Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«2007-Ի ԵՎ 2012-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍԱՐՈՒՁՈՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ»

«2007-Ի ԵՎ 2012-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍԱՐՈՒՁՈՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ»
24.02.2012 | 00:00

Նախընտրական հարցումներով և որոշ քաղտեխնոլոգների դիտարկմամբ` այսօրվա խորհրդարանի ընդդիմադիր ուժերից «Ժառանգությունը» հաջորդ խորհրդարանում չի լինելու: Ինչքանո՞վ է այս մոտեցումն իրատեսական։ Մեզ հետ զրույցի սկզբում հարցին անդրադարձավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:

-Նման դիտարկումներին շատ հանգիստ եմ վերաբերվում, որովհետև նախորդ ընտրություններում նույնիսկ այդ տոկոսները չէին տալիս, հիմա գոնե 7, 9 տոկոս տալիս են,-նշեց պարոն Մարտիրոսյանը:- Այնուամենայնիվ, դրական միտում կա: Սակայն չպետք է ուշադրություն դարձնել սոցհարցումներին, քանի որ բնակչության կեսը հաճախ չի պատասխանում հարցերին, թաքցնում է իր նախընտրությունը կամ ասում է՝ ընտրություններին չեմ մասնակցում, որ այլ հարցեր չտան: Այս իսկ պատճառով հենվել ներկայացված թվերի վրա, կարծում եմ, ճիշտ չէ:
-Ի՞նչ եք կարծում, այս տարիներին «Ժառանգության» վարկանիշն անկո՞ւմ, թե՞ վերելք է ապրել:
-Այս տարիներին եղե՞լ է մի դեպք, որ հասարակությանը որևէ խնդիր հուզի, ու «Ժառանգությունը» նրա կողքին կանգնած չլինի, իր նախընտրական խոստումներից հետ կանգնի, իր քաղաքական ուղուց շեղվի: Եղե՞լ է որևէ դեպք, որ «Ժառանգությունը» իշխանությունների «գցած» գայթակղություններին տրվի: Իհարկե, դուք չեք կարող այդպիսի մի դեպք հիշել: Ե՛վ անձերով, և՛ կուսակցությամբ մշտապես եղել ենք հասարակության կողքին, բոլոր կարևոր իրադարձությունների, ընտրությունների ժամանակ «Ժառանգությունը» մշտապես եղել է ընդդիմադիր հատվածի հետ: Անկախ փորձագիտական մոնիթորինգ է իրականացվել, թե խորհրդարանական ուժերից ով ինչպիսի գործունեություն է ծավալել, միայն «Ժառանգությունն» է, որ իր նախընտրական խոստումներից երբեք հետ չի կանգնել, ավելին, բոլոր քվեարկությունները համապատասխանել են նախընտրական ծրագրին: Մեր երիտասարդները, ինչպես նաև պատգամավորներն ակտիվ մասնակցություն են ունենում բնապահպանական ու քաղաքացիական նախաձեռնություններին: Կարող է անհամեստ թվալ, բայց «Ժառանգությունն» էր, որ վերջին շրջանում որոշակիորեն խթանեց էկոլոգիական և քաղաքաշինական շարժումները:
-«Ժառանգություն» խմբակցությունն Ազգային ժողովում ևս ակտիվ է, սակայն այս խորհրդարանում նրան, որպես ընդդիմության, հաջողվե՞ց ինչ-որ չափով ազդել իշխանության քաղաքական կուրսի վրա, այսինքն` փոքր նվաճումներ արձանագրել:
-Մեծ հաշվով այն, ինչին ցանկանում էինք, չկարողացանք հասնել, որովհետև դրա համար պետք է խորհրդարանում լինել մեծամասնություն: Այնպես էլ չէ, որ հաջողություններ չենք ունեցել: Հարկ է նշել բազմաթիվ տեղային խնդիրների լուծումը՝ Մեծամորի ատոմակայանի աշխատողների աշխատավարձը, նույնը` ալյումինի գործարանի աշխատողների պարագայում և այլն:
-Ամփոփելով այս խորհրդարանի գործունեությունը` ի՞նչ գնահատական կտաք:
-Ընդհանուր առմամբ դրական չեմ կարող գնահատել: Մեր պետությունը կորցրեց հինգ տարի, որովհետև այդ ընթացքում շատ բարեփոխումներ պիտի իրականացվեին, և խորհրդարանը, որպես քաղաքական թիվ մեկ ամբիոն, բարեփոխումների խթան պիտի լիներ, դրանց իրագործման շարժիչ ուժը: Ցավոք, այդպես չեղավ: Այս խորհրդարանը նաև ցույց տվեց հասարակությանը, թե որքան կարևոր է օրենսդիր մարմնի աշխատանքը, քանի որ սահմանադրության նոր փոփոխություններից հետո սա առաջինն էր, և ընդդիմության իրական հակակշռի պարագայում մեծածավալ փոփոխություններ կարելի էր անել: «Ժառանգությունը», ըստ էության, մեր երկրի համար կրիտիկական պահին խորհրդարանական միակ ընդդիմությունն է եղել՝ 2008-ի մարտի 1-ից մինչև 2009-ի ապրիլ: Այդ ծանր ժամանակահատվածում կարողացանք պատվով իրականացնել մեզ վրա դրված պարտականությունները: Հույս ունեմ, որ գալիք խորհրդարանում «Ժառանգությունը» և ընդհանրապես ընդդիմությունն ավելի մեծ թվով ներկայացված կլինեն:
-Այնինչ բոլոր հարցումներն ու կանխատեսումներն այսօրվա խորհրդարանի պատկերն են արտատպում, գումարած ՀԱԿ-ը: Կարծում եք` ուժերի վերադասավորումն ա՞յլ կերպ կլինի:
-Այդ կանխատեսումներում, չգիտես ինչպես, հաշվի են առնվում այն կեղծիքները, որոնք պիտի տեղի ունենան: Նախ 2007-ի և 2012-ի ընտրությունների միջև սարուձորի տարբերություն կա: Հասարակությունը մարտի 1-ից հետո բավականին հասունացել է, դրան գումարած բավականին ակտիվացել են հասարակական, քաղաքացիական նախաձեռնությունները, սոցցանցերը տեղեկատվության հզոր միջոց են դարձել: 2007-ի համեմատ նաև վատթարացել է սոցիալ-տնտեսական վիճակը, իսկ 40 տոկոս աղքատություն ունեցող երկրում հնարավոր չէ իշխանությունների հանդեպ մեծ սեր ունենալ: Չեմ կարծում, որ խորհրդարանում ուժերի տեղաբաշխումը նույնը կլինի: Եթե իշխանությունները մտավախություն չունենային, կհամաձայնեին 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելուն: Այսուհանդերձ, չեմ կարծում, որ 2012-ին կլինի նույն վիճակը, ինչ 2007-ին: Միևնույն է, որոշակի փոփոխություն լինելու է, և եթե իշխանությունը հետևի իր խոսքին ու ազատ, արդար ընտրություններ անցկացնի, հաջորդ խորհրդարանում լրիվ այլ պատկեր կլինի:
-Փոփոխություն դեմքերի՞, թե՞ ուժերի առումով:
-Կարծում եմ՝ ուժերի հարաբերակցության:
-Արդեն իսկ ակնհայտ է, որ իշխանություններն այսօրվա ընտրակարգով են գնալու ընտրությունների: Այս պարագայում «Ժառանգությունը» պատրա՞ստ է մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու:
-Մարտի 2-ին «Ժառանգության» համագումարն է, որի ընթացքում կքննարկվեն շատ հարցեր, այդ թվում` նաև դա: Իմ կարծիքով, ցանկացած դեպքում, երբ կա պայքարելու որևէ տեղ, որտեղ քո շանսը նույնիսկ 1 տոկոս է, միևնույն է, դու պետք է պայքարես: Եթե չես պայքարում, ի սկզբանե պարտված ես:
-Չնայած ընդդիմությունը դեռ մտածում է` «ով ումով» պիտի մեծամասնական ընտրատարածքներում առաջադրի սեփական թեկնածուին, իշխանական կուսակցություններն արդեն «մեջ-մեջ են արել» այդ ընտրատարածքները: Այդ ամենից ընդդիմությունն օտարված, դուրս մղված չէ՞:
-Այն բոլոր թեկնածուները, որոնց մասին խոսակցություններ են պտտվում, բացառությամբ Վիկտոր Դալլաքյանի, գործարարներ են: Սա ապացուցում է, որ ընդդիմությունը շատ քիչ հնարավորություն ունի մեծամասնականով ընտրվելու: Մեծամասնականը մեզանում կիսաֆեոդալական համակարգ է դարձել, որտեղ կարևոր են վարչական ռեսուրսը, իշխանության «դաբրոն»: Եթե 2-10 մլն դոլար ունենաս, ինչ-որ տարածքում թեկնածությունդ առաջադրես ու ընտրակաշառք բաժանես, կկասեցնեն քո «ինքնագործունեությունը», այլ հարց է՝ եթե ունես իշխանության «դաբրոն»: Այս պարագայում կեղծիքներ էլ կարող ես անել, ընտրատեղամասերում ծեծուջարդ էլ, բայց միայն մեկ պայմանով՝ նույն թվով ձայներ պիտի ապահովես իշխանական կուսակցությանը: Այս տրամաբանության շրջանակներում, բնականաբար, ընդդիմությունը դուրս է մղվում: Սակայն անկախ բոլոր ամբիցիաներից, ընդդիմությունը պիտի կարողանա համատեղ մեծամասնական թեկնածուներ առաջադրել, որպեսզի յուրաքանչյուր ընտրատարածքում գոնե մեկ ընդդիմադիր լինի:
-Հնարավո՞ր է` «Ժառանգությունն» «Ազատ դեմոկրատների» հետ դաշինքով գնա ընտրությունների:
-Այդ հարցը ևս կքննարկվի համագումարում: Հանդիպումներ եղել են, կան: Անկախ նրանից, դաշինք կլինի, թե ոչ, «Ազատ դեմոկրատների» հետ ձևավորվել է համագործակցության լայն դաշտ:
-Դա կհանգեցնի՞ միասնական ցուցակով ընտրությունների մասնակցությանը:
-Ժամանակի խնդիր է:
-Իրականությանը համապատասխանո՞ւմ են այն խոսակցությունները, թե «Ժառանգության» համար համագործակցության նախապայմաններից մեկն էլ այն է, որ նախագահական ընտրություններում «Ազատ դեմոկրատները» պիտի պաշտպանի Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը:
-Նախ` Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը պիտի որոշի` նախագահի թեկնածու լինելո՞ւ է, թե՞ ոչ: Ժամանակից առաջ պետք չէ ընկնել:
-Իշխանությունը ցուցակների կազմման հարցում էլ, կարծես, առաջ է ընդդիմությունից: Եռյակների, հնգյակների, անգամ տասնյակների ցուցակ է շրջանառվում: «Ժառանգությունը» գոնե «կուլիսային» ցուցակ չի՞ կազմել:
-Որևէ նախնական ցուցակ չկա: Նույնիսկ երեք կամ չորս անձով այդ մասին չենք խոսել: Դրա համար դեռ ժամանակ ունենք: Մեզ մոտ ցուցակների հարցը միշտ վերջում է որոշվում: Նախորդ խորհրդարանական ընտրություններում էլ ցուցակը վերջին մի քանի օրերին է կազմվել:
-Գոնե մոտեցում կա՞, որով պիտի առաջնորդվել:
-Մոտեցումն այն է, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, և ինչին ես համամիտ եմ: Նա նշել է «ավազանները»` խմբակցություն, հասարակական ակտիվ գործիչներ, երիտասարդ կուսակցականներ:
-Ի վերջո, այս ընտրությունների արդյունքում «Ժառանգության» մանդատները կպակասե՞ն, թե՞ կավելանան:
-Կարծում եմ, «Ժառանգության» գործունեությունից դեռ որևէ մեկը չի դժգոհել, եթե անգամ որոշ «փորձագետներ» ասում են, թե «Ժառանգություն» կուսակցություն չկա, միայն խմբակցությունն է ակտիվ աշխատում, կարծես, խմբակցությունն օդապարիկով են Հայաստան իջեցրել: Հասարակության աջակցության, պայքարի շնորհիվ «Ժառանգությունը» խորհրդարանում իր տեղերը կբազմապատկի: Այն այլընտրանքը, որ «Ժառանգությունը» մշտապես ներկայացրել է, կփորձի նաև կյանքի կոչել: Այսօր ավելի, քան երբևէ, անհրաժեշտ են բարեփոխումներ, ու առանց ուժեղ ընդդիմության, ինչպիսին «Ժառանգությունն» է, դժվար թե այդ բարեփոխումներն սկսվեն:
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ