Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Մի թասը լավ է, երկուսը բավ է. Դեսպանների հակումը ալկոհոլի նկատմամբ

Մի թասը լավ է, երկուսը բավ է. Դեսպանների հակումը ալկոհոլի նկատմամբ
31.07.2013 | 21:35


Դիվանագիտությունն ինքը բանակցություն է: Այդպես էլ այն անվանվել է մինչև XVIII դարը: Բանակցել նշանակում է հաղորդակցվել: Իսկ ի՞նչ հաղորդակցություն առանց զրույցի, առանց հյուրասիրության: Իսկ որտեղ` հյուրասիրություն, այնտեղ` խմիչք: Չգրված օրենք կա, որ դիվանագետը պետք է կարողանա «խմել»: Այլ կերպ հնարավոր չէ: Պետական ընդունելություն, պաշտոնական ճաշկերույթ, ընթրիք, լանչ. բոլորը՝ գինու ուղեկցությամբ: Պրոֆեսիոնալները լավ գիտեն նրա տեղն ու դերն իրենց կյանքում: Գիտեն նաև նրա կործանարար ուժը և զգուշանում են: Նրանց «տառապանքը մեծ փորձ ունի»: Քանի՛-քանի տաղանդաշատ դիվանագետներ են խեղդամահ եղել գինու հորձանուտում: Որքա՛ն ճակատագրեր են փշրվել Բաքոսի ոտքերի տակ, որքա՛ն ընտանիքներ են կործանվել: Ափսոս, նման վիճակագրություն դեռևս չկա: Խմիչքի գործած ավերներն այնտեղ անհաշիվ են, անդարմանելի, անվերադարձ:
Մեր հանճարեղ բանաստեղծն ասել է, թե հերոսին կարող են հաղթել կինն ու գինին: Նա, ըստ երևույթին, գերագնահատել է կնոջ դերը: Համենայն դեպս, դիվանագետները և հետախույզները դառնում են «անմեղսունակ» ավելի շուտ խմիչքի, քան որևէ այլ գործոնի ազդեցությամբ: Պատահական չէ, որ նրանք, ովքեր դավաճանում են հայրենիքին, կյանքն ավարտում են որպես անհուսալի հարբեցողներ:

Ոգելից խմիչքը միշտ էլ գլխացավանք է եղել ժողովուրդների համար: Ժամանակ առ ժամանակ պետություններն արգելել են այն. հայտարարել են «չոր օրենք»` ԱՄՆ-ը, Ֆինլանդիան, Իսպանիան, Նորվեգիան, ցարական Ռուսաստանը, Խորհրդային Միությունը: Ապարդյուն: Մարդիկ խմել են: Խմում են, մահմեդական երկրներում` անգամ մահվան սպառնալիքի տակ: Գաղտնի: Տներում, փակ ակումբներում և ռեստորաններում: 1990-ականների «մութ ու ցուրտ տարիներին» մենք Հայաստանում հաճույքով ըմպում էինք Իրանից, որտեղ ալկոհոլն արգելված է, գաղտնաբար բերվող չամիչի օղին: Իսկ 1985 թվականին ԽՍՀՄ-ում հայտարարված «չոր օրենքը» չարիք դարձավ երկրի տնտեսության, իսկ մեր հանրապետությունում կործանարար՝ խաղողագործության համար: Այդ ժամանակ էր, որ միութենական ԱԳՆ-ում կենաց և մահու կռիվ հայտարարվեց ալկոհոլիզմին, սկսվեց իսկական «վհուկների որս»: Եթե մինչ այդ նկատել էին որևէ մեկի` օղու նկատմամբ հակումը, միանշանակ զրկում էին արտասահման գործուղումից: Ով խախտում էր այդ «սրբազան օրենքը» դրսում, հետ էին կանչում: Ով արտասահմանյան ներկայացուցչություններում քեն կամ վրեժ ուներ գործընկերոջ նկատմամբ, «մատնում» էր, որ նա խմող է, և նրա գործուղումը դադարեցվում էր:
Երկընտրանքի առաջ էին հայտնվել դեսպանները. ի՞նչ անել դեսպանության պահեստներում կուտակված շշերը: ԱԳՆ-ն շրջաբերական էր ուղարկել` ոչնչացնել 40 % սպիրտ պարունակող բոլոր տեսակի հեղուկները, ընդունելությունների և ճաշկերույթների ժամանակ հրամցնել գարեջրից ոչ թունդ խմիչք: Իսկ երբ Կամերունում դեսպան Վլադիմիր Սնեգիրևը «միամտաբար» հարցնում է Կենտրոնին, թե գինին խմիչքների ո՞ր տեսակի մեջ է մտնում, ստանում է պատասխանը. «Եկեք Մոսկվա, կբացատրենք»: Գնում է և այլևս չի վերադառնում:
Մոսկվայում շատ դիվանագետներ ցերեկները ճաշում էին «Բելգրադ» ռեստորանում, որը նույնպես Սմոլենսկայա հրապարակում էր` ԱԳՆ-ի շենքի հանդիպակաց մայթին: Կադրերի վարչության աշխատողները ստուգայցեր էին կազմակերպում ռեստորան` բացահայտելու համար, թե ինչ են խմում դիվանագետները: Վա՜յ նրան, ում սեղանին նկատեին թեկուզ 50 գրամ օղի կամ կոնյակ: Անմիջապես ազատում էին աշխատանքից...

Մինչդեռ անցյալում դիվանագետի խմելու ունակությունը համարվում էր մեծ առավելություն: XVIII դարի երկրորդ կեսին Պրուսիայի Ֆրիդրիխ Մեծ թագավորը իր դեսպանին Լոնդոն ճանապարհելիս առանց այլևայլի ցուցում է տալիս` «լինել լավ խմող», «ավելի լավ, քան անգլիացիներն են», սակայն «չշաղակրատել» և «չխայտառակվել»: Ֆրիդրիխը գիտեր անգլիացիների ինչ լինելը. նրանց հետ այդ առումով մրցելը հերոսություն էր: Քանի-քանի անգամ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Ստանհուպը բառիս իսկական իմաստով հարբեցրել էր օտարերկրյա դեսպաններին` ինքը մնալով սթափ: Բոլորի հիշողության մեջ թարմ էր 1716 թվականի ձմռանը դիվանագիտական կորպուսի պատվին կազմակերպված ճաշկերույթի ավարտը, երբ բոլոր դեսպանները սաստիկ հարբել էին: Ընդունելության վերջում նախարարը գաղտնի առանձնացել էր Լյուդովիկոս XV-ի կարդինալի` Դյուբուայի հետ, որպեսզի նրանից տեղեկանա հարբած դիվանագետների այն խոսակցությունների մասին, որոնք կարող էին հետաքրքրել Անգլիային:
Դիվանագիտական ընդունելությունները երբեմն վերածվում էին ընդհանուր հարբեցողության և գինարբուքի` անգամ Արևելքում, որտեղ խմիչքի նկատմամբ միշտ եղել է զուսպ վերաբերմունք:
…1663 թվականին պարսկական արքունիքում խնջույք էր: Հյուրերը շլացել էին խորտիկների բազմազանությունից: Խմիչքը հորդում էր գետի պես: Թանկարժեք քարերով ու մարգարիտներով զարդանախշված ոսկե սափորներից գինին առատորեն լցվում է երեքլիտրանոց ցածրապռունկ սկահակների մեջ: Իսկ «մոսկովիտ» երկու դեսպաններ խմում են սեփական արտադրության վոդկա և այնքան, որ գրեթե կորցնում են շրջապատը սթափ ընկալելու կարողությունը: Հակառակի պես հենց այդ պահին շահն առաջարկում է խմել ցարի կենացը: Դեսպանները մեծ կում են անում իրենց հսկայական սկահակներից, և նրանցից մեկը հանկարծ ուժեղ սրտախառնուք է զգում: Ավելի հարմար տեղ չգտնելով, նա ործկում է իր իսկ սամույրե տարողունակ գդակի մեջ` լցնելով դրա կեսը...
Վրդովված դեսպանները պահանջում են «պարսից դեսպանի ներկայությամբ նման խայտառակ արարք թույլ տված դիվանագետին անմիջապես հեռացնել պալատից»: Վերջինս` լրիվ «անջատված», նախ նստում է գետնին, հետո գդակը դնում գլխին` ողջ պարունակությունը լցնելով իր վրա: Բարեբախտաբար, շահը և պալատականները չեն վիրավորվում: Նրանք հավանաբար գնահատում էին հումորը, մանավանդ, զավեշտական իրադրությունում: Սրահում բարձրանում է քրքիջի ալիք: Այդ ընթացքում ոտքից գլուխ աղտոտված դեսպանին թիկնապահները ոտքի են հանում և, չնայած նրա դիմադրությանը, մի կերպ դուրս են տանում:

Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան

սկզբնաղբյուրը` http://www.diplomat.am/

Դիտվել է՝ 2199

Մեկնաբանություններ