ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թույլատրված է լինել կա՛մ ստրուկ, կա՛մ խեղկատա՞կ

Թույլատրված է լինել կա՛մ ստրուկ, կա՛մ խեղկատա՞կ
31.10.2008 | 00:00

25-ՐԴ ԿԱԴՐԻ ԷՖԵԿՏ
Պարզվում է` Գրիգոր Ամալյանը քայլող կոդ է: Թվում է` մեկ կյանքի համար «Ա1+»-ի պատմությունն առանց այն էլ շատ-շատ է, բայց Ամալյանով մեզանում «բացվեց» ևս մեկ` հայկական սերիալների կոդը:
Հարցին առնչվեցինք ակամա, երբ 2009-ի բյուջեի ԱԺ հանձնաժողովների քննարկումների ժամանակ շոշափվում էր ՀՌԱՀ-ի պահպանման ծախսերի հարցը, փորձեցինք հասկանալ` ի՞նչ կա այդ ամենի տակ: «Հետքեր» որոնելով «Ա1+»-ի մասով (բավականին ժամանակ է, ինչ ԱԺ միջանցքներում շրջանառության մեջ է օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որում ներառված են ՀՌԱՀ-ի մասին օրենքում փոփոխություններ ևս), բոլորովին այլ դաշտերում հայտնվեցինք ու բավականին «դիտարժան» բաներ իմացանք:
Այսպես, ԱԺ միջանցքներում «պտտվող» օրենսդրական այդ փաթեթում է նաև «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որն առաջին հայացքից կարող է «խնդրո» հետ կապ չունենալ, սակայն ամեն ինչի մասին` փուլ առ փուլ:
Նախ, ինչպես պարզեցինք նախագծերի «փաթեթից», փորձ է արվում կանոնակարգել հայաստանյան հեռուստաեթերը երկու մակարդակներում` «նյութական» և արժեհամակարգային:
Առաջինի մասին` քիչ ուշ, այժմ՝ արժեհամակարգայինից: Ինչ է հեռուստաեթերն իր ամբողջության մեջ, մեզանում նույնիսկ ոզնուն է պարզ. Քոչարյանի ժամանակ այն ընդհանրապես վարչական կրունկի տակ, ամբողջապես միակողմանի տարածք էր: Հիմա ինչ-ինչ քայլեր են արվում, որը, անշուշտ, դեռ բավարար չէ:
Սակայն այս մասին չէ, որ ցանկանում ենք խոսել, որովհետև երբ «նայում» էինք խնդրին, իսկապես, ցավոտ շատ բաների հանդիպեցինք:
ԱԺ քննարկումների ժամանակ վեճ գնաց նախ և առաջ սերիալների մասին: Սակայն դա այսբերգի երևացող չնչին մասն է: Պարզվում է, բացի քաղաքականից, իշխանությունները հասարակության հետ այլ խնդիրներ էլ ունեն, ընդ որում, շատ ավելի լուրջ, քան «քաղաքականներն» են:
Սեփական ուսումնասիրությունների կամ դեպ իշխանություն հղվող ազդակների արդյունքում, գոնե օրենսդրական փոփոխություններ նախաձեռնածները հաստատապես հասկացել են շատ կարևոր մի բան. հասարակությունը, բայց նախ և առաջ իշխանությունները, բախվում են շատ ավելի խորքային խնդիրների, և եթե որոշակի քայլեր չիրականացվեն այդ ուղղությամբ, պրոցեսն անդառնալիորեն դեպ անդունդ կտանի ամեն բան, այդ թվում և` իշխանություններին. թող չափազանցություն չթվա:
Իսկ այս վիճակն առաջին հերթին ստեղծվել է մաս-մեդիայի, առավել ստույգ` հեռուստաեթերի «այդորակային» արտադրանքի պատճառով: Երբ հենց հասարակության բուն խորքից խփվում է հասարակությունը` տարրալուծելով վերջինիս մտային, մշակութաբանական, ազգային արժեհամակարգերը, ինչն առավել վտանգավոր է, քան արտաքաղաքական և կամ ներքաղաքական ցանկացած դեգրադացիոն գործընթաց. սա ազգը կործանման տանող ամենակարճ ուղին է, որի արդյունքում հանգչում է ազգային ընդհանրական ոգին, անառականում ճաշակը, և հասարակությունն իր մեջ ներքաշում է, ասենք, կոնկրետ դեպքում՝ սերիալների կամ այլ անճաշակությունների ոգին` միավորելով էթնոսին պստիկ, ցածր կերպերի ֆետիշացման շուրջ: Ընդ որում, աշխարհակարգի փոփոխությունների, անցումային փուլերի ժամանակ փոքր ազգերը դատապարտված են դեգրադացման առավել մեծ ռեզոնանսի, ինչն էլ կարծես տեղի է ունենում մեզանում:
Այս բոլորին անդրադարձանք, երբ երեկոյան հագել մեր «սերիալի շորերը» ու առաջին անգամ փորձում էինք հասկանալ` ինչ ասել է հայկական սերիալ, ինչ մասին էին խոսում ցերեկը խորհրդարանում:
Մտորելու բան իսկապես կար: Եվ բավականին լուրջ: Պատկերն ու ստացած տպավորություններն անչափ տխուր, թևաթափ անող էին (սա առանձին ու երկար խոսակցության թեմա է` նատուրալիստական պատկերների, պրիմիտիվիզմի, խաղի կանոններ թելադրելու, գեղագիտության ահավոր պակասի, չհաղթահարվածության առումով):
ՈՒ հիմա, փաստորեն, «պտտվող» նախագծերով փորձ է արվում փրկել վիճակը, կարգավորել նախ և առաջ հեռուստաեթերը` անաղարտ հայերենի, «արտադրանքի» մշակութաբանական հենքի, գաղափարական նոր մոդելավորման ուղիներով: Կհաջողվի՞: Չկռկռանք: Սպասենք: Համ էլ` չխանգարենք:
Նյութական «մոմենտ». այստեղ ուղղակի էկզոտիկայի հանդիպեցինք։ Պարզվեց, որ օլիգարխներ են ոչ թե որոշ «բզվող» և «չբզվող» գործարարներ, այլ հենց իրենք` մեզանում գործող հեռուստաընկերությունները: Նրանց մեծ մասն այնպիսի աստղաբաշխական թվերի, արտաքին-ներքին այնպիսի ներդրումների հետ է գործ ունենում, որ մեկ մարդու երևակայությունը բավարար չէ դրանք ընդգրկելու համար. չլիցենզավորված ֆիլմեր, արգելված, ծածուկ գովազդներ... իշխանությունների նկատմամբ քաղաքական լոյալության դիմաց:
Նախ տեղեկացնենք, որ ՀՀ ողջ հեռուստաեթերը պերմանենտ ու լուրջ մոնիտորինգի չի ենթարկվում. այն ազատ ու անկախ է գովազդի հարցում, որքան սիրտն ուզի, «պատասխանատու» է, երբ պետք է, մանավանդ, երբ «առկա» էր Քոչարյանը:
Ընդ որում, ըստ հավաստի տվյալների` հեռուստաեթերի ընդհանուր ֆինանսական շահույթի հիսուն մլն դոլարը երևացող` սպիտակ պտույտ է, և նույնքան` 50 մլն դոլար «սև» պտույտ է. փաստորեն, հարյուր մլն դոլարի լուֆտ կա ոլորտում, իսկ առյուծի բաժինը երեք հեռուստաընկերություններ կիսում են միմյանց մեջ:
Հատուկ «պրելեստ» է ծածուկ գովազդը. համարյա 25-րդ կադրի էֆեկտ. հիշենք, որ այդ էֆեկտը կիրառում է ողջ աշխարհը առաջնակարգ, «կասսվի» ֆիլմերի ժամանակ. նկարահանվում է կադրը, ուր, դիցուք, ասվում է` Օբաման պետք է դառնա նախագահ. կադրը դնում են ֆիլմում, հետո հանում, սակայն մի կադրից մյուսին անցման ժամանակ այն անտեսանելիորեն ազդում է դիտողի ենթագիտակցության վրա:
Բայց քանի որ մենք ուրիշ ենք, մեր ծածուկ գովազդն էլ ուրիշ է: Այստեղ հեռուստաընկերություններին կրկին օգնության են հասնում հայկական սերիալները. ի դեպ, նրանց ցուցադրման գովազդային ընդմիջումներն անչափ թանկ են. չնայած միջազգային և մասնավորապես արևմտյան փորձը ցույց է տալիս, որ որևէ լուրջ գովազդատու ընկերություն իր գովազդը նման սերիալների ընթացքում չի տեղադրում, որովհետև դրանք բրենդ փչացնող սերիալներ են:
«Ծածուկի» մասով. ասենք` տվյալ հեռուստաընկերությունը պայմանավորվում է «Մալբորո» կամ «Ջերմուկ», կամ «Մերսեդես» ներմուծողների հետ, ու նրանց սերիալի ընթացքում բոլորը «Մալբորո» են ծխում, և կամ գլխավոր հերոսը մի հատ «կա՜յֆ» «Մերս» է քշում` ողջ սերիալի ընթացքում: Պարզ է, չէ՞, ինչ գումարներ են «պպտվում» արդեն այս դեպքում:
Մի խոսքով, հիմա «Գովազդի» մասին օրենքի փոփոխություններով փորձ է արվում կանոնակարգել ոլորտը, նրանց բերել օրենքի դաշտ: Կգա՞ն:
ՈՒրիշ ո՞ւր կարող են գնալ: Եթե իշխանությունը քաղաքական կամք դրսևորի, ու օրենքների փաթեթներն ընդունվեն խորհրդարանում:
Հը՞:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4754

Մեկնաբանություններ