«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Ընտրությունը դարձրել են կյանքի ու մահու խնդիր»

«Ընտրությունը դարձրել են  կյանքի ու մահու խնդիր»
10.04.2012 | 00:00

ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆ (ՀԱԿ անդամ)

-Դուք մեծամասնականով առաջադրված չեք, իսկ ՀԱԿ-ի համամասնական ցուցակում շատ «հեռավոր» դիրքերում եք: Քարոզարշավի՞ն էլ եք այդպես պասիվ լինելու:

-Նախ իմ ցանկությամբ եմ համամասնական ցուցակի սիմվոլիկ տեղում: Արժանիքները ցուցանելու անհրաժեշտություն չկա: Կարևորը թիմի հաղթանակն է, ոչ թե` դու կընտրվե՞ս, թե՞ ոչ:

-Ճանապարհը բաց եք թողել երիտասարդների՞ համար:

-Ե՛վ ավելի երիտասարդների, և՛ նրանցից ավելի մեծերի: Այդ հարցերում առավել զուսպ պետք է լինել ու եռանդը ծախսել ՀԱԿ-ի հաղթանակի վրա:

-ՀԱԿ-ի հնարավորությունները որքա՞ն եք գնահատում, երբ խոսակցություններ կան, թե անգամ շտաբներ բացելու գումարներ չունեք:

-Դրանք դատարկախոսություններ են, երկրում ոչինչ չի փոխվում: Այն ուժերը, որոնք այսօր պայքարում են, վերջին 10-15 տարվա ընթացքում իշխանության մեջ են եղել կամ նոր են ստեղծվել ու կարիք ունեն հասարակությանը ցույց տալու իրենց կարողությունները, քանի որ ժողովուրդը նրանց նկատմամբ վստահություն չունի: Այս պայմաններում միայն ՀԱԿ-ն է, որ իշխանությանը որակել է ավազակապետություն և ուզում է ազատվել նրանից:

-Ասել է՝ ՀԱԿ-ի թիրախում, այնուամենայնիվ, ողջ իշխանությո՞ւնն է:

-Այո, թիրախում իշխանափոխության հարցն է, քանի որ երկիրն առաջնորդում են ո՛չ ժողովրդի շահերով:

-Եթե ողջ իշխանությունն է թիրախում, ինչպե՞ս է ստացվել, որ միայն ՀՀԿ-ի դեմ եք պայքարում: Իշխանության մաս են նաև ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը:

-Մեզ համար գլխավորն այդ ուժն է, քանի որ 2000-ից հակապետական ծրագրեր է իրականացնում:

-Սակայն, ի վերջո, այդ քաղաքական ուժի հետ դուք օրենսդիր մարմնում աշխատելու եք:

-Կարծում եմ՝ միանշանակ ասել, որ իշխանությունների հետ ենք աշխատելու, միայն վառ երևակայության արդյունք է: Այս իշխանություններին մենք չենք ճանաչում ու չենք էլ ուզում ճանաչել: Եթե անօրինական իշխանություն է, ինչպե՞ս կարող ենք ճանաչել:

-«Չճանաչելու» մարտավարությամբ քանի՞ մանդատ խորհրդարանում կկարողանա վաստակել ՀԱԿ-ը:

-Ենթադրություններ անելու սիրահար չեմ, միայն կարող եմ ասել, որ ամենակարևորն ազատ, անկախ, թափանցիկ ընտրությունների ապահովումն է: Իսկ թե ՀԱԿ-ը քանի քվեի կարժանանա, այլ հարց է: Գլխավոր ինտրիգն ընտրությունների արժանահավատությունն է:

-Հույս ունե՞ք, որ այս անգամ այդպես կլինի:

-Անկեղծ ասած, իշխանության համար պարտությունը հավասարազոր է նախապես սեփական մահավճիռը ստորագրելուն:

-Փաստորեն, գիտակցելով, որ իշխանությունները կեղծելու են, այդ «խաղին» ձեր մասնակցությո՞ւնն եք բերում:

-Այո, իսկ ինչո՞ւ՝ ոչ: Մենք գիտենք, որ վարչակազմն ընտրությունն իր համար դարձրել է կյանքի ու մահու խնդիր, մենք մեզ ՀՀ քաղաքացի չենք զգա, եթե հնարավոր բոլոր միջոցներով չհեռացնենք նրան իշխանությունից: Եթե ընտրությունները կեղծվեն, կարծում եմ, ՀԱԿ-ը միայն սահմանադրական ճանապարհով չի գնա, այլ ավելի արմատական ուղի կմտնի:

Ճեպազրույցը՝

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 945

Մեկնաբանություններ