Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Պետության ինքնառերեսման ժամանակը

Պետության ինքնառերեսման ժամանակը
08.02.2013 | 02:18

Փետրվարի 8-ը նախագահական ընտրությունների համար կարևոր օր է. այսօր պետք է ԿԸՀ ներկայացվեն նախագահության թեկնածուների ինքնաբացարկի դիմումները: Ընտրությունների կգնան 7 թեկնածուներ. Արամ Հարությունյանն ի սկզբանե հայտարարել է, որ իր թեկնածությունը հանելու է:

Անակնկալներ հազիվ թե լինեն մյուս թեկնածուների դեպքում: Վարդան Սեդրակյանը, իրեն համարելով «ի վերուստ նշանակված նախագահ», տիեզերքի ուժերի օգնությամբ 81 տոկոս ձայներով ընտրվելու է նախագահ, ուստի թեկնածությունը չի հանի, թեպետ ընդունում է, որ թեկնածուների մեջ իր պատվավոր 8-րդ տեղից առաջ չի գնացել: Հրանտ Բագրատյանը շարունակում է 100 քայլերը, ուստի կանգ չի առնի, մանավանդ` անկեղծորեն համոզված է, որ քարոզարշավը նպաստում է իր` իբրև նախագահի թեկնածուի, շանսերի մեծացմանը: Նույն տեսակետն ունի Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց իր մասին, և շարունակում է երկու Հայաստանների` «Սերժի Հայաստանի» ու «Րաֆֆիի Հայաստանի» հակադրումները, վստահ, որ հաղթելու է ինքը: Սերժ Սարգսյանը խզված ձայնով շարունակում է նախատեսված հանդիպումները և արդեն ասում է, որ լինելու է ոչ միայն իրեն ընտրածների, այլև չընտրածների նախագահը, որովհետև իրեն պատասխանատու է համարում բոլորի և յուրաքանչյուրի համար: Նաև` բոլորին միավորելու մեջ է տեսնում գալիք տարիների իր քաղաքական առաքելությունը: Արման Մելիքյանը, որ այդպես էլ նախընտրական հանդիպումների չի գնում ու իր հավանական ընտրողների հետ գերադասում է շփվել լրատվամիջոցներով, շարունակում է բողոքել կյանքի ու նախագահի թեկնածուի իր կյանքի անարդարությունից: Ընտրարշավի ֆավորիտներ, հանգամանքների բերումով, շարունակում են մնալ Պարույր Հայրիկյանն ու Անդրիաս Ղուկասյանը: Փետրվարի 5-ին Պարույր Հայրիկյանը հայտարարեց, որ ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու հայցով Սահմանադրական դատարան չի դիմելու և պատրաստ է շարունակելու ընտրարշավը: Թվում էր` մյուս թեկնածուները պիտի ուրախանային, որ նա արագ ապաքինվում է, և գիշերային կրակոցները չեն ազդի նաև իրենց ծրագրերի վրա. երկշաբաթյա դադարն ու հետագա իրադարձությունները, բնականաբար, ներգործելու էին նաև իրենց ընտրարշավի ու վարկանիշի վրա, բայց ոչ: Նրանք չգնահատեցին Պարույր Հայրիկյանի որոշումը, ավելին` համարեցին գործարք: Բնականաբար` իշխանությունների հետ: Եվ հիմա, եթե Պարույր Հայրիկյանն այնքան ձայներ ունենա, որ օրենքով սահմանված կարգով հետ ստանա ընտրագրավը, կամ ընտրություններից հետո անցնի որևէ աշխատանքի պետական կառույցներում, դա համարվելու է գործարքի ապացույց բոլոր նրանց կարծիքով, ովքեր համոզված են, որ ամեն ինչ գնվում ու վաճառվում է: Քիչ այլ է Անդրիաս Ղուկասյանի պարագան: Նա շարունակում է հացադուլը, չնայած առողջական վիճակի վատացմանը: Փետրվարի 8-ից նա հանգիստ խղճով կարող է հացադուլը դադարեցնել, որովհետև եթե պահանջում էր, որ Սերժ Սարգսյանը հանի թեկնածությունը, իսկ Սերժ Սարգսյանը չի հանել օրենքով սահմանված ժամկետում, իմաստ չունի վտանգել առողջությունը անորոշ ժամկետով ու մերժված պահանջով: Եթե Անդրիաս Ղուկասյանը հույս ունի հետաձգելու ընտրությունները «անհաղթահարելի խոչընդոտ» համարելով իր` իբրև նախագահի թեկնածուի առողջական վիճակը, նրա հետ կարող են չհամաձայնել, որովհետև Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը կամավոր ընդունված որոշման հետևանք է և ոչ պարտադրանքի, նա կարող է դադարեցնել հացադուլը և աստիճանաբար բարելավել հացադուլի պատճառով խաթարված առողջությունը, որն այս պարագայում հաղթահարելի խոչընդոտ է: Կարծես` վերջ: Ինտրիգը ավարտվում է, հասարակությունը փետրվարի 18-ին հանգիստ խղճով գնում է ընտրությունների:
Բայց այդպե՞ս է:

Հայաստանում քաղաքական կուսակցությունները կարողանում են ոչ միայն դասական քաղաքագիտությանն անհայտ կարգավիճակներ ու առաքելություններ հնարել իրենց համար` ընտրություններից հետո ու առաջ, այլև կարողանում են քաղաքականությունը այնպես կառուցել, որ ներիշխանական հակասությունների ընդհանուր պատկերի վրա թվում է, թե երկրում գործում է ակտիվ ընդդիմություն: Ավելին` ներիշխանական հակասությունների արդյունքում տրամաբանական կլիներ, որ հակասության կողմերից մեկն անցներ ընդդիմադիր դիրքեր` շարունակելու պայքարը, բայց ոչ, Հայաստանում ամեն ինչ այնքան ինքնատիպ է, որ քաղաքագիտությունը` դասական, թե արդիական, քաղաքականությունը` ռեալ, թե ոչ, ունեն իրենց անբացատրելի ու անտրամաբանական հետագիծը: Օրինակ, բացի նրանից, որ նախորդ նախագահը 2008-ի մարտյան իրադարձություններից սկսած հնարավորն արեց գործող նախագահի կյանքը բարդացնելու համար, հիմա էլ շարունակում է հիշեցնել, որ որոշումներն ինքն ընդունում է անվարան: Իսկ այն, ինչ չի ասում նա, ասում են նախագահի այն թեկնածուները, որ առաջադրվել են` ունենալով ոչ թե ընտրվելու մտադրություն, այլ իբրև հիշեցում, որ կա այդպիսի վոին: Անխոնջ ու անդադրում: Բազում ծրագրերով, որոնց բոլորի առաջին կետը մեկն է` վերստին նախագահ դառնալ: Այդպես լինում է` մարդը կա, իսկ նրա ժամանակն արդեն ավարտվել է, կյանքը շարունակվում է առանց նրա, իսկ նա իրեն պատկերացնում է մեկ դերում միայն, պատրաստ չէ այլ դերին ու շարունակում է ապրել այն աշխարհում, ուր ամեն ինչ կառուցված է իր նախագծով: Ապրում է` թող ապրի, իր կյանքն է, իր ընտրությունը, իր իրավունքը, ում ինչ գործն է: Այո, իհարկե, բայց ամեն ինչ դադարում է անձնական խնդիր լինելուց և բոլորովին այլ հարթություն է տեղափոխվում, երբ ցանկություններն ու մտադրությունները ֆինանսական ամրագրում են ստանում: Հավելեք իշխանական ռեսուրսների օգտագործումը ևս, որովհետև հայերիս համար տերը տեր է, տիրոջ նախկինը չի լինում: Հավելեք նաև արտաքին միջամտությունը խաղարկելու գործոնը, և պատկերն ամբողջանում է: Իհարկե, կան պատկերը բարդացնող հանգամանքներ ևս, որոնք միանգամայն ապարդյուն մղվել են հետին պլան, մասնավորապես` մարդկանց հիշողությունը, որի մեջ Ռոբերտ Քոչարյանի կերպարը զուգորդվում է մարտի 1-ից հոկտեմբերի 27-ով, իսկ 1999-2008 կանգառներում` այլ իրադարձություններով, որոնք, իրավականից բացի, նաև բարոյական վետո են դնում նրա վերադարձի գաղափարի վրա: Հատկապես եթե նկատի առնենք, որ ընտրությունը հայերս անում ենք ոչ բանականության, այլ սրտի թելադրանքով: Եվ ստացվում է, որ առաջիկա հինգ տարիները բնորոշվելու են Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում խորքային, արտաքուստ գուցե աննկատ պայքարով, որի տրամաբանական ու անտրամաբանական դրսևորումները իրենց անմիջական գործունեության վրա զգալու են թե իշխանական, թե ընդդիմադիր ուժերը, առավել ևս այլընտրանքայինները: Քանիցս առիթ ունեցել եմ գրելու, որ Հայաստանի Հանրապետության նախագահի այս ընտրությունները իրականում գերմրցակցային են, պարզապես իշխանության համար պայքարը չի սկսվում ու չի ավարտվում ընտրություններով, ընտրություններն ընդամենը մեկ հանգրվանն են, կարևոր, բայց ոչ վերջնական:
Իսկ ամենակարևորը` ժողովուրդն է, որ ընտրությունից ընտրություն կորցնում է հավատը, բայց կուտակում է առավել կարևորը` պայքարը շարունակելու ու տրամաբանական ավարտին հասցնելու վճռականությունը: Այս ընտրություններից հետո կարևորագույն ժամանակաշրջան է սկսվելու Հայաստանի քաղաքական դաշտում` քաղաքական էլիտայի ոչ թե վերադասավորման, կամ հերթական կերպարանափոխության, այլ ամբողջ դաշտի գույքագրման ու կանոնակարգման առումով: Բացահայտորեն քաղաքական դաշտում գործող դասավորությունը չի համապատասխանում իրականությանը: Իշխանությունը պիտի կոչվի իշխանություն և գործի իբրև իշխանություն, ընդդիմությունը պիտի կոչվի ընդդիմություն և գործի իբրև ընդդիմություն, չկողմնորոշվածները պիտի կողմնորոշվեն: Իշխանության գործառնություններով ընդդիմությունը և ընդդիմության գործառնություններով իշխանությունը ոչ միայն արտառոց, այլև անիմաստ վիճակ են ստեղծում, որից չի շահում որևէ կողմը: Իսկ առանձին անհատների շահը հակադրվում է պետության շահին: Հայաստանի Հանրապետության իշխանությունը չի սովորել հավատալ ու վստահել իր ժողովրդին, գուցե զգուշությունից, գուցե ինքնավստահության պակասից, գուցե ինքնաբերաբար: Ժողովրդի ու իշխանության միջև թափանցիկ, բայց անանց պատ կա` փոխվստահության քայլեր կողմերն այլևս չեն փորձում անել: Ժողովրդի և իշխանության անջրպետի հաղթահարումը լինելու է իշխանության իրական խնդիրը, որովհետև միայն այդ անջրպետի վերացումն է ուժեղացնելու իշխանությանը ներսում ու դրսի առաջ:
Որքան էլ տարօրինակ է` թերևս առաջին անգամ իշխանությունն ու ընդդիմությունը համարյա նույն խնդիրները պիտի լուծեն` յուրաքանչյուրը իր կարգավիճակի հստակեցման ու բարձրաձայնման, ապա նաև ինքնահաստատման: Նոր նախագահը (թեկուզ հին` նոր) պիտի կազմավորի իր կառավարությունը, կառուցի իշխանական նոր բուրգը, որտեղ առավել քան վճռորոշ են թե՛ հին քաղաքականության շարունակումը, թե՛ նոր քաղաքականությանն անցումը: Պատահական չէ, որ նախագահի որևէ թեկնածու չի հրապարակել իր կառավարության կազմը: Իսկ դա շատ կարևոր կողմնորոշիչ է ընտրության գործընթացում: Ընդդիմությունը վերջապես պիտի կողմնորոշվի առաջնորդի հարցում ու վերադառնա Ազատության հրապարակ` իր լքած ժողովրդի մոտ: Ակնհայտ է, որ որևէ համախմբում այս դաշտում այլևս անարդյունավետ ու անիմաստ է, Հայաստանի ընդդիմությունը չի համախմբվում ու վերջ: Ոչ անձի շուրջ, ոչ խնդրի շուրջ, ոչ գաղափարն է օգնում, ոչ օրակարգը: Փորձերն ապացուցել են, որ ճանապարհը սխալ է ընտրվում: Բայց խնդիրը կա և լուծում է պահանջում: Եվ այդ լուծումը հնարավոր չէ վերստին սերունդների ուսերին բարդել, ինչպես մեր պապերն են մեզ ժառանգել իրենց չլուծած խնդիրները: Այս դեպքում ժամանակն աշխատում է ոչ թե ընդդիմության դեմ, այլ պետության, որովհետև ցանկացած պետության ուժը իշխանության ու ընդդիմության հավասարակշռության մեջ է: Բնականաբար, ոչ այն տեսքով, որ եղել է ու կա Հայաստանի երրորդ Հանրապետությունում: Ժամանակն է առերեսման` թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, թե՛ ժողովրդի համար: Պետությունը չի կարող հավերժ օտարել ինքն իրեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Փաստե՞ր, թե՞ միֆեր, իրականությո՞ւն, թե՞ իրականության մեր մեկնաբանությունը. ի՞նչն ենք դնում մեր եզրակացությունների հիմքում: Սա շատ լուրջ հարց է, որ միանգամից շոշափում է մի քանի հարթություններում մեր իրավունքների ու ազատությունների խնդիրը, որ անմիջապես առնչվում է արժեհամակարգին: Այս հարցին խելամիտ պատասխան տալու համար նախ պետք է սահմանել` ինչ է փաստը, ինչ է միֆը, որն է իրականությունը, որի մեկնաբանություններում մենք օբյեկտիվ ենք կամ սուբյեկտիվ, կուսակցական, պետական, թե անձնական տեսանկյունից ենք եզրակացություն անում, վերջապես` որքանով ենք ազատ այդ եզրակացություններն անելիս: Ավելին` իր մեծամասնության մեջ ընթերցողը որոնում է ոչ թե հարց-պատասխան-եզրակացություն գծակարգը, այլ փաստ-հակափաստ-սենսացիա, որովհետև նրան պետք է ոչ թե մտածելու, իմաստավորելու նյութ, այլ ամբողջ մեկ րոպեով իրեն լավ զգալու, որ ուրիշների կյանքն էլ քաղցր չէ: Իր մեծամասնության մեջ ընթերցողը ընտելացել է, որ իրեն պետք է ասեն` սա լավն է, սա վատն է, սա ճիշտն է, սա սխալն է, սա սևն է, սա սպիտակն է, ու` ոչ մի բառ ավելի, իսկ երբ ասում են` սա այսպես է, իսկ սա` այսպես, ինքներդ որոշեք, որն է լավը, որը` վատը, որն է ճիշտը, որը` սխալը, որն է սևը, որը` սպիտակը, անմիջապես ծագում է ընկալման մակարդակի հարցը: Եվ դա արդեն կապ չունի ոչ լրագրության, ոչ լրագրողի մակարդակի հետ: Նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ծագած բոլոր հարցերը ստանում են երկակի պատասխաններ հենց այս պատճառով` եզրակացության հիմքում տեղափոխվում են փաստն ու միֆը, իրականությունը փոխարինվում է իրականության մեկնաբանությամբ: Ավա՜ղ:

Դիտվել է՝ 2295

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ