Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«ՈՒր որ է այդ ինքնահավան «տիտանները» հավերժորեն կգժտվեն»

«ՈՒր որ է այդ ինքնահավան  «տիտանները» հավերժորեն կգժտվեն»
23.07.2013 | 00:06

Քաղաքական կանխատեսողների բազմահազարանոց բանակի համար, հատկապես Ռուսաստանում, ինչու չէ, նաև մեր երկրում, ԱՄՆ-ի ու Չինաստանի փոխհարաբերությունների թեման վաղուց և անփոփոխ մնում է սիրված։ Այդ թեման նրանց շարունակ առիթ է տալիս չարախնդորեն նկատելու. «Այդուամենայնիվ, չինացիները չեն սիրում այդ ամերիկացիներին» և թաքուն հույսեր են փայփայում, թե «ուր որ է այդ ինքնահավան «տիտանները» եթե չսկսեն էլ իրար գլխի հրթիռներ թափել, ապա առնվազն հավերժորեն կգժտվեն»։
ՈՒ հիմա ռուսական լրատվամիջոցները շտապում են ուրախությամբ հաղորդել այդ երկրների միջև լարվածության նոր պարույրի բացման մասին։ Մասնավորապես այն մասին, որ ԿՀՎ-ի մի նախկին աշխատակից` ոչ այն է ինչ-որ մեկի լրտես, ոչ այն է պատրանքով ապրող իդեալիստ Էդվարդ Սնոուդենը «փչացրել է համաշխարհային երկու գիգանտների` ԱՄՆ-ի ու Չինաստանի փոխհարաբերությունները»։ Եվ իրոք, ամերիկացիները չեն հավատում, որ նրան հաջողվել է Հոնկոնգից թռչել-հեռանալ առանց չինական իշխանությունների լռելյայն համաձայնության, Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քեռնին հայտարարել է, որ Հոնկոնգից այդ անձնավորության մեկնումը «լուրջ վնաս պատճառեց ԱՄՆ-ի ու Չինաստանի փոխհարաբերություններին», իսկ պետական դեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Վենթրելն էլ իր հերթին տրտնջացել է, թե Չինաստանի հետ «փոխվստահության» հիմքի վրա հարաբերություններ կառուցելու Ամերիկայի փորձերը հաջողություն չունեցան։ Պեկինն էլ, կարծես, հետ չի մնում դժգոհություն արտահայտելու այս «մրցակցությունում». Չինաստանը վրդովմունքով հերքել է ԱՄՆ-ի դժգոհություններն ու մեղադրանքները, իսկ կոմկուսի պաշտոնական օրգան «Ժենմին ժիբաոն» Սնոուդենի մասին գրել է որպես «Վաշինգտոնի երկերեսանիության դիմակը պատռած հերոսի» մասին։ Ընդ որում, ուշադրությունից, կարծես, փոքր-ինչ դուրս է մնում այն փաստը, որ Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի իշխանություններն ընդհուպ մինչև 2047 թ. իրենք են վերահսկում մի շարք կարևորագույն պետական ոլորտներ, մասնավորապես օրենսդրական և ներգաղթի քաղաքականության ոլորտները։ Եվ անգամ «Մեկ երկիր` երկու համակարգ» կուրսի շրջանակներում Հոնկոնգը կառավարում են իրենք հոնկոնգցիները` բարձր աստիճանի ինքնավարության պայմաններում։ Իսկ նրանք հերթական անգամ հայտարարեցին, թե Սնոուդենը երկրից հեռացել է օրինական հիմունքներով, որպես սովորական զբոսաշրջիկ, և Հոնկոնգը իրավաբանական հիմքեր չի ունեցել նրան կալանելու, քանի որ «Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի ներգաղթի դեպարտամենտը մինչ օրս ԱՄՆ-ի կառավարությունից ծանուցում չի ստացել ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի անձնագրի չեղարկման վերաբերյալ»։ Եվ, հասկանալի է, որ Սպիտակ տանը (որը բազմիցս ու շատ ջանադրաբար հանդես է եկել այն բանի օգտին, որ մայրցամաքային Չինաստանի բոլոր, դեռ մինչև վերջերս լիովին ինքնավար մասերն ավելի մեծ անկախություն ունենան Պեկինից) նման հարցադրումը ոչ միայն դուր չի գա, այլև բավական լրջորեն «կկապի նրա ձեռքերը»։ Եվ բացի այդ, շարունակական «լրտեսական ճղճղոցները», մեծ հաշվով, ոչ ոքի պատերազմի եզրին չեն կանգնեցնում։ Բավական է հիշել ԱՄՆ-ում ռուս գործակալների նշանավոր ձերբակալությունները կամ նույն այդ Ամերիկայում իսրայելական գործակալ Ջոնաթան Փոլարդի ոչ պակաս դրամատիկ ձերբակալությունը (ի դեպ, վերջերս ԱՄՆ-ի իշխանությունները հերթական անգամ մերժեցին իրենց մերձավոր դաշնակցին, և Իսրայելի նախագահ Պերեսի անձնական խնդրանքին` ներում շնորհելու ամերիկյան բանտում ցմահ ազատազրկված լրտեսին)։ Այնպես որ, թվում է, առճակատման սցենարների սիրահարները վերստին պետք է սպասեն. ո՛չ Պեկինը, ո՛չ Վաշինգտոնը, իհարկե, մտադիր չեն խզել հարաբերությունները, առավել ևս` պատերազմել։ Ինչպես որ, ասենք, նրանց միջև չի լինի ո՛չ առանձնակի բարեկամություն, ո՛չ սեր։ Բայց դա, իհարկե, սարսափելի չէ։ Նախ, որ «սերը», միարժեքորեն, քաղաքական կատեգորիա չէ, հատկապես արտքաղաքական և տնտեսական փոխհարաբերություններում, և երկրորդ` քաղգործիչներն ինչ էլ ասեն, դեմքի ինչ արտահայտություն էլ ընդունեն լինեն, միևնույն է, արդի քաղաքական հանրության շրջանում, առավել ևս Չինաստանի ու ԱՄՆ-ի փոխհարաբերություններում վաղուց մի կանոն է գործում` «ավելորդ ոչինչ, միայն բիզնես»։
Եվ ահա նախագահներ Օբամայի և Սիի` վերջերս Կալիֆոռնիայի շիկացած անապատում` Սաննիլենդս ագարակում կայացած հերթական, լրագրողների կողմից Արևմտյան Քեմփ Դևիդ անվանումն ստացած հանդիպումը ցույց տվեց, որ այդ երկրների ղեկավարները կցանկանային ունենալ առանձնահատուկ մոդելի հարաբերություններ, առանձնակի փոխվստահություն` որպես աշխարհի առավել հզոր տերություններ։ Խիստ հատկանշական է, որ նախագահներն այս անգամ հանդիպեցին, փաստորեն, առանց պարտադիր արարողակարգի` եթե ոչ որպես հին բարեկամներ, ապա, հաստատ, որպես լավ ծանոթներ. ո՛չ մի պաշտոնական արարողություն, ո՛չ մի պաշտոնական ճաշկերույթ, միայն զրույցներ ու զրույցներ։ Ընդ որում, փաստորեն երես առ երես շփումները երկու օրվա ընթացքում ընդհանուր առմամբ տևեցին տասնհինգ ժամից ավելի (համաձայնեք, փոխադարձ կասկածների առկայության պարագայում այդքան երկար զրուցելն ուղղակի իմաստ չունի և վտանգավոր էլ է, իսկ գժտվելու համար մի քանի րոպեն էլ է հերիք)։ Այս ամենը լիովին տարբերվում էր բարձր մակարդակի երկկողմ հանդիպումների նախորդ մոդելից։ Ինչպես նշում են լրագրողները, չնայած չինական ավանդույթներին, ընկեր Սին հեշտորեն համաձայնեց հանդիպման միանգամայն նոր, առավելագույնս վստահելի ձևաչափին, ու բացի այդ, երբեք այնպիսի բան չէր եղել, որ ՉԺՀ-ի նախագահը ԱՄՆ գար պաշտոնակալությունից ընդամենը երեք ամիս անց։ Իսկ այս ամենի գագաթնակետը դարձավ նախագահների առեղծվածային զրույցն այգու նստարանին։ Այստեղ էլ խոսակցությունը երես առ երես էր, ներկա էին միայն թարգմանիչները։ Թե ինչի մասին էին խոսում, իհարկե, հայտնի չէ, բայց ինչպես նշում են փորձագետները, խոսակցությունը, անկասկած, հաճելի մթնոլորտում է անցել և ավարտվել է Օբամայի անակնկալ նվերով. այդ, երևի, խիստ կարևոր նստարանը հիմա արդեն Սի Ցզինպինի անունով անգլերեն ու չինարեն ցուցանակ ունի, որի վրա նշված են նաև բարձր մակարդակի հանդիպման տեղն ու ամսաթիվը։
Կասկած չկա, որ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև բազմաթիվ դժվարին հարցեր կան լուծելու. հարակից ծովերի վերահսկողության հարցում Պեկինի հավակնությունները, որոնք ձեռնտու չեն Վաշինգտոնին, «կիբեռպատերազմները», Սիրիան։ ՉԺՀ-ին, իր հերթին, դուր չեն գալիս Արևելյան Ասիայում Միացյալ Նահանգների, իր կարծիքով, չափազանց մեծ ներկայությունը, Թայվանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները, ամերիկացիների ելույթներն ի պաշտպանություն չին այլախոհների (ի դեպ, նրանց թիվն զգալիորեն կրճատվել է)։ Իհարկե, տարաձայնություններ կան նաև տնտեսության ոլորտում, քանի որ աշխարհի ամենախոշոր ՀՆԱ-ն ունեցող երկու երկրները, իրոք, չեն կարող հակասություններ չունենալ։ Պեկինի հանդեպ պահանջների շարքում գլխավորը յուանի դեռևս ցածր փոխարժեքն է, որի հետևանքով ԱՄՆ-ը Չինաստանի հետ առևտրում դեֆիցիտ է կուտակում։ Բայց շատ ավելի հետաքրքրականն ու նշանակալին այն է, որ թեև աշխարհում շատերն ապավինում են «ոսկե յուանին», Պեկինը դեռևս կտրականապես հրաժարվում է BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) երկրների, մասնավորապես Ռուսաստանի ղեկավարների` դոլարն «անկյուն քշելու» համառ առաջարկներից։ Այնպես որ, հերթական, բայց, իհարկե, ոչ վերջին հանդիպումն ԱՄՆ-ի ու ՉԺՀ-ի ղեկավարներն արդեն անվանել են «ամենահաջողը Մաոյի ու Նիքսոնի ժամանակներից ի վեր, իսկ Չինաստանի նախագահ Սին նաև հայտարարել է, որ «չինական երազանքը կապված է ամերիկյան երազանքի հետ»։
Մինչդեռ հիմա ավելի ու ավելի է ամերիկա-չինական քաղաքական օրակարգի գլխավոր թեմա հռչակվում երկրների միջև «համագործակցության նոր մոդելի» կառուցումը։ Եվ այստեղ ավելորդ չի թվում հիշեցնելը, որ մի երկու տարի առաջ փորձագիտական միջավայրում ակտիվորեն քննարկում էին G-2-ի մասին Բժեզինսկու մտահղացումը. խոսքը ԱՄՆ-ի ու Չինաստանի` որպես գլոբալ աշխարհակարգի ձգողական կենտրոնի մասին է։ Թեև խոսքով Պեկինն այդ հեռանկարից համառորեն հրաժարվում է և հասկանալ է տալիս, որ նախընտրում է ընթանալ սեփական ռիթմով և գլոբալ նպատակներ չի հետապնդում, աշխարհում արդեն նկատում են, որ, երևում է, Չինաստանն ԱՄՆ-ի ղեկավարության աչքում ավելի ու ավելի է գրավում այն տեղը, որ մի ժամանակ ուներ ԽՍՀՄ-ը և որին երկար ժամանակ ու ապարդյուն հավակնում էր Ռուսաստանը։ Ի դեպ, մոտավորապես նույն կերպ են մտածում Չինաստանում։ Սակայն այդ հարաբերությունները, այնուամենայնիվ, հիմնված են ոչ միայն փոխադարձ վախի վրա, ինչպես Խորհրդային Միության հետ էր, այլև հարաճուն փոխկապվածության։ ԱՄՆ-ն ու ՉԺՀ-ն արդեն չեն կարող խզել հարաբերությունները, և ոչ միայն այն պատճառով, որ Պեկինն ավելի քան 1,3 տրիլիոն դոլարի ամերիկյան պետական պարտատոմսեր ունի, այլև որ ինքը դեռ երկար կախման մեջ կլինի ամերիկյան տեխնոլոգիաներից։ Շատ ավելի կարևոր է, որ թե՛ Վաշինգտոնում, թե՛ Պեկինում հիանալի հասկանում են, թե ինչ կլինի ամբողջ աշխարհում (ոչ թե միայն այդ երկրներում), եթե հարաբերությունները փոխադարձ չհարձակման ու հանդիմանությունների մակարդակից անցնեն կոնֆլիկտների փուլ։ Մենք բոլորս, երևի, հիշում ենք, թե ինչպես սարսափից քարացավ ֆինանսական աշխարհը, երբ սոսկ ակնարկվեց, թե Չինաստանը կարող է օգտագործել իր առավելությունը որպես Ճապոնիայի խոշորագույն վարկատու, և ազատ վաճառքի հանել 230 մլրդ դոլարի ճապոնական կառավարական պարտատոմսեր։ Այն ժամանակ (խիստ հատկանշական է) Պենտագոնն ուսումնասիրեց իրավիճակն ու հանգեց անմխիթար հետևության. «Եթե Պեկինը վճռի միանգամայն «ազատվել թղթերից», ապա դա հիմնովին կցնցի համերաշխարհային ֆինանսական համակարգը»։ Ավելին, թեև դա կխփի «ՉԺՀ-ի հեղինակությանը որպես հուսալի ու հարգարժան տնտեսական և ֆինանսական գործընկերոջ», Չինաստանը, այդուամենայնիվ, ընդունակ է կոնֆլիկտի դեպքում գրոհելու ԱՄՆ-ի պարտատոմսերի շուկան։ Նույնիսկ սեփական կորուստների գնով։ Իսկ դա, համաձայնեք, այլ կարգի վտանգ է ու բնավ համեմատելի չէ հերթական լրտեսապատումի հետ։ Այնպես որ, անցած դարի «միջուկային զսպմանը», դատելով ըստ ամենայնի, փոխարինելու է եկել ոչ պակաս արդյունավետ «ֆինանսական զսպումը»։ Սակայն նախագահ Սին ԱՄՆ-ում, իհարկե, ոչ պատահականորեն, նշեց, որ «հսկայական Խաղաղ օվկիանոսը, որ ընկած է երկու երկրների միջև, բավականաչափ մեծ է», այնպես որ իրենց երկուսին էլ տեղը լիովին կհերիքի։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1911

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ