«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԵՐԲ ՀՐԵԱՆ ԱԶԳԱԿԻՑ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԻՑ ՓՈՂ Է ԽՆԴՐՈՒՄ, ՎԵՐՋԻՆՍ ՉԻ ՀԱՐՑՆՈՒՄ` ԻՆՉՔԱՆ և ԻՆՉԻ ՀԱՄԱՐ. ՈՐևԷ ՀԱՅ ԴԱ ԿԱՆԻ՞»

«ԵՐԲ ՀՐԵԱՆ ԱԶԳԱԿԻՑ  ԿԱՊԻՏԱԼԻՍՏԻՑ ՓՈՂ Է ԽՆԴՐՈՒՄ, ՎԵՐՋԻՆՍ ՉԻ ՀԱՐՑՆՈՒՄ` ԻՆՉՔԱՆ և ԻՆՉԻ ՀԱՄԱՐ. ՈՐևԷ ՀԱՅ ԴԱ ԿԱՆԻ՞»
13.03.2012 | 00:00

«Իրատես de facto»-ի հյուրն է տնտեսական մշակութաբան ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆԸ

-Ի՞նչ է իրենից ներկայացնում տնտեսական մշակույթը:
-Դա մեր ժողովրդի ազգային արժեքներից, նվաճումներից մեկն է: Հայ ժողովուրդն ունի ինքնաձևավորման մի քանի բաղադրիչ, որոնցից մեկը առևտրատնտեսական գործունեությունն է: Հին ժամանակներում առևտրով զբաղվելը քաղաքակրթական արժեք էր, զուտ ապրանքափոխանակություն չէր: Երբ մեր վաճառականները շրջում էին աշխարհեաշխարհ, ապրանքների հետ փոխանակում էին նաև քաղաքակրթական արժեքներ` բարքեր, սովորույթներ, կենցաղավարություն, գիտելիքներ: Մ. թ. 5 դար առաջ Հերոդոտոսը հիշատակում էր հայ վաճառականներին. նրանք Արմենիայից Եփրատով Բաբելոն էին իջնում կաշեպատ կլոր նավակներով, որոնք հյուսված էին ուռենու ճյուղերից, մեջն էլ` ավանակ, ցորեն ու գինի: Ճանապարհին 15 առևտրային կայան կար: Ժամանակին ես այդ մասին գրել եմ «Հայեր և ծովեր» հոդվածաշարում, հոդվածներից մեկն էլ անվանել էի` «Եփրատն ի վար նավակով, Եփրատն ի վեր` ավանակով»:
-Մ.թ.ա. հայերի ավանակնե՞րն էլ էին լողում:
-Բաբելոնում վաճառում էին ցորենը, գինին, նավակների կաշին ու փայտը, որ Բաբելոնում փնտրված ապրանք էր, և ավանակով վերադառնում Հայաստան: Այսպիսով, առևտրատնտեսական գործունեության մեր 25 դարերի պատմությունը քաղաքակրթական արժեք է, և իմ խնդիրն եմ համարել այդ արժեքն ուսումնասիրելը: Մենք ուսանել ենք խորհրդային դպրոցներում, մեզ սովորեցրել են, որ հայ ժողովուրդն անկախության կորստից հետո պատմության թատերաբեմից չի անհետացել եկեղեցու, լեզվի, դպրոցի շնորհիվ: Բայց եթե 600 տարի պետականություն չենք ունեցել և աշխարհով մեկ սփռված ապրում էինք, մեր դպրոցն ու եկեղեցին ո՞վ էր պահում: Ոչ եկեղեցին, ոչ դպրոցը ինքնաբավ հաստատություններ չեն: Պահել են դրամատերերը` վաճառականական դասը: Թագավորների, իշխանների կամ հոգևորականների կառուցած եկեղեցիները շատ փոքր տոկոս են: Աշխարհի բազմաթիվ երկրներում ազգային զանազան կառույցներն ովքե՞ր են պահել. դրամատեր բարերարները, ընդ որում, ամեն հաջորդ սերունդ պահել-պահպանել է նախորդի ստեղծածը, որ ամենակարևորն է:
-Ձեր գնահատականով` ո՞րն է եղել տնտեսական մշակույթի խնդիրը անցյալում և ո՞րն է հիմա:
-Անցյալում եղել է ազգապահպանությունը, որը հիմնված էր հավատքի վրա: Եկեղեցին է դրամատիրոջը դրդել հովանավորելու ազգային հաստատությունները։ Տեսեք, գրատպության 500-ամյակ ենք նշում: Իսկ ո՞վ էր Հակոբ Մեղապարտը, 1512 թ. նա ի՞նչ գործ ուներ Վենետիկում։ Ղևոնդ Ալիշանը ժամանակին Վենետիկի արխիվներից 2500 հայ վաճառականի անուն էր հայտնաբերել, և Հակոբը նրանցից մեկն էր, հինջուղայեցի, որ լինելով հավատացյալ` մտածում էր` ինչպես պահպանել իր ու իր ազգակիցների ինքնությունը, միաժամանակ` զբաղվելով գրքի վաճառքով։ 1512-1801 թթ. հայ մատենագիտության հիշատակարանները վկայում են, որ մեր գրատպության ճիշտ մեկ քառորդը լույս է տեսել վաճառականների ուղղակի ֆինանսական օժանդակությամբ: Պետրոս Գիլանենցը 20 տարի Ամստերդամում վաճառականությամբ զբաղվեց, ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Եվրոպայից եկավ և 80-հոգանոց հայկական էսկադրոն ստեղծեց, կռվեց պարսիկների դեմ ու 1723 թ. ռազմի դաշտում զոհվեց: Իր ամբողջ ունեցվածքը էսկադրոնը պահելու վրա ծախսեց: Այս և նման բազում վկայություններ ինձ հիմք են տալիս պնդելու, որ դրամատիրական հասարակախավը պահպանել է ազգը: Չեմ կարող ասել, թե նրանք գաղափարաբանական ինչ-ինչ հենքեր ունեին, ազգային-ազատագրական իդեալներ, բայց հաստատ ունեին ինքնապահպանման խնդիր և խորապես ազգասեր, հավատացյալ մարդիկ էին: Իհարկե, նրանց թվում մարդիկ էլ կային, որ միլիոններ ունեին, բայց ոչ մի լումա ազգին չհատկացրին։
-Ե՞րբ և ինչպե՞ս կտրվեց այդ երակը. բացահայտորեն հիմա կան և՛ խնդիրներ, և՛ մարդիկ, որոնք այդ խնդիրները կարող են լուծել, բայց նրանք իրենց պարտավորված չեն զգում` կա պետություն, և թող պետությունը լուծի հարցերը:
-Խորհրդային իշխանությունը, որ հաստատվեց Հայաստանի ներկայիս տարածքում, վերացրեց մասնավոր սեփականությունը, կապիտալիզմը, և 70 տարի այս տարածքում չունեցանք դրամատերերի սերնդափոխություն, կապը կտրվեց` ի տարբերություն սփյուռքի, որտեղ շարունակվում ու զարգանում է առայսօր և մեր ազգային հարստություններից մեկն է:
-Իսկ մենք ունե՞նք դրա գիտակցումը:
-Չունենք, դժբախտաբար, չունենք: Դրամատիրական հասարակախավի գործառույթը եղել է ազգապահպանությունը, հիմա պետք է լինի նաև պետականապահպանությունը: Կապիտալը սփյուռքում պետք է շարունակի մնալ ազգապահպան գործոն, իսկ Հայաստանի Հանրապետությունում` նաև պետականապահպան: Պետությունն ինքը պետք է դրա ջատագովը լինի: Խորհրդային տարիներին մեզ դիալեկտիկական մատերիալիզմ, կոմունիզմ, սոցիալիզմ, աթեիզմ, ևս մի տասնյակ իզմ-եր էին ուսուցանում, իսկ հիմա դրանց փոխարեն ի՞նչ է դասավանդվում: Որևէ բուհի տնտեսագիտական ֆակուլտետում դասավանդվո՞ւմ է, ասենք, կապիտալիզմի պատմություն: Իհարկե` ոչ: Մասնագետներ էլ չկան: Ամենացավալին` երիտասարդ կադրեր չեն պատրաստվում:
-Իսկ համաշխարհային փորձը մեզ ոչինչ չի՞ կարող սովորեցնել:
-Համաշխարհային փորձը մեզ ամեն ինչ կարող է սովորեցնել: 18-րդ դարի սկզբին շոտլանդացի Ադամ Սմիթը դրեց կապիտալիզմի հիմքը` գրելով «Ազգերի հարստությունները» նշանավոր երկը: Նա մտածում էր` որո՞նք են հարստության ու աղքատության պատճառները, և ի՞նչ պիտի անի իր ազգը: Հետո եկան ուրիշ մտածողներ` Ռիկարդոն, Ֆուրիեն, Սեն-Սիմոնը, Մալթուսը, այո, Մարքսը, և զարգացրին Սմիթի տեսությունը` ամեն մեկն իր երկրի օրինակով: Ռուսները, որ որպես ժողովուրդ շատ ավելի երիտասարդ են մեզնից, իրենց առաջին վաճառական Աֆանասի Նիկիտինին ունեցել են 15-րդ դարում: Անհաջողակ վաճառական, որ ձախողվեց Հնդկաստանում, գերի ընկավ, հայտնվեց Եգիպտոսում, իր բոլոր դժբախտությունները օրագրեց, և այսօր նրա գրվածքը դպրոցական ուսումնական ծրագրի մաս է, նրա արձանը Տվերի կենտրոնում է: Մենք ունենք Զաքարիա Ագուլեցու օրագրություն, ունենք Տեր-Դավթի որդի Հովհաննեսի «Հաշվետումարը», որ Չինաստան ու Տիբեթ էր հասել և վիթխարի նյութ է հրամցնում իր օրագրության մեջ: Ինչո՞ւ է անտեսվում: Ինչո՞ւ գոնե տնտեսագիտական բուհերում չի դասավանդվում հայոց տնտեսական մշակույթի պատմություն: Կրոնի պատմության դասագրքեր կան, շախմատը դպրոցական առարկա է, հիանալի է, բայց ինչո՞ւ հայ երեխային մանկուց չի կարելի սովորեցնել բարեգործություն: Վերջին հաշվով` քաղաքացի պիտի՞ դաստիարակենք, թե՞ ոչ:
-Համաձայն չեմ` այսօր մենք շատ լավ էլ դաստիարակում ենք քաղաքացի, նա ունի սպառողական հոգեբանություն, որի առանցքը շահն է, նա չի ուզում զինվոր դառնալ, չի ուզում բժիշկ դառնալ, չի ուզում ուսուցիչ դառնալ, նա ուզում է բիզնեսմեն դառնալ և բիզնեսմեն ասելով` հասկանում է ուրիշի հաշվին ապրող մարդ, որովհետև չգիտի, ու ոչ ոք նրան չի սովորեցնում` ինչ է բիզնեսը իրականում, ու ինչպիսին պիտի լինի բիզնեսմենն իրականում:
-Այո: Բայց հետո՞: Մենք չգիտենք, ինչ է փողը, ինչ է փողի մշակույթը: Փողը մարդու ստեղծած ամենապարադոքսալ երևույթն է, կարելի է լինել և՛ փողի ստրուկը, և՛ փողն օգտագործել որպես միջոց: Մեր խնդիրը կապիտալը գործիք դարձնելն է: Սովորեցնելը` ինչպես անել դա: Տնտեսագիտական համալսարանում տնտեսական մշակույթի պատմության ոչ միայն ամբիոն չկա, այլև ֆակուլտատիվ դասընթաց չկա, անցնում են մակրոէկոնոմիկա, միկրոէկոնոմիկա, մարկետինգ, բիզնեսի կառավարում, հազարումի այլ բան, իսկ ազգի տնտեսական ավանդույթներին ո՞վ պիտի տեր կանգնի:
-Լավ, Դուք առաջադրում եք խնդիրը, լուծման ի՞նչ տարբերակներ եք տեսնում:
-Առանց պետական միջամտության հնարավոր չէ ոչինչ անել, դժբախտաբար: Ես 10 գրքի հեղինակ եմ, չորսի տպագրությունը մի ռուսաստանաբնակ բարերար է ֆինանսավորել, ևս 10 գիրք ունեմ անտիպ, ինչքա՞ն և ո՞ւմ պիտի խնդրեմ, որ այդ գրքերը տպագրվեն: Դա չի նշանակում, թե ես դրանք ի վիճակի չեմ հրատարակելու, բայց պիտի լինի տնտեսական մշակույթի գիտակցում, տնտեսական մշակույթի քաղաքականություն, ավանդույթների վերականգնման ու զարգացման քաղաքականություն: Անկախության վերականգնումով 20 տարի առաջ հանկարծ օդից կապիտալիզմ ծնվեց ու բոլորը դարձան բիզնեսմեննե՞ր: Մենք առայսօր ոչ մի պատկերացում չունենք կապիտալիզմի մասին: Այդ կապիտալիզմը ստեղծելու համար ինչո՞ւ չհենվենք մեր ազգային ավանդույթների վրա, չէ՞ որ ունենք այդ ավանդույթները:
-Հեծանիվ հնարենք, այսպես ավելի հարմար է:
-Հնարենք, բայց ինչո՞ւ, երբ 25 դարի տնտեսական, 17 դարի բարեգործության պատմություն ունենք, ինչո՞ւ ուրիշի փորձի, ուրիշի պատմության վրա հիմնվենք: ՈՒրիշի լավը վերցնենք, ժամանակակից ուղղություններն ու տեսությունները ուսումնասիրենք, բայց մեր առանձնահատուկը, մեր փորձառությունը ինչո՞ւ կորցնենք:
-Կրթության և գիտության նախարարություն այդ հարցով դիմե՞լ եք:
-Բացի գրքերից, բազմաթիվ հոդվածաշարեր եմ տպագրել` հիմնավորելով ու մանրամասնելով այս ամենը, որևէ մեկն արձագանքե՞լ է: Չէ՛, պետական որևէ կառույցի հետ այլևս գործ չեմ ուզում ունենալ. դառը փորձառություն ունեմ։
-Վերքը տիրոջն է ցավ տալիս:
-Ես կարող եմ պատմությունը շարադրել, փաստերը, օրինաչափությունները վեր հանել, համեմատել ու համադրել, բայց ավելին անելու լիազորություն չունեմ: Աշխարհի 80 երկրում մենք ունեցել ենք խոշորագույն բարերար-բիզնեսմեններ։ Տեսեք, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասում էր` հայկական սփյուռքը ծնվել է ցեղասպանության պատճառով: Սփյուռքյան բոլոր գաղթօջախները ի սկզբանե եղել են առևտրատնտեսական համայնքներ. հայերը 30-50 հոգով գնացել, համայնքներ են ստեղծել, ընդ որում` սկզբում մեկնում էին միայն տղամարդիկ և փոխարինում միմյանց` գնում-գալիս էին: ԱՄՆ-ում առաջին առևտրատնտեսական համայնքի ստեղծողներից մեկը խարբերդցիներն են եղել, ցեղասպանության ժամանակ թուրքերը երրորդ հոսքով 3000 դրամատիրոջ կոտորեցին ընտանիքներով. դա էր իրենց հիմնական թիրախը` փողը նրանց ձեռքին էր: Մնացածը` մշակները, հասարակ մարդիկ ո՞ւր պիտի գաղթեին, բնականաբար` իրենց հայրենակիցների մոտ: Խարբերդցիների մեծ մասը գաղթեց ԱՄՆ, և առևտրատնտեսական համայնքները փոխեցին իրենց սոցիալական դիմագիծը, դարձան գաղթօջախներ: ՈՒ դրամատեր մարդիկ էլի մնացին ղեկավարող ուժ, որովհետև նախ և առաջ խելացի էին, կրթված, փորձառու: Կրթությունը թույլ էր տալիս հաղթել մրցակցության մեջ, ու նրանք պիտի կատարյալ գիտելիքներ ունենային:
-Կյանքի որևէ ոլորտում գիրք հրատարակելով ոչինչ չես փոխի, եթե ուզում եք ինչ-որ բանի հասնել, պիտի աշխատեք պետական կառույցի հետ:
-Այո, բայց դա պետությանն է պետք, և պետությունն ինքը պիտի իր կարիքները հասկանա, ավելի ճիշտ` իշխանությունը, որովհետև պետությունը մեր բոլորի ամբողջությունն է:
-Իշխանությունը չի մտածել և չի մտածում իր վաղվա օրվա մասին, դա ավանդույթ է, որ բնորոշ է ոչ միայն հայկական իշխանությանը:
-Չկա ռազմավարություն, կա միայն մարտավարություն, և այս վիճակը ձեռնտու է իշխանությանը. դա է ամենացավալին: Ես խոսել եմ տասնյակ պաշտոնյաների հետ և չեմ ստացել որևէ հոդաբաշխ պատասխան: Երկու տարի է` գրում եմ, հորդորում եմ` բարեգործության մշակույթը գոնե վերականգնենք: Վիթխարի պատմություն է, որ չպիտի կորչի:
-Այսօր կա՞ բարեգործություն` Ձեր կարծիքով:
-Հայաստանի Հանրապետությունում այսօր իրական, անեղծ բարեգործության մասնակի դրսևորումներ միայն կան, սփյուռքում կա և շատ ազդեցիկ:
-Ի՞նչ պիտի արվի, որ այդ մասնավոր դրսևորումներն օրինաչափություն դառնան, կանոնակարգվեն, խրախուսվեն, սերնդից սերունդ ժառանգվեն:
-Բարեգործությունը խորապես անհատական երևույթ է, բարեգործություն անելու համար պիտի հնարավորություն ունենաս, յուրաքանչյուրը փողն անհատապես է վաստակում, անհատապես էլ տնօրինում է: Երբ հրեան ազգակից կապիտալիստից փող է խնդրում, վերջինս չի հարցնում` ինչքան և ինչի համար: Որևէ հայ դա կանի՞: Ո՛չ: Առաջին հերթին բարեգործությունը պիտի խրախուսի պետությունը` ազատելով հարկերից: Հարյուրից ավելի բարեգործական հաստատություններ կան Հայաստանում: Ինչո՞վ են զբաղված, ինչո՞վ են թեթևացրել ժողովրդի վիճակը: Ես մեծ կասկածներ ունեմ, որ այդ կազմակերպությունները փող լվանալու համար են: Եթե պետությունը չի խրախուսում բարեգործությունը, որը բարոյական արժեք է, երիտասարդությունը ձևավորվում է սպառողի հոգեբանությամբ, հանցագործության, համասեռամոլության, թմրանյութերի օգտագործման հակումներով... Պիտի հավասարակշռություն լինի, չկա:
-Միշտ էլ եղել են մարդիկ, որ հասարակության առաջ խնդիր են դրել, հասարակական գիտակցություն են ձևավորել ու հասարակությանն իրենց հետևից են տարել: Հրանտ Մաթևոսյանն այդ մարդկանց որակում էր` երկրի աղը, նրանք քիչ են, բայց միշտ առաջընթացի նախակարապետ են: Այս խնդիրները մինչև պահանջարկ չունենան, լուծում չեն ունենալու:
-Մարտի 3-ին լրացավ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 170-ամյակը, և ես շատ կուզենայի, որ ամեն տարի մարտի 3-ը մեր երկրում նշվեր ոչ միայն որպես Ալեքսանդր Մանթաշյանցի, այլև հայ բարեգործների հիշատակի օր: Միայն ես շուրջ 10000 հայ բարերարի անուն-ազգանուն և գործունեություն կարող եմ հիշատակել, այդ վիթխարի հարստությունը չի կարելի մոռանալ, կորցնել: Կուզենայի, որ մարտի 3-ը հռչակվի հայ բարեգործների հիշատակի օր:
-Հայերս 1711 տարի առաջ հռչակել ենք քրիստոնեությունը որպես պետական կրոն և քրիստոնյա՞ ենք ազգովին արդյոք այսօր, հայ բարեգործի հիշատակի օրը հռչակելը ի՞նչ է նշանակում:
-Ես ուզում եմ, որ այդ օրը բարեգործական ակցիաներ կատարվեն` մանկապարտեզներին, հիվանդանոցներին, հաշմանդամ ազատամարտիկներին, հատկապես հիվանդ երեխաներին նվիրված, նրանց բուժմանը պակասող ֆինանսների անհրաժեշտության մասին տասնյակ հայտարարություններ կան թերթերում ու կայքերում: Այդ օրը Մանթաշյանցի հուշարձանին ծաղիկներ դնեին, շնորհակալությամբ հիշեին բոլոր բարերարներին, և ստեղծեին հիմքեր` բարերարությունը որպես ավանդույթ ունենալու համար: Եթե ճիշտ է, թե գեղեցկությունը կփրկի աշխարհը, հայությանը կփրկեն բարությունը, բարերարությունը։
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1522

Մեկնաբանություններ