնհայտ միտումներն էին` ոչ միայն ասոցացման պայմանագրի, այլև մնացյալ ուղղություններով, ինչը, ցավալիորեն, սնանկացավ` ասոցացումից հրաժարվելուց հետո: Ճիշտ է, Հայաստանը դեռ մնում է արևմտյան խաղացողների սևեռուն ուշադրության կենտրոնում, սակայն իշխող կուսակցությունն ու իր առաջնորդն այլևս չունեն մանևրի այն հնարավորությունները, որոնք առկա էին մինչ այդ, երբ չէր արվել Մաքսային միության անդամակցության մասին հայտարարությունը, ինչն էլ, ըստ էության, փոխեց խաղի ողջ ընթացքը` կանգ պարտադրելով այդքան լավ սկսված ու տարվող խաղին:
Սկզբնավորվեց իշխող կուսակցության արտաքին քաղաքականության նոր փուլ, որն անհայտ է վերջնարդյունքի, սակայն «հայտնի»` սպասվելիք կորուստների մասով: Ասել է` կկայանա՞ Մաքսային միությունը, թե՞ ոչ, նույնիսկ էական էլ չէ` Մայդանում ընթացող բուռն գործընթացների ֆոնին անգամ, քանզի, եթե չկայանա էլ, հանուն դրա Հայաստանում արդեն այնպիսի գործընթացներ են տեղի ունեցել, որ հետ շրջելն անհնար կլինի, զի «աղբրի» պռնկին նստած սույն Լանցելոտը կլլել է մեր ողջ ռեսուրսները, գազի վերջին փշուրը` քսան տոկոսը, մենք հայտնվել ենք Իրանի հետ հարաբերությունների բավականին անհասկանալի շղթայում, երբ վերջինս մեզ առաջարկում է էժան գազ, առաջարկում է մեր տարածքով դեպի Եվրոպա «դարի» եզակի նախագծի հնարավորություն, իսկ մենք որոշումների մեր հսկիչ փաթեթը հանձնել ենք արդեն Մաքսային կոչվող միության տնօրինությանը` իր «հետևանքներով» հանդերձ:
Մնաց դիտարկելու իշխող կուսակցության` ղարաբաղյան խնդրի փաթեթը, որովհետև ներքաղաքական, ներՀՀԿ-ական, այդ թվում և՝ կադրային հարցերին անդրադառնալու անհրաժեշտություն ամենևին չկա, քանզի «քարերն իրենք են աղաղակում», իսկ եթե ավելի լուրջ` ապա «հանգուցյալների մասին` կամ լավ, կամ ոչինչ»:
Ղարաբաղ: Ակնհայտ է, ղարաբաղյան հարցի շուրջ ինչ-որ բան է հասունանում վերջին օրերին: Ոչ միայն Դավութօղլուի Հայաստան այցի և Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման, ԵԱՀԿ համանախագահների` մառախլապատ, ցուրտ, մերկասառուցոտ եղանակին Ստեփանակերտ հասնելու (երբ այլ անգամներ, ասենք, ամռանը, «վկայաբանում» էին, թե եղանակ «չլինելու» պատճառով չենք մեկնի Ղարաբաղ), վերջիններս հասան Ղարաբաղ ու անչափ հետաքրքիր հանդիպումների ու հայտարարությունների շարք ունեցան:
Այդ թվում և այցելելով Սերժ Սարգսյանենց օջախ` օրվա խորհուրդը հարգելու, Սարգսյաններին ցավակցելու համար:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1873

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ