Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ստորոտում գտնվող ուժեղները չեն հանդուրժում թույլիկների իշխանությունը

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ստորոտում գտնվող ուժեղները չեն հանդուրժում թույլիկների իշխանությունը
06.09.2013 | 13:38

Իրեն հարգող պետության համար իշխանության իրավահաջորդության ապահովման խնդիրը ֆունդամենտալ նշանակություն ունի պետական համակարգի ամրապնդման և ժողովրդավարական ինստիտուտների անշրջելիության գործընթացում: Հայաստանի պարագան մի փոքր այլ է: Մենք ինքներս հանդուրժեցինք, ստեղծեցինք պարարտ հող, որպեսզի մեր աչքի առաջ սրբագրվի, երբեմն նույնիսկ նենգափոխվի նույնիսկ այն ժամանակաշրջանը, որի ականատեսն ենք բոլորս: Անշուշտ, պատմությունն այլ կերպ կդասավորվեր, եթե 1996թ. սեպտեմբերին հասարակական մտածողության դաշտ չներարկվեր «ցանկապատ ջարդելու միջոցով» իշխանության գալու համենայնդեպս մինչ օրս իրեն չարդարացրած թեզը, և ժողովրդի մի ճնշող հատված մինչ օրս չէր տապակվի սին պատրանքներով: Բոլորովին այլ կերպ կդասավորվեր Հայաստանի քաղաքական ճակատագիրը, եթե «անկախ Ղարաբաղի նախագահը» չնշանակվեր Հայաստանի վարչապետ: Միանգամայն այլ կլիներ պետության զարգացման կոնցեպտը, եթե Հայաստանի ԱԺ նախագահն ու վարչապետը չգնդակահարվեին երկրի պառլամենտում: Եվ վերջապես, այսօր ոչ մեկը չի կարող միանշանակորեն ասել, թե 2008 թվականից մինչ օրս ո՞ւր է գնում Հայաստանը: Իմ կարծիքով, քաղաքական համակրանքներն ու հակակրանքները որևէ աղերս չունեն պատմական փաստերի հետ: Իսկ փաստերի շարադրանքը դառնում է առավել գայթակղիչ, մանավանդ որ Հայաստանի անկախությունը ծնվել էր ժողովրդավարության գրկում: Քաղաքական համակարգի այն կանոնները, որոնք հաստատվել էին Հայաստանում անկախության հռչակումից հետո, սկզբնական շրջանում բացառում էին կրիմինալ կոնտինգենտի ներթափանցումը քաղաքական իշխանության վերնահարկ, և Հայաստանի առաջին իշխանության տարիներին երկրում, իր բոլոր թերություններով, մեծ վրիպումներով հանդերձ, հստակորեն արտացոլված էր քաղաքական ուժերի հարաբերակցությունը, ավելին, բուն իշխանության գործադիր հատվածում ուժային տարբեր կառույցների միջոցով հակակշռվում և չեզոքացվում էր միաբևեռ իշխանական բուրգի ձևավորման վտանգը` ապահովելով պետության ներքին անվտանգությունը: Չենք ուզում գիտակցել, որ քաղաքականությունը չի հանդուրժում «եթե»-ներով առաջնորդվելու տրամաբանությունը, սակայն շատ հաճախ էլ չի դիմանում դրա գայթակղությանը: Անկախության առաջին տարիներն իրենց դրամատիզմով, թերևս, պատմական այս փուլում անգերազանցելի է, առավել ևս, որ հենց այդ ժամանակահատվածում վճռվում էր Հայաստանի` որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտի հարաբերությունների ճշգրտումն ու հաստատումը փլուզման եզրին գտնվող բազմաբևեռ աշխարհի, հարևան երկրների և առհասարակ մոլորակի «հարց լուծողների» հետ: Փոքրիկ Հայաստանը փորձում էր ձևավորել իր անվտանգության համակարգը, պետության ներսում ներդնել ժողովրդավարական և պետական ինստիտուցիոնալ համակարգերը` զուգահեռ դիմագրավելով էներգետիկ ճգնաժամին, հարևանների կողմից սահմանների տոտալ շրջափակմանը, տնտեսական կատաստրոֆային և, որ ամենակարևորն է, Ղարաբաղի ուժգնացող պատերազմին: Հետո աստիճանաբար ներարկվեց ձեռքբերածի մսխման գաղափարը, որը, անշուշտ, հետագայում հասավ գերզարգացման ընթացքի: Արդյունքը բոլորիս ծանոթ է: Ցավալիորեն, լավից դեպի վատ տանող ճանապարհն անցնելիս մենք անգերազանցելի ենք, իսկ հակառակ ուղղությամբ շարժվելու համար` մշտապես բողոքավոր ու անզոր: Թեև սիրում ենք մշտապես պատի տակ շշնջալ, որ քաղաքականության մեջ չգրված հայտնի մի օրենք կա. ստորոտում գտնվող ուժեղները չեն հանդուրժում թույլիկների իշխանությունը:

Դիտվել է՝ 2771

Մեկնաբանություններ