ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Լացե՛ք իմ վրա, լացե՛ք ձեր վրա. Ողբանք միասին մարդկության վրա, Որ կա և չկա...»

«Լացե՛ք իմ վրա, լացե՛ք ձեր վրա. Ողբանք միասին մարդկության վրա, Որ կա և չկա...»
20.10.2017 | 09:44

Դասական կոմպոզիտորներից Ֆրիդերիկ Շոպենը խիստ առանձնանում էր իր աննախադեպ, անկրկնելի ոճով, որը չես շփոթի և ոչ մեկի ոճի հետ։
Այդ ոճական առանձնահատկությունը, հավանաբար, պայմանավորված էր նրա ճակատագրի վայրիվերումներով։ Շոպենի սիրտը երկփեղկված էր։ Հիրավի, Հայնեի ասած, «կոտրված աշխարհի ճաքն» անցնում էր նաև Շոպենի սրտի միջով։ Այդպես է նա հառնում Էժեն Դելակրուայի վրձնած դիմանկարում, որն անավարտ «սիմֆոնիա չէ, ինչպես Շոպենի կյանքը»։ Ֆրիդերիկի հայրը ֆրանսիացի էր, մայրը` լեհուհի։ Հայրենիքը Լեհաստանն էր, ռուսական ցարիզմի լծակի տակ հեծող։ Շոպենի կյանքում թերևս ամենացնցող իրադարձությունները 1831 և 1846 թվականների ապստամբություններն էին, որոնք դաժանորեն ճնշվեցին` արտագաղթի մեծ ալիք առաջացնելով։ Փարիզում ապաստան գտած լեհ վտարանդիների մասին Շոպենի բարեկամ Յուլիուշ Սլովացկին գրել է.

...Դեգերում ես դու այստեղ,
դժբախտ տարագիր,
Եղբորդ չճանաչող լեհ բարեկամ,
ՈՒռիները Սենի ափին սգատես են ավելի,
Քան ուռիքը Եփրատի...

Այս տողերն ակնարկում են 136-րդ սաղմոսը, որում պատմվում է, թե ինչպես գերված հրեաները Բաբելոնի գետերի մոտ (հենց Եփրատի), ուռիներից կախել էին քնարները և հրաժարվում էին գերիչների թելադրանքով իրենց հայրենի երգերը երգելուց։
Ի դեպ, Կոմիտասն էլ արժանացել է գրեթե նույն ճակատագրին։ Պատահական չէ, որ Վարդապետն էլ է դիմել այդ սաղմոսին, կերտելով «Բաբելոնի գետերի մոտ» կանտատը։ Տեղին է հիշել նաև Չարենցի` Կոմիտասին նվիրված «Ռեքվիեմի» հետևյալ տողերը.

...Անհանգրվան տարվեցիր
Երկրից-երկիր, որպես մերկ,
Անհայրենիք մուրացիկ,
Որ հացի տեղ ունի երգ...

Երբ Շոպենին հարցրել են, թե որ բառով կարող է բնութագրել իր երաժշտության հիմնական տրամադրությունը, նա պատասխանել է իր հարազատ լեհերենով. «Zal», այսինքն` «ափսոս, ափսոսանք»։
Այս արտահայտության մեջ Ֆերենց Լիստը նկատում էր զգացմունքների մի լայն շառավիղ` ափսոսանքից, բողոքից, անսփոփ վշտից մինչև վրդովմունք, ընդվզում և այլն։ Եվ այդ «ափսոսանքը» Շոպենի բոլոր գործերը գունավորում է մերթ արծաթափայլ, մերթ հրաբորբ ու բոցավառ գույներով։ Արդյոք Շոպենի «ափսոսանքը» չի՞ հիշեցնում Թումանյանի «Ափսո՛ս Անուշ, սարի ծաղիկ»-ը, «Սասունցի Դավիթ» էպոսում արտահայտված «ափսոսանքը», Կոմիտասի «հազար ափսոսը» ժողովրդի բյուրավոր կորուստների, «երկիր դրախտավայրի» կորստյան համար... Եվս մի ընդհանուր նրբագիծ. թե՛ Կոմիտասը, թե՛ Շոպենն իրենց հոգեկերտվածքով նախ բանաստեղծ են, երկուսն էլ ամենաբանաստեղծական կոմպոզիտորներից են, որոնց պոեզիան բխում է հայրենասիրությունից, ժողովրդականությունից։ Պատահական չէ, որ Շոպենի արվեստը, նրա կերպարը կյանքի են կոչել այդքան մեծ թվով բանաստեղծություններ։
Ահավասիկ, Մարսել Պրուստը, Աֆանասի Ֆետը, Բորիս Պաստեռնակը, Յարոսլավ Իվաշկևիչը, Ավետիք Իսահակյանը և այլք։


Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի հիման վրա իր խմբերգային Կոնցերտը ստեղծելուց հետո Ալֆրեդ Շնիտկեն խոստովանել է. «Այդ ես չէի հորինում, այլ Նարեկացին էր շարժում գրիչս»։ Նույնը կարելի է ասել Շոպենի մասին։ Թվում է, թե նրա ոգին էլ շարժում է բանաստեղծների գրիչը, և ծնվում են «շոպենաշունչ» քերթվածներ։ Թվում է, թե նրա երաժշտությունը լսող պոետները պարզապես թարգմանություններ են կատարում «շոպեներենից», «երաժշտերենից»։ Ահավասիկ, Վլադիսլավ Բրոնևսկու «Մազուրկան» և Ալեքսեյ Ժեմչուժնիկովի «Շոպենի տասնհինգերորդ պրելյուդի արձագանքները»։

Վլադիսլավ Բրոնևսկի
ՄԱԶՈՒՐԿԱ

Երուսաղեմում լուռ նստած էինք,
Լուսինը հեռվում արծաթ էր մաղում,
Հանկարծ Շոպենի «Մազուրկան» խուժեց,
Ջերմ ու վաղեմի հուշեր արթնացրեց։

Ի՛նչ լավ է նվագում դաշնակահարը`
Թեպետ անծանոթ, բայց շատ սրտամոտ։
Օրրանիս երգն է մեղմիկ ղողանջում`
Անաղարտ, ինչպես մանկությունը մեր։

Ծանր բասերը միահյուսվում են
Երկնամերձ ձայնի ելևէջներին
Իմ սիրտը սոճու անտառի մոտով
Վիսլայով դեպ ծով կլողա շուտով ...

Ալեքսեյ Ժեմչուժնիկով


ՇՈՊԵՆԻ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՊՐԵԼՅՈՒԴԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Սիրտս ցավում է ու աղաղակում,
Հանց գետ հոսում են արցունքներս հորդ։
Կուզեմ, որ մարդիկ ցավս իմանան,
Բայց չեն ընկալում նրանք անհաղորդ։

Սիրտս ցավում է, անընդհատ ցավում։
Ո՞վ կասի նրան` գեղուհուն չքնաղ.
«Բա՛վ է, մի՛ տանջիր»։- Բայց ո՞վ պիտի ասի`
Անցնում է ամբոխը, չի լսում, ավա՛ղ։

Սիրտս ցավում է ու աղաղակում,
Բայց երկրից երկինք չի հասնում երբեք,
Եվ ընդհատվելով ու չհասկացված
Ճիչը իմ սրտի մարում է անհետ։

Ի դեպ, Բելա Ախմադուլինան ևս հորինել է «Մազուրկա» անունով մի քերթված։ Իսկ Լեսյա ՈՒկրաինկայի «Սի բեմոլ-մինոր սոնատը», «Աշնանային երգեր» շարքը կարդալիս պարզապես թվում է, թե լսում ես Շոպենի համանուն սոնատը։ Ցնցող է հատկապես «Սգո քայլերգի» արձագանքը։ Եթե Լեսյա ՈՒկրաինկան իր քերթվածում սգում է հերոսի մահը, անհատի մահը, ինչը կարող է հիշեցնել նաև իր սիրեցյալի` վաղամեռիկ Սերգեյ Մերժինսկու ողբերգությունը, ապա Ավետիք Իսահակյանի «Շոպենի թաղման քայլերգը» բանաստեղծությունում «շքեղ սիրուն երիտասարդի» մահվան ողբը վերածվում է տիեզերական ողբի։
Ավետիք Իսահակյան
ՇՈՊԵՆԻ «ԹԱՂՄԱՆ ՔԱՅԼԵՐԳԸ»
Մի շքեղ, սիրուն երիտասարդի
Թաղման թափորն էր։
Սգանվագը հնչում էր տխուր.
Գնում էինք լուռ,
Դանդաղ, մտազբաղ`
Եվ նվագի մեջ լսվում էր, կարծես,
Հուսաբեկ ձայնը թշվառ տղայի.-
«Լացե՛ք իմ վրա,
Լացե՛ք ձեր վրա.
Ողբանք միասին
Մարդկության վրա,
Որ կա և չկա...»։

Նույնը և Լեոպոլդ Ստաֆի «Վարշավայում Շոպենի հուշարձանի ավերման առթիվ» քերթվածում, որտեղ անձնական ողբը նույնպես վերածվում է համամարդկայինի։

Լեոպոլդ Ստաֆ
ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ՇՈՊԵՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԱՎԵՐՄԱՆ ԱՌԹԻՎ
(մեջբերվում է հատվածաբար)

Դու բրոնզ չէիր, այլ եթեր,
Աստվածային հնչյունների
Ներդաշնություն փառահեղ,
Հնչյունագեղ տարածության
Էություն սիրազեղ,
Հրեշտակային երգչախմբի
Համանվագը հանճարեղ։

Դու ազատ ես այժմ և միշտ,
Մինչև երկինք քեզ չի հասնում
Ստորությունը հողեղեն,
Որտեղ կրել ես ի սեր Աստծո
Բազում տանջանք, ցավ ու վիշտ։
Փառքիդ պսակ հուշարձանդ
Այնքան վեհ էր, որ կարող էր
Դիպչել միայն Արշալույսը`
Վաղորդայնի երգի շողով,
Իր մատներով վարդագույն։

Բայց վրա հասավ դիակապուտը
Եվ պղծեց քո հուշարձանը`
Մարդասպանը ջարդեց, փշրեց
Լուռ կոթողդ մեծակերտ,
Մաղձը թափեց բրոնզի վրա
Բարբարոսը սանձազերծ։
«Երբ ես մեռնեմ,- դու ասացիր,-
Սիրտս կխոցեք, որ կենդանի
Ես չթաղվեմ»...
Եվ քո կամքը կատարեցին։
Հայրենիքիդ պատեց մեծ ցավ,
Խոցված մի սիրտ ինքն էլ դարձավ։
Բայց դու անմահ, հավերժացած,
Հանց մի աստված տիեզերքում,
Մեգի միջից նվագում ես,
Որոտընդոստ դաշնամուրով,
Քո քայլերգը Սգո անմահ,
Այս աշխարհի բախտի վրա։

Շոպենին նվիրված բանաստեղծություններից թերևս ամենաընդգրկունը կարելի է համարել Ցիպրիան Նորվիդի «Շոպենի դաշնամուրը» պոեմը։ Այն բազմաշերտ է, ինչպես բազմաձայն երաժշտությունը։ Հիմնական բովանդակությանը հեղինակը միահյուսել է քերթողական արվեստի իր տեսության տարրերը։ Ըստ Նորվիդի, բանաստեղծության բովանդակությունը չպետք է լինի բացահայտ։ Այն պիտի ունենա չասված, թաքնված իմաստ, ակնարկումներ, որոնք ընթերցողը պիտի կռահի։ Նա պիտի մասնակից դառնա քերթվածի արարմանը, իսկ դա պահանջում է, որ ընթերցողը լինի պատրաստված, ակտիվ, զգայուն, տեղյակ լինի դիցաբանությանը, էպոսին, զանազան պատմական իրադարձություններին։
Չխորանալով Նորվիդի տեսության մեջ, անդրադառնանք «Շոպենի դաշնամուրը» քերթվածի հիմնական բովանդակությանը.

Տե՛ս Ֆրիդերիկ, Վարշավան է։
Տե՛ս, փողոցներում
ձիեր են դոփում
Սև կովկասյան։
Հանց ճախրող հավքեր ջրերի վրա,
Թռչում են բյուր-բյուր գնդերի առջև...
Շենքերը պատված կրակով անշեջ։
Տե՛ս, թե ինչպես են հրացանի կոթով
Քշում, հալածում այրի, սգավոր
Սևազգեստ կանանց։
Բոցերի, ծխի, քաոսի մեգից,
Սյունազարդ պալատի լայն պատշգամբից,
Ինչպես դիակառք թաղման թափորի`
Դաշնամուրը սև փողոց նետեցին։

Այստեղ հեղինակը երևակայական զրույց է վարում Շոպենի հետ, որին այցելել էր նրա վերջին օրերին` 1849-ի փետրվար-մարտին, երբ Շոպենի համար պայքարում էին «Կյանքը», «Մահը» և «Անմահությունը»։ Նորվիդը բնութագրում է Շոպենի նվագը, նրանում նկատելով Պերիկլեսի կատարելությունը, Լեհաստանի վաղեմի փառքը։ Հեղինակը զուգահեռ է անցկացնում Շոպենի և Օրփեոսի ճակատագրերի միջև։ Հայտնի է. Օրփեոսի մարմինը հոշոտել էին չար ֆուրիաները, զգետնել նրա տավիղը, քանի որ Օրփեոսը նոր կրոն էր սերմանում։ Իսկ հայրենազուրկ, վտարանդի Շոպենը ցարիզմի բռնապետության զոհ դարձավ։ Իր երևակայական զրույցը Շոպենի հետ Նորվիդը շարունակում է կոմպոզիտորի մահից հետո։ Ինչպես Վերգիլիոսը Դանթեին ցույց էր տալիս հանդերձյալ աշխարհը, դժոխքը, այնպես էլ Նորվիդը, արդեն անմահացած Շոպենին, ցույց է տալիս Վարշավան` 1863 թ. ապստամբության օրերին։ Քաղաքի մութ փողոցներում նրանք տեսնում են ռուս գեներալ Պասկեևիչ-Երևանցու զորագնդերը, կովկասյան խոլ ձիերը, բոցերով պարուրված այն պալատը, որի պատշգամբից զինվորները փողոց նետեցին, ջարդուփշուր արեցին թանգարանի այն դաշնամուրը, որի ստեղնաշարը զարդարում էին Շոպենի մատնահետքերը։ Այսպես, Շոպենի նշված դաշնամուրը նմանվեց Օրփեոսի տավղին։ Այս ամենը Նորվիդը նկարագրում է ներկա ժամանակով, և ընթերցողն ասես ականատես է դառնում կատարվող իրադարձություններին։ Նորվիդը, մտահոգված արվեստագետի և, առհասարակ, արվեստի ճակատագրով, այսպես է ամփոփում «Շոպենի դաշնամուրը» պոեմը.

«...Թոռնիկ իմ, ցնծա, մեր երգն արդար է,
Արդար դատաստան»...
Այդ օրը նույնիսկ քարերը տնքացին,
Իդեալը դիպավ ցեխոտ փողոցին...

Հայտնի է, որ չարը չափազանց հնարամիտ է և ունի անսահման դրսևորումներ։ Այդ բազմազանության մեջ ամենամեծը բացարձակ չարն է, քանի որ այն ոչ թե հօգուտ ինչ-որ մեկի է, այլ առհասարակ ուղղված է կյանքի ոչնչացմանը։ Նման դեպքում չարն ինքնանպատակ է դառնում։ Օրինակ, հենց Շոպենի դաշնամուրը ոչնչացնելը։ Բացարձակ չարի վառ դրսևորումներից է թուրքերի վարքը Հայոց ցեղասպանության օրերին։ Մասնավորապես հետևյալը. թուրք-ասկյարը մի հայի ընտանիք կոտորելուց հետո, տեսնելով, որ այլևս ավերելու բան չմնաց, իր արյունոտ յաթաղանով փրթիկ-փրթիկ է անում բերքի տակ ճկած խնձորենին։
Չարի գագաթնակետն այսօր ահաբեկչությունն է, հատկապես, երբ ահաբեկիչը հազարավոր կիլոմետրեր է անցնում ու սպանում անծանոթ մարդկանց։ Կամ այն անհեթեթ դեպքը, երբ մարդասպանը արդարացել է` ասելով. «Կներեք, շփոթեցի, ինձ թվաց, թե նա հայ է»... Այսօր լսում, դիտում ես համերգներ, օպերաներ, տեսնում, թե ինչպես նվագախումբը, երգչախումբը կատարում են Բախի, Մոցարտի, Բեթհովենի գործերը, քարոզում ներդաշնակություն խաղաղություն, և միտք է ծագում. մի՞թե կգա մի օր, երբ այդ համերգասրահը, եկեղեցին, այդ փառահեղ երգեհոնը, այդ մշակույթը, որը դարեր շարունակ մարդկությունը կուտակել է և այդքան թանկ գնով ձեռք բերել, հանկարծ մի ահաբեկիչ մի ակնթարթում կարող է հողին հավասարեցնել մի ամբողջ քաղաքակրթություն։ ՈՒ հիշում ես Շոպենի խոսքը` «Zal»` ափսոս, հազար ափսոս։

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Չափածո թարգմանությունները` հեղինակի

Դիտվել է՝ 20602

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ