Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Կհաջողվի՞ պահպանել Սիրիայի իրական անկախությունը

Կհաջողվի՞ պահպանել  Սիրիայի իրական անկախությունը
07.09.2012 | 12:17

2012-ի աշնան սկզբին, որքան էլ տարօրինակ հնչի, Սիրիայում տիրող իրավիճակն ավելի որոշակի դարձավ։ Նախկին իշխանությունն ու բանակը կազմալուծված են, կենսագործունեության հիմնական կենտրոններում համառ մարտեր են տեղի ունենում, երկիրը միջազգային քաղաքական ու տնտեսական շրջափակման մեջ է, ազգային վերնախավն ավելի ու ավելի է ցուցադրում կառավարող վարչակազմի անձեռնահասությունը։ Միաժամանակ, զանգվածային դասալքության, վարչակազմում և բանակում դերերի ու դիրքորոշումների նոր բաշխման հետևանքով նախագահ Բաշար Ասադը և նրան հավատարիմ քաղաքական շրջանակներն սկսել են իրենց ավելի վստահ զգալ, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ ներկա վարչախումբն առնվազն կպահպանի իր դիրքերը և գերազանցապես ալավիներով ու կրոնական այլ համայնքներով բնակեցված ծովամերձ մասի վերահսկողությունը։ Զինված ուժերում տեղի է ունեցել կադրերի ինչպես նպատակամիտված, այնպես էլ տարերային զտում. կառավարող վարչակազմին հավատարիմ ներկա զորքերը գերազանցապես բաղկացած են ալավիներից, մասամբ և տարբեր ուղղության քրիստոնյաներից։ Անշուշտ, սուննիադավան բնակչության մեծ մասն աջակցում է ընդդիմությանը և նրա զինված կազմավորումներին, բայց նաև սուննիականների մի զգալի մասն էլ, նախ և առաջ մեծ քաղաքներում բնակվողները, սկսել է ավելի ու ավելի հասկանալ, որ ներկա ընդդիմադիրների իշխանությունը կործանարար կդառնա գոյություն ունեցող սոցիալական գերակայությունների ու վարքագծի կանոնների համար, և երկրի վրա կկախվի իսլամական արմատականության խավարը։ Վերջին տասնամյակում Սիրիայի սուննիադավան բնակչության շրջանում ձևավորվել են միջին խավի բավական լայն շերտեր, ինչպես նաև հարյուրավոր հարուստ ընտանիքներ, որոնք վերահսկում են երկրի տնտեսությունը և ավելի ու ավելի մեծ ազդեցություն են գործում քաղաքականության և վարչակազմի վրա։ Ընդ որում, սուննիական այդ շրջանակներն իրենց նախընտրելի դրությունը կապում են Բ. Ասադի քաղաքականության և մտադրությունների հետ, որի օրոք Սիրիան նշանակալի սոցիալական և քաղաքական բարեփոխումներ է արձանագրել։ Սիրիայի քաղաքական ուժերը, ներառյալ արմատական և համեմատաբար չափավոր ընդդիմությունը, ապաքաղաքական մարդկանց լայն խավերը, նախ և առաջ առևտրական և մտավորական շրջանակները, հասկանում են, որ բանակային ու քաղաքական ընդդիմությանը չի հաջողվի վերահսկողություն հաստատել երկրի ամբողջ տարածքի նկատմամբ, անգամ Բ. Ասադի վարչակազմի արտաքին հակառակորդների ավելի ուժեղ աջակցության պարագայում։
Եթե նույնիսկ ընդդիմությանը հաջողվի վերահսկողություն սահմանել Դամասկոսի, Հալեպի և մյուս խոշոր քաղաքների, ինչպես նաև առանցքային նահանգների նկատմամբ, Սիրիան կզրկվի Միջերկրական ծով ելքի հնարավորությունից, ինչն արմատապես կփոխի ոչ միայն Սիրիայի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական ուրվագիծը։ Միաժամանակ կասկածի տակ կառնվեն դեպի Միջերկրական ծովի նավահանգիստներ Իրաքի և այլ երկրների նավթի առաքման երթուղիները։ Արաբական և Արևմտյան ընկերակցության պետություններին ամենևին էլ աշխարհաքաղաքական փակուղում գտնվող Սիրիա պետք չէ։ Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի ու եվրոպական առաջատար պետությունների կարևորագույն նպատակներից մեկը արևմտյան ուղղությամբ Մերձավոր Արևելքի նավթի ու գազի առաքման անարգել, անվտանգ, ինչպես նաև Իրանից ու Թուրքիայից անկախ հաղորդուղիների ապահովումն է։ Իհարկե, կարելի է ենթադրել, որ Միջերկրական ծովի առափնյա գոտում ստեղծված ալավական կամ ալավա-քրիստոնեական ոչ մեծ պետությունը ժամանակի ընթացքում կհայտնվի ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հսկողության տակ, սակայն, այսպես թե այնպես, այդ պետությունների ու Սիրիայի միջև պետական սահմանների գոյությունը տարածաշրջանում կայունության և անվտանգության բացակայության շատ անհարմար գործոն կդառնա։ Ընդ որում, ամենևին էլ հասկանալի չէ, թե ում հսկողության տակ կհայտնվի նորաստեղծ Սիրիան։ Ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ Ֆրանսիային, ո՛չ ՆԱՏՕ-ին ոչ մի կերպ չի կարող ձեռնտու լինել Սաուդյան Արաբիայի ու նրա արբանյակների հսկողությունը Սիրիայի նկատմամբ, չնայած ներկա «գործընկերային» հարաբերություններին։ Ֆրանսիան էական ազդեցություն չունի Սաուդյան Արաբիայի վրա, և այդ պետության քաղաքականությունը բնավ չի համապատասխանում Ֆրանսիայի շահերին, ուստի ֆրանսիական գործոնը սաուդցիներից անկախ սիրիական պետության օգտին է։ Ներկայումս և տեսանելի հեռանկարում, չնայած որոշ հակասություններին, Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի շահերը լիովին համընկնում են։ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գծով նրանց մի շարք գործընկերներ խիստ շահագրգռված են արաբական երկրներից անկախ սիրիական պետության ստեղծմամբ, հնարավոր է դաշնային, սակայն մեկ կենտրոնից կառավարվող։ Սիրիան ու Լիբանանն Արևմուտքում համարվում են եվրոպական մշակույթի ու հասարակության մի ինչ-որ «միջնաբերդ», որի վրա հենվելով կարելի էր վերահսկել նավթի ու գազի առաքումը, զսպել Թուրքիայի տարածաշրջանային նվաճողամտությունը, ինքնավարացնել Իրաքն առաջատար արաբական պետությունների և Իրանի շրջանում։ Հիմա կասկածներ կան այն առնչությամբ, թե արևմտյան տերություններն ու ՆԱՏՕ-ն «ափսոսում» են, որ լայն հակամարտություն նախաձեռնեցին ինչ-որ փուլում, քանի որ արդյունքում նրանք շատ թե քիչ որոշակի ակնկալիքներ չունեն, փոխարենը ծնունդ են առնում նոր սպառնալիքներ ու վտանգներ, որոնք նախկինում, Բ. Ասադի վարչակազմի ամուր դիրքերի ժամանակ, չկային։
Սիրիայի, որպես արաբական ուժեղ պետության, վերացումը կդառնա Իսրայելի անվտանգության կարևորագույն գործոն, քանի որ Իրաքի կազմալուծումից հետո այլևս չի մնա արաբական մի պետություն, որն ընդունակ լինի դիմակայելու Իսրայելին։ Այսպես թուլացավ Եգիպտոսը, ընդ որում, Սիրիայի դիրքորոշման բացակայության պայմաններում։ Եգիպտոսն այժմ փորձում է վերականգնել իր դերն ու դիրքերը որպես արաբական աշխարհի առաջատարի, ինչը, այսպես թե այնպես, ենթադրում է դիմակայություն տարածաշրջանում իր նոր դիրքերն ամրապնդելու Թուրքիայի փորձերին։ Միաժամանակ Եգիպտոսը փորձում է կարգավորել հարաբերություններն Իրանի հետ, որը ներկայումս ավելի ամուր ու նախընտրելի դիրքեր ունի արաբական աշխարհում, քան Թուրքիան։ Միանգամայն հասկանալի է, որ Եգիպտոսի ու Սաուդյան Արաբիայի նպատակները չեն համընկնում և, ինչպես երևում է, ժամանակի ընթացքում այդ հակասությունները կսրվեն։ Եգիպտոսը հայտնվել է «Մահմեդական եղբայրներ» քաղաքական մշակույթի ազդեցության ներքո, որի հետևանքով նա նկատելիորեն տարբերվում է Սաուդյան Արաբիայից։ Եգիպտոսը, որպես արաբական աշխարհի պատասխանատու առաջատար, չի կարող իրեն թույլ տալ աշխարհաքաղաքական հարցերում առճակատման մեջ մտնել Արևմտյան ընկերակցության հետ, մինչդեռ Սաուդյան Արաբիան ձգտում է ստեղծել ազդեցության սեփական գոտի` իսլամական արմատականության հիման վրա, որոշիչ դեր խաղալով ամբողջ աշխարհում ապակառուցողական նախաձեռնությունների ծավալման գործում։ Կասկածից վեր է, որ Եգիպտոսը, այսպես թե այնպես, կպաշտպանի Սիրիայի առնչությամբ արևմտյան նախագիծը, շահագրգռված լինելով այստեղ արդիական ժողովրդավարական կառավարման հաստատմամբ, որը հիմնված կլինի դաշնայնության և բազմակուսակցականության վրա։ Հորդանանը ևս շահագրգռված է թույլ չտալու, որ Սիրիան կախման մեջ ընկնի Սաուդյան Արաբիայից, ու կհետևի Եգիպտոսի քաղաքականությանը։ Սիրիայի ճակատագրում շատ կարևոր նշանակություն կունենա Իրաքը, որը գտնվում է շիականների հսկողության, քրդերի ուժեղ ազդեցության ներքո, ինչը ևս պայմանավորում է Իրաքի շահագրգռությունը պետական տարածքային ամբողջականության և դաշնայնության պահպանմամբ։ Իսրայելը ևս որոշակիորեն շահագրգռված է Սիրիայում կայունության հաստատմամբ` որպես «ճակատամերձ» պետություն նրա թուլացման պայմանով։ Ամեն դեպքում, Իսրայելը շահագրգռված չէ Միջերկրական ծովի արևելյան ափին սուննիական արմատականության ազդեցության մեծացմամբ։
Սիրիայում տիրող այս իրավիճակի առնչությամբ Թուրքիայի քաղաքականությունն առանձնակի նշանակություն ունի և գտնվում է տարածաշրջանի գլխավոր քաղաքական խնդիրների կիզակետում։ ԱՄՆ-ը, առանց շոշափելի քաղաքական և նյութական ծախսերի, կարողացել է Թուրքիային անասելի կախման մեջ դնել իրենից ու ՆԱՏՕ-ից, քանի որ Սիրիայի, ինչպես նաև Իրաքի հետ Թուրքիայի սահմանի ամբողջ երկայնքով լուրջ պատնեշ է ստեղծվել Մերձավոր Արևելքում թուրքական նվաճողամտության ճանապարհին։ Թուրքիային վերապահվել են տարբեր, բայց շատ սահմանափակ գործառույթներ և ազատություններ։ Թուրքիան իրավունք ունի տեղեկատվական, ռազմատեխնիկական, հաղորդակցական և օպերատիվ օգնություն ցուցաբերելու սիրիական ընդդիմությանը, բայց իրավունք չունի ռազմական գործողություններ իրականացնելու Սիրիայի տարածքում` ո՛չ պաշտոնական զորքերի, ո՛չ քրդական ուժերի դեմ։ Բացի այդ, Անկարան իր անվտանգության առումով ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի կողմից էական օգնության, ինչպես նաև դաշինքի դեռևս չնշմարվող գործողություններին մասնակցության հույս չունի։ Թուրքիան իր հարավային սահմանների շրջանում սպասում է իրաքյանին մոտ իրավիճակի, երբ նա հարկադրված է լինելու հանդուրժել քրդական ավելի ու ավելի անկախ պետական կազմավորման գոյությունը, որը վայելում է ԱՄՆ-ի և արևմտյան այլ պետությունների լայն աջակցությունը։ Այս նվաստացուցիչ դրությունը դժգոհություն է առաջ բերել հենց Թուրքիայում, ուր ընդդիմությունը կառավարությանը մեղադրում է անհեռատես քաղաքականություն վարելու մեջ, որը չի համապատասխանում միջազգային քաղաքական իրողություններին և երկրի ազգային շահերին։ Ներկայումս, սիրիական իրադարձություններին այդքան բիրտ ու արմատական միջամտության հետևանքով, Անկարան բարդ հարաբերությունների մեջ է Իրանի ու Ռուսաստանի հետ, Չինաստանի համար դարձել է ոչ այնքան վստահելի երկիր, Եգիպտոսին ցույց է տվել, որ ժամանակն է ավելի վճռական քաղաքականություն վարելու թուրքական նվաճողամտության դեմ, անհուսալիորեն փչացրել է հարաբերությունները Սիրիայի հետ, որտեղ նույնիսկ ընդդիմությունն է մեծ կասկածանքով վերաբերվում թուրքական մտադրություններին, խիստ խնդրահարույց են դարձել հարաբերություններն Իրաքի հետ, Սիրիայում ստեղծվել է ևս մեկ քրդական պետական կազմավորում։ Դրա հետ մեկտեղ, նոր խնդիրներ են ծագել Արևելյան Միջերկրականում` Հունաստանի, Կիպրոսի և Իսրայելի շահերի կապակցությամբ, ԱՄՆ-ի քաղաքականությունը շատ հմտորեն շրջափակել է Հարավային Կովկասում և Բալկաններում «ոտքը պնդացնելու» Թուրքիայի ջանքերը։ Արդյունքում Թուրքիան հայտնվել է աշխարհաքաղաքական շրջափակման, մեկուսացման մեջ, ինչն ավելի ու ավելի է անդրադառնում երկրի ներքին իրադրության վրա։ Միաժամանակ, «սիրիական նախագիծը» մշակում ու կառավարում է ԱՄՆ-ը, որն իրողություններն անմիջապես չէր ըմբռնել և գործողությունների իր ծրագիրն անմիջապես չէր կազմել` Բ. Օբամայի վարչակազմում գիտակ կադրերի բացակայության պատճառով։ Հիմա ԱՄՆ-ի ծրագրերը գերազանցապես ձևավորված են, կարելի է պնդել, որ ամերիկացիներն ավելի վստահ են գործում, և նրանց մտադրությունները որոշիականում են։
Այդ ծրագիրը, թերևս, ենթադրում է երկրի տարածքային, պետական ամբողջականության պահպանում, դաշնայնության զարգացում տարբեր համայնքների ու քաղաքական ուժերի համագործակցության հիման վրա, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Եգիպտոսի հետ Սիրիայի գերակա համագործակցություն, որոնք, ամենայն հավանականությամբ, վաղ թե ուշ որոշակի պայմանավորվածության կհանգեն առանցքային հարցերի շուրջ, Արևելյան Միջերկրականում Սաուդյան Արաբիայի, Կատարի և նրանց արբանյակների դերի ու ազդեցության սահմանափակում, Թուրքիայի տարածաշրջանային նվաճամտության շրջափակում և զսպում, Սիրիայում ներկայության և ազդեցության ուժեղացման անթույլատրելիություն, փորձեր կարվեն հասնելու համաձայնության` Սիրիայի ու Իսրայելի, ինչպես նաև վերստին հարաբերություններ հաստատելու Սիրիայի և Լիբանանի միջև, վերջնականորեն դուրս մղել Իրանին ու Ռուսաստանին և ձախողել Մերձավոր Արևելքում Չինաստանի ցանկացած ծրագիր, կարևոր նշանակություն կտրվի Սիրիայի և Իրաքի սերտ համագործակցությանը` կապված արևմտյան տերությունների և վերազգային նավթային ընկերությունների լայնընդգրկուն աշխարհատնտեսական ծրագրերի հետ։ Եթե այդ ծրագրերը համարենք հետևողական և փոխկապակցված, ապա ԱՄՆ-ը, կարծես, հաջողությամբ իրականացնում է իր ռազմավարությունը Մերձավոր Արևելքում։ Սակայն այդ խնդիրներից ամենևին էլ ոչ բոլորն են իրագործելի։ Եվ հարցը նույնիսկ այն չէ, թե ԱՄՆ-ն անհրաժեշտ բոլոր ռեսուրսները չունի այդ նպատակներին հասնելու համար։ ԱՄՆ-ի ներկա տարածաշրջանային քաղաքականությունն ավելի ու ավելի է հիշեցնում բրիտանականը` բրիտանական կայսրության փլուզման փուլում։ Այսինքն, նկատի է առնվում, որ ԱՄՆ-ը նախընտրում է «վերաբեռնման», գործընթացների ու իրադարձությունների համար պատասխանատվության քաղաքականությունը` հանդես գալով ոչ թե անմիջական մասնակցի, այլ դիրիժորի դերում։ Դա կապված է ոչ միայն ֆինանսական և ռազմական ռեսուրսների խնայողության, այլև նոր արտքաղաքական գաղափարախոսության մշակման անհրաժեշտության հետ, որը դեռևս խիստ թույլ է ու սնանկ։ Սպիտակ տունը ձգտում է Մերձավոր Արևելքի խնդիրները «բարդել» արաբական պետությունների վրա, որոնք ԱՄՆ-ը համարում են իրենց անկախության ու անվտանգության միակ և առավել արդյունավետ երաշխավորը։ Այդ քաղաքականության ճանապարհին Սիրիայի, ինչպես նաև Լիբանանի և Իրաքի խնդիրներն առավել գերակա են դարձել տարածաշրջանում, և այդ կապակցությամբ ԱՄՆ-ն ստացել է ՆԱՏՕ-ի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի լիակատար աջակցությունը, որոնք նույնպես չէին ցանկանա մասնակցել ռազմական գործողություններին, բայց պատրաստ են ուժ գործադրելու, եթե որևէ հանրային աղետ ծագի։ Սիրիայի քրիստոնեական համայնքների հանդեպ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի քաղաքականությունը բավականին տարօրինակ է, այդուամենայնիվ, ամենայն հավանականությամբ, արևմտյան պետությունները Սիրիայի ու Լիբանանի քրիստոնյաներին սպառնացող աղետը առիթ են համարում ռազմական միջամտության համար։ Նման քաղաքականությունը հեռու է Սիրիայի ու Լիբանանի քրիստոնեական համայնքների իրական շահերից, բայց և քիչ նշաններ չկան այն բանի, որ Արևմուտքի այդ քաղաքականությունը լիովին կանխատեսելի է։
Սիրիայի քրիստոնյա բնակչությունը ողբալի վիճակում է, նույն վիճակում են նաև շիադավանները, քանի որ երկրում զինված ընդդիմության հաղթանակի ցանկացած սցենարի դեպքում այդ համայնքներին սպառնում է ջարդը, լավագույն դեպքում` տեղահանումը։ Արդյոք սա հասկանո՞ւմ են ամերիկացիներն ու ֆրանսիացիները, ինչպես նաև ՆԱՏՕ-ն։ Իհարկե հասկանում են, այդուամենայնիվ, արևմտյան դաշնակիցները գործողությունների մանրամասն ծրագիր չունեն իրադարձությունների նման զարգացման պարագայում։ Հետաքրքրություն է ներկայացնում Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտիի հայտարարությունն այն մասին, որ կառավարող ԲԱԱՍ կուսակցությունը կարող է պահպանել իշխանությունը, ու նրա հետ կարելի է համագործակցել, որպեսզի իրադրություններն իրաքյանի սցենարով չզարգանան։ Ամերիկացիներն իրաքյան պատերազմի մեծ փորձ ունեն, այդուամենայնիվ, Սիրիայում հենց իրաքյան մոդելի ծրագիր են իրականացնում։ Այս ծրագրերի ու մտադրությունների շնորհիվ, սակայն, սիրիական պետականության շատ տարրեր կպահպանվեն։ Նախ և առաջ ԱՄՆ-ը ձգտում է Սիրիային օժտել նոր աշխարհաքաղաքական դերով։ Հարցն անգամ աշխարհաքաղաքական ձևաչափը չէ, այլ այն, թե սիրիական հանրությանը որքանով կհաջողվի ապագայում պահպանել երկրի իրական անկախությունը։

Բեյրութ-Դամասկոս-Երևան

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 5733

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ