ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ազգային ազատագրական պայքարն ու արդի մարտահրավերները

Ազգային ազատագրական պայքարն ու արդի մարտահրավերները
04.11.2008 | 00:00

ՏԵՍԱԿԵՏ
«Մի ժողովուրդ, որն իրեն պետք եղած ուժն իրենից դուրս է փնտրում, կուրորեն իր պարտությունն ու անկումն է նախապատրաստում»։
Գարեգին Նժդեհ
Դեռևս 8-րդ դարում էթնիկ ռեգեներացիայի արդյունքում հայ ժողովրդին հաջողվեց վերականգնել հայոց պետականությունն ու հանդես գալ տարածաշրջանում որպես երրորդ տերություն՝ Բյուզանդիայից և խալիֆաթից հետո։ Ազատ ապրելու և սեփական երկիրը տնօրինելու ազգային մղումները հանգեցրին ոչ միայն տնտեսության և մշակույթի զարգացմանը, այլև մեկ անգամ ևս փաստեցին հայ ազատագրական պայքարի, նրա՝ որպես էթնիկ խումբ գոյատևելու, բարգավաճելու և քաղաքակիրթ աշխարհում որպես լիարժեք ազգ հանդես գալու կարևորությունը։
18-19-րդ դարերը հայ պատմագրության մեջ խտացրին ազատագրական պայքարի այն ոգեղեն զարթոնքը, որը կազմավորեց ազգային ազատագրական շարժում՝ հետապնդելով հայկական պետականության և քաղաքական անկախության ստեղծումը։
1985-ից վերածնված արցախյան ազատամարտը հանդիսացավ այն փոքրիկ օղակը, որը ժամանակակից Հայաստանը պիտի կապեր իր իսկ ազգային ավանդականությունից բխող հայրենիքի հանդեպ ունեցած սիրո իռացիոնալիզմի և ազգային գոյի պահպանման հրամայականին։ Եվ չնայած այն իրողությանը, որ հայ ազգային գիտակցության մեջ խոր է արմատավորված հեղափոխական և ազատագրական պայքարի կարևորությունը, որպես հնարավոր միակ ճանապարհը դեպի համաշխարհային համագործակցություն, այնուամենայնիվ, այն չնշանավորվեց որպես ազգային ազատագրական պայքար։
Այսօր Հայաստանի քաղաքական էլիտայի և մասամբ ժողովրդի կիսաքաղքենիացված հատվածի կողմից ազգային ազատագրական պայքարի աննախադեպ կարևորության չգիտակցումն ու միանշանակ մերժումը, այն էլ՝ ստեղծված աշխարհաքաղաքական և Հայաստանի առկա աշխարհագրական ու ռազմաստրատեգիական անբարենպաստ պայմանների առկայությամբ, հակված է ապակազմավորելու այդպես էլ չձևավորված հայոց ինքնիշխան պետականությունը։ Համաշխարհային մակարդակով ընթացող կարևորագույն իրադարձությունները հիմնականում տեղի են ունենում հենց եվրասիական տարածաշրջանից ներս, ուր Հայաստանը եվրասիական կոլեկտիվ անվտանգության համաձայնագրին մասնակից և Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական միությունով է ներկայանում։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ հայ-ռուսական ռազմաստրատեգիան այն գլխավոր փաստարկն է, որը բացառում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական մասնակցությունը Հարավային Կովկասի գործընթացներում։ Եվրասիական տարածաշրջանում են կենտրոնացած նաև երկրագնդի ողջ բնական ռեսուրսների հիմնական մասը և աշխարհի բնակչության 75 տոկոսը։
Հարավային Կովկասում ստեղծված աշխարհաքաղաքական առկա իրավիճակը սերտորեն շաղկապված է ազդեցիկ գերտերությունների կենսական շահերով, ինչը զուգորդվում է եվրասիական մի շարք պետությունների այս կամ այն բևեռի հանդեպ ունեցած մերժողականությամբ և հետաքրքրություններով։ Տեղի ունեցող աշխարհաքաղաքական ակտիվ գործընթացներն ամենայն հստակությամբ ուրվագծում են գերտերությունների իրական ձգտումները, որոնք ունակ են տարածաշրջանում առաջացնելու նոր ցնցումներ։ Հարավային Կովկասում առաջացած ազգամիջյան հակամարտություններն իրենց յուրահատուկ խնդիրներով, սրընթաց փոփոխություններն ու ռազմաքաղաքական ուժերի անկանխատեսելի դիսբալանսը, ազգամիջյան ակնհայտ մերժողականության պայմաններում խնդիրների լուծման պարտադրումներն ու հրատապեցումը պատերազմաշինության յուրահատուկ հիմնաքարերն են։
Ինչպես Արևմուտքը, այնպես էլ Ռուսաստանն ու Եվրոպան բավականին լավ են գիտակցում, որ ԼՂՀ-ի բռնակցումը Ադրբեջանի Հանրապետությանը կհանգեցնի հայերի իսպառ ոչնչացմանը ԼՂՀ-ում։ Միևնույն ժամանակ վստահ են նաև, որ ԼՂՀ հարցի ցանկացած լուծում հղի է տարածաշրջանում մի նոր պատերազմի վերսկսումով։ Հայոց պետականության և նրա տարածքային ամբողջականության համար խիստ կործանարար առկա քաղաքական իրավիճակը ձևավորում է աշխարհաքաղաքական լուրջ դիմակայությունների գոտի, ինչի արդյունքում անխուսափելի է դառնում հզորագույն գերտերությունների շահերի բախումը։
Ժամանակակից Հայաստանը, ներառյալ ԼՂՀ-ն, որպես մեկ ամբողջականություն, աշխարհագրական նշանակալի մեծություն չի կազմում։ Առավել ևս, եթե այն դիտարկում ենք ռազմաստրատեգիական և տակտիկական տեսանկյունից որպես ռազմական գործողությունների պոտենցիալ տարածք։ Աշխարհագրական ոչ մեծ տարածքի առկա անբարենպաստ իրողությունը, առավել ևս ռազմաստրատեգիական խիստ նշանակություն ունեցող հարտլանդի բացակայության պայմաններում ռազմական առումով գրեթե անհնարին է դարձնում պաշտպանական ցանկացած տակտիկական շարժ։ Համաշխարհային իրականության մեջ ժամանակակից աշխարհաքաղաքագիտության հիմնադիրներից Ն. Սփիքմենն այս առումով սահմանել էր «հարտլանդի» և «ռիմլանդի» հասկացությունները։ Առաջինն իրենից ներկայացնում է երկրի այն աշխարհագրական մասը, որը նշանավորվում է ռազմաստրատեգիական խիստ կարևորությամբ։ Բազմաթիվ առումներով այն նույնացվում է ռազմական թիկունքի հետ։ Մինչդեռ պայման չէ, որ հարտլանդը երկրի ճիշտ կենտրոնում լինի։ Կարևորը նրա պաշտպանվածությունն է։ Պատմական Հայաստանի ու այժմյան Թուրքիայի հարտլանդը Կարինն է, իսկ եթե դիտարկենք Կարսի նահանգով Հայաստան, ներառյալ Ջավախքն ու Նախիջևանը, ապա այս պարագայում հարտլանդը կլինի Սպիտակի լեռնանցքի, Ստեփանավանի ու Իջևանի միջև ընկած տարածքը։ Ժամանակակից Հայաստանի հարտլանդը Սևանի ավազանն է, քանի որ նախկինը բավականաչափ մոտ է սահմանին։ Դեռևս Կուտուզովի հականապոլեոնյան ռազմավարությունը վերլուծելով՝ ռազմաստրատեգները, ի վերջո, հասկացան հարտլանդի նշանակության այն կարևորությունը, որ որքան հարտլանդը երկրի անցանելի սահմաններից հեռու է, այնքան երկիրն անպարտելի է դառնում։
«Ռիմլանդը» այն տարածքներն են, որոնք զսպում են հարտլանդը կամ որոնցից կարելի է ռազմական գործողություններ սկսել հարտլանդի դեմ։ Առկա աշխարհագրական և ռազմաստրատեգիական իրողությամբ Թուրքիա-Անդրկովկասը ռիմլանդ է։ Եվ հենց ռիմլանդի շուրջ պայքարով է պայմանավորվում այդ շրջաններում խաղաղության հաստատման խիստ դժվար լինելը։
Հայաստանի գոյատևման համար արդեն իսկ խիստ հրամայական է դարձել նոր ռազմական պաշտպանական շրջանների ստեղծումը՝ խնդիր ունենալով ավելի քան մատչելի դարձնել կասեցումը հակառակորդ բանակի հնարավոր առաջխաղացման պարագայում։ Պաշտպանական շրջանների ստեղծման համար նախապայման է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհաքաղաքական, ռազմավարական գործընկերների, հատկապես ռազմատեխնիկական ու տնտեսական հնարավորությունների լավագույնս օգտագործումը։ Ժամանակակից Հայաստանը, ունենալով միայն պատմական սահմաններ, այսօր զրկված է բնական սահմաններից։ Ժամանակի հրամայականը պահանջում է այն տեղափոխել դեպի արևելք, մինչև Քուռ գետը։ Այդ տեղափոխումը կարդարացվի ինչպես ռազմավարական, այնպես էլ պատմական տեսանկյունից։ ԼՂՀ-ի վերամիացումը Հայաստանին և նրա անվտանգության տեսանկյունից Դաշտային Ղարաբաղը կարևորագույն գործոն է հանդիսանալու նաև Իրանի հետ ընդհանուր սահմանի առկայության առումով։ Մինչդեռ պաշտպանական շրջանները պիտի ձևավորվեն գրեթե բոլոր ուղղություններով։
Ժամանակակից զարգացող պետություններում ստեղծվող ռազմական գիտահետազոտական, ռազմաստրատեգիական և աշխարհաքաղաքական վերլուծական ինստիտուտներում շարունակաբար մշակվում են հավանական մարտահրավերներին դիմակայելու նոր տեսակի, է՛լ ավելի արդյունավետ տեխնոլոգիաներ։ Դրանք ընդհանուր առմամբ նույնպես հիմնվում են ամերիկացի աշխարհաքաղաքագետ Ն. Սփիքմենի երկրաքաղաքական հզորության հաշվարկման համակարգի տեխնոգենային սկզբունքների վրա, որոնք իրենցից ներկայացնում են հիմնականում տասը սահմանում՝ տարածքային մակերեսը, սահմանների բնույթը, բնակչության քանակը, օգտակար հանածոները, տնտեսական և տեխնոլոգիական զարգացումը, ֆինանսական հզորությունը, ազգային միատարրությունը, սոցիալական արտագաղթի մակարդակը, քաղաքական կայունությունը, ազգային ոգին։
Ընդհանուր առմամբ և հատկապես Հայաստանում արտաքին մարտահրավերները չեն սահմանափակվում միայն ռազմական ոտնձգությունների ու զինված ագրեսիայի շրջանակներում։ Ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացներում դրանք ուղղված են ինչպես տնտեսական և քաղաքական, նույնպես էլ գիտական ներուժի, մշակույթի և ազգային ինքնության իսպառ ոչնչացմանը։
Մինչ այսօր Հայաստանը, որպես ազգային ինքնիշխան պետություն, որպես բարձր հոգևոր ազգ և որպես առաջնակարգ մշակույթի կրող, այնուամենայնիվ, ամբողջությամբ ի վիճակի չի եղել ղեկավարելու սեփական պետությունը, և այդ պատճառով միշտ էլ առաջացել է նրա տարածքային ամբողջականության պահպանման խնդիրը։ Հաճախ ուղղորդվելով ժամանակակից քաղաքակրթության թերի գաղափարներով, որոնցում բացակայել են ազգային տրադիցիոնալիզմն ու ազգային միսիան, ազգային արժեհամակարգն ու բարքերը, ոչնչացման վտանգի է ենթարկվել պետության ազգային ունիտարիզմը։
Հայաստանի ինքնիշխան պետականության համար կործանարար է առաջնորդվել եվրոպական վերափոխումների արժեհամակարգով, ազատական արժեքների, տնտեսական, քաղաքական, գաղափարական մոդեռնիզմով։ Պահն է իրականացնելու ժամանակակից աշխարհայացքի տրանսֆորմացիոն ազգային արժեհամակարգ, կոնսերվատիվ հեղափոխության ճանապարհով վերականգնելու ազգային միականության ու ամբողջականության, նրա հիերարխիայի հասկացության և ռացիոնալ ձգտումը հոգևոր արժեքներին, ցեղի ոգու արժեքներին։ Ազգային կոնսերվատիվ հեղափոխությունը կստեղծի նաև բարենպաստ միջավայր նոր էլիտայի, նոր ազգային իշխանության և քաղաքացիական առողջ հասարակարգի ձևավորման համար։ Ժողովրդի տեղեկացվածությունն ու համագործակցումն իր ընտրած իշխանության հետ և նրա վերահսկման համար ստեղծված դաշտը կհանդիսանան հասարակության անվտանգության պահպանման բարձրագույն երաշխիքը։ Կվերականգնվեն հազարամյակներ ի վեր կորցրած հասարակության երազանքներին ու գաղափարներին ասպետական, արժանապատվորեն և զոհաբերության մեխանիզմով հասնելու կառուցվածքները։ Հայկական տրադիցիոնալիզմը և ազգային կոնսերվատիվ հեղափոխությունը միշտ էլ հանդիսացել են ազգային ազատագրական շարժում։ Եվ միայն ազգային ազատագրական շարժումը կարող է ձևավորել միացյալ հայոց ինքնիշխան պետություն ու ժամանակակից աշխարհին ներկայանալ որպես ազատ ապրող և սեփական երկիրը տնօրինող լիարժեք ազգ։ Հայ ազգի մղած հազարամյա ազատագրական պայքարն ու մաքառումները պատմականորեն ապացուցել են հենց այս իրողությունը։
Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ, մահապատժի դատապարտված
03 նոյեմբերի, 2008 թ.

Դիտվել է՝ 6689

Մեկնաբանություններ