«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՈՉ ՄԻԱՅՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ, ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ԲՈԼՈՐՆ ԵՆ ՀԱՄՈԶՎԵԼ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՑՈՒ ՈԳԻՆ ԿՈՏՐԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ»

«ՈՉ ՄԻԱՅՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ, ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ԲՈԼՈՐՆ ԵՆ ՀԱՄՈԶՎԵԼ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՑՈՒ ՈԳԻՆ ԿՈՏՐԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ»
13.05.2011 | 00:00

Մեր հարցերին պատասխանում է «Իրատես de facto» ակումբի հյուրը` ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ
-Ձեր գնահատականով` ի՞նչ է կատարվում Հայաստանի քաղաքական դաշտում. նկատի ունեմ իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները:
-Գործընթացները, իհարկե, տարբեր մեկնաբանություններ են ստանում, բայց եթե հետևենք ՀՀ նախագահի ելույթներին` սկսած 2008 թվականից, այսօր կատարվողը շատ անակնկալ կամ շատ տարօրինակ չի թվա, որովհետև հենց սկզբից են երկխոսության կոչերը հնչել: Այն ժամանակից է կարևորվել հանդուրժողականությունը, այն ժամանակից է ասվել, որ ճանապարհը երկխոսությունն է, որի միջոցով է հնարավոր ճիշտ հարաբերություններ կառուցել: Քաղաքական մշակույթի պակասի հետևանք էր երկխոսության բացակայությունը, շատ ու շատ խնդիրներ առաջանում են հենց քաղաքական մշակույթի պակասից: Քաղաքականությունն էլ է գիտություն, և քաղաքականությամբ զբաղվողներն էլ պիտի որոշակի օրինաչափություններով ու կանոններով առաջնորդվեն: Ի վերջո, բոլորիս ծրագրերում էլ նույն դրույթներն են` մենք ուզում ենք, որ երկիրը զարգանա, որ ժողովուրդը լավ ապրի, բայց կուսակցականության ծայրահեղականացումը խանգարում է, խանդ է առաջանում, տարաձայնություններ, վատ է, եթե այդ ամենն արդեն հիվանդագին բնույթ է ընդունում: Եթե մենք շփումներն ու երկխոսությունը քաղաքական գործընթացներից բացառենք, չենք կարող առաջ գնալ: Եվ եթե իրականում ուզում ենք ժողովրդավարական երկիր կառուցել, ուզում ենք, որ ընդդիմությունն ուժեղ լինի, մեզ էլ օգնի, փոխհարաբերության ճիշտ տարբերակը երկխոսությունն է: Ես կարծում եմ, որ կուսակցությունները պետք է այդքան քաղաքական կամք ունենան և կարողանան միմյանց հետ աշխատել, առողջ մրցակցության մեջ իրենց տեղը գտնեն, նախ և առաջ մտածեն ոչ թե իրենց կուսակցական հերթական ձեռքբերման մասին, այլ երկրի հզորացման, որովհետև ցանկացած կուսակցություն ուժեղ է ուժեղ պետականության և ուժեղ երկրի պարագայում: Այսքան արտաքին խնդիրներ ունենալով` մենք իրավունք չունենք ներսում այսքան անհոգ ու անհանդուրժող լինելու միմյանց նկատմամբ:
-Երկխոսության կոչերը հնչել են 2008 թ., հիմա 2011 թվականն է, ինչո՞ւ անցած ժամանակում երկխոսությունը չկայացավ, արդյոք ներկա գործընթացները նախընտրական տարվա տրամաբանության մեջ չե՞ն տեղավորվում:
-Կարծում եմ, որ մարտի 1-ի դեպքերը շատ ծանր ազդեցություն ունեցան բոլորիս վրա, և հետևանքները հիմա էլ հաղթահարված չեն: Դա էր նաև պատճառներից մեկը, որ երկխոսության ցանկությունը կար, բայց հնարավորությունը` ոչ: Նախագահի մեսիջները հնչում են, ՀԱԿ-ն իր պատասխաններն է տալիս, այսինքն` ստեղծվել է համապատասխան մթնոլորտ, որտեղ հնարավոր են քաղաքական բարեփոխումներ, մենք պիտի սովորենք դրան, և մեզ համար տարօրինակ չպիտի լինի, որ իշխանությունն ու ընդդիմությունը համագործակցում են երկրի համար կարևոր հարցերում, ինչպես ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում է:
-Գուցե ոչ թե տարօրինակ է, այլ ուշացած:
-Թեկուզ ուշացած, ցավոք, ավելի շատ այլ կարծիքներ են հնչում` ծախեցին, ծախվեցին, բոլորովին էլ այդ տրամաբանության մեջ չպետք է կատարվողը դիտարկել, այլ գնահատել և հասկանալ իրավիճակը. փաստորեն, ՀԱԿ-ը լուրջ քաղաքական երկխոսության մեջ է մտնում իշխանության հետ:
-Այո, բայց երկխոսությունը բովանդակություն է ունենում, ո՞րն է իշխանության և ընդդիմության երկխոսության թեման:
-Ներքին քաղաքականության հարցերում` մարտի 1-ի իրադարձությունների բացահայտումը: Մենք պիտի կարողանանք հաղթահարել դա և մեր միջից ցավը, ատելությունը, թշնամանքը հանենք, առաջ նայենք: Ես համոզված եմ, որ այս ամենը բոլորովին էլ նախընտրական տարվա շրջանակներում չի կատարվում:
-Դուք հավատո՞ւմ եք, որ իշխանությունը մարտի 1-ի իրադարձությունների և 10 մարդու մահվան պատճառների բացահայտման քաղաքական կամք կունենա:
-Ես համոզված եմ: Շատ կարևոր է ղեկավարի անձը, նա կարող է լրիվ ուրիշ հունով տանել քաղաքականությունը: Ինչ-որ մեկը կարող է ասել, որ դա էլ է ուշացած, բայց այդպես չէ, յուրաքանչյուր գործ ունի իր ժամանակը, ընթացքն ու ընթացակարգը: Ինչ-որ կետի հասնել է պետք, որից հետո են կայացվում որոշումները: Ես չեմ կարծում, որ դա մեկ մարդու գործ է, մենք բոլորս պետք է մասնակցենք փոփոխություններին:
-Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում նոր ձևավորվող համագործակցությունից:
-Դա այսօրվա ու վաղվա ակնկալիք չէ, ճանապարհ է, որ պահանջում է կառուցողական աշխատանք, շարունակականություն: Մեր պատգամավորներից շատերը դա էլ են հիվանդագին ընդունում` մենք իրենց ասածը չենք անում կամ չենք անի և այլն, իսկ ես կարծում եմ, որ ընդդիմության բարձրացրած հարցերը կառուցողական են դարձնում քաղաքականությունը: Ինչի՞ համար է ընդդիմությունը, եթե ոչ իշխանությանը միշտ զգոն և ուշադիր պահելու:
-Մեզ մոտ կարևորվում է ոչ թե ինչ է ասվում, այլ ով է ասում:
-Ցավոք, դա սխալ է, ճիշտը բովանդակությունը կարևորելն է և խնդիրները լուծելով առաջ գնալը, որովհետև իրականում բոլորս ուզում ենք, որ երկիրը զարգանա: Ես կարծում եմ, որ հետագայում էլ մեր աշխատանքներն ընդդիմության հետ շարունակվելու են: Ասում եմ աշխատանք, որովհետև գործունեությունը երբեք չի կարող գործարք համարվել: Ընդդիմությունն իր պահանջների մեջ հետևողական է լինելու, դա արդեն ակնհայտ է, մենք էլ հետևողական ենք լինելու, որ քաղաքական երկխոսության արդյունքում կարողանանք երկրի համար լավագույն վիճակ ստեղծել: Երբ երկրի նախագահն ասում է, որ ընդդիմությունը քաղաքական դաշտի հարստությունն է, երկրի զարգացման կարևորագույն խթաններից մեկը, որ իշխանությունը քննադատությունը լսել և հնչող առաջարկները հաշվի առնել գիտի, հաստատակամ է, բայց նաև ճկուն, պետք է հասկանալ կատարված փոփոխությունը: Ես ուրախ կլինեի, որ մեր կոալիցիոն գործընկերները և խորհրդարանական ընդդիմությունը կարողանային արտախորհրդարանական ընդդիմության հետ քաղաքակիրթ աշխատելու եզրեր գտնել: Ժողովրդավարության պայմաններից մեկն էլ միմյանց լսելն է:
-ՀԱԿ-իշխանություն համագործակցության կայացման պարագայում ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերները, խորհրդարանական ընդդիմությունն իրենց ստվերված և իրենց կարևորությունը նվազած չե՞ն համարելու:
-Եթե կուսակցությունը կայացած է, ուժեղ և վստահ իր ուժերին, նրա քաղաքականությունն այլ կուսակցությունների փոխհարաբերություններով չի կարող պայմանավորվել: Եթե բոլոր կուսակցություններն էլ իրենց դաշտը գտել են և վստահ են իրենց վարած քաղաքականությանը, պիտի միայն ուրախ լինեն կատարվող փոփոխություններով և իրենց հաջողությունը փնտրեն առողջ մրցակցության, այլ ոչ թե խանդի տեսարաններում: Կուսակցությունների` միմյանց հետ անիմաստ թշնամացման մեջ կորչում է այն նպատակը, որ նրանք առաջադրել էին իրենք իրենց:
-Ձեր կարծիքով` ապագա խորհրդարանում ՀԱԿ-ն ի՞նչ ներկայություն կունենա:
-Մեկ տարի դեռ կա մինչև ընտրությունները, և այդ հարցին ոչ ոք ստույգ պատասխանել չի կարող, համենայն դեպս, մի քանի ամիս առաջ ոչ ոք նման զարգացում չէր ենթադրում, կյանքը շատ արագ է փոխվում, և անսպասելի իրավիճակներ են ստեղծվում: Հուսով եմ, որ համարժեք ներկայություն կլինի:
-ՀԱԿ-իշխանություն փոխհարաբերությունների կայացումը արտաքին հարաբերությունների վրա ինչպե՞ս կանդրադառնա:
-Իհարկե` դրական. մի վիճակ է, երբ արտաքին հարաբերություններում համախումբ ենք աշխատում, մի վիճակ, երբ իրար դեմ: Մենք հարցեր ունենք լուծելիք, և տարբեր ձևաչափերով հանդիպումներում արդեն իսկ հնչել են դրական գնահատականներ:
-Լեռնային Ղարաբաղի հարցը և՞ս նկատի ունեք:
-Մայիսյան տոներին նորից Ղարաբաղում էի: Երբ մարդիկ համախմբված են մեկ նպատակի շուրջ, նրանց հնարավոր չէ կասեցնել: Սրանք հավուր պատշաճի ասված բառեր չեն: Ղարաբաղում գնահատում ու արժևորում են իրենց հաղթանակը և համախմբված են իրենց նպատակին հասնելու` հաղթահարելով բոլոր դժվարությունները: Պատերազմի միջով անցած ժողովուրդը խաղաղության գինը բոլորից լավ գիտի: Այսօր բանակում ծառայում են պատերազմի օրերին ծնված տղաները, և նրանք իրենց կենսագրությամբ գիտեն, որ իրենց հայրերի շնորհիվ են այսօր անկախ հանրապետությունում ապրում: Ղարաբաղում ամեն ինչ պարզ է ու հասկանալի, նրանք գիտեն իրենց հողի գինը, և այդ հողն այնպիսի ձգողական ուժ ունի, որ հնարավոր չէ հաղթահարել: Ոչ միայն ադրբեջանցիները, կարծում եմ, բոլորն են համոզվել, որ ղարաբաղցու ոգին կոտրել հնարավոր չէ:
-Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ադրբեջանը դիմի Ղարաբաղի հարցի լուծման ռազմական ճանապարհին, փաստորեն, շփման գծում օրեցօր շարունակվում է չհայտարարված, փոքր պատերազմը:
-Այն ուժը, որ ռազմական ճանապարհով հարցի լուծման մտադրություն ունի, հայտարարությունների վրա ժամանակ չի վատնում: Եթե հայր Ալիևը լիներ, բանակցություններն այլ զարգացում կունենային: Ինչ իմաստ ունի անընդհատ հայտարարություններ անել, երբ ադրբեջանցիները լավ գիտեն հայոց զինվորի հաղթական ոգին և ղարաբաղցու համառությունը: Եթե նույնիսկ հարցը հանգի ռազմական լուծման տարբերակին, շատ արագ ամեն ինչ կվերջանա:
-Այնուամենայնիվ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարում են, որ ստատուս քվոն այլևս անընդունելի է:
-Իհարկե, մենք ձգտում ենք խաղաղության և հարցի լուծման խաղաղ բանակցություններով, քաղաքական ճանապարհով, իսկ անհրաժեշտ դեպքում պատրաստ ենք պատերազմի: Բայց նաև հարց է` ինչո՞ւ միջազգային ատյաններում ԼՂ հարցի շուրջ հնչող տեսակետներում և ընդունվող բանաձևերում հստակ գնահատականներ չեն տրվում, ինչո՞ւ են զսպվածության ու զգոնության կոչեր արվում կողմերին հավասարապես, եթե շփման գծում զինադադարի խախտման նախաձեռնողը մշտապես մի կողմն է։ Իհարկե, վերջին տարիներին միջազգային կառույցներում մեր աշխատանքն ակտիվացել է, բայց շատ ավելի ակտիվ պիտի աշխատենք բոլոր հնարավոր ուղղություններով:
-ԵԱՀԿ գործող նախագահն էլ էր ասում, որ իրենց նպատակը դիպուկահարներին առաջին գծից հանելն է, ինչին Ադրբեջանը չի համաձայնում, ինչո՞ւ միջազգային կառույցները հետևողական չեն իրենց քայլերում:
-Ընդունենք, որ մենք տարբեր հարթություններում ենք, ադրբեջանցիները չեն կարողացել հաղթահարել պարտության բարդույթը, այդ պատճառով էլ շարունակում են պատերազմել քարոզչական, հոգեբանական, տեղեկատվական, իրենց հասու ու հնարավոր բոլոր ասպարեզներում: Չհաղթահարված բարդույթի մի վկայություն է դիպուկահարներին առաջին գծում պահելը, շփման գծի տարբեր հատվածներում պարբերաբար հրաձգություն սկսելը։ Միևնույն է, հարցը լուծվելու է բանակցություններով ու խաղաղ ճանապարհով, որոնց օգնելու է ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը, այլև միջազգային այն կառույցները, որոնք, իրոք, առաջնորդվում են հակամարտությունը հաղթահարված տեսնելու, օր առաջ տարածաշրջանում խաղաղություն հաստատված տեսնելու ցանկությամբ: Բայց նաև ինչքան էլ միջնորդները ջանքեր գործադրեն, եթե մենք չբանակցենք, հարցը չի լուծվելու: Վերջապես Ադրբեջանում էլ պետք է հասկանան, որ հարցը լուծում պիտի գտնի, հաղթահարեն պարտվածի բարդույթն ու դադարեցնեն ջղաձիգ շարժումները` կառուցողական դիրքորոշում որդեգրելով:
-ՀՀԿ-ն ե՞րբ է անդամակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցությանը:
-ԵԺԿ-ին անդամակցում է 39 երկրի 72 քաղաքական ուժ: Վերջերս երկու հանդիպում եղավ ԵԺԿ-ի ներկայացուցիչների հետ: Նախ եկել էր ԵԺԿ փոխնախագահը, իսկ վերջերս` նախագահը: Հայաստանից ԵԺԿ-ին անդամակցելու հայտ ներկայացրել են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը և «Ժառանգությունը», որոնք հանդիպումներ են ունենում` ուսումնասիրելու կուսակցությունների վարած քաղաքականությունը, վերաբերմունքը բարեփոխումներին։ Նրանք շեշտը դնում են ժողովրդավարական ընտրությունների, բոլոր ոլորտներում բարեփոխումների անցկացման, հակակոռուպցիոն ծրագրերի վրա: Մենք հույս ունենք, որ արդեն աշնանը կանդամակցենք ԵԺԿ-ին:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1140

Մեկնաբանություններ