Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Շատ համեղ պատառ, որի տեսքից Կրեմլի «բերանի ջրերը գնում են»

Շատ համեղ պատառ, որի տեսքից Կրեմլի «բերանի ջրերը գնում են»
02.07.2013 | 11:12

Փորձագիտական գնահատականները քննադատելը, առավել ևս կասկածի ենթարկելը, իմ կարծիքով, լրագրողական ճիշտ մոտեցում չէ։ Ինչպես ասում են, ամեն մեկն իր անձնական կարծիքի իրավունքն ունի, անգամ եթե այն մեզ դուր չի գալիս։ Առավել ևս, կարծես, իմաստ չունի էլ սուր արձագանքելու, եթե այդ մասնագետն աշխարհահռչակ անուն, շատ թե քիչ զգալի համբավ չունի փորձագիտական լայն ընկերակցությունում, ու դրա հետ էլ սոսկ նեղ տեղային խնդիրներ է լուծում, ընդ որում, շատ կանխակալ և շահադիտական դիրքերից։ Այնպես որ, ըստ էության, երևի չարժեր ուշադրություն դարձնել Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ, ռազմագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Զախարովի մտքերին։ Սակայն մի ամբողջ շարք չափանիշներ դրանք առանձնանշական են դարձնում, ու թեման էլ` Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը, խիստ ցավոտ է։ Ավելին, այդ փորձագետ գիտնականի մտքի գոհարներն արագորեն տարածում գտան ռուսական կառույցների մի ամբողջ շարք բարձրաստիճան չինովնիկների ու որոշակի հակման քաղաքագետների շրջանում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ այդ խոսքերը կազմակերպված ակտ են եղել։ ՈՒ քանի որ Զախարովի ներկայացրած պատկերն առավել հստակորեն է ուրվագծում ու ընդհանրացնում մնացած բոլոր «հայտնությունները», ապա նպատակահարմար է, երևի, անդրադառնալ հենց դրան։
Ի դեպ, ասենք, ամենահաս «Վիկիպեդիայում» նրա անվան դիմաց, չգիտես ինչու, «ռազմագիտության դոկտոր» գիտական աստիճան չի նշվում։ Փոխարենը համացանցը լի է նրա բարբաջանքներով, որոնք շատ պերճախոս մոտեցումներ են հրամցնում, այսպես` «Արդեն առաջիկա տարիներին Ռուսաստանը կարող է հինգ պատերազմի մասնակից դառնալ», «Նախկին խորհրդային պետությունների կողմից Արևմտյան կամ Արևելյան քաղաքակրթություններում իրենց ինքնության որոշումը, առավել ևս, դրանց ինտեգրվելու փորձերը ոչ միայն ուտոպիական են, այլև հակասում են նրանց բարոյահոգևոր արմատներին։ Ժամանակն է վերադառնալու սկզբնական ազգային կոչին» (այստեղ դժվար է յոլա գնալ առանց «Ահա թե ի՜նչ» գոչելու), «Տարածաշրջաններում նպատակահարմար է Խորհրդային Միության նախկին հանրապետությունների ռազմական ենթակառուցվածքը պահպանել ռուսական ռազմական ներկայության պահպանման ու ընդլայնման միջոցով» և այսպես շարունակ` նույն ոգով։ Իհարկե, չեն անտեսվում նաև եվրասիական նախագծի «ճաճանչափայլ գագաթները»։ Դե, իսկ դիմագիտության սիրահարներին, իհարկե, շատ բան կասեն այդ «առաջատար մասնագետի» լուսանկարները։ Ահա և վերջին «մեծ հայտնությունը». «Ադրբեջանին զենքի մատակարարմամբ Ռուսաստանը վերականգնեց տարածաշրջանային խախտված հավասարակշռությունը»։ Ըստ էության, Հայաստանի ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, ՀԱՊԿ-ի քարտուղարության և «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության նախաձեռնած համաժողովում պարոն Զախարովի և ռուսական ու ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այդ հայտարարությունն էլ հենց ստիպեց ինձ հետաքրքրվելու մոլորակի այդ, թվում է, ոչ ամենահետաքրքիր ու կարևոր անձնավորությամբ։
Այսպիսով, դատողություններ անելով Ադրբեջանին ռուսական զենքի նոր մատակարարումների թեմայով, Վլադիմիր Զախարովն իր «իմացական բարձունքից» հայտարարել է. թեև դրանք, «իհարկե, հետապնդում են նաև առևտրային նպատակներ», սակայն վերջին հաշվով միտված են հավասարակշռության պահպանմանը տարածաշրջանում, քանի որ «վերջին ժամանակներս այն հակվել է Հայաստանի կողմը»։ Հիշեցնենք, հերթական առևտրական պայմանագրի շրջանակներում Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել է երեք գումարտակի 94 միավոր «Т-90С» տանկ, մոտավորապես երեք գումարտակի 100 միավոր БМП-3 (հետևակի մարտական մեքենա), 18 միավոր «МСТА-С» տիպի ինքնընթաց հրետանային կայանք, համազարկային կրակի «Смерч» տիպի հրթիռային համակարգերի 18 արձակման կայանք, «Вена» տիպի 18 միավոր ինքնընթաց հրետանային կայանք և ТОС-1А «Солнцепек» տիպի 6 միավոր ծանր հրանետ կայանքների մեկ մարտկոց։ Ընդհանուր արժողությունը առնվազն 700 մլն դոլար է, հնարավոր է և մոտ 1 մլրդ։
Իհարկե, դժվար չէ գուշակել, որ այդ գործողություններով Մոսկվան (ինչպես մեկ անգամ չէ, որ եղել է) ուզում է առաջին հերթին սիրաշահել Բաքվին ու շատից-քչից կարգավորել իրենց սասանված «բարեկամությունը», և երկրորդ` նորից խստորեն «մատ թափ տալ» հայկական իշխանությունների վրա, որոնք, Կրեմլի կարծիքով, սկսել են «ինքնուրույն խաղեր տալ» (թե այստեղ որն է առաջինը և որը` երկրորդը, թողնում ենք ընթերցողի ճաշակին)։ Եվ, իհարկե, Կրեմլի նյութապաշտների համար զենքը եղել և մնում է «ամենագնայուն ապրանքը». 2013 թ. սկզբից Ռուսաստանը իրացրել է զենքի գործարքների նախատեսված ծավալի գրեթե կեսը և գանձարանը համալրել 7 մլրդ դոլարով։ Իսկ որ դրա համարյա մեկ յոթերորդ մասը բաժին է ընկնում տարածաշրջանում իր միակ հենարանի` Հայաստանի հակառակորդներին, Մոսկվայի համար, իհարկե, շատ աննշան հանգամանք է։ Բացի այդ, Ռուսաստանում արդեն վաղուց տրտնջում են, թե իրենք կարող են ձեռքից բաց թողնել Ադրբեջանի հարաճուն զինաշուկան, ուր մուտք են գործել ոչ միայն Թուրքիան, այլև Իսրայելը։ Իսկ եթե քննության առնելու լինենք զինված ուժերի վրա ադրբեջանական բյուջեի ծախսերի ավելացման գրաֆիկը, ապա կարելի է նկատել, որ վերջին հինգ տարում դրանք ահռելի չափերի են հասել, և 2012 թ. ադրբեջանական իշխանությունները ռազմական նպատակներով հատկացրել են մոտավորապես 3,5 մլրդ դոլար։ Այսինքն, մի շատ համեղ պատառ, որի տեսքից Կրեմլի «բերանի ջրերը գնում են», և նա պատրաստ է մոռանալու թե՛ «բարեկամությունը», թե՛ իրենց ասած «ֆորպոստն» անգամ։ «Տերերին» արդարացնելու իր մոլուցքի մեջ փորձագետ Զախարովը կոչ է անում չմոռանալ, որ Ադրբեջանին զինամատակարարումները կատարվել են Հայաստանում «Իսկանդեր-Ծ» հրթիռային համալիրի տեղակայման մասին տեղեկության հրապարակումից հետո»։ Բայց այստեղ այդ «ռազմագիտության դոկտորը» իրեն նեղություն չի տալիս հիշելու (չէի ցանկանա մտածել, թե տեղյակ չի եղել), որ, աշխարհի առաջատար փորձագետների գնահատմամբ, «Ադրբեջանի տեխնիկան ու սպառազինությունները քանակով, իսկ շատ դեպքում նաև որակով, գերազանցում են հայ հարևանների և տարածաշրջանում գերիշխանության չհավակնող մյուս երկրների զինանոցները»։ Այլ բան է, որ փորձագիտական գնահատականներում նախապատվությունը տրվում է Հայաստանին, որի ուժը ոչ թե թիվն է, այլ հմտությունը։
Իսկ հիմա այդ տխրահռչակ «Իսկանդերների» մասին։ Ռազմական փորձագետներին, իհարկե, քաջ հայտնի է, որ ռուսական այդ օպերատիվ տակտիկական հրթիռային համալիրը տեղակայված է ռուսական բազայում, և այն հայկական բանակին, ըստ էության, քիչ բան է տալիս։ Ըստ բնութագրերի, «Իսկանդեր» համալիրները մինչև 500 կմ հեռահարություն ունեն (Երևանից մինչև Բաքու հեռավորությունը մայրուղով 650 կմ է), դրանք նախատեսված են ռազմական տեխնիկային` հեռահար հրետանուն, հրթիռային համալիրներին, օդանավակայաններին, հրամանատարական կետերին ու կապի հանգույցներին, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներին հրթիռային հարվածներ հասցնելու համար, անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործել միջուկային մարտագլխիկներով հրթիռներ։ Բայց, համաձայնեք, այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել, որ դրանք երբևէ կարող են օգտագործվել Ադրբեջանի դեմ, անգամ պատերազմի դեպքում, առավել ևս առանց ռուսների համաձայնության։ Եվ, որ ամենագլխավորն է, «Իսկանդերը» Հայաստանում տեղակայվեց այն բանից անմիջապես հետո, երբ չհաջողվեց ԱՄՆ-ի հետ պայմանավորվածության գալ եվրոպական ՀՀՊ-ի շուրջ։ Այսինքն, ինչպես մի ժամանակ մտադիր էին Կալինինգրադում այն օգտագործել Լեհաստանում գտնվող ամերիկյան հրթիռների դեմ, այնպես էլ հիմա` Թուրքիայում գտնվող հրթիռների դեմ։ Այստեղ ի՞նչ կապ ունեն Հայաստանն ու ուժերի տարածաշրջանային հավասարակշռությունը։ Հավանաբար հարմար է հիմարի տեղ դնել «ռազմավարական գործընկերներին»։ Իսկ այդ բոլոր «խաղաղասիրական զրույցները», ինչպես որ, այսպես ասած, «զուգակշռության» հասնելու ցանկությունն այստեղ, իհարկե, ոչ մի կապ չունեն։
Սակայն հարկ է նկատել, որ ղարաբաղյան հակամարտության բռնկման սկզբից ի վեր օգտագործվող և զզվանքի աստիճանի ձանձրացրած «զուգակշռություն» բառը Հայաստանում վաղուց նույնացնում են Մոսկվայի անփոփոխ ձգտմանը` անկողմնակալ դատավորի տեսքով կատարելու հակամարտության եթե ոչ «հրձիգի», ապա, համենայն դեպս, դիրիժորի դեր։ Դա միշտ արվել է «սովետի ձևով»` կոպիտ, ճակատային, կայսրապետական ցինիզմով։ Այս առիթով հիշողությանս մեջ արթնացավ պատերազմի տարիներին Հայաստանի ուժային գերատեսչություններից մեկի ներկայումս հանգուցյալ ղեկավարի մի մասնավոր պատմություն. Շապոշնիկովի` պաշտպանության նախարար եղած ժամանակ իմ զրուցակիցը եղել է Մոսկվայում, Ռուսաստանը Հայաստանին ութ տանկ է տվել, և նրա այն խոսքին ի պատասխան, թե «հիմա ես դուրս կգամ ձեր աշխատասենյակից, դուք մի այդքան տանկ էլ, երևի, Ադրբեջանին կտաք», ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարն անմեղ աչքերով սկսել է հավաստիացնել, որ նման բան հնարավոր չէ։ Սակայն դժվար չէ գուշակել, որ, հասնելով Երևան, անմիջապես իմացել է, որ Ադրբեջանին էլ են տանկեր տրամադրել, ընդ որում` ճիշտ նույնքան։ Այլ բան է, որ հիմա ժամանակներն այն չեն, Ռուսաստանն արդեն գերիշխող չէ, աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում նրա օգտին չէ, և դերակատարներն էլ այստեղ բավական շատացել են։ Այսինքն, կարծես խաղերն էլ հիմա ուրիշ պիտի լինեն` ավելի խելացի, ավելի նրբահնար։ Բայց, չէ՜, ռուսական իշխանությունների համար ամեն ինչ նույնն է` «ինչպես կանգնած ենք եղել, այնպես էլ կլինենք»։ Իսկ մենք, իհարկե, կարող ենք սոսկ քմծիծաղ տալ ու հետևություններ անել։
Բայց ամեն ինչ այդքան մռայլ չէ։ «Առաջատար փորձագետի» առաջին հերթին հենց ռուսների համար կասկածելի այդ բացահայտումներում ես տեսա Հայաստանի համար շատ կարևոր ու հատկանշական փոփոխություն։ Եթե առաջ Մոսկվան անգամ չէր էլ փորձում արդարացնել Ադրբեջանին կատարվող կանոնավոր զինամատակարարումները, ապա հիմա դրանք ակնհայտ են։ Ընդ որում` ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Իհարկե, ինչպես միշտ, դա արվել է «հիմարն ինքդ ես» չափանիշներով, բայց այնուամենայնիվ։ Եվ, իհարկե, ո՛չ պատահականորեն և ո՛չ առանց պատճառի։ Չէ որ մինչև վերջերս դեռ երբեք Երևանը չէր կարողացել հանդիմանել «ավագ եղբորը» նման դավաճանության համար։ Նորից ընկնեմ հուշերի գիրկը և ընթերցողին պատմեմ ոչ հեռու անցյալի, իմ կարծիքով, հատկանշական իրադարձության մասին։ ՀՀՇ-ի կառավարման տարիներին առիթ ունեցա շփվելու լավ զինվորական կեցվածքով մոսկվացի փորձագետ լրագրողի հետ։ Այն ժամանակ հիմա արդեն հանգուցյալ ռուս գեներալ Ռոխլինը ահավոր աղմուկ էր բարձրացրել Հայաստանին ռուսական զենք վաճառելու շուրջ։ Այդ աղմուկին լայնորեն մասնակցում էին Պետդուման, լրատվամիջոցները։ Գալով Երևան, լրագրողն ինձ խնդրեց հանդիպում կազմակերպել երկրի ղեկավարության հետ և ասաց, որ կարող է նրանց փաստաթղթային հիմնավորում ունեցող նյութեր փոխանցել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին նույնպիսի զինամատակարարումների վերաբերյալ, որոնք չէր խանգարի կամ քննության առնել, կամ էլ գոնե հրապարակել։ Ի՞նչ նպատակ ուներ նա։ Իհարկե, իրենց ռուսական ներքին գզվռտոցը։ Բայց, թվում է, դա ի շահ Հայաստանի օգտագործել թե՛ կարելի էր, թե՛ կարևոր։ Սակայն հասկանալով, որ Մոսկվայի հանդեպ խիստ բարեհաճ հայկական իշխանությունները «արկածախնդրության» չեն դիմի, հանդիպում կազմակերպվեց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այն ժամանակվա նախագահի հետ` իբր նա խորհրդարանական է և ավելի ազատ է իմ գործողություններում։ Զուր հույսեր։ Չօգնեցին ո՛չ փաստարկները, ո՛չ անգամ պարզ հետաքրքրասիրություն առաջացնելու փորձերը։ Նյութերն այդպես էլ ոչ ոքի պետք չեկան, իսկ Ադրբեջանի հետ զենքի առևտուրը գնալով ընդլայնվեց։
Հիմա մենք, վերջապես, «սիրտ ենք առել»` սկսել ենք ոչ միայն խոսել, այլև անգամ բողոքել։ ՈՒ անմիջապես էլ` նյարդային արձագանք։ Առայժմ ինքնավստահ, անգամ լպիրշ։ Ինչևէ... Համաձայնեք, նույնիսկ այն, որ փորձագետ Զախարովը Ստեփանակերտին հանդիմանում է «մկանների ցուցադրման» քաղաքականություն վարելու և այն բանի համար, որ ղարաբաղյան բանակը պատերազմի դեպքում պատրաստ է հարվածներ հասցնելու էներգետիկ հաղորդուղիներին, լրիվ նոր կարգի հովեր են։ ՈՒ հանկարծ էլի մեկ հեգնական իրավիճակ. թեև նա վախեցնում է այն բանով, որ «դա ուղղակի մարտահրավեր է միջազգային ընկերակցությանը», նկատենք, որ Վրաստանը մինչև հիմա պնդում է, որ հենց Ռուսաստանը ռազմական բախման ժամանակ նույն «Իսկանդեր» հրթիռային համալիրներն օգտագործեց Փոթիի, Գորիի օբյեկտներին և գլխավորը` Բաքու-Սուպսա խողովակաշարին հարվածներ հասցնելու համար։ Այնպես որ, կարծես, նրա ծավալուն «փորձագիտությունից» միակ ճիշտ բանն այն է, որ «թնդանոթները չպետք է կրակեն, այլ պետք է դիվանագիտություն ապահովեն»։ Բայց այդ դեպքում էլ ավելորդ չէր լինի, իհարկե, ավելացնել` նախ «թնդանոթներ» պետք է լինեն, և երկրորդ` հակառակորդը պետք է զգուշանա դրանցից։ Եվ ամենագլխավորը` դրանք պետք է, իհարկե, կրակ արձակեն ամենևին էլ ոչ հեռվում նստած «բարի քեռիների» ցուցումով։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2025

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ