Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Խճաքարերն ու խիճը

Խճաքարերն ու խիճը
19.07.2013 | 02:05

Մենակ խալաթն էր մեզ պակաս: Խալաթը, որ եկավ լրացնելու հայ-ռուսական իրական հարաբերությունների պատկերը: Սովորական, հնամաշ, չթե խալաթը, որ դարձավ միջպետական հարաբերությունների փաստ: Իսկ «խալաթի» պատմությունը շատ վաղուց է սկսվել, ու այդ խալաթը միշտ էլ նետված է եղել մեր ուսերին, բայց մենք չենք տեսել, մենք չենք ցանկացել տեսնել: Կամ էլ` վրայից թանկարժեք ու վայելուչ հանդերձներ ենք հագել: Իսկ խալաթը, փաստորեն, չի ծածկվել:

Դեռ ընդամենը մի քանի օր առաջ շատ սրտացավ հայերս մեր մեջ «հակառուսական հիստերիայի» մանրէներ էինք հայտնաբերում ու դաժանորեն ոչնչացնում, որովհետև մեր մեջ հայտնվել էին հերետիկոսներ, որ հանդգնել էին մտածել ու մղել մտածելու, որ համարձակվել էին հարցնել` իսկ մեր ինչի՞ն է պետք Եվրասիական միությունը: Ավելին` համարյա աղանդավոր էին դարձել ու հարցնում էին` մեկ միլիարդ զենքի վաճառքը Ադրբեջանին բիզնե՞ս է, թե՞ քաղաքականություն: Միամտորեն իրավաբանություն էին անում, թե ՀԱՊԿ պայմանագրով Ռուսաստանն իրավունք չուներ զենք վաճառելու ՀԱՊԿ անդամ երկրի հետ կոնֆլիկտի մեջ գտնվող երկրին: Այսինքն` իրավական դաշտ էին որոնում հետխորհրդային տարածքում, այն տարածքում, որ Ռուսաստանը ուզում է եվրասիականացնել: ՈՒ` կանի, փաստաթղթերում պատշաճ շարադրված, նպատակների ու հեռանկարների համոզիչ ձևակերպումով, խոստումնալից ու հուսատու, անայլընտրանք: Պետական: Իսկ կյանքը բոլորովին այլ պատմություն է պատմելու նույն այդ իրականության մասին` ինչպես եղել է մինչև հիմա: ՈՒ շարունակվելու էր այսպես, եթե Պոդոլսկում խիճ տեղափոխող բեռնատարը չբախվեր ավտոբուսին, եթե բեռնատարի վարորդը հայ չլիներ, եթե ավտոբուսում 18 զոհ չլիներ: Չխաբենք մեզ, այս ողբերգությունից հետո էլ շարունակվելու է այսպես: Մի քանի օրից` նիհար ուսերին նետված ծաղկավոր խալաթով մորուսած տղամարդու տագնապած աչքերը ու վախեցած հայացքը մոռանալու ենք: Որովհետև հայ-ռուսական հարաբերություններն այնքան բարձրագույն ոլորտ են, որ անձնական ճակատագրերն այդ ոլորտում ոչ մի կարևորություն չունեն: Ազդեցություն չունեն: Նույնիսկ այն պարագայում, երբ այդ անձնական ճակատագրերով մտահոգ են Հայաստանի Ազգային ժողովի նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը: Նրանք միանշանակ ճիշտ են ու արդար են իրենց մտահոգություններում ու իրենց «հույսերում»: Եվ Սերգեյ Նարիշկինին ու Վալենտինա Մատվիենկոյին անմեղ զոհերի համար ցավակցած, ՌԴ իրավապահ մարմինների ու համապատասխան կառույցների անհրաժեշտ քննությունն ակնկալող Հովիկ Աբրահամյանը, և ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Վլադիմիր Լուկինից «անձի արժանապատվությունը նսեմացնող ցանկացած հանգամանքների բացառում» ակնկալող Կարեն Անդրեասյանը ոչինչ չեն ստանալու ի տրիտուր իրենց ակնկալիքների, որովհետև նրանց դիմաց ոչ թե համարժեք պաշտոնյաներ են, որ պաշտոնի բերումով ունեն պարտավորություններ, այլ կայսերապաշտական մտածողության անթափանց պատը: ՈՒ նույնքան անթափանց քաղաքականությունը, որ մի առանցք ունի` սեփական շահը:

Զգայացունց ու ճարտասանական տասնյակ հարցեր կան մարդկայինից իրավական տասնյակ հարթություններում, բայց ոչ հարցերը, ոչ անգամ պատասխանները իրավիճակ չեն փոխվելու, չի փոխվելու իրավիճակի հասարակական ընկալումը Ռուսաստանում: Պարզ է, որ տարաբախտ ավտոբուսի վարորդը ամերիկացի, ֆրանսիացի, վերջին կես տարում նաև վրացի լիներ, խալաթով չէր հայտնվի դատարանում, ու նրա կալանավորումը պահանջած դատախազն էլ հաստատ ծագումով ամերիկացի, ֆրանսիացի, վրացի չէր լինի: Պարզ է նաև, որ ամերիկացիների, ֆրանսիացիների կամ վրացիների միությունն էլ (եթե այդպիսին լիներ) հաստատ դժբախտ պատահարի առիթով չէր հայտարարի, թե տուժածներին փող է բաժանելու, ինչպես միշտ աղետների դեպքում արել է, թե մի շարք քայլեր է ձեռնարկել «նպատակ ունենալով նվազեցնել թեժացած կրքերը, կանխել դրանք ազգամիջյան հարաբերությունների հարթություն տեղափոխելու փորձերը», և այլն, և այլն, որովհետև հայտարարված նպատակները բոլորովին այդ միության գործը չեն: Այս օրերին շրջանառված բոլոր պաշտոնական ու ոչ պաշտոնական տեսակետների գլուխգործոցը, այնուամենայնիվ, եղավ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության հայտարարությունը: Դիվանագիտական մտքի այդ փայլատակումն ուղղակի հայ-ռուսական հարաբերությունների բնութագիրն է: Ինչո՞ւ է դեսպանատունը այդքան կարծրացած ու իրականությունից կտրված հայտարարություն անում: Որովհետև կան իրադարձությունների ընկալումների կարծրատիպեր, պատրաստի տեքստեր, որ տարածվում են` առանց նույնիսկ սեփական խոսքի պատվի ու պատասխանատվության մասին մտածելու: Սա այն դեպքն է, երբ կարևոր չէ` ինչ է ասվում, կարևոր է` ով է ասում: Այլապես ողբերգության կիզակետում հայտնված մարդուն, որ նույնքան զոհ է ստեղծված իրավիճակում, որքան մյուսները, անմեղության կանխավարկածը գզրոցներին հանձնած իրավապահներն ու ինչ-որ անհասկանալի մարդիկ հիվանդանոցում իրենց իրավունք չէին վերապահի խալաթով դատարան տանել: Եթե տարել էին, առանց հրահանգի դատավորը դատը չէր սկսի: Եվ այդ ամենից հետո ընդամենը մարդու մարդկային արժանապատվության, տղամարդու` վերնաշապիկ-տաբատ հագնելու իրավունքի պաշտպանության դիմաց ստանալ ինչ-որ «ափսոսանք», «հակառուսական կրքերի բորբոքում», քաղպարապմունք հանձնարարված թեմայով («Միանգամայն անտեղի ենք համարում գործողությունները, որոնք ուղղված են մեծ մարդկային ողբերգությունը նեղ քաղաքական նպատակներով օգտագործելուն, և ռուս-հայկական հարաբերությունների խարխլումը: Պատվիրված քաղաքականացված գնահատականներն անընդունելի են»), նվազագույնը անհասկանալի է: Ընդամենը պետք էր ընդունել, որ սխալ է կատարվել, թյուրիմացություն է եղել, ինչ-որ մարդիկ այն ու այնպես չեն արել, կպարզվի, կպարզաբանվի, կշտկվի: Բայց դա արդեն ՌԴ դեսպանատան արձագանքը չէր լինի, համենայն դեպս` Հայաստանում: Տեսնո՞ւմ եք, որ խալաթը եղել է վաղուց, եթե կուզեք` այդ խալաթը ի սկզբանե ռուսների հագին է եղել` համազգեստի տեսքով, տարբեր իրավիճակներում` տարբեր համազգեստների (շինելից շքազգեստ), բայց միշտ դագանակը ձեռքին: Հիմա ո՞վ է հակառուսական կրքեր բորբոքում:
Հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի ճակատագիրը բոլորովին այլ կարող էր լինել, եթե տղան քաղցկեղից չմահանար, եթե հայրենիքում աշխատանք գտներ, եթե մեկ րոպե ուշ կամ շուտ անցներ այն փողոցով, որով հուլիսի 13-ին անցավ իր բեռնատարով: Արդյո՞ք նրա մեղքով է վթարը տեղի ունեցել, թե՞ մեքենայի անսարքության, ավտոբուսի վարորդի կամ որևէ այլ պատճառով, դատաքննությունը կպարզի: Բայց արդեն իսկ այս իրավիճակը մեծ ու անսպասելի հայտնված հայելի է, որտեղ արտացոլված է այն, ինչ մենք գերադասում ենք չտեսնելու տալ` ինչպես են Ռուսաստանում վերաբերվել ու վերաբերվում հայերին:
Խալաթն ընդամենը դրվագ է, որ կարևորվում է, որովհետև հանգուցվում է արդեն վտանգավոր երկարություն ստացած շղթային: Իսկ շղթան վկայում է, որ դանդաղ, համառ ու գրեթե անկասելի փոփոխություններ են կատարվում զգացողությունների ու ընկալումների մակարդակում, որ երբեմն-երբեմն դրսևորվում են պետական հարաբերությունների հարթակում: Ոչ դիվանագիտական լեզվով` կողմերն արդեն չեն թաքցնում, որ հասունանում է տարաձայնությունների հուշագրի ստորագրումը: Ինչպես և երբ կարտահայտվի, ցույց կտա հերթական սկանդալը:
Փորձը ցույց է տալիս, որ բոլորովին պարտադիր չէ, որ այդ սկանդալը սկսվի կամ լինի Հայաստանում (Կիպրոս կա, տարածաշրջան կա): Փոխհարաբերությունների մեջ առավել հաճախ արձանագրվում է ասիմետրիկ պատասխանի տարբերակը: Ռուսաստանը մեծ ու հզոր երկիր է, Հայաստանը իր ամբողջ բնակչությամբ Մոսկվայի մի քանի արվարձան է, աշխարհագրական տարածքն է երկիրը դարձնում գայթակղության քար: Աշխարհագրական տարածքն ու տարածաշրջանը, որտեղ ոչ միայն պատմության գետերն են հոսում, այլև հավակնությունների խաչմերուկ է գործում: Կա համարյա հավերժական դագանակ` Լեռնային Ղարաբաղի հարցը, որով և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը նույն նավում են հայտնվում: Եթե կողմերից որևէ մեկը բողոքում է նավավարից, ծովում ալեկոծություն է սկսվում, որովհետև Ռուսաստանը սիրում է դատավորի դերը: Հաշտարար դատավորի: Հենց այդ պատճառով նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման ողջ դիվանագիտական պատմությունը սկսվեց ու զարգացավ 00 կետից` մի կողմ դրվեց պատմության ռազմական հատվածը: Այսինքն` բոլոր պատերազմները պատերազմներ են, պատերազմներից հետո գծագրվում են նոր սահմաններ, և դա ընդունվում է, իսկ այս դեպքում ռազմական հաղթանակից հետո պարտված կողմն իրավասու է պահանջել «օկուպացված» տարածքները: Լեռնային Ղարաբաղի հարցից բացի, ազդեցության այլ լծակներ ևս կան` նախ անվտանգության խնդիրը (որ շահարկվում է մեր լուռ համաձայնությամբ), ապա շատ ավելի պրոզաիկ խնդիրներ, ասենք, էներգետիկ, պարենային, պարզապես կենսապահովման ու ֆինանսական ապահովման: Այս հարթության մեջ արդեն բոլոր հետևանքների բոլոր պատճառները մեր սահմաններից ներս պիտի որոնենք: Իսկ քանի դեռ որոնում ենք, հրաչյահարությունյանները մեկ առ մեկ սահմաններից դուրս են գալիս` ապրուստ որոնելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Այս ամբողջ պատմության մեջ ամենակարևորը մարդկանց ճակատագրերն են: Վթարին զոհ գնացած մարդկանց կյանքը ողբերգականորեն ընդհատվեց ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով: Վիճակագիրները ստույգ տվյալներ կտան, թե ամեն օր ճանապարհներին քանի մարդ է մեռնում կամ հաշմվում: Մեղավորներին ու անմեղներին որոշում են դատավորները: Բայց երբեմն այդ իրադարձությունները արտացոլում են շատ ավելին, քան վթարները ճանապարհներին: Եվ այդ դեպքում հատկապես ընդգծվում են համազգեստները` ինչ հանդերձներ էլ վրայից լինեն:

Դիտվել է՝ 3072

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ